Հինանց ԽԱ. օր։ Պահքի սկիզբ։

Բաժին՝ Օրեր

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Ավետարան ըստ Ղուկասի, 18. 15-34

Մանուկներին էլ մօտեցնում էին նրան, որպէսզի նրանց դիպչի. երբ աշակերտները այդ տեսան, սաստեցին բերողներին: Իսկ Յիսուս կանչելով մանուկներին իր մօտ՝ ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին, որ ինձ մօտ գան, եւ մի՛ արգելէք նրանց, որովհետեւ այդպիսիներինն է Աստծու արքայութիւնը: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ Աստծու արքայութիւնը չընդունի ինչպէս մի մանուկ, այնտեղ չի մտնի»:

Մի իշխանաւոր նրան հարցրեց եւ ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պիտի անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»: Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ինձ բարի ես կոչում. ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստուած: Պատուիրանները գիտես՝ մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, մեծարի՛ր քո հօրը եւ մօրը»: Եւ նա ասաց. «Այդ բոլորը պահել եմ իմ մանկութիւնից»: Երբ Յիսուս այս լսեց, ասաց նրան. «Դեռ մի բան պակաս է քեզ. ինչ որ ունես, վաճառի՛ր եւ տո՛ւր աղքատներին եւ երկնքում գանձեր կ՚ունենաս, եւ արի՛ իմ յետեւից»: Երբ նա այս լսեց, տրտմեց, որովհետեւ չափազանց հարուստ էր: Երբ Յիսուս նրան տեսաւ տրտմած, ասաց. «Ինչքա՜ն դժուարութեամբ Աստծու արքայութիւնը կը մտնեն նրանք, որոնք հարստութիւն ունեն: Աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թէ մի մեծահարուստ Աստծու արքայութիւնը մտնի»: Եւ նրանք, որ լսեցին, ասացին. «Իսկ ո՞վ կարող է փրկուել»: Եւ նա ասաց. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարաւոր է»: Եւ Պետրոսն ասաց. «Ահա մենք մեր ամէն ինչը թողեցինք եւ եկանք քո յետեւից»: Եւ Յիսուս ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկայ մէկը, որ թողած լինի տունը, կամ ծնողներին, կամ եղբայրներին, կամ կնոջը, կամ զաւակներին՝ Աստծու արքայութեան համար, եւ այս ներկայ ժամանակում բազմապատիկ չստանայ ու յաւիտենական կեանքը չժառանգի այն աշխարհում, որ գալու է»: Եւ Տասներկուսին, առանձին, մի կողմ տանելով՝ նրանց ասաց. «Ահաւասիկ ելնում ենք դէպի Երուսաղէմ, եւ մարգարէների միջոցով մարդու Որդու մասին բոլոր գրուածները պիտի կատարուեն, որովհետեւ նա պիտի մատնուի հեթանոսներին եւ պիտի ծաղրուի. նրան պիտի ձաղկեն ու սպանեն, եւ երրորդ օրը յարութիւն պիտի առնի»: Եւ առաքեալները այս բոլորից ոչինչ չիմացան, այլ խօսքը նրանցից ծածկուած էր, եւ ասուածները չէին ըմբռնում:

Առաքյալների գործերը, 21. 37 – 22. 29

Եւ մինչ Պօղոսը զօրանոց էր մտնելու, հազարապետին ասաց. «Կարելի՞ է ինձ խօսել քեզ հետ»: Եւ նա ասաց. «Յունարէն գիտե՞ս. չլինի թէ դու ես այն եգիպտացին, որ սրանից օրեր առաջ ապստամբեցիր եւ անապատ հանեցիր չորս հազար սուսերաւոր մարդկանց»: Պօղոսն ասաց. «Ես հրեայ մարդ եմ, կիլիկեցիների Տարսոն քաղաքից, ոչ աննշան քաղաքի քաղաքացի. աղաչում եմ քեզ, ինձ հրամա՛ն տուր, որ իմ խօսքն ուղղեմ այդ ժողովրդին»: Եւ երբ նա հրաման տուեց, Պօղոսը, աստիճանների վրայ կանգնած, ձեռքը շարժեց դէպի ժողովուրդը: Երբ կատարեալ լռութիւն տիրեց, սկսեց խօսել եբրայերէն լեզուով եւ ասաց. «Եղբայրնե՛ր եւ հայրե՛ր, այժմ լսեցէ՛ք ինձ, որ տամ իմ պաշտպանողականը»: Երբ լսեցին, որ եբրայերէն լեզուով դիմեց իրենց, առաւել եւս հանդարտուեցին եւ լռեցին: Եւ նա ասաց. «Ես հրեայ մարդ եմ՝ ծնուած Կիլիկիայի Տարսոն քաղաքում, եւ դաստիարակուել եմ այստեղ, այս քաղաքում, Գամաղիէլի ոտքերի մօտ, կրթուած ըստ հայրենի օրէնքի ճշմարտութեան: Նախանձայոյզ էի Աստծու հանդէպ, ինչպէս դուք բոլորդ՝ այսօր: Ես այս ճանապարհը հալածեցի մինչեւ ի մահ՝ կապելով եւ բանտերի մատնելով տղամարդկանց եւ կանանց, ինչպէս ինձ վկայ են քահանայապետը եւ ամբողջ ծերակոյտը, որոնցից եղբայրներին ուղղուած նամակներ էլ առնելով՝ Դամասկոս էի գնում եղբայրների մօտ՝ այնտեղից եւս կապեալներ բերելու համար Երուսաղէմ, որ պատժուեն: Եւ մինչ գնում էի եւ մօտեցայ Դամասկոսին, կէսօրուայ ժամանակ յանկարծ երկնքից սաստիկ լոյս փայլատակեց իմ շուրջը. եւ ես գետին ընկայ. լսեցի մի ձայն, որն ինձ ասում էր. «Սաւո՛ւղ, Սաւո՛ւղ, ինչո՞ւ ես ինձ հալածում»: Եւ ես պատասխանեցի. «Ո՞վ ես, Տէ՛ր»: Եւ ինձ ասաց. «Ես Նազովրեցի Յիսուսն եմ, որին դու հալածում ես»: Ինձ հետ եղողները եւս լոյսը տեսնում էին, բայց չէին լսում այն ձայնը, որ ինձ հետ խօսում էր: Եւ ես ասացի. «Ի՞նչ պէտք է անեմ, Տէ՛ր»: Եւ Տէրն ինձ ասաց. «Վե՛ր կաց եւ գնա՛ Դամասկոս, եւ այնտեղ քեզ կը պատմուի այն բոլորի մասին, որ հրամայուած է քեզ անել»: Եւ քանի որ այդ լոյսի փայլից չէի տեսնում, ինձ հետ եղողները, ձեռքիցս բռնելով, առաջնորդեցին ինձ, եւ Դամասկոս մտայ: Եւ Անանիա անունով մի մարդ՝ երկիւղած ըստ օրէնքի եւ վկայուած Դամասկոսում բնակուող բոլոր հրեաների կողմից, եկաւ կանգնեց ինձ մօտ ու ասաց. «Սաւո՛ւղ եղբայր, վերե՛ւ նայիր»: Եւ ես իսկոյն դէպի վեր նրա՛ն նայեցի: Եւ ինձ ասաց. «Մեր հայրերի Աստուածը առաջուց ընտրեց քեզ, որ ճանաչես նրա կամքը եւ տեսնես Արդարին ու լսես նրա բերանից ձայնը, որպէսզի բոլոր մարդկանց մօտ նրա վկան լինես այն բաների համար, որ տեսար եւ լսեցիր: Արդ, ինչո՞ւ ես յապաղում, վե՛ր կաց, մկրտուի՛ր եւ լուա՛ քո մեղքերը՝ նրա անունը կանչելով»: Եւ երբ ես վերադարձայ Երուսաղէմ եւ տաճարում աղօթում էի, մտայափշտակութեան մէջ ընկայ. տեսայ նրան, որն ինձ ասում էր. «Շտապի՛ր, իսկոյն Երուսաղէմից դո՛ւրս ել, քանի որ իմ մասին քո վկայութիւնը չեն ընդունելու»: Եւ ես ասացի. «Տէ՛ր, իրենք իսկ գիտեն, թէ ես էի, որ բանտարկել եւ բոլոր ժողովարաններում գանակոծել էի տալիս քեզ հաւատացողներին: Եւ երբ թափւում էր քո վկայի՝ Ստեփանոսի արիւնը, ես ինքս էի, որ նրա մօտ էի կանգնել եւ համաձայն էի լինում նրա սպանմանը. եւ նրան սպանողների զգեստներն էի պահում»: Եւ նա ինձ ասաց. «Գնա՛, որովհետեւ ես քեզ պէտք է ուղարկեմ հեռաւոր հեթանոսների մօտ»»: Մինչեւ այս խօսքը նրան ունկնդրում էին. ապա բարձրացրին իրենց ձայները եւ ասացին. «Երկրից վերացրո՛ւ այդպիսի մէկին, որովհետեւ այդպիսին չպէտք է ապրի»: Եւ մինչ նրանք աղաղակում էին, զգեստները հանում գցում էին եւ փոշին օդի մէջ ցանում, հազարապետը հրամայեց, որ նրան զօրանոց մտցնեն. եւ ասաց. «Ծեծելով հարցաքննեցէ՛ք նրան, որպէսզի իմանամ, թէ ինչ յանցանքի համար էին նրա դէմ այդպէս աղաղակում»: Երբ նրան թոկերով պինդ կապեցին, Պօղոսն ասաց հարիւրապետին, որ վերակացուն էր. «Հռոմէացի եւ չդատուած մարդուն օրինաւո՞ր է, որ դուք ծեծէք»: Երբ հարիւրապետը այս լսեց, մօտեցաւ հազարապետին, զեկուցեց եւ ասաց. «Ի՞նչ ես ուզում անել, քանի որ այս մարդը հռոմէական քաղաքացի է»: Հազարապետը մօտեցաւ եւ նրան ասաց. «Ասա՛ ինձ, դու հռոմէացի՞ ես»: Եւ նա ասաց՝ այո՛: Հազարապետը ի պատասխան ասաց. «Ես ի գին մեծ գումարի եմ ստացել այդ քաղաքացիութիւնը»: Իսկ Պօղոսն ասաց. «Ես ծննդով իսկ քաղաքացի եմ»: Եւ իսկոյն նրանից հեռացան նրանք, որ նրան պիտի ծեծէին: Ինքը հազարապետն էլ վախեցաւ, երբ իմացաւ, թէ հռոմէացի է, մանաւանդ որ նրան կապանքի տակ էլ էր առել:

Հովհաննես Առաքյալի առաջին ընդհանրական նամակ, 4. 7-21

Սիրելինե՛ր, սիրենք միմեանց, քանի որ սէրն Աստծուց է. եւ ամէն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնուած եւ ճանաչում է Աստծուն: Իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստուած սէր է: Եւ սրանո՛ւմ երեւաց Աստծու սէրը մեր հանդէպ. այն, որ Աստուած իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպէսզի նրանով կենդանի լինենք: Սրանո՛ւմ է սէրը. մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ նա՛ սիրեց մեզ եւ ուղարկեց իր Որդուն մեր մեղքերի քաւութեան համար: Սիրելինե՛ր, եթէ Աստուած այսպէս սիրեց մեզ, ապա մենք եւս պարտաւոր ենք սիրել միմեանց: Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել: Եթէ միմեանց սիրենք, Աստուած բնակւում է մեր մէջ. եւ նրա սէրը մեր մէջ կատարեալ է: Սրանո՛վ գիտենք, թէ մենք նրա մէջ ենք բնակուած, եւ նա էլ՝ մեր մէջ. այն, որ նա իր Հոգուց տուեց մեզ: Եւ մենք տեսանք ու վկայում ենք, որ Հայրն ուղարկեց իր Որդուն՝ աշխարհի Փրկիչ լինելու: Նա, ով խոստովանի, թէ Յիսուսն է Աստծու Որդին, Աստուած բնակւում է նրա մէջ, եւ նա՝ Աստծու մէջ: Եւ մենք հաւատացինք ու ճանաչեցինք Աստծու սէրը, որ նա ունի մեր հանդէպ: Աստուած սէր է. եւ ով սիրոյ մէջ է ապրում, բնակւում է Աստծու մէջ, եւ Աստուած բնակւում է նրա մէջ: Աստծու հանդէպ եթէ սէրը կատարեալ է մեր մէջ, ուրեմն վստահութիւն կ՚ունենանք դատաստանի օրը նրա դիմաց կանգնելու. որովհետեւ, ինչպէս որ նա է, այնպէս էլ մենք ենք այս աշխարհում: Սիրոյ մէջ երկիւղ չկայ. եւ կատարեալ սէրը հեռու է վանում երկիւղը, որովհետեւ երկիւղը տանջանքի ենթակայ է. եւ ով երկնչում է, կատարեալ չէ սիրոյ մէջ: Սիրենք Աստծուն, որովհետեւ առաջինը նա՛ սիրեց մեզ: Եթէ մէկն ասի, թէ սիրում է Աստծուն, եւ ատի իր եղբօրը, սուտ է խօսում. ով չի սիրում իր եղբօրը, որին տեսնում է, ինչպէ՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել: Եւ նրանից ունենք այս պատուիրանը՝ ով սիրում է Աստծուն, նա պէտք է սիրի նաեւ իր եղբօրը:

Ավետարան ըստ Հովհաննեսի, 11. 47-54

Քահանայապետներն ու փարիսեցիները ատեան գումարեցին եւ ասացին. «Ի՞նչ անենք, քանի որ այդ մարդը բազում նշաններ է անում: Եթէ նրան այնպէս թողնենք, ամէնքը կը հաւատան նրան, եւ հռոմէացիները կը գան ու կը վերացնեն մեր ազգն ու մեր սրբավայրը»: Նրանցից մէկը՝ Կայիափա անունով, որ այդ տարուայ քահանայապետն էր, նրանց ասաց. «Դուք ոչինչ չգիտէք, ոչ իսկ խորհել էք, թէ մեզ համար աւելի լաւ է, որ մէկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թէ ամբողջ ազգը կորչի»: Այս բանը նա ինքն իրենից չասաց, այլ, քանի որ այդ տարուայ քահանայապետն էր, մարգարէացաւ, որ Յիսուս մեռնելու էր ազգի համար: Եւ ոչ միայն ազգի համար, այլ՝ որպէսզի նաեւ Աստծու ցրուած որդիներին ի մի հաւաքի: Ապա այն օրուանից խորհուրդ արեցին, որ նրան սպանեն: Եւ Յիսուս այնուհետեւ այլեւս համարձակ չէր շրջում հրեաների մէջ, այլ այնտեղից գնաց մի շրջան, որ մօտ էր անապատին. գնաց մի քաղաք, որի անունն էր Եփրայիմ, եւ իր աշակերտների հետ այդտեղ էր մնում:

Ավետարան ըստ Մատթեոսի, 19. 16 – 20. 16

Եւ ահա մէկը մօտենալով նրան՝ ասաց. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ բարիք գործեմ, որ յաւիտենական կեանքն ունենամ»։ Եւ նա նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարու մասին հարցնում. մէ՛կ է բարին. եթէ կամենում ես յաւիտենական կեանքը մտնել, պահի՛ր պատուիրանները»։ Նա ասաց. «Որո՞նք»։ Յիսուս նրան ասաց. «Մի սպանիրը, մի շնանարը, մի գողանարը, սուտ մի վկայիրը, քո հօրն ու մօրը մեծարիրը եւ քո ընկերոջը քո անձի պէս պիտի սիրեսը»։ Երիտասարդը նրան ասաց. «Այդ բոլորը իմ մանկութիւնից ի վեր պահել եմ. արդ, էլ ի՞նչ բանով պակաս եմ դեռ»։ Յիսուս նրան ասաց. «Եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր քո ունեցուածքը ու տո՛ւր աղքատներին. եւ երկնքում գանձեր կ՚ունենաս. եւ դու արի՛ իմ յետեւից»։ Երբ երիտասարդը այս խօսքը լսեց, տրտմած գնաց. որովհետեւ շատ հարստութիւն ունէր։ Յիսուս աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժուարութեամբ կը մտնի երկնքի արքայութիւնը։ Դարձեալ ասում եմ ձեզ՝ աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակով մտնի, քան թէ հարուստը՝ Աստծու արքայութիւնը»։ Երբ աշակերտները այս լսեցին, շատ զարմացան ու ասացին. «Իսկ ո՞վ կը կարողանայ փրկուել»։ Յիսուս նրանց նայեց եւ ասաց. «Մարդկանց համար այդ անկարելի է, բայց Աստծու համար ամէն ինչ կարելի է»։ Այն ժամանակ Պետրոսը պատասխան տուեց ու ասաց նրան. «Ահա՛ւասիկ, մենք թողեցինք ամէն բան եւ եկանք քո յետեւից. արդ, մենք ի՞նչ կ՚ունենանք»։ Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ դուք, որ եկաք իմ յետեւից, երկրորդ գալստեան, երբ որ մարդու Որդին իր փառքի աթոռին կը նստի, դուք էլ կը նստէք տասներկու աթոռների վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին։ Եւ ամէն ոք, որ թողել է տուն կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ իմ անուան համար, հարիւրապատիկ պիտի ստանայ եւ յաւիտենական կեանքը պիտի ժառանգի։ Շատ առաջիններ վերջին պիտի լինեն, եւ վերջիններ՝ առաջին։

Երկնքի արքայութիւնը նման է մի տանուտէրի, որ առաւօտեան ելաւ իր այգու համար մշակներ վարձելու։ Եւ մշակների օրավարձը մէկ դահեկան սակարկելով՝ նրանց ուղարկեց իր այգին։ Եւ առաւօտեան ժամը իննի մօտ դուրս ելնելով՝ տեսաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին հրապարակում։ Նրանց էլ ասաց. «Դո՛ւք էլ գնացէք իմ այգին, եւ ինչ որ արժան է, կը տամ ձեզ»։ Նրանք եւս գնացին։ Եւ դարձեալ դուրս ելնելով կէսօրին ու կէսօրից յետոյ ժամը երեքի մօտ՝ նոյն ձեւով արեց։ Եւ ժամը հինգի մօտ դուրս ելնելով՝ գտաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին. նրանց ասաց. «Ինչո՞ւ էք այստեղ ամբողջ օրը պարապ կանգնել»։ Նրան ասացին. «Որովհետեւ մեզ ոչ ոք չվարձեց»։ Նրանց ասաց. «Դո՛ւք էլ գնացէք այգին, եւ ինչ որ արժան է, կը ստանաք»։ Եւ երբ երեկոյ եղաւ, այգու տէրը իր գործավարին ասաց. «Կանչի՛ր մշակներին եւ տո՛ւր նրանց վարձը՝ սկսած վերջիններից մինչեւ առաջինները»։ Երբ եկան ժամը հինգի մօտ վարձուածները, իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացաւ։ Առաջիններն էլ գալով՝ կարծում էին, թէ աւելի կը ստանան, բայց նրանք էլ իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացան։ Երբ առան, տրտնջում էին տանտիրոջից ու ասում. «Դրանք՝ այդ վերջինները, մէկ ժամ գործ արեցին, իսկ դու դրանց հաւասար արեցիր մեզ, որ տարանք օրուայ ծանրութիւնը եւ տօթը»։ Նա պատասխանեց նրանցից մէկին եւ ասաց. «Ընկե՛ր, քեզ չեմ զրկում. չէ՞ որ ինձ հետ մէկ դահեկանի սակարկեցիր. ստացի՛ր քոնը եւ գնա՛. այս վերջիններին կամենում եմ տալ որքան եւ քեզ. միթէ իրաւունք չունե՞մ իմ ունեցածի հետ վարուելու, ինչպէս կամենում եմ։ Կամ թէ՝ նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ»։ Այսպէս, վերջինները առաջին պիտի լինեն, եւ առաջինները՝ վերջին. որովհետեւ բազում են կանչուածները, բայց սակաւ են ընտրեալները»։

Ավետարան ըստ Մարկոսի, 10. 28-32

Պետրոսն սկսեց նրան ասել. «Ահաւասիկ մենք թողել ենք ամէն բան եւ եկել ենք քո յետեւից»: Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկայ մէկը, որ թողած լինի տուն, կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ որդիներ, կամ ագարակներ ինձ համար կամ Աւետարանի համար եւ այժմ, այս ժամանակի մէջ հարիւրապատիկը չստանայ՝ տներ եւ եղբայրներ եւ քոյրեր եւ մայրեր եւ որդիներ եւ ագարակներ՝ հալածանքներ կրելով հանդերձ, եւ այն աշխարհում, որ գալու է՝ յաւիտենական կեանք: Սակայն շատեր, որ առաջին են, պիտի լինեն վերջին, իսկ վերջիններ՝ առաջին»:

Եւ Երուսաղէմ ելնելու ճանապարհի վրայ էին. Յիսուս աշակերտներից աւելի առաջ էր գնում. իսկ նրանք, որ նրա յետեւից էին գնում, զարմացած էին ու վախենում էին:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԽԱ. օր Յինանց։ Սկիզբն պահոց։

Օրհ. աձ. Երգեսցուք: Հրց. դձ. Զ. Ծագումն Միածնի: Առաւօտու Սղմ. ԽԶ. Համբարձաւ։ (Մինչեւ ի Հոգւոյ գալուստն առաւօտեան եւ երեկոյեան առաջին Սաղմոսն այս է)։ Ժմտ. Որ յանպատում: Ճշ. շրկ. դկ. Որ ողորմութեամբ։ Հմբ. դձ. Որք տնկակից եւ Համբարձաւ Տէրն մեր Քրիստոս։ Արձակման Սղմ. ԻԳ. Համբարձէք իշխանք։ (Մինչեւ ի Հոգւոյ գալուստն արձակման Սաղմոսն այս է)։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: