Հինանց ԺԷ. օր

Բաժին՝ Օրեր

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Ավետարան ըստ Ղուկասի, 7. 11-35

Հետեւեալ օրը Յիսուս գնում էր մի քաղաք, որ Նային էր կոչւում. նրա հետ էին գնում նաեւ իր աշակերտները եւ բազում ժողովուրդ: Երբ քաղաքի դարպասին մօտեցաւ, ահա դուրս էր բերւում մի մեռել, միակ որդին իր մօր, որ մի այրի կին էր. եւ քաղաքից բազում ժողովուրդ նրա հետ էր: Երբ Տէրը կնոջը տեսաւ, խղճաց նրան եւ ասաց. «Մի՛ լար»: Մօտենալով՝ դագաղին դիպաւ: Դագաղը տանողները կանգ առան: Եւ նա ասաց. «Քե՛զ եմ ասում, ո՛վ պատանի, վե՛ր կաց»: Մեռելը վեր կացաւ, նստեց եւ սկսեց խօսել: Եւ Յիսուս նրան մօրը տուեց: Եւ ահը պատեց բոլորին. փառաւորում էին Աստծուն եւ ասում. «Մի մեծ մարգարէ է յայտնուել մեր մէջ», եւ՝ «Աստուած այցելութիւն է տուել իր ժողովրդին բարութեամբ»: Եւ նրա մասին այս զրոյցը տարածուեց ամբողջ Հրէաստանում եւ երկրի բոլոր կողմերում:

Եւ Յովհաննէսին այս բոլորի մասին պատմեցին իր աշակերտները: Եւ Յովհաննէսն իր աշակերտներից մի երկուսին իր մօտ կանչեց ու նրանց ուղարկեց Տիրոջ մօտ՝ ասելու. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք»: Եւ այդ մարդիկ գալով նրա մօտ՝ ասացին. «Յովհաննէս Մկրտիչը մեզ ուղարկեց քեզ մօտ եւ ասում է. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք»: Եւ նոյն ժամին նա շատերին բժշկեց հիւանդութիւններից, ցաւերի հարուածներից, չար ոգիներից եւ բազմաթիւ կոյրերի տեսողութիւն շնորհեց: Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Գնացէք պատմեցէ՛ք Յովհաննէսին, ինչ որ դուք տեսաք եւ լսեցիք. որ կոյրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները մաքրւում են, խուլերը՝ լսում, մեռելները յարութիւն են առնում, աղքատները Բարի լուրն են լսում. եւ երանի՜ նրան, որ իմ պատճառով չի գայթակղուի»:

Եւ երբ Յովհաննէսի պատգամաւորները գնացին, նա սկսեց ժողովրդին խօսել Յովհաննէսի մասին. «Ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք անապատ. քամուց շարժուող մի եղէ՞գ: Հապա ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք. փափուկ զգեստներով զարդարուած մի մա՞րդ. ահաւասիկ նրանք, որ փառաւոր զգեստներով են եւ փափուկ կենցաղով են ապրում, արքունիքներում են լինում: Հապա ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք. մի մարգարէ՞. այո՛, ասում եմ ձեզ, առաւել քան մի մարգարէ, որովհետեւ Յովհաննէսը նա է, որի մասին գրուած է. «Ահա քո առաջից ուղարկում եմ իմ պատգամաւորին, որպէսզի քո առաջ քո ճանապարհը պատրաստի»: Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնուածների մէջ չկայ աւելի մեծ մարգարէ, քան Յովհաննէսը. բայց Աստծու արքայութեան մէջ ամենափոքրը աւելի մեծ է, քան թէ նա»:

Եւ երբ ամբողջ ժողովուրդը լսեց, նոյնպէս եւ մաքսաւորները, ընդունեցին Աստծու արդարութիւնը՝ մկրտուելով Յովհաննէսի մկրտութեամբ: Իսկ փարիսեցիները եւ օրինականները իրենց հոգիներում Աստծու խորհուրդն անարգեցին նրանով, որ Յովհաննէսից չմկրտուեցին:

«Արդ, ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդի մարդկանց, եւ ո՞ւմ են նման: Նրանք նման են մանուկների, որոնք նստում են հրապարակներում, ձայն են տալիս միմեանց եւ ասում. «Փող զարկեցինք ձեզ համար, եւ չպարեցիք. ողբ ասացինք, եւ դուք լաց չեղաք»: Եկաւ Յովհաննէս Մկրտիչը, չէր ուտում եւ չէր խմում. եւ դուք ասացիք՝ նրա մէջ դեւ կայ: Եկաւ մարդու Որդին. ուտում է եւ խմում. եւ դուք ասում էք. «Ահա ուտող եւ խմող մի մարդ, մաքսաւորների եւ մեղաւորների բարեկամ»: Եւ իմաստութիւնը արդարացուեց իր որդիներից:

Առաքյալների գործերը, 10. 1-23

Կեսարիայում Կոռնելիոս անունով մի մարդ կար, մի հարիւրապետ «Իտալական» կոչուող գնդից. նա իր ամբողջ ընտանիքով բարեպաշտ եւ աստուածավախ լինելով՝ շատ ողորմութիւններ էր անում ժողովրդի մէջ եւ միշտ Աստծուն աղօթում էր: Կէսօրից յետոյ ժամը երեքի մօտ տեսիլքի մէջ նա յայտնապէս տեսաւ Աստծու հրեշտակին, որ մտաւ իր մօտ ու իրեն ասաց՝ Կոռնելիո՛ս: Եւ նա, երբ նրան նայեց, զարհուրեց ու ասաց՝ ի՞նչ է, Տէ՛ր: Եւ հրեշտակը նրան ասաց. «Քո աղօթքներն ու քո ողորմութիւնները, յիշատակուելով, Աստծու առաջ ելան: Եւ արդ, մարդիկ ուղարկի՛ր Յոպպէ եւ կանչի՛ր ոմն Սիմոնի, որ Պետրոս է կոչւում. նա մնում է կաշեգործ Սիմոնի մօտ, որի տունը ծովին մօտ է»: Երբ իր հետ խօսող հրեշտակը գնաց, կանչեց ծառաներից երկուսին եւ իր սպասաւորներից բարեպաշտ մի զինուորի ու նրանց ամէն բան պատմելով՝ Յոպպէ ուղարկեց: Յաջորդ օրը, մինչ նրանք ճանապարհին էին եւ մօտեցել էին քաղաքին, Պետրոսը կէսօրին տանիք բարձրացաւ աղօթելու: Նա քաղց զգաց եւ ուտել էր ուզում: Եւ մինչ ճաշ էին պատրաստում, յափշտակութեան մէջ ընկաւ. եւ տեսնում էր երկինքը բացուած եւ չորս ծայրերից կախուած մի ինչեւոր անօթ, ինչպէս մի մեծ սփռոց, որ իջաւ նստեց երկրի վրայ: Նրա մէջ կային երկրի բոլոր չորքոտանիները, գազանները, սողունները եւ երկնքի թռչունները: Եւ նրան հասաւ մի ձայն. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր եւ կե՛ր»: Եւ Պետրոսն ասաց. «Քա՛ւ լիցի, Տէ՛ր, որովհետեւ երբեք պիղծ եւ անմաքուր բան չեմ կերել»: Ձայնը նրան կրկին անգամ հասաւ. «Ինչ որ Աստուած մաքուր է դարձրել, դու պիղծ մի՛ համարիր»: Այս պատահեց երեք անգամ, եւ սփռոցը երկինք վերացաւ: Եւ մինչ Պետրոսը մտքում զարմացած էր, թէ տեսած տեսիլքն ի՛նչ է, ահա Կոռնելիոսի կողմից ուղարկուած մարդիկ հարցրին Սիմոնի տան մասին, կանգնեցին դռանը, ձայն տուեցին ու հարցրին. «Սիմոնը, որ Պետրոս է կոչւում, այստե՞ղ է օթեւանել»: Եւ մինչ Պետրոսը դեռ մտորում էր տեսիլքի մասին, Հոգին նրան ասաց. «Ահաւասիկ ինչեւոր մարդիկ քեզ փնտռում են, ուստի դու վե՛ր կաց, իջի՛ր եւ առանց երկմտելու գնա՛ նրանց հետ, որովհետեւ նրանց ես եմ ուղարկել»: Եւ երբ Պետրոսը նրանց մօտ իջաւ, ասաց. «Ում փնտռում էք, ահա ես եմ. ի՞նչ բանի համար էք եկել»: Եւ նրանք ասացին. «Կոռնելիոս հարիւրապետը՝ մի արդար եւ աստուածավախ մարդ, որ ամբողջ հրեայ ազգի կողմից վկայուած է, սուրբ հրեշտակից հրաման ստացաւ քեզ կանչելու իր տունը եւ քեզնից լսելու, ինչ որ ասելու ես»: Նա ներս կանչեց նրանց եւ իր մօտ օթեւան տուեց: Յաջորդ օրը Պետրոսը վեր կացաւ գնաց նրանց հետ. Յոպպէում գտնուող եղբայրներից ոմանք եւս նրա հետ գնացին։

