ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Ավետարան ըստ Ղուկասի, 21. 5-38
Եւ երբ ոմանք տաճարի մասին ասում էին, թէ գեղեցիկ քարերով եւ աշտարակներով է զարդարուած, նա ասաց. «Այդ բոլորը, որ տեսնում էք, պիտի գան օրեր, երբ այնտեղ չպիտի թողնուի քար քարի վրայ, որ չքանդուի»: Հարցրին նրան եւ ասացին. «Վարդապե՛տ, ե՞րբ կը լինի այդ, եւ ի՞նչ կը լինի նշանը, երբ այդ պատահելու լինի»: Եւ նա ասաց. «Զգո՛յշ կացէք, չխաբուէք. որովհետեւ շատերը պիտի գան իմ անունով եւ պիտի ասեն թէ՝ ես եմ Քրիստոսը, եւ թէ՝ ժամանակը մօտեցաւ. նրանց յետեւից չգնաք: Եւ երբ լսէք պատերազմների եւ խռովութիւնների մասին, չզարհուրէք. որովհետեւ պէտք է, որ նախ այդ բաները պատահեն. բայց աշխարհի վախճանը շուտով չի լինելու»: Այն ժամանակ ասաց նրանց. «Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ. եւ մեծ երկրաշարժներ ու տարբեր տեղերում սով ու ժանտախտ պիտի լինեն. պիտի լինեն արհաւիրքներ եւ մեծամեծ նշաններ երկնքից: Բայց այս բոլորից առաջ ձեր վրայ ձեռք պիտի դնեն եւ պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ եւ կուսակալների ու թագաւորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անուան համար: Եւ ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայութեան: Արդ, ձեր մտքում դրէք սա. նախօրօք մի՛ մտահոգուէք պատասխան տալու համար, որովհետեւ ես ձեզ կը տամ բերան եւ իմաստութիւն, որին չեն կարողանայ հակառակել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները: Դուք պիտի մատնուէք ե՛ւ ծնողներից, ե՛ւ եղբայրներից, ե՛ւ ազգականներից, ե՛ւ բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն: Եւ պիտի ատուէք բոլորից իմ անուան համար: Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի: Եւ ձեր համբերութեամբ պիտի շահէք ձեր հոգիները: Բայց երբ տեսնէք Երուսաղէմը՝ շրջապատուած զօրքերով, այն ժամանակ իմացէ՛ք, որ նրա աւերումը մօտ է: Այն ժամանակ նրանք, որ Հրէաստանում են, թող փախչեն լեռները, եւ նրանք, որ Երուսաղէմի մէջ են, թող խոյս տան, իսկ նրանք, որ գաւառներում են, թող քաղաք չմտնեն, որովհետեւ դրանք վրէժխնդրութեան օրեր են, որպէսզի կատարուեն բոլոր գրուածները: Բայց այն օրերին վա՜յ է յղիներին եւ ստնտուներին, որովհետեւ մեծ տագնապ պիտի լինի երկրի վրայ եւ բարկութիւն՝ այս ժողովրդի հանդէպ: Նրանք սրի պիտի քաշուեն, գերի պիտի տարուեն բոլոր հեթանոսներից. եւ Երուսաղէմը ոտքի կոխան պիտի լինի ազգերից, մինչեւ որ լրանան հեթանոսների ժամանակները: Եւ նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի եւ աստղերի վրայ: Եւ երկրի վրայ պիտի լինի հեթանոսների տագնապ՝ ծովի եւ խռովութեան նման ահեղ ձայնի պատճառով, աշխարհի վրայ գալիք պատահարների վախից եւ նախազգացումից մարդիկ պիտի մեռնեն, որովհետեւ երկնքի զօրութիւնները պիտի շարժուեն: Եւ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու Որդուն եկած՝ ամպերի