Նոր տարին այսօր տոնում են և՛ քրիստոնյաները, և՛ այլադավանները: Այս տոնը հայերն անվանել են Ամանոր (հին հայերեն «ամ»` տարի, և «նոր» բառերից) կամ Նավասարդ (հնդիրանական «նավ»` նոր, և «սարդ»` տարի, բառերից): Հայաստանի տարբեր շրջաններում տոնը կոչվել է տարբեր անուններով` Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, որ նշանակում է ամսագլուխ, այսինքն` յուրաքանչյուր ամսվա առաջին օրը:
Հին հայերը Նոր տարին կամ Ամանորը դիմավորել են ամռանը: Թերևս սա է պատճառը, որ ավանդությունը Հայկ Նահապետի հաղթանակը բռնակալ Բելի դեմ Հայոց ձոր գավառում նշում է Ն. ք. 2492 թ. Նավասարդի 1-ին (օգոստոսի 11-ին): 18-րդ դարում Ամենայն Հայոց կաթողիկոսի` Սիմեոն Երևանցու տոմարով հայերը հունվարի 1-ը ընդունեցին որպես տարվա սկիզբ և Ամանորի տոն:
Շատ ժողովուրդներ ամանորյա տոներին տոնածառ են զարդարում, որը դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի, իսկ տոնածառի գլխին դրված աստղը` Բեթղեհեմյան աստղի: Իսկ կեսգիշերին նվերներով հանդերձ ամենացանկալի հյուրը` Ձմեռ կամ Կաղանդ պապը (Դեդ Մորոզ, Սանտա Կլաուս) Զմյուռնիա քաղաքի Սուրբ Նիկողայոս Սքանչելագործ հայրապետն է: Նիկողայոսը ծնվել է 280 թվականին Փոքր Ասիայի Լիկիա նահանգում: Մեծահարուստ, բարեպաշտ և բարեգործ ընտանիքի զավակ էր: Մանկուց կրթվելով Ավետարանի պատգամներով` ապրել է բարեկրոն քրիստոնյայի կյանքով: Իր ամբողջ կյանքի ընթացքում նա հավատարմորեն հետևել է ավետարանական այս պատգամին. «Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա՛, վաճառի՛ր քո ունեցվածքը և տուր աղքատներին» (Մատթ. ԺԹ 21): 1087 թվականին Իտալիայի Բարի քաղաքում սուրբ Նիկողայոսի անվամբ կառուցվել է փառավոր մի տաճար, ուր ամփոփված են նրա նշխարները:
Նիկողայոս Սքանչելագործ հայրապետը հրաշագործ էր, բարի ու առատաձեռն, միշտ պատրաստ` կարիքավորներին օգնելու, իր հարստությունից մանուկներին անակնկալ նվերներ մատուցելու: Նույնիսկ իր վախճանից հետո էլ նա երկնային արագահաս օգնությամբ պատասխանում է իր բարեխոսությունը խնդրողների աղոթքին:
Ճշմարիտ հավատքը, աստվածային սերն ու քրիստոնեական բոլոր առաքինությունները մարմնավորող այս սուրբն է, որ Ամանորի գիշերը պիտի թակի բոլորիս դռները և իբրև ամանորյա անակնկալ ընծա մատուցի իր բարությունն ու ջերմությունը` դրանք միմյանց փոխադարձելու պատգամով:
Ըստ ազգագրագետների Նոր տարվա տոնական գլխավոր նախապատրաստությունները հիմնականում ուտելիքների պատրաստության շուրջն են: Աշնանից սկսած տոնի համար պահվում են զանազան չորացրած մրգեր, պաստեղներ, ընկուզերշիկներ և այլն: Պետք է նշել նաև, որ հունվարի 1-ը` ընկնելով հայոց Ծննդյան տոնի շաբաթի մեջ, պահոց օր է, և ամանորյա ուտելիքները բաղկացած են հիմնականում պահքի ընթացքում թույլատրելի ուտեստներից, թեև այժմ շատերը անտեսում են պահքը:
Տոնի կապակցությամբ ամենուր հաց են թխում, եթե նույնիսկ մեծ քանակությամբ հաց ունենային, քանի որ Նոր տարին պետք է նոր հացով սկսել: Բացի այդ, Հայաստանի տարբեր վայրերում տարբեր անվանումներով («Տարի հաց», «Կրկենի», «Դովլաթ կրկենի» «Կլոճ» և այլն) թխվում է տոնի կարևորագույն ծիսական հացը: Ըստ ավանդույթի, տարեհացի մեջ դրվում է որևէ նշան և բաժանվում ընտանիքի անդամների միջև. ում բաժնի միջից որ դուրս է գալիս նշանը, ըստ ավանդույթի, որպես խաղիկ, տարին նրա համար հաջող է լինելու:
Այսօր առաջարկում ենք կարդալ նաև Գևորգ Զ Չորեքչյան (ծն. 1868, կթղ. 1945-1954) կաթողիկոսի 1916 թ. ամանորյա քարոզը, որը կոչվում է «Հույս»։
0 կարծիք