Ղազարոսի հարության հիշատակի օր

Բաժին՝ Օրեր
Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Ղազարոսը, Մարթան և Մարիամը։


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Իմաստություն Սողոմոնի, 10. 9-20

Իսկ իմաստութիւնն իրեն ծառայողներին փրկեց վշտերից: Նա եղբօր բարկութիւնից փախածին առաջնորդեց դէպի ուղիղ շաւիղներ, ցոյց տուեց նրան Աստծու արքայութիւնը եւ սրբութիւնները ճանաչելու գիտութիւնը: Յաջողութիւն եւ շահ տուեց նրան իր տքնութիւնների մէջ եւ բազմացրեց նրա վաստակը: Բռնացողների ագահութիւնից պաշտպանեց նրան, աւելի հարստացրեց նրան եւ պահպանեց թշնամիներից: Նրան զգուշացրեց դարանակալներից եւ յաղթող դարձրեց բուռն պատերազմում, որպէսզի գիտենայ, թէ աստուածպաշտութիւնը զօրաւոր է ամէն բանից: Իմաստութիւնը չլքեց վաճառուած արդարին, այլ մեղքերից փրկեց նրան, նրա հետ իջաւ փոսը եւ կապանքների մէջ չթողեց նրան, մինչեւ իսկ նրա ձեռքը թագաւորական գաւազան դրեց եւ նրան իշխանութիւն տուեց իրեն նեղողների վրայ, ցոյց տուեց, որ ստախօսներ էին իրեն բամբասողները, եւ յաւիտենական փառք տուեց նրան: Իմաստութիւնը փրկեց սուրբ ժողովրդին եւ անարատ սերնդին՝ իրեն նեղող ազգի ձեռքից: Իմաստութիւնը մտաւ Տիրոջ ծառայի հոգու մէջ եւ հրաշագործութիւններով ու սքանչելիքներով դիմագրաւեց ահազդու թագաւորներին. սրբերին հատուցեց իրենց վաստակի վարձը, նրանց առաջնորդեց սքանչելի ճանապարհով, ցերեկը նրանց հովանի եղաւ, իսկ գիշերը՝ աստղալոյս: Նրանց անցկացրեց Կարմիր ծովով եւ տարաւ նրանց առատ ջրերի միջով: Ընկղմեց նրանց թշնամիներին, իսկ իրենց վերեւ հանեց անդնդի խորքերից: Դրա համար էլ արդարները կողոպտեցին ամբարիշտներին եւ օրհնեցին, Տէ՛ր, քո սուրբ անունը. քո ձեռքը, որ մարտնչում էր իրենց համար, օրհնեցին միահամուռ:

Պողոս Առաքյալի առաջին նամակը թեսաղոնիկեցիներին, 4. 12-17

Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անգէտ լինէք ննջեցեալների մասին, որպէսզի չտխրէք, ինչպէս ուրիշները, որոնք յոյս չունեն: Եթէ հաւատում ենք, թէ Յիսուս մեռաւ եւ յարութիւն առաւ, այդպէս էլ Աստուած Յիսուսի միջոցով ննջեցեալներին ետ կեանքի պիտի բերի նրա հետ: Մենք այս բանն ասում ենք Տիրոջ խօսքով. եթէ մենք ողջ մնանք մինչեւ Տիրոջ գալուստը, չպիտի կանխենք ննջեցեալներին, որովհետեւ Տէրն ինքը, ազդարարութեան նշանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստծու շեփորով պիտի իջնի երկնքից, եւ Քրիստոսով մեռածները առաջինը յարութիւն պիտի առնեն. ապա եւ մենք, որ կենդանի մնացած պիտի լինենք, նրանց հետ միասին պիտի յափշտակուենք-տարուենք ամպերի վրայից Տիրոջ առաջ օդում եւ այդպէս մշտապէս Տիրոջ հետ պիտի լինենք: Ուրեմն, մխիթարեցէ՛ք միմեանց այս խօսքերով:

Ավետարան ըստ Հովհաննեսի, 11. 1-54

Եւ մի հիւանդ կար, Ղազարոս անունով, Բեթանիայից՝ Մարիամի եւ նրա քոյր Մարթայի գիւղից։ Սա այն Մարիամն էր, որ իւղով օծեց Տիրոջը եւ իր մազերով սրբեց նրա ոտքերը։ Եւ սրա եղբայր Ղազարոսը հիւանդ էր։ Սրա քոյրերը նրա մօտ մարդ ուղարկեցին եւ ասացին. «Տէ՛ր, ահաւասիկ նա, ում դու սիրում էիր, հիւանդացել է»։ Երբ Յիսուս լսեց, ասաց. «Այդ հիւանդութիւնը մահաբեր չէ, այլ Աստծու փառքի համար է, որպէսզի դրանով Աստծու Որդին փառաւորուի»։ Յիսուս սիրում էր Մարիամին, նրա քրոջը՝ Մարթային, եւ Ղազարոսին։ Լսելուց յետոյ, թէ Ղազարոսը հիւանդացել է, նա տակաւին երկու օր մնաց այնտեղ, ուր գտնւում էր։ Ապա դրանից յետոյ իր աշակերտներին ասաց. «Եկէ՛ք վերստին գնանք Հրէաստան»։ Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի՛, հրեաները դեռ նոր էին ուզում քեզ քարկոծել, եւ նորից այնտե՞ղ ես գնում»։ Յիսուս պատասխանեց. «Ցերեկը տասներկու ժամ չունի՞. եթէ մէկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետեւ այս աշխարհի լոյսը տեսնում է, իսկ եթէ մէկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետեւ հետը լոյս չունի»։ Այս բաներն ասելուց յետոյ նորից ասաց նրանց. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ, որ նրան արթնացնեմ»։ Աշակերտները նրան ասացին. «Տէ՛ր, եթէ ննջել է, ապա կ՚առողջանայ»։ Բայց Յիսուս նրա մահուան մասին էր ասում, մինչդեռ նրանց այնպէս թուաց, թէ նա քնով ննջելու մասին է խօսում։ Այն ժամանակ Յիսուս նրանց յայտնապէս ասաց. «Ղազարոսը մեռաւ. բայց ես ուրախ եմ ձեզ համար, որ այնտեղ չէի. որպէսզի դուք ինձ հաւատաք։ Արդ, եկէ՛ք գնանք նրա մօտ»։ Թովմասը, որ Երկուորեակ էր կոչւում, աշակերտակիցներին ասաց. «Եկէ՛ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք»։ Յիսուս եկաւ, նրան գտաւ չորս օրից ի վեր գերեզմանի մէջ։ Եւ Բեթանիան Երուսաղէմի մօտ էր շուրջ երեք կիլոմետր։ Հրեաներից շատերը եկել էին Մարթայի եւ Մարիամի մօտ, որպէսզի նրանց մխիթարեն իրենց եղբօր մահուան համար։ Երբ Մարթան լսեց, որ Յիսուս գալիս է, նրան ընդառաջ գնաց. իսկ Մարիամը տանը նստած էր։ Մարթան Յիսուսին ասաց. «Տէ՛ր, եթէ դու այստեղ եղած լինէիր, իմ եղբայրը մեռած չէր լինի. բայց հիմա էլ գիտեմ, թէ ինչ էլ որ Աստծուց ուզես, Աստուած քեզ կը տայ»։ Յիսուս նրան ասաց. «Քո եղբայրը յարութիւն կ՚առնի»։

Մարթան նրան ասաց. «Գիտեմ, որ յարութեան ժամանակ վերջին օրը յարութիւն կ՚առնի»։ Յիսուս նրան ասաց. «Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կ՚ապրի. եւ ով կենդանի է ու ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնի։ Հաւատո՞ւմ ես այս բանին»։ Նա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, ես հաւատում եմ, որ դո՛ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, որ աշխարհ էիր գալու»։ Եւ այս ասելուց յետոյ, գնաց գաղտնաբար կանչեց իր քրոջը՝ Մարիամին եւ ասաց. «Վարդապետն է եկել եւ քեզ է կանչում»։ Երբ նա լսեց, իսկոյն վեր կացաւ եւ եկաւ նրա մօտ։ Յիսուս դեռ գիւղ չէր հասել, այլ դեռեւս այն տեղում էր, ուր Մարթան նրան ընդառաջ էր ելել։ Իսկ այն հրեաները, որ նրա հետ տանն էին եւ նրան մխիթարում էին, երբ տեսան Մարիամին, որ վեր կացաւ իսկոյն ու գնաց, իրենք եւս նրա յետեւից գնացին. կարծում էին, թէ գերեզման է գնում, որ այնտեղ լաց լինի։ Իսկ Մարիամը, երբ եկաւ այնտեղ, ուր Յիսուս կանգնած էր, ու տեսաւ նրան, ընկաւ նրա ոտքերն ու ասաց. «Տէ՛ր, եթէ այստեղ եղած լինէիր, իմ եղբայրը մեռած չէր լինի»։ Երբ Յիսուս տեսաւ, որ նա լալիս է, եւ նրա հետ եղող հրեաներն էլ լալիս են, սաստիկ խռովուեց իր հոգում եւ ասաց. «Ո՞ւր դրիք նրան»։ Նրան ասացին. «Տէ՛ր, արի՛ եւ տե՛ս»։ Եւ Յիսուս արտասուեց։ Հրեաներն ասացին. «Տեսէ՛ք ինչքան էր սիրում նրան»։ Նրանցից ոմանք ասում էին. «Սա, որ կոյրի աչքերը բացեց, չէ՞ր կարող նաեւ այնպէս անել, որ սա չմեռնէր»։ Յիսուս, դարձեալ խռովուելով ինքն իր մէջ, եկաւ գերեզմանը։ Սա մի քարայր էր, որի վրայ մի քար էր դրուած։ Եւ Յիսուս ասաց. «Այդ քարը մի կողմ դրէք»։ Մարթան՝ մեռածի քոյրը, նրան ասաց. «Տէ՛ր, հիմա արդէն նեխած կը լինի, քանի որ չորս օրուայ է»։ Յիսուս նրան ասաց. «Քեզ չասացի՞. եթէ հաւատաս, կը տեսնես Աստծու փառքը»։ Երբ քարը վերցրին, Յիսուս աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, գոհութիւն եմ տալիս քեզ, որ ինձ լսեցիր. եւ ես գիտէի, որ ամէն ժամ լսում ես ինձ, բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպէսզի հաւատան, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր»։

Ղազարոսի հարությունը

Ղազարոսի հարությունը

Երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»։ Եւ մեռելը ելաւ՝ կապուած ոտքերով, ձեռքերը երիզով ամրացուած եւ երեսը վարշամակով պատած։ Եւ Յիսուս նրանց ասաց. «Արձակեցէ՛ք դրան եւ թողէ՛ք, որ գնայ»։ Հրեաներից շատերը, որոնք եկել էին Մարիամենց մօտ, երբ տեսան, ինչ որ Յիսուս արեց, հաւատացին նրան։ Իսկ նրանցից ոմանք գնացին փարիսեցիների մօտ եւ պատմեցին նրանց, ինչ որ Յիսուս արեց։ Քահանայապետներն ու փարիսեցիները ատեան գումարեցին եւ ասացին. «Ի՞նչ անենք, քանի որ այդ մարդը բազում նշաններ է անում։ Եթէ նրան այնպէս թողնենք, ամէնքը կը հաւատան նրան, եւ հռոմէացիները կը գան ու կը վերացնեն մեր ազգն ու մեր սրբավայրը»։ Նրանցից մէկը՝ Կայիափա անունով, որ այդ տարուայ քահանայապետն էր, նրանց ասաց. «Դուք ոչինչ չգիտէք, ոչ իսկ խորհել էք, թէ մեզ համար աւելի լաւ է, որ մէկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թէ ամբողջ ազգը կորչի»։ Այս բանը նա ինքն իրենից չասաց, այլ, քանի որ այդ տարուայ քահանայապետն էր, մարգարէացաւ, որ Յիսուս մեռնելու էր ազգի համար։ Եւ ոչ միայն ազգի համար, այլ՝ որպէսզի նաեւ Աստծու ցրուած որդիներին ի մի հաւաքի։ Ապա այն օրուանից խորհուրդ արեցին, որ նրան սպանեն։ Եւ Յիսուս այնուհետեւ այլեւս համարձակ չէր շրջում հրեաների մէջ, այլ այնտեղից գնաց մի շրջան, որ մօտ էր անապատին. գնաց մի քաղաք, որի անունն էր Եփրայիմ, եւ իր աշակերտների հետ այդտեղ էր մնում։

Ավետարան ըստ Հովհաննեսի, 11. 55 – 12. 11

Եւ հրեաների զատիկը մօտ էր. եւ այդ գաւառից շատերը Երուսաղէմ բարձրացան զատկից առաջ, որպէսզի իրենք իրենց մաքրեն: Յիսուսին փնտռում էին. եւ մինչ տաճարի մէջ էին, միմեանց ասում էին. «Ինչպէ՞ս է ձեզ թւում, արդեօք այս տօնին չի՞ գայ»: Քահանայապետներն ու փարիսեցիները հրահանգել էին, որ, եթէ մէկն իմանայ, թէ նա որտեղ է, յայտնի, որպէսզի նրան ձերբակալեն:

Իսկ Յիսուս զատկից վեց օր առաջ եկաւ Բեթանիա, ուր ապրում էր մեռած Ղազարոսը, որին մեռելներից վեր էր կացրել: Եւ այնտեղ նրան ընթրիք տուին. սպասարկում էր Մարթան, իսկ Ղազարոսը նրա հետ սեղան նստածներից մէկն էր: Իսկ Մարիամը մի լիտր ազնիւ նարդոսի թանկարժէք իւղ վերցնելով՝ օծեց Յիսուսի ոտքերը. եւ իր մազերով էլ սրբում էր նրա ոտքերը. եւ տունը լցուեց իւղի բուրմունքով: Աշակերտներից մէկը՝ Յուդա Իսկարիովտացին, որ մատնելու էր նրան, ասաց. «Ինչո՞ւ այդ իւղը չվաճառուեց երեք հարիւր արծաթ դահեկանի եւ չտրուեց աղքատներին»: Նա այս ասաց ոչ թէ նրա համար, որ աղքատների համար էր հոգում, այլ որովհետեւ գող էր եւ գանձարկղը ինքն էր պահում, եւ ինչ որ այնտեղ դրւում էր, ինքն էր վերցնում: Յիսուս ասաց նրան. «Թո՛յլ տուէք նրան, որպէսզի իմ թաղման օրուայ համար պահի այդ: Աղքատներին ամէն ժամ ձեզ հետ ունէք: Ինձ միշտ ձեզ հետ չունէք»: Երբ հրեաներից բազում ժողովուրդ իմացաւ, որ նա այնտեղ է, եկաւ. ոչ միայն Յիսուսի պատճառով, այլ՝ որպէսզի տեսնի նաեւ Ղազարոսին, որին մեռելներից վեր էր կացրել: Քահանայապետները խորհուրդ արեցին, որ Ղազարոսին էլ սպանեն, քանի որ շատերը հեռանում էին հրեաներից եւ հաւատում էին Յիսուսին:

Առակներ, 14. 26-35

Տիրոջից երկիւղ կրելու մէջ վստահ յոյս կայ, որովհետեւ Աստուած իր որդիների համար խաղաղ ապաւէն է։ Տիրոջ հրամանը կեանքի աղբիւր է, որը խուսափել է տալիս մահուան որոգայթներից։ Թագաւորի փառքն իր զօրքերի բազմութեան մէջ է, հզօրների կործանումը՝ իրենց ժողովրդի նուազելու մէջ։ Համբերատար մարդն օժտուած է մեծ խոհեմութեամբ, բայց կարճամիտը շատ է անխելք։ Հեզաբարոյ մարդը սրտի բժիշկ է, հոգս անող սիրտը՝ ոսկորների փտութիւն։ Տնանկին զրպարտողը բարկացնում է նրա Արարչին, բայց ով պատւում է Աստծուն, նա ողորմում է աղքատին։ Ամբարիշտը պիտի մերժուի իր չարիքի պատճառով, բայց իր անձի համար մաքրութիւն ցանկացողը արդար կը լինի։ Իմաստութիւնը հանգիստ է գտնում բարի սրտում, բայց անմիտների սիրտը չի ճանաչում այն։ Արդարութիւնը բարձրացնում է ազգը, բայց մեղքը ազգեր է նուազեցնում։ Խելացի սպասաւորը հաճելի է թագաւորին. իր փութաջանութեամբ նա թօթափում է անարգանքը։ Բարկութիւնը կործանում է նոյնիսկ իմաստուններին։

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Յիշատակ Յարութեան Ղազարու։

Այսօր սկսեա ասել զՀանգստեան շարականն ի պաշտաման Աւետարանին։ Զկնի Ռահ գործեալին երգ՝ Ձայնեցեր առ Ղազարոս։ Օրհ. աձ. Այսօր գոլով ի Բեթանիա, իւր սարօքն: Առաւօտու երգ՝ Տէր հաներ։ Քրզ. Փառաւորեսցուք։ Ս. Աստուած՝ որ խաչեցար։ Մնկ. դկ. ստղ. Յիսուս Միածին։ Գիրք, Աւետարան, Հոգւոցն։ Երգ՝ Տէրն յետ ստեղծմանն։ Քրզ. Խնդր., Կեցո, Աղթ. Քում ամենազօր։ Ժմտ. զՂազարու ննջումն եւ Յորժամ եկեալ։ Ճշ. շրկ. դձ. Որ ի յերկնից։ Սրբ. Վասն յիշատակի։

Յերեկոյին՝ Լոյս զուարթ (ձայնիւ)։ Մեսդ. Օրհնեալ եկեալ։ Քրզ. Ասասցուք։ Ս. Աստուած՝ որ եկիր եւ գալոց ես։ Հմբ. աձ. Որ վերօրհնիս (յատեանն, բացցի զվարագոյրն)։ Քրզ. Խնդր. Կեցո, Աղթ. Թագ. խաղաղութեան։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: