Մշակութային արժեքների ոչնչացում կամ հոգիների փրկություն

Ադամ քահանա ՄԱԿԱՐՅԱՆ

———————————————————

Ոմանք կարծում են, որ քրիստոնեության տարածումը Հայաստանում անբարենպաստ եղավ մեր հին շրջանի մշակույթի համար, որովհետև Գրիգոր Լուսավորիչը, Հայաստանում քրիստոնեությունը տարածելով, ոչնչացնում էր մեր հին շրջանի մշակույթի գեղեցիկ և ինքնատիպ արժեքները: Իրոք, Գրիգոր Լուսավորիչը Հայաստանում ոչնչացրել է շատ կուռքեր, մեհյանների տեղում հաստատել քրիստոնեական եկեղեցիներ: Բայց նախ տեսնենք, թե նման ինչ դեպքեր կան Աստվածաշնչում և սրբերի կյանքում: Երբ Մովսես մարգարեն լեռը բարձրացավ՝ տասը պատվիրանները ստանալու, հրեաները նրա բացակայության ժամանակ մի ոսկե հորթ ձուլեցին և սկսեցին պաշտել: Վերադառնալով և այս ամենը տեսնելով՝ Մովսեսը ջարդուփշուր արեց կուռքը և ոչնչացրեց: Այս պատմությունը գրեթե բոլորն էլ գիտեն, սակայն մինչև այսօր ոչ ոքի մտքով անգամ չի անցել Մովսես մարգարեին մեղադրել մշակութային արժեքների ոչնչացման մեջ: Մեր ժողովրդի կողմից ամենասիրված սրբերից են սուրբ Գևորգը և սուրբ Սարգիսը: Երբ նրանց ստիպեցին կուռքերին զոհ մատուցել, նրանք ոչ միայն հրաժարվեցին զոհ մատուցելուց, այլև կործանեցին կուռքերը: Եվ մեր ժողովուրդը նրանց չի մեղադրել մշակութային արժեքների ոչնչացման մեջ: Եվ ահա սուրբ Գրիգոր Լուսավորիչն արեց այն նույն բանը, ինչ արեցին Մովսես մարգարեն և մյուս սրբերը: Մարդը մարմնից և հոգուց կազմված մի ամբողջություն է: Երբ մարմնի վրա վերք է լինում, ապա բժշկության մեջ վերքը բուժում են առաջին հերթին ախտահանիչ միջոցներով, որովհետև հակառակ դեպքում՝ խորացող վերքը մարդուն կարող է նույնիսկ մահվան հասցնել: Հոգևոր իմաստով ևս կան առարկաներ, որոնք սրբություն և կենդանություն են տարածում: Օրինակ՝ Հովսեփ նահապետի ոսկորների շնորհիվ Աստված Եգիպտոսին օրհնություն էր բերում, և երբ հրեաները դուրս ելան Եգիպտոսից, իրենց հետ տարան այդ ոսկորները, որպեսզի օրհնությունը միշտ իրենց հետ լինի: Եղիսե մարգարեի ոսկորներին դիպչելով՝ հարություն առավ մեռածը, և կամ՝ Քրիստոսի խաչափայտի շնորհիվ հարություն առավ մեռած պատանին։ Նույն կերպ էլ չարին նվիրված առարկաները մահ և պղծություն են սփռում: Չարի մասին հայտնի է, որ նա նյութական աշխարհի վրա կարողանում է ազդել հատկապես կուռքերի և նրանց նվիրված տաճարների միջից ու միջոցով: Երբ մի մարդ պատերազմի ժամանակ ականազերծ է անում ականապատված մի դաշտ, որպեսզի իր ետևից եկող զորքն ապահով անցնի, և մահ չլինի, ապա այդպիսի մեկին չեն մեղադրում մարդու կողմից ստեղծված առարկաները, այն էլ այդպիսի կատարյալ առարկաները ոչնչացնելու համար, այլ ընդհակառակը, գովում են և նույնիսկ շքանշաններ ու հերոսի կոչում տալիս: Եվ մենք այսօր էլ պետք է շնորհակալ լինենք սբ Գրիգոր Լուսավորչին, որ Հայաստանը դիտելով իբրև հոգևոր դաշտ` այնտեղից արմատախիլ արեց թույնի արմատները և հաստատեց կյանք տվող եկեղեցիներ: Այս ամենն իմանալուց հետո մեզ համար հասկանալի է դառնում, թե ինչու էին սրբերը ոչ միայն հրաժարվում կուռքերին զոհ մատուցելուց, այլև կործանում էին դրանք: Այս արարքն իր մեջ երկու նպատակ ուներ: Սրբերը նախ ցանկանում էին ցույց տալ, որ դրանք աստվածներ չեն, և մարդը կարող է դրանք կործանել, և երկրորդ՝ ամենակարևորը՝ սրբերը ցանկանում էին սահմանափակել, որքան հնարավոր է, չարի ազդեցության ոլորտները մարդկության վրա: Եվ դարձյալ պետք է գոհություն հայտնենք սուրբ Գրիգոր Լուսավորչին, որ Հայաստանը և հայ ժողովրդին փրկեց հոգևոր մահից:

Հատկորոշիչներ՝ Գրիգոր, հոգևոր, մշակութային

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Ամուսնությունը քեզ համար չի…

Ընդամենը մեկ ու կես տարի է, ինչ ամուսնացած եմ, բայց եկել եմ այն եզրակացության, որ ամուսնությունն ինձ համար չի:

Մինչ կհասցնեք ենթադրություններ անել, շարունակե՛ք կարդալ:

Երեք արտասովոր հյուրերը և բարի աստղը

Սուրբ Ծննդյան տոնին առնչվող բարոյախրատական պատում։