Հայոց պատմության ամենամռայլ էջը

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
—————————————————

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՌԱՅԼ ԷՋԸ

Հայ ժողովրդի հերոսական, ազատագրական պայքարի ու մաքառումների անմար հիշատակներով հարուստ հազարամյակների պատմության մեջ 1915 թ. գրվեց ամենամռայլ էջը. օսմանյան թուրքերն իրագործեցին արևմտահայության Մեծ եղեռնը, որին զոհ գնաց 1,5 մլն. մարդ, իսկ հարյուր հազարավոր հայեր ցրվեցին աշխարհով մեկ՝ ծնունդ տալով հայկական Սփյուռքին։ Բավական է անգամ թռուցիկ հայացք նետել Օսմանյան կայսրության պատմությանը՝ համոզվելու համար, որ այն նվաճված ժողովուրդների անլուր շահագործման ու հալածանքների, ջարդերի ու զանգավածային կոտորածների, իսկ XIX դարի 90-ական թվականներից սկսած՝ նաև ցեղասպանությունների պատմություն է, որին զոհ են գնացել միլիոնավոր մարդիկ։

Օսմանյան թուրքերը Արևմտյան Հայաստանի մաս կազմող Փոքր Հայքում իրենց տիրապետությունը հաստատեցին դեռևս XV դարում, իսկ XVI դարի 50-ական թվականներին, պարսկա-թուրքական արյունահեղ պատերազմների արդյունքում, տիրեցին ամբողջ Արևմտյան Հայաստանին՝ ավերելով երկիրը, ոչնչացնելով ու գերեվարելով բնակչության նշանակալից մասը։ Հայ և նվաճված մյուս ժողովուրդների համար սկսվեցին մղձավանջային տարիներ։ Ռազմավարական նշանակություն ունեցող վայրերում ամենադաժան եղանակներով փորձում էին մահմեդականացնել քրիստոնյա հպատակներին, որոնց նշանակալից զանգվածներ ստիպված բռնում էին արտագաղթի ճանապարհը։ Թուրքական աշխարհագրերն արձանագրում են, թե ինչպես թուրքական տիրապետության դաժան լծի հետևանքով աստիճանաբար նվազում էր հայերի ու մյուս քրիստոնյա ժողովուրդների թիվը, և փոփոխվում քրիստոնյաների ու մահմեդականների տոկոսային հարաբերակցությունը։ Չնայած այդ, հիրավի, դժոխային պայմաններին, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի 1876 թ. տվյալներով, հայերն Օսմանյան կայսրությունում կազմում էին շուրջ 3 մլն., որից 400 հազարը կենտրոնացած էր Կոստանդնուպոլսում և Բալկաններում, 600 հազարը՝ փոքրասիական վիլայեթներում և Կիլիկիայում, 670 հազարը՝ Փոքր Հայքում և Կեսարիայի շրջանում և 1.330 հազարը՝ Մեծ Հայքի Արևմտյան Հայաստանի մաս կազմող հատվածում։

1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմում ռուսական զենքի տարած փայլուն հաղթանակներից հետո Սան-Ստեֆանոյի և Բեռլինի վեհաժողովի պայմանագրերով Հայկական հարցը միջազգայնացվեց։ Օսմանյան կայսրությունը Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով պարտավորվում էր հայաբնակ գավառներում անցկացնել բարենորոգումներ՝ ապահովելու համար հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից, որի կատարման երաշխավորներն էին դառնում Արևմտյան Հայաստանի զգալի մասը ռազմակալած ռուսական զորքերը։ Սակայն Սան-Ստեֆանոյի պայմանագիրը Բեռլինի վեհաժողովում վերանայվեց։ Նոր պայմանագրի 61-րդ հոդվածով օսմանյան Բարձր դուռը պարտավորվում էր իրականացնել բարեփոխումներ ու բարենորոգումներ հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից ապահովելու համար, իսկ դրանց կատարման հսկողությունը տրվում էր եվրոպական 6 մեծ տերություններին։ Բարենորոգումներ այդպես էլ չիրականացվեցին։ Եվրոպական տերությունները, հետապնդելով իրենց շահերը և առավել կամ պակաս զիջումներ կորզելով Օսմանյան կայսրությունից, մոռացության տվեցին իրենց վերահսկողության լիազորությունները, իսկ արևմտահայությունը հայտնվեց ծանր կացության մեջ։ Թուրքերի և քրդերի կողմից հնարավոր ջարդերի սարսափն առաջ բերեց հայերի զանգվածային արտագաղթ, որն արդեն սկսվել էր պատերազմական գործողությունների ժամանակ և հարվածում էր հայերի էթնիկ ներուժին։ Ցարիզմը, պատճառաբանելով հողասակավությունը Երևանի նահանգում, արտագաղթողների նշանակալից մասին բնակեցրեց Հյուսիսային Կովկասում՝ այդ նույն ժամանակ ռուս վերաբնակիչներ տեղավորելով Արևելյան Հայաստանում։

Խիստ անհանգստացած անգամ Բեռլինի վեհաժողովի պայմանագրի անատամ 61-րդ հոդվածից և դրան ուղեկցող գործընթացից, որոնք Բարձր դռան կարծիքով՝ կարող էին հանգեցնել Հայաստանի անկախության վերականգնմանը, թուրքական իշխանությունները որոշեցին իրականացնել հայերի ցեղասպանությունը՝ վերջինս բարձրացնելով պետական քաղաքականության աստիճանի։ Հայերը մեծ պատնեշ էին Օսմանյան կայսրության համար, որը որդեգրելով պանթուրքիզմի վարդապետությունը՝ ձգտում էր ստեղծել Մեծ Թուրան՝ նրա մեջ ներառելով թյուրքական բոլոր ժողովուրդներին։ Ըստ Բարձր դռան ծրագրերի՝ հայերը կա՛մ պետք է թուրքանային, կա՛մ ոչնչանային։ Օսմանյան արքունիքը Հայկական հարցի «լուծումը» տեսնում էր հայերի ոչնչացման մեջ. չկան հայեր, հետևաբար չկա և Հայկական հարց։

Խոստացված բարենորոգումների փոխարեն օսմանյնան իշխանությունները լոկ ուժեղացրին հայերի հալածանքներն ու ճնշումը, պաշտոնական գրագրության մեջ արգելեցին անգամ Հայաստան բառի օգտագործումը։ Զանգավածաբար բռնագրավվում էին հայերին պատկանող հողերը՝ ստիպելով հայերին արտագաղթել, իսկ նրանց հողերի վրա բնակեցնում էին քրդերի, չերքեզների և Բալկաններից գաղթած մահմեդականների։ Ուժգնացող հայ ազգային-ազատագրական շարժման առաջն առնելու համար սուլթան Համիդ Բ-ի կողմից ստեղծվեցին քրդական համիդիե զորամասերը։ Հայերի բողոքները թե՛ Բարձր դռանը և թե՛ եվրոպական տերություններին, որ օսմանյան արքունիքը չի կատարում ստանձնած բարենորոգումները, մնում էին անպատասխան կամ էլ նոր հալածանքների առիթ էին դառնում։

Հայ ժողովուրդը՝ ի դեմս իր գործիչների, հասկացավ, որ միայն զենքի միջոցով կարող է նվաճել մարդկային տարրական իրավունքները և ոչ թե խնդրագրերով կամ աղերսագրերով։ Ծնունդ առան ազատագրական առաջին խմբակներն ու կազմակերպությունները, իսկ XIX դարի 80-90-ական թթ. ձևավորվեցին հայ քաղաքական կուսակցությունները՝ Արմենական, Հնչակյան և Դաշնակցական կուսակցությունները, որով հայ ազատագրական շարժումը թևակոխեց նոր շրջան։

Հասկանալով, որ դեպքերի բնականոն զարգացումը հանգեցնելու է Հայաստանի անկախության վերականգնման, մեծ վեզիր Քյամիլ փաշան դեռևս 1878 թ. առաջարկում էր Ասիական Տաճկաստանում (իմա՛ Արևմտյան Հայաստան) վերացնել հայերին։ Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ թուրքական իշխանությունները լոկ հայության ոչնչացումն իրականացնելու պատեհ առիթի էին սպասում։ Իսկ մինչ այդ անցկացվեցին վարչական այնպիսի վերաձևումներ, որ նոր կազմավորված վիլայեթներում հայերը մեծամասնություն չկազմեն, իսկ Բալկաններից գաղթած մահմեդականներին, որոնց թիվը 1878-1908 թթ. կազմեց ավելի քան 850 հազար մարդ, նշանակալից մասով բնակեցրին Արևմտյան Հայաստանի տարածքում։ Արևմտյան Հայաստանի բնակչության ընդհանուր հաշվեկշռում հայերի գերակշիռ դերը վերացնելու նպատակով հատկապես մեծ թվով մահմեդականներ բերվեցին Արևմտյան Հայաստան 1912-1913 թթ. Բալկանյան պատերազմներից հետո։ Օսմանյան կայսրության հայությունը, որ բնականոն զարգացման պայմաններում XIX դարի 80-ական թթ. կազմելու էր առնվազն 3,5-3,6 մլն., թուրքական իշխանությունների վայրագ քաղաքականության ու դրա հետևանքով ահռելի չափեր ընդունած արտագաղթի պատճառով աստիճանաբար նվազում էր։ Իր հերթին վիճակագրական խեղաթյուրումների քաղաքականություն էր իրականացնում Բարձր դուռը, որը 1880 թ. հուլիսի 5-ին եվրոպական տերությունների դեսպաններին հայերի թիվը ներկայացնում էր ընդամենը 700 հազար։ Զրկվելով եվրոպական տիրույթներից՝ թուրքական իշխանություններն աշխատում էին հայերից մաքրված Արևմտյան Հայաստանը վերածել թուրքական հայրենիքի։

XIX դարի 90-ական թթ. կեսերից Բարձր դուռը գործնականում ձեռնամուխ եղավ արևմտահայության զանգվածային բնաջնջմանը։ 1894-1896 թթ. այն զինվորական ու քաղաքացիական իշխանությունների, քրդական համիդիե զորամասերի և մահմեդական խուժանի ձեռքով հայկական կոտորածներ իրականացրեց կայսրության տարածքի մեծ մասում։ Չնայած ինքնապաշտպանության առավել կամ պակաս հաջող փորձերին՝ ջարդերին ու կոտորածներին զոհ գնաց ավելի քան 300 հազար մարդ, բռնի մահմեդականացվեց 100 հազարը, առևանգվեցին տասնյակ հազարավոր աղջիկներ ու կանայք, կողոպտվեցին 3000-ից ավելի հայկական բնակավայրեր, և մոտ 300 հազար հայեր արտագաղթեցին Ռուսաստան և նրա մաս կազմող Արևելյան Հայաստան ու այլ երկրներ։

Ցեղասպանության պետական քաղաքականության աստիճանի բարձրացած լինելն ամբողջությամբ բացահայտվեց երիտթուրքերի կառավարման տարիներին։ Իշխանության գլուխ գալով 1908 թ.՝ երիտթուրքերն արդեն 1909 թ. կազմակերպեցին Ադանայի կոտորածները, որոնց զոհ գնացին 30 հազարի չափ կիլիկեհայեր։ Երիտթուրքերը, որ 1910-1911 թթ. իրենց գաղափարախոսությունը դարձրին պանթուրքիզմը, իրենց ամբողջ գործունեությամբ ապացուցեցին, որ սուլթան Համիդ Բ-ի հոգեհարազատ ժառանգներն են։ 1910 թ. հոկտեմբեր-նոյեմբերին Սալոնիկում կայացած համագումարի որոշումները ճակատագրական եղան ոչ թուրք ժողովուրդների համար։ Հատկապես մեծ կարևորություն տրվեց հայերի բնաջնջմանը, որով ոչ միայն Արևմտյան Հայաստանը կվերածվեր թուրքերով բնակեցված երկրի, այլև հայերի հարստությունները կանցնեին թուրքերին, և կվերացվեր Մեծ Թուրանի ստեղծման ճանապարհին ընկած ամենամեծ խոչընդոտը։ Օսմանյան իշխանությունները, կայացնելով նման որոշում, լոկ պատեհ ժամանակների էին սպասում՝ այն կենսագործելու համար։ Նման պատեհություն ընձեռեց Առաջին աշխահամարտը (1914-1918)։

Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ մտավ Թուրքական մեծ կայսրություն՝ Մեծ Թուրան ստեղծելու անիրականանալի ու սին պլաններով, կայսրություն, որի սահմանները ձգվելու էին Բալկաններից մինչև Չինաստան՝ ներառելով Օսմանյան կայսրության երբեմնի ընդարձակ տարածքները, Ռուսական կայսրության, Պարսկաստանի և Չինաստանի իշխանության ներքո գտնվող թյուրքական ժողովուրդներին։ «Հայերը միակ արգելքն են մեր (իմա՛ թուրքերի) քաղաքականության հաջողության, քաղաքականություն, որ պետք է բանա Հնդկաստան տանող ճանապարհը։ Անհրաժեշտ է ոչնչացնել հայերին և նրանց դիակների վրայով քայլելով՝ հասնել մեր նպատակին…»,- ասվում էր «Միություն և առաջադիմություն» կամ երիտթուրքերի կուսակցության Կենտկոմի՝ իր տեղական կազմակերպություններին առաքած շրջաբերականում։ Երիտթուրքերը պատերազմին իրենց մասնակցությունն արդարացնում էին ազգային գաղափարով, որի նպատակն էր մոսկովյան թշնամու, այսինքն՝ Ռուսական կայսրության ոչնչացումը, ինչը հնարավորություն կտար միավորելու թյուրքական ռասայի բոլոր ճյուղավորումները։ Երիտթուրքերի ջարդարարական պլանների մեջ էր մտնում ավելի ուշ քրդերի և արաբների վերացումը։

Արևմտահայերի զանգվածային կոտորածներն ու տարագրությունն իրականացվեց մի հանձնախմբի կողմից, որի անդամներն էին դոկտոր Նազըմը, դոկտոր Բեհաէդդին Շաքիրը և «Լուսավորության» նախարար Միդհատ Շյուքրին։ Այս մարմինը կամ երեքի կոմիտեն անկախ էր իր գործողությունների մեջ, ուներ իր պաշտոնեությունը և իրավասու էր բանտերից հավաքագրել քրեական հանցագործներին՝ նրանցից չեթեական հրոսակախմբեր կազմելու և ջարդերը կազմակերպելու համար։ Հանձնախմբի գործունեությունը վերահսկում էր ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան։

1915 թ. ապրիլի 15-ին արևմտահայության ոչնչացման մասին որոշում կայացվեց և որպես հրաման՝ Թալեաթի, Էնվերի և Նազըմի ստորագրությամբ ուղարկվեց տեղական իշխանություններին։ Համաձայն այդ գաղտնի հրամանի՝ «Միություն և առաջադիմություն» կուսակցության կոմիտեն, կանխելու համար որևէ մի տեղ և որևէ մի ձևով Հայկական հարցի բարձրացումը, օգտվելով համաշխարհային պատերազմի ընձեռած պատեհությունից, որոշել է վերջնականապես վերջ դնել այդ հարցին՝ բնաջնջելով այդ խորթ տարրը, այսինքն՝ հայերին՝ քշելով նրան Արաբիայի անապատները։ Ավելին, ովքեր կփորձեին պաշտպանել կամ թաքցնել հայերին, ճանաչվում էին հայրենիքի ու կրոնի թշնամի և ենթակա էին խիստ պատիժների։

Հարկ է նշել, որ հայերի ցեղասպանությունը սկսվեց արդեն մինչև 1915 թ. ապրիլի հրամանի իջեցումը տեղական կառավարման մարմիններին։ Հրեշավոր ծրագիրն անխափան իրականացնելու համար օսմանյան բանակ զորակոչվեց ժողովրդի մարտունակ մասը, որն անպայման հակահարված կտար թուրք մարդակերներին։ Ամեն տեսակի պաշտպանություն ու դիմադրություն բացառելու համար՝ երիտթուրքերը նախապատրաստեցին նրանց ոչնչացումը։

Օրենքով զորակոչի ենթակա էին 20-45 տարեկան առողջ տղամարդիկ, սակայն զորահավաքի ենթարկվեցին փաստորեն զենք կրելու ընդունակ բոլոր տղամարդիկ։ Թուրքական իշխանությունները, իբրև թե զինվորական ծառայությունից ազատելու համար՝ որպես զինվորական հարկ, զինակոչիկներից խաբեությամբ շորթում էին միջին հաշվով 50 թուրքական ոսկի, ապա բռնությամբ բոլորին զորակոչում էին, իսկ խուսափողներին՝ գնդակահարում։ Դիմադրությունն ընդհանրապես կանխելու նպատակով՝ զորահավաքն ուղեկցվում էր հայերի և մյուս քրիստոնյաների զենքի բռնագրավմամբ։ Բանն այնտեղ հասավ, որ հալածանքներից խուսափելու համար հայերը մահմեդականներից բարձր գներով զենք էին գնում, որ հանձնեն թուրքական իշխանություններին։ Հայ զինվորականությունը մեծ մասամբ ուղարկվեց Միջագետքի ու սիրիական ճակատներ, որտեղ նրանց աշխատեցնում էին ճանապարհների կառուցման վրա կամ տեղավորում պաշտոնական ջոկատներում։ Սարիղամիշի գործողությունում սոսկալի պարտություն կրելուց հետո երիտթուրքերը կազմակերպեցին հայ զինվորականության ոչնչացումը։ Մինչև 1915 թ. գարուն նրանք զինաթափվեցին և խիստ գաղտնիության պայմաններում ոչնչացվեցին խումբ առ խումբ։

Խորապես գիտակցելով մտավորականության դերը հայերի հնարավոր դիմադրությունը կազմակերպելու գործում՝ երիտթուրքերի հրեշավոր ծրագրի գործադրման երկրորդ գործողությունը եղավ հայ մտավորականների համատարած ձերբակալությունն ու աքսորը և ոչնչացումը։ 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 անվանի գործիչներ ու մտավորականներ։ Ապրիլի 29-ին ձերբակալվածների թիվը հասավ 800-ի, որոնք քշվեցին Անատոլիայի խորքերը և անլուր տանջանքներից հետո գազանաբար ոչնչացվեցին Այաշում, Չանղըրիում և մի շարք այլ վայրերում։ Զոհվածների մեջ էին տաղանդավոր գրող-հրապարակախոս Ռուբեն Զարդարյանը, գիտնական դոկտոր Նազարեթ Տաղավարյանը, կուսակցական գործիչներ Է. Ակնունին, Գ. Խաժակը, Հ. Ճանկուլյանը, մեծ քնարերգու Սիամանթոն, վիպասան և հրապարակախոս Սմբատ Բյուրատը, տաղանդավոր գրող Գրիգոր Զոհրապը, դերասան Ենովք Շահենը, տաղանդավոր բանաստեղծներ Դանիել Վարուժանը և Ռուբեն Սևակը, գրող Երուխանը և շատ ուրիշներ։ Այդ հրեշավոր իրադարձությունների ականատես և հրաշքով փրկված մեծանուն Կոմիտասը խենթացավ և իր մահկանացուն կնքեց Փարիզի հոգեբուժարանում։

Համարելով ժողովրդի դիմադրության ոգին կոտրված, քանի որ ոչնչացված էր ժողովրդի ռազմունակ մասը, և գլխատված՝ նրա կազմակերպիչ սերուցքը, երիտթուրքերը ձեռնամուխ եղան անպաշտպան ժողովրդի՝ կանանց, երեխաների ու ծերունիների զանգվածային ջարդերին ու տարագրությանը, որոնք իրականացվեցին անօրինակ դաժանությամբ և անմարդկայնությամբ։ Տեղի ունեցավ մարդկության պատմության մեջ առաջին ցեղասպանությունը, որին զոհ գնաց 1,5 մլն. մարդ։ Հայաջինջ քաղաքականությունն իրագործվեց ոչ միայն Արևմտյան Հայաստանում, այլև կայսրության ամբողջ տարածքում՝ բացառությամբ միառժամանակ Կոստանդնուպոլսի և Զմյուռնիայի հայերի, որոնց ոչնչացումն օտարազգիների ներկայությամբ հղի էր միջազգային բարդություններով։ Հայերը ոչնչացվեցին թե՛ իրենց բնակավայրերում, թե՛ տարագրության ճանապարհին և թե՛ համակենտրոնացման ճամբարներում ու աքսորավայրերում։ 200-250 հազար հայ կանայք ու երեխաներ բռնի մահմեդականացվեցին, որոնց մեծ մասին հնարավոր եղավ փրկել Առաջին աշխարհամարտի ավարտից հետո։ Տարագրվածները հիմնականում քշվեցին Միջագետքի անապատները՝ դեպի Մեսքենե, Ռակկա, Ռաս-ուլ-Այն, Դեյր-էզ-Զոր և այլ վայրեր։ Միջագետքի համակենտրոնացման ճամբարներում աքսորյալների թիվը 1916 թ. փետրվարի դրությամբ 600 հազար էր։ Սակայն բռնագաղթյալները նույն թվականի գարնանը ենթարկվեցին նոր աներևակայելի ջարդերի, որոնց զոհ գնաց նրանց կեսից ավելին։ Ժամանակին երիտթուրքերի պարագլուխների և արդի թուրք պատմաբանների այն պնդումները, թե տեղահանությունները թելադրված էին պատերազմական իրավիճակով, ոչ մի հիմնավորում ու արդարացում չունեն, քանի որ բնաջնջման քաղաքականությունը շարունակվում էր նաև աքսորավայրերում։ Նպատակը հայության ոչնչացումն էր, որովհետև երիտթուրքերը խիստ անհանգստացած էին հաշտության բանակցություններում Հայկական հարցի բարձրացումից։

Արևմտահայության մի նշանակալից հատվածը՝ ավելի քան 250 հազար մարդ, Վասպուրականից և Արևմտյան Հայաստանի արևելյան այլ շրջաններից կարողացավ փրկվել կոտորածներից և անցնել Արևելյան Հայաստան ու Կովկաս։ Արևմտահայերի մի նշանակալից հատվածը մշտական տեղաշարժերի ու գաղթի պատճառով զոհ գնաց տարափոխիկ հիվանդություններին, քաղցին ու ցրտին։ Արևելյան Հայաստանում հաստատված արևմտահայությունը գործոն մասնակցություն ունեցավ Հայաստանի հանրապետության ստեղծման ու կայացման գործում։

Հայոց Մեծ եղեռնը հայոց պատմության ամենաողբերգական էջն է, սակայն այն նաև մարդկության նորագույն պատմության ամենամռայլ էջերից է։ Հակառակ թուրք ջարդարարների սպասելիքների, գրեթե ձեռնատված ու գլխատված հայ ժողովուրդն այնուամենայնիվ կարողացավ դիմակայել թուրք ջարդարարներին և կազմակերպել դիմադրություն։ Վանի, Մուսա լեռան, Ուռհայի, Շաբին-Կարահիսարի և այլ վայրերի հայության հերոսական ինքնապաշտպանության շնորհիվ տասնյակ հազարավոր հայեր փրկվեցին կոտորածներից։ Հերոսամարտիկները գերադասում էին արժանապատիվ մահը՝ մերժելով բռնագաղթն ու աքսոր։

Այսօր, երբ թուրքական պատմագիտությունն ամեն կերպ փորձում է «հիմնավորել», թե հայերն անգամ իրենց հայրենիքում փոքրամասնություն են կազմել, ավելորդ չի լինի անդրադառնալ Արևմտյան Հայաստանի էթնիկական պատկերին։ Կոստանդնուպոլսի պատրիարքարանի 1912 թ. կազմած տեղեկագրի համաձայն՝ հայերի թիվը հայկական վեց վիլայեթներում և Օսմանյան կայսրությունում ուներ հետևյալ պատկերը.

Հայկական վիլայեթներում
 

Կարինում (Էրզրումում) ——————————————— 215000

Վանում ——————————————————————— 197000

Բիթլիսում ————————————————————— 198000

Դիարբեքիրում ———————————————————124000

Մամուրեթ-ուլ-Ազիզում

(Խարբերդում) ———————————————————204000

Սեբաստիայում (Սըվազում) ————————————225000

Ընդամենը՝ ————————————————————1163000

Օսմանյան կայսրությունում

Հայկական վեց վիլայեթներում —————————————— 1163000

Ադանայի վիլեյեթում ——————————————————— 118000

Մարաշի սանջակում ——————————————————— 69000

Տրապիզոնի վիլայեթում ————————————————— 65000

Կոստանդնուպոլսում —————————————————— 150000

Մյուս մասերում ————————————————————— 461700

Ընդամենը՝ ——————————————————————— 2026700

Սակայն ժողովրդագրական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Կոստանդնուպոլսի պատրիարքարանի հապճեպ իրականացրած մարդահամարը լիովին չի արտահայտում հայության իրական թվաքանակը։ Ժողովրդագրագետ Գ. Բադալյանի համակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ հայերը հայկական վեց վիլայեթներում և Ա. Մանդելշտամի նախագծով նախատեսված հայկական նահանգի տարածքում կազմում էին.

Ըստ ճշգրտված տվյալների

Հայկական վիլայեթներում

Կարինում (Էրզրումում) ——————————————— 249800

Վանում ——————————————————————— 219000

Բիթլիսում ————————————————————— 271000

Դիարբեքիրում ——————————————————— 140000

Մամուրեթ-ուլ-Ազիզում

(Խարբերդում) ——————————————————— 234000

Սըվազում (Սեբաստիայում) ———————————— 242000

Ընդամենը՝ ———————————————————— 1355800

Ստեղծվելիք Հայկական նահանգի տարածքում

ըստ պատրիարքարանի՝

215000

185000

180000

105000

168000

165000

1018000

ըստ ճշգրտված տվյալների՝

249800

207000

253000

121000

198000

182000

1210800

Հայերի թիվը Օսմանյան կայսրությունում (ըստ ճշտված տվյալների)

Հայկական վեց վիլայեթներում —————————————— 1355000

Ադանայի վիլայեթում ——————————————————— 124350

Մարաշի սանջակում ——————————————————— 86800

Տրապիզոնի վիլայեթում ————————————————— 88000

Կոստանդնուպոլսում —————————————————— 161000

Այլ մասերում —————————————————————— 535600

Ընդամենը՝ ——————————————————————— 2350750

Ըստ մոտավոր ճշտված տվյալների՝ Ա. Մանդելշտամի նախագծով ստեղծվելիք Հայկական նահանգի էթնիկական կազմն ուներ հետևյալ պատկերը.

Հայեր ——————————————————————— 1210800 (43,215%)

Հույներ —————————————————————— 42000 (1,499%)

Նեստորականներ ————————————————— 123000 (4,39%)

Եզիդիներ ————————————————————— 37000 (1,321%)

Թուրքեր ————————————————————— 660000 (23,556%)

Քրդեր —————————————————————— 424000 (15,133%)

Ղզլբաշներ ———————————————————— 140000 (4,997%)

Զազաներ ———————————————————— 77000 (2,748%)

Այլ մահմեդականներ —————————————— 88000 (3,141%)

Ընդամենը՝  ——————————————————— 2 801 800, որից

Քրիստոնյաները և եզիդիները —————————— 1412800 (50,425%)

Մահմեդականները ——————————————— 1172000 (41,830%)

Ղզլբաշներ և զազաներ ————————————— 217000 (7,745%)

Հայոց Մեծ եղեռնը վերապրել են 865 700 արևմտահայեր, որոնցից 262 500-ը, կոտորածներից փրկվելով, անցել են Արևելյան Հայաստան, Անդրկովկաս և Հյուսիսային Կովկաս։ Հայոց Մեծ եղեռնին զոհ են գնացել 1 421 250 արևմտահայեր, 63 800 կանայք ու որբեր բռնի մահմեդականացվել են։

Ծնթ. հետագա ուսումնասիրությունների արդյունքում հայ բնակչության թիվը կարող է մեծացման միտում ունենալ։

2005 թ. լրացավ Հայոց Մեծ եղեռնի 90-ամյակը։ Թուրքիայի ներկա իշխանություններն ամեն գնով աշխատում են մերժել ցեղասպանությունը՝ համարելով այն պատմաբանների քննության առարկա և անգամ մեղադրելով հայերին՝ թուրքերի ցեղասպանություն իրագործելու մեջ։ Սակայն ցեղասպանությունը վաղեմություն չունի։ Հայոց ցեղասպանությունը, որ ժամանակին դատապարտել են այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են Ա. Ֆրանսը, Ռ. Ռոլանը, Ֆ. Նանսենը, Ջ. Բրայսը, Յ. Լեպսիուսը, Վ. Վիլսոնը, Դ. Լլոյդ-Ջորջը, Ջ. Քերզոնը և շատ ուրիշներ, այսօր ճանաչել են աշխարհի մեկ ու կես տասնյակ երկրներ, և վաղ թե ուշ ստիպված կլինի ճանաչել նաև Թուրքիան և հատուցել հայերի կրած նյութական կորուստներն ու վերադարձնել բռնազավթված հայրենիքը։

Ապրիլ, 2005 թ.

 

—————————————————————————————————————————————————————————
Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Խոսրով III Կոտակի գահակալությունը

Էդուարդ ԴԱՆԻԵԼՅԱՆՊատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր  ...