Սուրբ Կղեմես Հայրապետը հայտնի է իբրև առաջինը «Առաքելական հայրերի» շարքի մեջ, որոնց գրվածքներն ընդհանրապես լույս են սփռում մ. թ. Ա-Բ դարերի քրիստոնյաների սովորությունների, կենցաղի, աստվածաբանության և եկեղեցական պատմության վրա:
Կղեմեսը Հռոմում հանդիպում է ս. Պետրոս առաքյալին, նրա քարոզչության շնորհիվ մկրտվում է, ձեռնադրություն ստանում և 92 թ. դառնում է Հռոմի եպիսկոպոսը: Նրան են պատկանում 85 կանոնները՝ հայտնի «Բ առաքելական կանոններ» կամ «Կղեմեսի կանոններ» անվանումով:
Հայսմավուրքը քիչ տեղեկություններ է հայտնում Կղեմեսի մասին. տարվել է հալածիչ Դոմետիանոս կայսեր առաջ՝ քաջաբար խոստովանելով Քրիստոսի աստվածությունը: Ս. Կղեմեսը նահատակության պսակն ընդունել է 98 թ., երբ նրա վզից քարեր են կախում և ծովը նետում:
Հայ Առաքելական Եկեղեցին ս. Կղեմես Հռոմի Հայրապետի և Տոռոմենայի Բագարատ եպիսկոպոսի հիշատակը տոնում է Հիսնակաց Ա. կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:
0 կարծիք