վրայ, զօրութեամբ եւ մեծ փառքով: Եւ երբ սկսուի այս բանը լինել, վե՛ր կացէք եւ ձեր գլուխները բարձրացրէ՛ք, որովհետեւ մօտ է ձեր փրկութիւնը»: Եւ նրանց ասաց մի առակ. «Նայեցէ՛ք թզենուն եւ ամէն մի ծառի. երբ իրենց բողբոջը ցոյց են տալիս, տեսնում էք այն ու դրանից իմանում էք, որ մօտ է ամառը: Նոյնպէս եւ դուք, երբ տեսնէք այս բոլորը կատարուած, իմացէ՛ք, որ Աստծու արքայութիւնը մօտ է: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի: Երկինքը եւ երկիրը կ՚անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնի: Զգո՛յշ եղէք ինքներդ ձեզնից. գուցէ ձեր սրտերը ծանրանան զեխութեամբ եւ հարբեցողութեամբ ու աշխարհիկ հոգսերով. եւ յանկարծակի հասնի ձեր վրայ այն օրը. որովհետեւ այդ օրը որոգայթի նման պիտի հասնի այն ամենքի վրայ, որոնք բնակւում են երկրագնդի ամբողջ երեսին: Արթո՛ւն կացէք այսուհետեւ, ամէն ժամ աղօ՛թք արէք, որպէսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, եւ արժանի լինէք կանգնելու մարդու Որդու առաջ»: Եւ ցերեկը ուսուցանում էր տաճարի մէջ, իսկ գիշերները ելնում էր, մնում այն լերան վրայ, որը կոչւում էր Ձիթենեաց: Եւ ամբողջ ժողովուրդը առաւօտները վաղ շտապում էր նրա մօտ՝ տաճարում նրան լսելու համար:
Առաքյալների գործերը, 27. 1 – 28. 16
Երբ մեզ հրամայուեց նաւարկել դէպի Իտալիա, Պօղոսին եւ մի քանի այլ կալանաւորների յանձնեցին Սեբաստեան գնդից մի հարիւրապետի, որի անունը Յուլիոս էր. եւ բարձրանալով ադրամինտական մի նաւ, որ Ասիայի կողմերն էր գնալու, ճանապարհ ընկանք: Մեզ հետ էր նաեւ Մակեդոնիայից թեսաղոնիկեցի Արիստարքոսը: Յաջորդ օրը իջանք Սիդոն: Եւ Յուլիոսը, Պօղոսի հանդէպ մարդասիրութիւն ցուցաբերելով, նրան հրաման տուեց գնալ բարեկամների մօտ խնամք ստանալու: Այնտեղից դուրս գալով, քանի որ քամին հակառակ կողմից էր, նաւարկեցինք Կիպրոսի մօտով աւելի ցած: Ապա Կիլիկիայի եւ Պամփիւլիայի մէջտեղում, բաց ծովի միջով նաւարկելուց յետոյ իջանք Լիկիայի Միւռա քաղաքը: Եւ այնտեղ հարիւրապետը գտնելով ալեքսանդրեան մի նաւ, որ Իտալիա էր գնում, մեզ այնտեղ մտցրեց: Եւ բազում օրեր դանդաղ նաւարկելուց յետոյ դժուարութեամբ հասանք մինչեւ Կնիդիայի մօտերքը. եւ երբ քամին թոյլ չտուեց մեզ, նաւարկեցինք Կրետէի եզերքով ներքեւ, մինչեւ Սաղմոնիայի մօտերքը: Նրա եզերքով դժուարութեամբ անցնելուց յետոյ, հասանք մի տեղ, որ կոչւում էր Գեղեցիկ նաւահանգիստ, եւ որին կից էր Ղասէա քաղաքը: Եւ քանի որ շատ ժամանակ էր անցել, եւ նաւարկելն էլ վտանգաւոր կը լինէր, մինչեւ իսկ ծոմապահութեան օրերն էլ արդէն անցել էին, Պօղոսը նրանց խրատ տուեց եւ ասաց. «Մարդի՛կ, տեսնում եմ, որ այս նաւարկութիւնը չարիքով եւ բազում վնասով է լինելու ոչ միայն բեռների եւ նաւի համար, այլեւ մեր անձերի»: Բայց հարիւրապետը նաւապետին եւ նաւատիրոջն աւելի էր լսում, քան Պօղոսի խօսքերը: Երբ նաւահանգիստը ձմեռելու համար անյարմար թուաց, շատերը խորհեցին այնտեղից հեռանալ, որպէսզի մի գուցէ կարողանան հասնել Փիւնիկէ քաղաքը եւ ձմեռել Կրետէի այդ նաւահանգստում, որը նայում էր դէպի հարաւակողմը եւ ցամաքամասը: Եւ երբ հարաւի մեղմ քամին փչեց, կարծեցին, թէ կը հասնեն այնտեղ, ուր դիմում էին: Եւ նաւարկելով՝ Կրետէի եզերքի մօտով անցան: Ոչ շատ ժամեր յետոյ նաւի շուրջը բարձրացաւ մի կատաղի քամի, որ կոչւում է Եւրացիկլոն: Երբ նաւը քշուեց եւ քամու դէմ չկարողացաւ պայքարել, տեղի տուեցինք եւ գնումեւգալիս էինք: Եւ դիմելով դէպի մի կղզի, որը Կլօդա էր կոչւում, դժուարութեամբ կարողացանք բռնել մակոյկը, որը նաւի վրայ քաշեցինք. ապա օգնութեան միջոցներ օգտագործելով՝ նաւը ներքեւից կապեցին. վախենալով, որ գուցէ յորձանուտի մէջ ընկնեն, առագաստը իջեցրին. եւ այնպէս գնումեւգալիս էին: Եւ քանի որ մենք ամենասաստիկ տագնապի մէջ էինք, յաջորդ առաւօտ բեռները ծովը թափեցին: Իսկ երրորդ օրը իրենք իրենց ձեռքերով նաւի գործիքները ծովը նետեցին: Երբ բազում օրեր ո՛չ արեւ եւ ո՛չ էլ աստղեր էին երեւում, ու փոթորիկն էլ նոյն սաստկութեամբ շարունակւում էր, մեր փրկութեան ամէն յոյս վերացել էր: Եւ որովհետեւ շատ օրեր քաղցած էին, Պօղոսը, կանգնելով նրանց մէջ, ասաց. «Ո՛վ մարդիկ, դուք ինձ պէտք է անսայիք ու Կրետէից չելնէիք եւ այս չարիքն ու վնասը չքաշէիք: Արդ, ձեզ խրատում եմ, որ քաջալերուէք, որովհետեւ, բացի նաւից, ձեզնից եւ ոչ մէկի կեանքին վնաս չպիտի հասնի. որովհետեւ այս գիշեր Աստծու հրեշտակը, որին պատկանում եմ ես ու ծառայում, երեւաց ինձ ու ասաց. «Մի՛ վախեցիր, Պօղո՛ս, դու կայսեր առաջ էլ պէտք է ներկայանաս. եւ ահա բոլոր նրանց, որ այդ նաւի մէջ քեզ հետ են, Աստուած քեզ է շնորհել»: Դրա համար էլ քաջալերուեցէ՛ք, մարդի՛կ, որովհետեւ հաւատ ունեմ Աստծու վրայ, թէ կը լինի այնպէս, ինչպէս որ ինձ ասուեց: Միայն թէ՝ մենք պէտք է մի կղզի ընկնենք»: Երբ տասնչորսերորդ գիշերը եղաւ, եւ մենք Ադրիականի անդունդների վրայ դեռ օրօրւում էինք, գիշերուայ կէսին նաւավարները կարծեցին, թէ ցամաք են հասել: Ջրի խորութիւնը չափող գունդը ցած գցելով՝ երեսունեօթը մետր խորութիւն գտան. որոշ տարածութիւն կտրելուց յետոյ նորից գցեցին եւ քսանութ մետր գտան: Վախենալով, թէ մի գուցէ խութերով տեղ կ՚ընկնեն, յետեւի կողմից չորս խարիսխներ ցած գցեցին. անձկութեամբ տենչում էին, որ այգը բացուի: Բայց նաւավարները ուզում էին նաւից փախչել. ուստի մակոյկը ծով իջեցրին այն պատճառաբանութեամբ, որ իբր թէ առջեւի կողմից էլ են խարիսխներ գցելու: Պօղոսը հարիւրապետին եւ զինուորներին ասաց. «Եթէ դրանք նաւի մէջ չմնան, դուք ազատուել չէք կարող»: Այն ժամանակ զինուորները մակոյկի պարանները կտրեցին ու դէն գցեցին: Եւ երբ այգը բացուելու մօտ էր, Պօղոսը բոլորին խնդրեց, որ կերակուր ուտեն՝ ասելով. «Այս տասնչորսերորդ օրն է, որ դուք քաղցած՝ սպասումով էք անցկացնում եւ դեռ ոչինչ չէք կերել: Դրա համար աղաչում եմ ձեզ, որ կերակուր ուտէք, քանի որ դա հէնց ձեր փրկութեան համար է. որովհետեւ ձեզնից ոչ ոքի գլխից մազ իսկ չի կորչելու»: Եւ երբ այս ասաց, հաց վերցրեց, բոլորի առաջ Աստծուն գոհութիւն տուեց, կտրեց եւ սկսեց ուտել: Ամէնքը քաջալերուեցին. եւ իրենք էլ կերակուր կերան: Նաւի մէջ բոլորս երկու հարիւր եօթանասունվեց հոգի էինք: Երբ կերակրով յագեցան, ցորենը ծովը թափելով՝ նաւը թեթեւացրին: Եւ երբ այգը բացուեց, երկիրը չէին ճանաչում, բայց նշմարում էին մի ծովախորշ, որ ծովափ կարող էր լինել. եւ խորհում էին, թէ հնար լինէր նաւը այնտեղ հասցնել եւ փրկել: Ուստի խարիսխները յատակից կտրելով՝ ծովի մէջ բաց թողեցին, ղեկերի կապերը թուլացրին, առագաստը բացեցին ու քամուն տուեցին՝ դէպի ծովի ափի կողմը: Ընկնելով երկու ծովերի միջեւ գտնուող մի ծանծաղուտ՝ նաւը ծռեցին. եւ նաւի առաջակողմը յատակին խրուելով, անշարժ մնաց, իսկ յետեւի կողմը ալիքների սաստկութիւնից ջարդուփշուր էր լինում: Այն ժամանակ զինուորները խորհուրդ արեցին, որ կալանաւորներին սպանեն, որպէսզի ոչ ոք չլողայ ու փախչի: Սակայն հարիւրապետը նրանց խորհրդին արգելք եղաւ, որովհետեւ ուզում էր Պօղոսին ազատել. ուստի հրամայեց, որ, ովքեր կարող են լողալ, նախ նրանք ջուրը նետուեն, իսկ միւսները՝ ոմանք տախտակների վրայ, ոմանք էլ նաւի այլ բեկորների վրայ ցամաք ելնեն: Եւ այսպէս ամէնքը, փրկուելով, ցամաք ելան: Երբ արդէն փրկուած էինք, այն ժամանակ իմացանք, թէ այն կղզու անունը Մելիտինէ էր: Եւ բարբարոս բնակիչները մեր հանդէպ չափից աւելի մարդասիրութիւն ցոյց տուին. խարոյկ վառեցին եւ մեզ բոլորիս ընդունեցին՝ տեղացող անձրեւի եւ ցրտի պատճառով: Եւ երբ Պօղոսը բաւականին շատ չոր ճիւղեր հաւաքեց եւ խարոյկի վրայ դրեց, մի իժ կրակի տաքութեան պատճառով դուրս գալով՝ կախուեց նրա ձեռքից: Եւ երբ բարբարոսները գազանին նրա ձեռքից կախուած տեսան, միմեանց ասացին. «Ուրեմն մարդասպան է այս մարդը, որը թէպէտ ծովից փրկուեց, բայց Արդարութիւնը նրան թոյլ չտուեց, որ ապրի»: Ապա Պօղոսը գազանին կրակի մէջ թափ տուեց, եւ իրեն ոչ մի վատ բան չպատահեց. իսկ նրանք սպասում էին, որ նա կ՚ուռչի կամ կ՚ընկնի ու յանկարծակի կը մեռնի: Շատ սպասելուց յետոյ, երբ տեսան, որ նրան որեւէ վնաս չհասաւ, նորից խօսքը դարձրին եւ ասում էին. «Սա մի աստուած է»: Այդ տեղի շրջակայքում գտնւում էին ագարակները Պոպլիոս անունով մի մարդու, որ կղզու գլխաւորն էր. սա երեք օրով մեզ իր մօտ ընդունեց եւ սիրով հիւրընկալեց: Եւ պատահեց, որ Պոպլիոսի հայրը, ջերմով եւ փորլուծութեամբ հիւանդացած, անկողին ընկնի: Պօղոսը նրա մօտ մտաւ եւ աղօթելով ձեռքը նրա վրայ դրեց ու նրան բժշկեց: Եւ երբ այս պատահեց, ուրիշ հիւանդներ էլ, որ կղզում կային, գալիս էին ու բժշկւում: Սրանք մեծ պատիւներով պատուեցին մեզ, եւ երբ գնում էինք, ինչ որ պէտք էր, տուեցին: Եւ երեք ամիս յետոյ բարձրացանք դիոսկուրեանների նշանը կրող ալեքսանդրեան մի նաւ, որը ձմեռել էր կղզում: Եւ Սիրակուսա իջնելով՝ երեք օր մնացինք: Այնտեղից գնալով՝ հասանք Ռեգիոն. եւ երբ մի օր յետոյ հարաւի քամին փչեց, երկու օրում եկանք Պատիողոս, օշուր եւ գտանք եղբայրների, որոնք աղաչեցին, որ եօթը օր մնանք իրենց մօտ: Եւ ապա ելանք Հռոմ: Եւ այնտեղից, մեր մասին լսած լինելով, եղբայրները մեզ ընդառաջ եկան մինչեւ Ապփիոսի հրապարակը եւ Երեք կրպակները: Պօղոսը նրանց տեսնելով՝ գոհութիւն տուեց Աստծուն ու քաջալերուեց: Եւ երբ Հռոմ մտանք, հրաման տրուեց Պօղոսին, որ առանձին բնակուի իր պահապան զինուորի հետ միասին:
Հուդա Առաքյալի ընդհանրական նամակ, 1. 16
Սրանք տրտնջացողներ են եւ բանսարկուներ, որոնք հետամուտ են իրենց սեփական ցանկութիւններին. նրանց բերանները ամբարտաւան խօսքեր են բարբառում, իսկ իրենք երեսպաշտութիւն են անում շահի համար:
Ավետարան ըստ Հովհաննեսի, 13. 16-30
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ծառան աւելի մեծ չէ, քան իր տէրը, եւ ոչ էլ ուղարկուածը՝ աւելի մեծ, քան նա, ով նրան ուղարկեց: Եթէ այս բաները գիտէք, առաւել երանելի էք, եթէ դրանք կատարէք: Ձեր բոլորի համար չէ, որ ասում եմ, որովհետեւ ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ, այլ որպէսզի կատարուի գրուածը, թէ՝ ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դէմ դարձաւ. հէնց այժմուանից ասում եմ ձեզ, քանի դեռ չի եղել, որպէսզի, երբ որ լինի, հաւատաք, որ ես եմ: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ ընդունի նրան, ում ես կ՚ուղարկեմ, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ընդունում է նրան, ով ինձ ուղարկեց»: Երբ Յիսուս այս բաներն ասաց, խռովուեց իր հոգում, վկայեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մէկն ինձ մատնելու է»: Աշակերտներն իրար էին նայում տարակուսելով, թէ ո՛ւմ մասին է ասում: Եւ աշակերտներից մէկը, որին Յիսուս սիրում էր, նստել էր նրա մօտ: Սիմոն Պետրոսը սրան ակնարկ արեց՝ հարցնելով, թէ այդ ո՛ւմ մասին է ասում: Եւ սա Յիսուսի կրծքովն ընկաւ ու ասաց նրան. «Տէ՛ր, ո՞վ է»: Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Նա է, որի համար ես այս պատառը կը թաթախեմ եւ կը տամ իրեն»: Եւ թաթախելով պատառը՝ տալիս է Իսկարիովտացի Յուդային: Եւ երբ նա պատառն առաւ, սատանան մտաւ նրա մէջ: Յիսուս նրան ասաց. «Հիմա ինչ որ անելու ես, իսկոյն արա՛»: Եւ սեղանակիցներից ոչ ոք չիմացաւ, թէ նա ինչի՛ համար այդ նրան ասաց. որովհետեւ ոմանք կարծում էին, թէ, քանի որ Յուդան էր գանձանակը պահում, Յիսուս նրան ասաց. «Գնի՛ր, ինչ որ մեզ տօնի ժամանակ պէտք է» եւ կամ՝ որ մի բան տայ աղքատներին: Իսկ նա պատառը վերցնելով՝ իսկոյն դուրս ելաւ: Եւ գիշեր էր…
Ավետարան ըստ Մատթեոսի, 23. 1-39
Այն ժամանակ Յիսուս խօսեց ժողովրդին եւ իր աշակերտներին ու ասաց. «Մովսէսի աթոռի վրայ նստեցին օրէնսգէտներն ու փարիսեցիները. ամէն ինչ, որ նրանք ձեզ ասեն, արէ՛ք եւ պահեցէ՛ք, բայց մի՛ արէք ըստ նրանց գործերի, քանի որ ասում են, բայց չեն անում: Ծանր ու դժուարակիր բեռներ են կապում եւ դնում մարդկանց ուսերի վրայ, բայց իրենց մատով անգամ չեն կամենում շարժել դրանք: Եւ իրենց բոլոր գործերն անում են՝ ի ցոյց մարդկանց. լայնացնում են իրենց գրապանակները եւ երկարացնում են իրենց զգեստների ծոպերը: Սիրում են ընթրիքների ժամանակ պատուոյ տեղերը, ժողովարաններում՝ նախապատիւ աթոռները եւ հրապարակներում ողջոյններ առնել ու մարդկանցից կոչուել՝ ռաբբի, որ նշանակում է ուսուցիչ: Բայց դուք որեւէ մէկին ուսուցիչ մի՛ կոչէք, որովհետեւ ձեր ուսուցիչը մէկ է, եւ դուք բոլորդ եղբայրներ էք: Եւ երկրի վրայ ոչ մէկին ձեզ հայր մի՛ կոչէք, որովհետեւ մէ՛կ է ձեր Հայրը, որ երկնքում է: Եւ ուսուցիչներ չկոչուէք, որովհետեւ Քրիստոս է ձեր ուսուցիչը: Եւ ձեզնից մեծը ձեր սպասաւորը պիտի լինի: Ով իր անձը բարձրացնում է, կը խոնարհուի. եւ ով խոնարհեցնում է իր անձը, կը բարձրանայ:
Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ երկնքի արքայութիւնը փակում էք մարդկանց առաջ. դուք չէք մտնում եւ մտնողներին էլ թոյլ չէք տալիս, որ մտնեն:
Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ շրջում էք ծովի ու ցամաքի վրայ՝ անգամ մէկին նորահաւատ դարձնելու համար, եւ երբ նա այդպիսին է դառնում, նրան ձեզանից կրկնակի անգամ աւելի գեհենի որդի էք դարձնում:
Վա՜յ ձեզ, կո՛յր առաջնորդներ, որ ասում էք՝ ով որ երդուի տաճարի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդուի տաճարի մէջ եղած ոսկու վրայ, պարտաւորւում է այն կատարել: Յիմարնե՛ր եւ կոյրե՛ր, ի՞նչն է մեծ՝ ոսկի՞ն, թէ՞ տաճարը, որ սրբացնում է ոսկին: Եւ՝ ով որ երդուի սեղանի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդուի նրա վրայ գտնուող ընծայի վրայ, պարտաւորւում է այն կատարել: Յիմարնե՛ր եւ կոյրե՛ր, ի՞նչն է մեծ՝ ընծա՞ն, թէ՞ սեղանը, որ սրբագործում է ընծան: Իսկ արդ, ով որ երդուեց սեղանի վրայ, երդուած կը լինի նրա վրայ եւ այն ամենի վրայ, որ սեղանի վրայ է: Եւ ով երդուեց տաճարի վրայ, երդուած կը լինի նրա եւ նրա մէջ բնակուող Աստծու վրայ: Եւ ով երդուեց երկնքի վրայ, երդուած կը լինի Աստծու աթոռի եւ նրա վրայ նստողի վրայ:
Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ տալիս էք անանուխի եւ սամիթի ու չամանի տասանորդը, բայց թողել էք օրէնքի ամենից կարեւորները՝ արդարադատութիւնը, ողորմութիւնը եւ հաւատը. հարկ էր այս անել եւ այն չթողնել: Կո՛յր առաջնորդներ, որ մժղուկները քամում էք եւ ուղտերը կուլ էք տալիս:
Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ բաժակի ու պնակի դուրսը մաքրում էք, մինչ ներսից նրանք լի են ձեր գողութեամբ եւ անժուժկալութեամբ: Կո՛յր փարիսեցի, նախ մաքրի՛ր բաժակի եւ պնակի ներսը, որպէսզի դրանց դուրսն էլ մաքուր լինի:
Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ նման էք սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երեւում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով եւ ամենայն ապականութեամբ: Նոյնպէս եւ դուք, դրսից մարդկանց արդար էք երեւում, մինչ ներսից լի էք կեղծաւորութեամբ եւ անօրէնութեամբ:
Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ մարգարէների շիրիմներն էք շինում եւ արդարների գերեզմաններն էք զարդարում ու ասում էք. «Եթէ մենք մեր հայրերի օրօք լինէինք, մարգարէների սպանութեանը մասնակից չէինք լինի»: Ապա ուրեմն դուք ինքներդ ձեր մասին վկայում էք, թէ որդիներն էք նրանց, որոնք կոտորում էին մարգարէներին: Ուրեմն դուք էլ լրացրէ՛ք ձեր հայրերի արածը: Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպէ՞ս պիտի փախչէք գեհենի դատապարտութիւնից: Դրա համար ահա ես ձեզ մօտ ուղարկում եմ մարգարէներ, իմաստուններ ու օրէնսգէտներ. նրանցից ոմանց դուք պիտի սպանէք եւ խաչը պիտի հանէք. նրանցից ոմանց էլ պիտի տանջէք ձեր ժողովարաններում ու քաղաքից քաղաք պիտի հալածէք, որպէսզի ձեր վրայ ընկնի մեղքը երկրի վրայ թափուած ամէն արդար արեան՝ արդար Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի եւ զոհասեղանի միջեւ: Ճշմարիտ եմ ասում ձեզ, այս բոլորը պիտի գայ այս սերնդի վրայ»:
Ավետարան ըստ Մարկոսի, 13. 1-37
Երբ նա տաճարից դուրս էր գալիս, իր աշակերտներից մէկը նրան ասաց. «Վարդապե՛տ, տե՛ս ինչպիսի՜ քարեր են սրանք, եւ ինչպիսի՜ շինուածք»: Յիսուս նրան պատասխան տուեց եւ ասաց. «Տեսնո՞ւմ ես այդ բոլոր շինութիւնները. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դրանց քարը քարի վրայ չպիտի թողնուի, որ չքանդուի»: Եւ մինչ նստած էր նա Ձիթենեաց լերան վրայ, տաճարի դիմաց, Պետրոսն ու Յակոբոսը եւ Յովհաննէսն ու Անդրէասը, առանձին, հարցրին նրան. «Ասա՛ մեզ, ե՞րբ պիտի լինի այդ, եւ ի՞նչ կը լինի նշանը, երբ կատարուելու լինի այդ բոլորը»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Զգո՛յշ կացէք, ոչ ոք ձեզ չխաբի, որովհետեւ շատեր պիտի գան իմ անունով եւ պիտի ասեն՝ ե՛ս եմ Քրիստոսը, եւ շատերին պիտի մոլորեցնեն: Սակայն երբ լսէք պատերազմների ձայներ կամ պատերազմների լուրեր, չխռովուէք, որովհետեւ այդ պէտք է որ լինի, բայց դեռ աշխարհի վախճանը չէ: Ազգ ազգի դէմ պիտի ելնի եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ, եւ տեղ-տեղ երկրաշարժներ պիտի լինեն, սով եւ համաճարակ ու խռովութիւններ. բայց այդ բոլորը սկիզբն է երկանց: Եւ դեռ ձեզ էլ պիտի մատնեն ատեանների, եւ ժողովարանների մէջ պիտի տանջուէք. եւ ինձ համար կուսակալների ու թագաւորների առաջ պիտի կանգնէք՝ ի վկայութիւն նրանց: Բայց նախ պէտք է, որ Աւետարանը քարոզուի բոլոր հեթանոսների մէջ: Եւ երբ ձեզ տանեն յանձնելու, առաջուց հոգ մի՛ արէք եւ մի՛ մտածէք, թէ ինչ պիտի խօսէք, այլ, ինչ որ ձեզ տրուի այդ նոյն ժամին, ա՛յն խօսեցէք, որովհետեւ դո՛ւք չէ, որ պիտի խօսէք, այլ՝ Սուրբ Հոգին: Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն. եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու պիտի սպանեն նրանց: Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. բայց ով որ մինչեւ վերջ համբերի, նա կը փրկուի»: «Եւ երբ տեսնէք սարսափելի պղծութիւնը՝ տեղ գտած այնտեղ, ուր չպէտք է լինէր (ով կարդում է, թող իմանայ), այն ժամանակ նրանք, որ Հրէաստանում են, լեռները թող փախչեն. եւ ով տանիքի վրայ է, թող չիջնի եւ տուն չմտնի՝ այնտեղից բան վերցնելու. եւ ով արտի մէջ է, թող ետ չդառնայ՝ իր զգեստները վերցնելու: Բայց վա՜յ յղիներին եւ ստնտուներին այն օրերին: Աղօթեցէ՛ք, որ ձմեռ ժամանակ չլինի դա: Այդ օրերը պիտի լինեն օրեր այնպիսի նեղութիւնների, որոնց նմանը չի եղել երբեք արարչագործութեան սկզբից մինչեւ այժմ եւ չի էլ լինի: Եւ եթէ Աստուած այդ օրերը իր ընտրեալների համար չկարճէր, ոչ մի մարդ չէր ազատուի. բայց նա իր ընտրեալների պատճառով, – որոնց ընտրեց, – կարճեց այդ օրերը: Այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասի, թէ՝ «Ահա՛ այստեղ է Քրիստոսը կամ այնտեղ», չհաւատաք. որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ պիտի ելնեն եւ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցոյց տան՝ մոլորեցնելու նպատակով, եթէ հնար լինի, նոյնիսկ ընտրեալներին: Բայց դուք զգո՛յշ եղէք. ահա առաջուց ձեզ ամէն ինչ ասացի: Բայց այդ օրերին, այդ նեղութիւնից յետոյ, արեգակը պիտի խաւարի, եւ լուսինն իր լոյսը չպիտի տայ: Եւ աստղերը երկնքից վայր պիտի թափուեն, եւ երկնքում զօրութիւնները պիտի շարժուեն: Եւ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու Որդուն՝ եկած ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով: Եւ այն ժամանակ պիտի ուղարկի իր հրեշտակներին ու պիտի հաւաքի իր ընտրեալներին չորս կողմերից, երկրի ծագերից մինչեւ երկնքի ծագերը: Բայց դուք այդ թզենո՛ւց սովորեցէք առակը. հէնց որ նրա ոստերը կակղեն, եւ նրա վրայ տերեւ դուրս գայ, իմանում էք, որ ամառը մօտ է. նոյնպէս եւ դուք. երբ այս բոլորը կատարուած տեսնէք, իմացէ՛ք, որ նա մօտ է, դռների առջեւ: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ չի անցնի այս սերունդը, մինչեւ որ այս բոլորը կատարուեն: Երկինք ու երկիր կ՚անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնի: Սակայն այդ օրուայ եւ ժամի մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ հրեշտակները երկնքում եւ ո՛չ էլ՝ Որդին, այլ միայն՝ Հայրը: Զգո՛յշ եղէք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք, քանի որ չգիտէք, թէ ե՛րբ է ժամանակը. ինչպէս հեռու երկիր գնացած մի մարդ, որ կը թողնի իր տունը եւ իր ծառաներին իշխանութիւն կը տայ եւ իւրաքանչիւրին՝ իր գործը, եւ դռնապանին կը պատուիրի, որ արթուն լինի: Արդ, արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ տանտէրը ե՛րբ կը գայ՝ երեկոյեա՞ն, թէ՞ կէսգիշերին, աքլորականչի՞ն, թէ՞ առաւօտեան դէմ: Գուցէ յանկարծակի գալով՝ ձեզ քնի մէջ գտնի: Բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում՝ արթո՛ւն կացէք»:
0 կարծիք