Ազնվազարմ Հռիփսեմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, որ Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ.) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում։
Հրաշագեղ կույսն իր շլացուցիչ գեղեցկությամբ գերում է կայսրին, որն անհապաղ կամենում է կնության առնել նրան։ Սակայն, չկամենալով ենթարկվել կայսեր ցանկությանը, բարեպաշտ կույսերն իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչում են Ալեքսանդրիա: Ավանդությունը վկայում է, որ տեսիլքով նրանց երևում է Սբ. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր՝ Հայաստան: Կույսերը գալիս են Վաղարշապատ։ Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն սբ. խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այս մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա խաչի տոնը:
Սուրբ Գայանե Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ Հռիփսիմեին: Վերջինիս բերում են պալատ, նրա հետ նաև՝ Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել թագավորին: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Նահատակ կույսերի նշխարները գտնում է Սբ. Գրիգոր Լուսավորիչը և, հողին հանձնելով, այդ տեղերում վկայարաններ է կառուցում: Այդ վայրերում հետագայում վեր են հառնում Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե և Սբ. Շողակաթ եկեղեցիները։
Կույսերի նահատակությունը շրջադարձային է հայոց պատմության համար։ Նրանց նահատակությունից հետո 13-ամյա բանտարկությունից ազատ է արձակվում Սբ. Գրիգոր Լուսավորիչը, որ կոչված էր Քրիստոսի լույսը տարածելու հայոց աշխարհում։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Սբ. Հռիփսիմյանց և Սբ. Գայանյանց տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց՝ երկուշաբթի և երեքշաբթի օրերին։
Կույսերի հիշատակի տոների օրը Հայոց եկեղեցիներում մատուցվում է սբ. պատարագ։ Երկու տոներն էլ ունեն իրենց նախատոնակը, որ կատարվում է տոնի նախորդ օրը՝ երեկոյան ժամերգությունից հետո՝ նշյալ տոներին նվիրված հատուկ շարականների երգեցողությամբ։
0 կարծիք