Պետրոս Առաքյալի առաջին ընդհանրական նամակը, 2. 18-25

Ծառանե՛ր, ամէն ինչում երկիւղով հնազա՛նդ եղէք տէրերին, ոչ միայն բարիներին եւ հեզաբարոներին, այլեւ դաժաններին, քանի որ Աստծուց է այն շնորհը, երբ մէկը յանիրաւի վիշտ է կրում բարի խղճով, քանզի ի՞նչ երախտիք կ՚ունենաք, եթէ, մեղանչելուց յետոյ, տանջուէք եւ համբերէք: Իսկ եթէ բարիք գործէք եւ չարչարուէք ու համբերէք, այդ շնորհ է Աստծու մօտ, որովհետեւ այդ բանի համար իսկ կոչուեցիք, քանի որ Քրիստոս էլ ձեզ համար մեռաւ եւ ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնաք. նա, որ մեղք չգործեց, եւ նրա բերանում նենգութիւնը տեղ չգտաւ. նա, որ նախատուելով՝ փոխարէնը չնախատեց, չարչարուելով՝ չսպառնաց, այլ յանձնուեց արդարութեամբ դատողին. նա, որ մեր մեղքերը իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրայ, որպէսզի մենք, զերծ լինելով մեղքերից, ապրենք արդարութեան համար. նա, որի վէրքերով բժշկուեցիք դուք: Մոլորեալ ոչխարների պէս էիք, իսկ այժմ դարձաք դէպի ձեր հոգիների Հովիւը եւ Տեսուչը:

Ավետարան ըստ Հովհաննեսի, 3. 22-36

Այնուհետեւ Յիսուս եւ իր աշակերտները Հրէաստանի երկիրը եկան, եւ նա այնտեղ շրջում էր նրանց հետ ու մկրտում: Յովհաննէսն էլ մկրտում էր Այենոնում, Երուսաղէմի մօտ, որովհետեւ այնտեղ շատ ջրեր կային, եւ մարդիկ գալիս ու մկրտւում էին, քանի դեռ Յովհաննէսին չէին բանտարկել: Եւ Յովհաննէսի աշակերտների ու մի հրեայի միջեւ մաքրութեան մասին մի հարց ծագեց: Նրանք եկան Յովհաննէսի մօտ եւ նրան ասացին. «Ռաբբի՛, նա, որ Յորդանանի միւս կողմում քեզ հետ էր, եւ որի մասին դու վկայեցիր, ահաւասիկ նա մկրտում է, եւ ամէնքը գալիս են նրա մօտ»: Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Մարդն իրենից որեւէ բան անել չի կարող, եթէ նրան ի վերուստ՝ երկնքից այդ տրուած չէ: Դուք ինքներդ էք վկայում ինձ, որ ձեզ ասացի. ես Քրիստոսը չեմ, այլ ուղարկուած եմ նրա առաջից: Ով հարս ունի, նա՛ է փեսան. իսկ փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապէս ուրախանում է փեսայի ձայնի համար. արդ, այս ուրախութիւնը, որ իմն է, կատարեալ է: Պէտք է, որ նա մեծանայ, իսկ ես՝ նուազեմ: Նա, որ ի վերուստ է գալիս, վեր է ամենքից. նա, որ այս երկրից է, երկրաւոր է եւ երկրաւոր բաների մասին է խօսում: Նա, որ երկնքից է գալիս, վկայում է, ինչ որ տեսել ու լսել է, սակայն նրա վկայութիւնը ոչ ոք չի ընդունում: Ով ընդունում է նրա վկայութիւնը, հաստատած կը լինի, որ Աստուած ճշմարիտ է, քանի որ նա, ում Աստուած ուղարկեց, Աստծու խօսքերն է խօսում. որովհետեւ Աստուած Հոգին տալիս է առանց չափի: Հայրը սիրում է Որդուն եւ ամէն ինչ տուել է նրա ձեռքը: Ով հաւատում է Որդուն, ընդունում է յաւիտենական կեանքը, իսկ ով չի հնազանդւում Որդուն, կեանք չի տեսնի, այլ նրա վրայ կմնայ Աստծու բարկութիւնը»:

Ավետարան ըստ Մատթեոսի, 9. 18-26

Մինչ Յիսուս նրանց այս բաներն էր ասում, ահա մի իշխանաւոր, մօտենալով, երկրպագեց նրան ու ասաց. «Իմ դուստրը հէնց նոր մեռաւ, սակայն գայիր եւ քո ձեռքը նրա վրայ դնէիր, եւ նա կը կենդանանար»: Յիսուս վեր կացաւ եւ իր աշակերտների հետ միասին գնաց նրա յետեւից:

Եւ ահա տասներկու տարուց ի վեր արիւնահոսութիւն ունեցող մի կին, յետեւից մօտենալով Յիսուսին, դիպաւ նրա զգեստի քղանցքին, քանի որ մտքում ասում էր. «Եթէ միայն դիպչեմ նրա զգեստին, կը փրկուեմ»: Իսկ Յիսուս, երբ դարձաւ ու նրան տեսաւ, ասաց. «Քաջալերուի՛ր, դո՛ւստր, քո հաւա՛տը քեզ փրկեց»: Եւ նոյն ժամին կինը բժշկուեց:

Երբ Յիսուս իշխանաւորի տունը եկաւ եւ տեսաւ փողհարներին ու մեծ ամբոխ, նրանց ասաց. «Հեռո՛ւ գնացէք, որովհետեւ այդ աղջիկը ոչ թէ մեռած է, այլ ննջում է». եւ նրանք ծաղրում էին նրան: Եւ երբ ամբոխը դուրս ելաւ, նա ներս մտաւ, բռնեց նրա ձեռքից, եւ աղջիկը վեր կացաւ: Եւ այս լուրը ամբողջ այդ երկրով մէկ տարածուեց:

Ավետարան ըստ Մարկոսի, 3. 20-30

Նրանք տուն վերադարձան. եւ ժողովուրդը նորից եկաւ նրանց հետ, այնպէս որ նրանք հաց ուտելու անգամ ժամանակ չունեցան: Եւ երբ Յիսուսի իւրայինները լսեցին, ելան եկան նրան բռնելու, որովհետեւ կարծում էին, թէ խելքը կորցրել է: Իսկ Երուսաղէմից իջած օրէնսգէտներն ասում էին, թէ դրա մէջ Բէեղզեբուղ կայ, եւ դեւերի իշխանի ձեռքով է հանում դեւերին: Եւ նա իր մօտ կանչելով նրանց՝ առակներով էր խօսում նրանց հետ. «Ինչպէ՞ս կարող է սատանան սատանային դուրս հանել: Եւ արդ, եթէ մի թագաւորութիւն ինքն իր մէջ բաժանուի, այդ թագաւորութիւնը չի կարող կանգուն մնալ: Եւ եթէ մի տուն ինքն իր մէջ բաժանուի, այդ տունը չի կարող կանգուն մնալ: Եւ եթէ սատանան ինքն իր դէմ դուրս գայ եւ բաժանուած լինի, չի կարող կանգուն մնալ, այլ նրա վախճանը հասել է: Ոչ ոք չի կարող հզօրի տունը մտնելով՝ նրա ունեցածը կողոպտել, եթէ նախ չկապոտի հզօրին. եւ ապա միայն կը կողոպտի նրա տունը: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարդկանց որդիներին, որքան էլ հայհոյեն, ամէն մեղք եւ հայհոյանք կը ներուի, բայց ով որ հայհոյի Սուրբ Հոգուն, յաւիտեանս թողութիւն չի ունենայ, այլ նա յանցապարտ պիտի մնայ յաւիտենական մեղքով»: Այսպէս խօսեց, որովհետեւ ասում էին՝ նրա մէջ պիղծ դեւ կայ:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԺԷ. օր Յինանց:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: