ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Ավետարան ըստ Ղուկասի, 18. 35 – 19. 28
Եւ երբ նա մօտենում էր Երիքովին, ճանապարհի վրայ նստել էր մի կոյր մուրացկան: Երբ սա լսեց, որ ժողովուրդը անցնում է, հարցրեց, թէ՝ այդ ի՞նչ է: Եւ նրան պատմեցին, թէ անցնում է Յիսուս Նազովրեցին: Նա աղաղակեց եւ ասաց. «Յիսո՛ւս, Դաւթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»: Եւ առջեւից գնացողները սաստեցին նրան, որ լռի: Իսկ նա առաւել եւս աղաղակում էր. «Դաւթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»: Յիսուս տեղում կանգնեց եւ հրամայեց իր մօտ բերել նրան. եւ երբ կոյրը մօտեցաւ, նրան հարցրեց եւ ասաց. «Ի՞նչ ես կամենում դու, որ ես քեզ համար անեմ»: Եւ սա ասաց. «Որ բացուեն աչքերս, եւ տեսնեմ, Տէ՛ր»: Եւ Յիսուս նրան ասաց. «Նայի՛ր. քո հաւատը քեզ փրկեց»: Եւ իսկոյն կոյրը տեսաւ. գնում էր Յիսուսի յետեւից եւ փառք էր տալիս Աստծուն: Եւ ամբողջ ժողովուրդը տեսնելով այս՝ Աստծուն գոհութիւն էր տալիս:
Եւ Յիսուս մտել էր Երիքով ու շրջում էր: Եւ ահա մի մարդ, Զակքէոս անունով, որ մաքսապետ էր ու մեծահարուստ, ուզում էր տեսնել, թէ ո՛վ է Յիսուս, բայց բազմութեան պատճառով չէր կարողանում, որովհետեւ կարճահասակ էր: Եւ առաջ վազելով՝ բարձրացաւ ժանտաթզենու վրայ, որպէսզի տեսնի նրան, որովհետեւ նա հէնց այդտեղով էր անցնելու: Երբ այդ տեղը եկաւ, Յիսուս վեր նայեց եւ ասաց. «Զակքէո՛ս, շտապիր իջի՛ր այդտեղից, որովհետեւ այսօր պէտք է, որ ես քո տանը գիշերեմ»: Զակքէոսը շտապեց իջաւ եւ նրան ընդունեց ուրախութեամբ: Երբ ամէնքը այս տեսան, տրտնջում էին եւ ասում, թէ մեղաւոր մարդու մօտ մտաւ գիշերելու: Իսկ Զակքէոսը եկաւ կանգնեց եւ ասաց Տիրոջը. «Տէ՛ր, ահա իմ ինչքերի կէսը կը տամ աղքատներին, եւ եթէ որեւէ մէկին զրկել եմ, քառապատիկ կը հատուցեմ»: Եւ Յիսուս նրան ասաց. «Այսօր այս տան համար փրկութիւն եղաւ, քանի որ սա եւս Աբրահամի որդի է, որովհետեւ մարդու Որդին եկաւ փնտռելու եւ փրկելու կորածին»: Եւ մինչ նրանք լսում էին այս, Յիսուս մի առակ էլ աւելացրեց նրա համար, որ ինքը մօտենում էր Երուսաղէմին, եւ նրանք կարծում էին, թէ Աստծու արքայութիւնը շուտով յայտնուելու է: Նա ասաց. «Մի ազնուական մարդ գնաց հեռու աշխարհ՝ իր թագաւորութիւնը ստանալու եւ վերադառնալու համար: Եւ կանչելով իր ծառաներին՝ նրանց տասը մնաս տուեց եւ ասաց. «Շահարկեցէ՛ք դրանք, մինչեւ որ գամ»: Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամաւորներ ուղարկեցին նրա յետեւից եւ ասացին. «Մենք չենք կամենում, որ դա մեր վրայ թագաւորի»: Եւ ազնուականը վերադարձաւ՝ իր թագաւորութիւնն ստացած, եւ կանչեց այն ծառաներին, որոնց տուել էր դրամը, որպէսզի իմանայ, թէ ով ինչ էր շահել: Եկաւ առաջինը եւ ասաց. «Տէ՛ր, քո մէկ մնասը տասը մնաս բերեց»: Եւ տէրը նրան ասաց. «Ազնիւ եւ բարի ծառայ, քանի որ այդ փոքր բանի մէջ հաւատարիմ եղար, իշխանութիւն ունեցիր տասը քաղաքների վրայ»: Եկաւ երկրորդը եւ ասաց. «Քո մէկ մնասը հինգ մնաս բերեց»: Տէրը նրան ասաց. «Դու էլ՝ հինգ քաղաքների վրայ»: Միւսն էլ եկաւ եւ ասաց. «Տէ՛ր, ահա քո մնասը, որ թաշկինակի մէջ ծրարած պահում էի. վախենում էի քեզնից, որովհետեւ խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ չես դրել, եւ հնձում ես, ինչ որ չես սերմանել»: Եւ տէրը նրան ասաց. «Հէնց քո բերանով քեզ պիտի դատեմ, անհաւատարի՛մ ծառայ. գիտէիր, որ ես մի խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել եւ հնձում եմ՝ ուր չեմ սերմանել: Հապա ինչո՞ւ իմ դրամը լումայափոխներին չտուիր, որպէսզի ես, գալով, տոկոսներով միասին պահանջէի այն»: Եւ սպասաւորներին ասաց. «Վերցրէ՛ք դրանից մէկ մնասը եւ տարէ՛ք տուէք նրան, ով տասը մնաս ունի»: Եւ ծառաները ասացին նրան. «Տէ՛ր, արդէն նա տասը մնաս ունի՛»:
– Ասում եմ ձեզ, թէ՝ Ով որ ունի, նրան պիտի տրուի, իսկ նրանից, որ չունի, պիտի վերցուի եւ այն, ինչ որ ունի: Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագաւորեմ իրենց վրայ, բերէ՛ք այստեղ եւ սպանեցէ՛ք իմ առաջ:
Եւ երբ այս ասաց, առաջ գնաց՝ Երուսաղէմ ելնելու համար:
Առաքյալների գործերը, 22. 30 – 23. 11
Յաջորդ առաւօտ հազարապետը ուզելով ճշմարիտն իմանալ, թէ հրեաների ամբաստանութիւնն ինչ է, կապերից արձակեց Պօղոսին եւ հրամայեց կանչել քահանայապետներին ու ամբողջ ատեանը եւ, Պօղոսին իջեցնելով, կանգնեցրեց նրանց մէջ:
Պօղոսը հայեացքն ուղղելով ատեանին՝ ասաց. «Եղբայրնե՛ր, ես ամենայն ուղղամտութեամբ եմ կեանք վարել Աստծու առաջ մինչեւ այսօր»: Անանիա քահանայապետը հրամայեց սպասաւորներին, որ խփեն նրա բերանին: Այն ժամանակ Պօղոսը նրան ասաց. «Աստուած է քեզ խփելու, սպիտակեցրա՛ծ պատ. եւ դու նստում ես, որ օրէնքի համաձայն ինձ դատես, մինչդեռ հրամայում ես, որ օրէնքից դուրս ինձ հարուածեն»: Շուրջը կանգնողներն ասացին. «Աստծու քահանայապետի՞ն ես հայհոյում»: Եւ Պօղոսն ասաց. «Չգիտէի, եղբայրնե՛ր, որ քահանայապետ է, քանի որ գրուած է՝ քո ժողովրդի իշխանին չպիտի հայհոյես»: Երբ Պօղոսն իմացաւ, որ ատեանի մի կողմում սադուկեցիներն են, իսկ միւսում՝ փարիսեցիները, աղաղակեց. «Եղբայրնե՛ր, ես փարիսեցի եմ ու որդի փարիսեցու. այժմ ես դատւում եմ նաեւ մեռելների յարութեան յոյսի համար»: Եւ երբ այս ասաց, փարիսեցիների եւ սադուկեցիների միջեւ ճեղքուածք առաջ եկաւ, եւ բազմութիւնը պառակտուեց, որովհետեւ սադուկեցիներն ասում էին՝ յարութիւն չկայ. ո՛չ էլ հրեշտակ եւ ո՛չ Հոգի. իսկ փարիսեցիները ընդունում էին երկուսն էլ: Եւ մեծ աղմուկ եղաւ. փարիսեցիների կողմից օրէնուսոյցներից ոմանք ոտքի ելան եւ հակառակում էին՝ ասելով. «Այս մարդու մէջ ոչ մի չարութիւն չենք գտնում, այլ թերեւս նրա հետ Հոգի կամ մի հրեշտակ խօսած լինի»: Եւ երբ խռովութիւնը սաստկացաւ, հազարապետը, վախենալով, որ գուցէ նրանք Պօղոսին պատառեւպատառ կ՚անեն, զինուորներին հրամայեց իջնել եւ նրանց միջից նրան վերցնել ու տանել զօրանոց: Յաջորդ օրուայ գիշերը Տէրը կանգնեց նրա մօտ ու ասաց. «Քաջալերուի՛ր, Պօղո՛ս, որովհետեւ, ինչպէս ինձ համար վկայեցիր Երուսաղէմում, նոյն ձեւով պէտք է, որ դու Հռոմում եւս վկայես»:
Հովհաննես Առաքյալի առաջին ընդհանրական նամակ, 5. 1-12
Ամէն ոք, ով հաւատում է, թէ Յիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնուած. եւ ամէն ոք, ով սիրում է ծնունդ տուողին, սիրում է նաեւ նրանից ծնուածին: Սրանո՛վ ենք ճանաչում, թէ սիրում ենք Աստծու Որդուն, երբ սիրենք Աստծուն եւ կատարենք նրա պատուիրանները. քանզի ա՛յս է Աստծու հանդէպ մեր սէրը. որ պահենք նրա պատուիրանները: Եւ նրա պատուիրանները ծանր չեն, քանի որ ամէն ոք, որ Աստծուց է ծնուած, յաղթում է աշխարհին: Եւ ա՛յս է այն յաղթութիւնը, որ յաղթում է աշխարհին՝ մեր հաւատը: Եւ ո՞վ է, որ յաղթում է աշխարհին, եթէ ոչ նա, ով հաւատում է, որ Յիսուսն է Աստծու Որդին: Սա է, որ եկաւ ջրով, Հոգով եւ արեամբ՝ Յիսուս Քրիստոսը. ոչ միայն ջրով, այլեւ արեամբ եւ ջրով: Եւ Հոգին է, որ վկայում է, որովհետեւ հէնց Հոգին է ճշմարտութիւնը: Սրանք երեքը միասին են վկայում՝ Հոգին, ջուրը եւ արիւնը. եւ երեքը վկայութեան մէջ մէ՛կ են: Եթէ ընդունում ենք մարդկանց վկայութիւնը, Աստծու վկայութիւնն, ինչ խօսք, աւելի մեծ է: Ա՛յս է Աստծու վկայութիւնը. այն, որ նա վկայեց իր Որդու համար: Ով հաւատում է Աստծու Որդուն, նա իր մէ՛ջ իսկ ունի այս վկայութիւնը. ով չի հաւատում Աստծու Որդուն, սուտ է հանում Աստծուն, քանի որ չի հաւատում ա՛յն վկայութեանը, որն Աստուած վկայեց իր Որդու համար: Եւ ա՛յս իսկ է վկայութիւնը. այն, որ Աստուած յաւիտենական կեանք տուեց մեզ. եւ այդ՝ այն կեանքն է, որ նրա Որդու մէջ է: Ով ընդունում է Որդուն, ընդունում է նաեւ կեանքը. եւ ով չի ընդունում Աստծու Որդուն, չի ընդունում նաեւ կեանքը:
Ավետարան ըստ Հովհաննեսի, 11. 55 – 12. 11
Եւ հրեաների զատիկը մօտ էր. եւ այդ գաւառից շատերը Երուսաղէմ բարձրացան զատկից առաջ, որպէսզի իրենք իրենց մաքրեն: Յիսուսին փնտռում էին. եւ մինչ տաճարի մէջ էին, միմեանց ասում էին. «Ինչպէ՞ս է ձեզ թւում, արդեօք այս տօնին չի՞ գայ»: Քահանայապետներն ու փարիսեցիները հրահանգել էին, որ, եթէ մէկն իմանայ, թէ նա որտեղ է, յայտնի, որպէսզի նրան ձերբակալեն:
Իսկ Յիսուս զատկից վեց օր առաջ եկաւ Բեթանիա, ուր ապրում էր մեռած Ղազարոսը, որին մեռելներից վեր էր կացրել: Եւ այնտեղ նրան ընթրիք տուին. սպասարկում էր Մարթան, իսկ Ղազարոսը նրա հետ սեղան նստածներից մէկն էր: Իսկ Մարիամը մի լիտր ազնիւ նարդոսի թանկարժէք իւղ վերցնելով՝ օծեց Յիսուսի ոտքերը. եւ իր մազերով էլ սրբում էր նրա ոտքերը. եւ տունը լցուեց իւղի բուրմունքով: Աշակերտներից մէկը՝ Յուդա Իսկարիովտացին, որ մատնելու էր նրան, ասաց. «Ինչո՞ւ այդ իւղը չվաճառուեց երեք հարիւր արծաթ դահեկանի եւ չտրուեց աղքատներին»: Նա այս ասաց ոչ թէ նրա համար, որ աղքատների համար էր հոգում, այլ որովհետեւ գող էր եւ գանձարկղը ինքն էր պահում, եւ ինչ որ այնտեղ դրւում էր, ինքն էր վերցնում: Յիսուս ասաց նրան. «Թո՛յլ տուէք նրան, որպէսզի իմ թաղման օրուայ համար պահի այդ: Աղքատներին ամէն ժամ ձեզ հետ ունէք: Ինձ միշտ ձեզ հետ չունէք»: Երբ հրեաներից բազում ժողովուրդ իմացաւ, որ նա այնտեղ է, եկաւ. ոչ միայն Յիսուսի պատճառով, այլ՝ որպէսզի տեսնի նաեւ Ղազարոսին, որին մեռելներից վեր էր կացրել: Քահանայապետները խորհուրդ արեցին, որ Ղազարոսին էլ սպանեն, քանի որ շատերը հեռանում էին հրեաներից եւ հաւատում էին Յիսուսին:
Ավետարան ըստ Մատթեոսի, 20. 17-28
Երբ Յիսուս Երուսաղէմ էր բարձրանում, Տասներկուսին առանձին իր հետ վերցրեց եւ ճանապարհին ասաց նրանց. «Ահաւասիկ Երուսաղէմ ենք բարձրանում, եւ մարդու Որդին պիտի մատնուի քահանայապետերին ու օրէնսգէտներին. եւ նրան մահուան պիտի դատապարտեն ու նրան հեթանոսներին պիտի մատնեն՝ ծաղրուելու, ծեծուելու եւ խաչը հանուելու համար, սակայն նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի»: Այն ժամանակ նրան մօտեցաւ Զեբեդէոսի որդիների մայրը՝ իր որդիների հետ միասին. նա երկրպագում էր ու նրանից մի բան ուզում: Եւ նա նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում»: Կինն ասաց նրան. «Ասա՛, որ սրանք՝ իմ այս երկու որդիները, նստեն քո արքայութեան մէջ, մէկը՝ քո աջ կողմում եւ միւսը՝ ձախ կողմում»: Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Չէք իմանում՝ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք խմել այն բաժակը, որը ես խմելու եմ. կամ՝ մկրտուել այն մկրտութեամբ, որով ես մկրտուելու եմ»: Նրան ասացին՝ կարող ենք: Յիսուս նրանց ասաց. «Իմ բաժակը կը խմէք, եւ այն մկրտութեամբ, որով ես մկրտւում եմ, կը մկրտուէք, բայց նստեցնել իմ աջ եւ ձախ կողմերում՝ ես չէ, որ կը տամ, այլ այդ նրանց համար է, որոնց տրուած է իմ Հօրից»: Եւ տասը աշակերտները, այս լսելով, բարկացան երկու եղբայրների վրայ: Յիսուս նրանց իր մօտ կանչեց ու ասաց. «Գիտէք, որ ազգերի իշխանաւորները տիրում են ազգերի վրայ, եւ մեծամեծները իշխում են նրանց վրայ: Ձեր մէջ եւս չպէտք է այդպէս լինի. այլ ձեզնից ով կը կամենայ մեծ լինել, ձեր ծառան պիտի լինի. եւ ձեզնից ով կը կամենայ առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի. ինչպէս որ մարդու Որդին չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ ծառայելու եւ իր անձը տալու որպէս փրկանք շատերի փոխարէն»:
Ավետարան ըստ Մարկոսի, 10. 32-45
Եւ նա նորից վերցնելով Տասներկուսին՝ առանձին, սկսեց ասել նրանց, թէ ինչ բաներ պիտի պատահեն իրեն: «Ահա ելնում ենք Երուսաղէմ. եւ մարդու Որդին պիտի մատնուի քահանայապետներին ու օրէնսգէտներին, եւ նրան մահուան պիտի դատապարտեն ու հեթանոսներին պիտի յանձնեն. նրան պիտի ծաղրեն. նրան պիտի ծեծեն ու նրա վրայ պիտի թքեն. եւ պիտի սպանեն. եւ երրորդ օրը նա յարութիւն պիտի առնի»:
Զեբեդէոսի որդիները՝ Յակոբոսը եւ Յովհաննէսը, գնացին նրա մօտ եւ ասացին նրան. «Վարդապե՛տ, ինչ որ քեզնից պիտի խնդրենք, կամենում ենք, որ անես մեզ համար»: Եւ նա նրանց ասաց. «Ի՞նչ էք կամենում ինձնից, որ անեմ ձեզ համար»: Եւ նրանք ասացին նրան. «Շնո՛րհ արա մեզ, որ նստենք մէկս՝ քո աջում եւ միւսս՝ ձախում, քո փառքի մէջ»: Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Չէք իմանում, թէ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք խմել այն բաժակը, որ ես խմելու եմ, կամ մկրտուել այն մկրտութեամբ, որով ես մկրտուելու եմ»: Եւ նրանք ասացին նրան. «Կարող ենք»: Եւ Յիսուս նրանց ասաց. «Այն բաժակը, որ ես խմելու եմ, կը խմէք, եւ այն մկրտութիւնը, որով ես մկրտուելու եմ, նրանով կը մկրտուէք, բայց իմ աջում եւ ձախում նստեցնելը ես չէ, որ պիտի տամ, այլ տրուելու է նրանց, որոնց համար պատրաստուած է»: Այդ լսելով՝ տասը առաքեալները սկսեցին բարկանալ Յակոբոսի եւ Յովհաննէսի վրայ: Յիսուս նրանց իր մօտ կանչեց եւ ասաց. «Գիտէք, որ հեթանոսների մէջ իշխանաւորներ համարուածները տիրում են նրանց. եւ նրանց մեծամեծներն իշխում են նրանց վրայ. ձեր մէջ այդպէս չպէտք է լինի. այլ ձեզնից ով կամենայ մեծ լինել, թող լինի ձեր սպասաւորը. եւ ձեզնից ով կամենայ առաջին լինել, բոլորին ծառայ թող լինի. որովհետեւ մարդու Որդին էլ չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ՝ ծառայելու եւ տալու իր անձը որպէս փրկանք շատերի փոխարէն»:
ՏՈՆԱՑՈՒՅՑ
ԽԲ. օր Յինանց։ 0րհ. ակ. Երգեցէք Տեառն: Հրց. դձ. Է. Փառաւորելով: Ժմտ. Հիացան: Ճշ. շրկ. դկ. Իշխանութիւնք:
Յերեկոյին՝ Լոյս զուարթ։ Մեսդ. Օրհնեալ եկեալ։ Ս. Աստուած՝ որ Համբարձար։ Հմբ. դձ. Թագաւոր գոլով։ Աւտրն.։ Քրզ. Խնդրեսցուք, Կեցո, Քում Ամենազօր Համբարձմանդ։ (Անփոփոխ)։
0 կարծիք