Նիկիայի տիեզերական ժողով

Նիկիայի տիեզերական ժողովը բացվել է 325 թ. հուլիսի 19–ին, կայսեր ներկայությամբ։ Ժողովի հրավիրման պատճառն Արիոսն էր (1

Համաձայն Եվսեբիոս Կեսարացու ժողովին մասնակցել են 250–ից ավելի հայրեր։ Եվստաթեոս Անտիոքացին նշում է 270, Աթանասը՝ 300, Գելասիոս Կյուրենացին՝ 300-ից ավելի, իսկ Իլարիոնը՝ 318, որը հաստատում է նաև Տրուլլոյի (692) ժողովի 2-րդ կանոնը:

Ժողովի կարևորագույն փաստաթուղթը 318 հայրապետների հավատամքն է ընդդեմ արիոսականության։

Արիոսն ինքը քարոզում էր, թե Քրիստոս անսկիզբ չէ, այլ ստեղծվել է ժամանակներից ու դարերից առաջ Հայր Աստծո ցանկությամբ, որպեսզի նրա միջոցով կատարվի արարչագործությունը: Միակ անծնունդը, միակ հավիտենականը, միակ անսկիզբը Հայր Աստվածն է: Որդին առաջացել է ոչ թե Հոր էությունից, այլ` ոչնչից: Կար ժամանակ, երբ Որդին չկար: Որդին թեև ստացել է Հայր Աստծո ողջ շնորհքը և որդեգրվել, սակայն անապական չէ ինչպես Հայրը, այլ փոփոխության ենթակա, ինչպես արարածները: Արիոսի այս դատողություների պատճառով փաստորեն մերժվում էր Քրիստոսի Աստվածությունը՝ վտանգի տակ դնելով ողջ քրիստոնեական վարդապետությունը: Արիոսկանությանը դեմ է դուրս գալիս Ալեքսանդրիայի Ալեքսանդրը արքեպիսկոպոս: Նա իր քարոզներում շեշտում էր, որ հավիտենական է Աստված, հավիտենական է և Որդին, Հայրը և Որդին միաժամանակ են: Հայրը Որդուն չի նախորդում ոչ իսկ մի վայրկյան, միշտ եղել է Հայրը, միշտ եղել է Որդին: Այս Տիեզերաժողովում դատապարտվում է Արիսոսի մոլար ուսմունքը՝ հայտարարելով այն հերետիկոսություն:

Այս խնդրից զատ, ժողովը սահմանել է եպիսկոպոսական իշխանության կազմակերպական և ադմինիստրատիվ կանոններ, Սուրբ Հարության տոնի տոմարագիտական սկզբունքը, այն է՝ որ բոլոր քրիստոնյաները միասին նշեն Սուրբ Հարության տոնը։

Ժողովը հրապարակում է 20 կանոններ, որոնք առնչվում են ժամանակին եկեղեցուն հուզող խնդիրներին.

Քահանայության մասին` 1-3, 9-10, 17-18, 20,

Հակասությունների դեպքում պատասխանատվության մասին՝ 4-7,

Եպիսկոպոսների տեղափոխության մասին՝ 15-16,

Նովացյանների և կատարների մասին՝ 9,

Պողոսյանների մասին՝ 19 ։

Նյութը պատրաստեց Ղուկաս Վահան Զաքարյանը:
[hr] 
(1)Արիոսն իր հերձվածի պատճառով առիթ է եղել, որպեսզի ուղղափառ վարդապետները չամբողջացնեն նրա կենսագրությունը։ Այդուհանդերձ որոշակի տեղեկություններ ունենք նրա կյանքի մասին: Արիոսը Եգիպտոսի Ալեքսանդրիայի կողմերից էր: Իր գործունեության սկզբնական շրջանում նա հարում է Լիկապոլսի եպիսկոպոս Մելիտոսին (վերջինիս հավատուրացության պատճառով Ալեքսանդրիայի Պետրոս եպիսկոպոսը չէր ընդունում նրան): Երբ Արիոսը հեռացավ Մելիտոս եպիսկոպոսից, սարկավագ ձեռնադրվեց Ալեքսանդրիայի սուրբ Պետրոս եպիսկոպոսից: Սուրբ Պետրոս հայրապետը շատ խիստ է վարվում անկյալների հետ և այս պատճառով հաճախ հանդիմանում էր Մելիտոս եպիսկոպոսին: Արիոսը, չընդունելով նրա խստությունը, վերստին համագործակցում է Լիկապոլսի եպիսկոպոսի հետ: Սուրբ Պետրոս եպիսկոպոսը մերժում է նրան եկեղեցուց, ինչպես որ մերժել էր Մելիտոս եպիսկոպոսին, սակայն երբ նա վախճանվում է, Արիոսը կրկին վերադառնում է Ալեքսանդրիա և քահանա է ձեռնադրվում Ակյուղասից՝ Պետրոս եպիսկոպոսի հաջորդից: Արիոսն ակնկալություն ուներ դառնալու Ալեքսանդրիայի եպիսկոպոս, սակայն երբ Ակյուղասին այդ պաշտոնում հաջորդում է սուրբ Ալեքսանդր Ալեքսանդրացին, նա շատ մեծ ցավով է ընդունում այս փաստը: 317 թվականից հետո Արիոսը սկսում է բացահայտորեն քարոզել իր վարդապետությունը: Սուրբ Ալեքսանդր Ալեքսանդրացի հայրապետը իր եպիսկոպոսների հետ ժողով է գումարում և դատապարտում է Արիոսի քարոզած վարդապետությունը: Եկեղեցին իր այս պառակտված վիճակից լուծում է գտնում շնորհիվ Կոստանդիանոս կայսեր, որը 325 թվականին ժողով է գումարել տալիս, որտեղ և նզովվում է արիոսականությունը: Արիոսն աքսորվում է Իլլիրիա: 328 թվականին Եվսեբիոս Կեսարացու բարեխոսությամբ Արիոսին և իր կողմնակիցներին կայսրը վերադարձնում է: 335 թվականին Տյուրոսում մի արիոսական ժողով է տեղի ունենում, որտեղ դատապարտվում է աթանասյան կուսակցությունը: Սուրբ Աթանաս Ալեքսանդրացին աքսորվում է Տրեվես: Թեև Արիոսի դիրքն աճում էր Ալեքսանդրիայի եկեղեցում, և թվում է, թե մոտ էր նրա վերականգնումը, սակայն շուտով՝ ութսուն տարեկան հասակում, նա մահանում է (Տե՛ս Հայոց պատմություն, Մ. Չամչյան, Հտ. Բ Երևան, 1985, էջ 417-419, Ընդհանուր եկեղեցու պատմություն, Միքայել ծ. վրդ. Աջապահյան, անտիպ, էջ 27-28, История христианской церкви, М. Э. Поснов, Брюсселъ, 1964, ст. 330-332):
Հատկորոշիչներ՝ ժողով, Նիկիա

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Կոստանդնուպոլսի սուրբ ժողովը

Ընդհանրական եկեղեցու առջև իր պատմության տարբեր...

Եփեսոսի սուրբ ժողովը

Նյութը պատրաստեցՂուկաս Վահան Զաքարյանը...