Հուղիտան աստվածասեր ու բարեպաշտ մի կին էր: Նա ուներ երեք տարեկան մի մանուկ, որի անունը Կիրակոս էր: Երբ սկսում են հալածանքները քրիստոնյաների դեմ, նա փախչում է Տարսոն: Սակայն այստեղ էլ չի կարողանում հանգիստ մնալ, քանզի հալածանքները հասնում են նաև Տարսոն: Սրբին ձերբակալում են և չարչարանքների ենթարկում: Մանուկ Կիրակոսն արտասվում էր՝ տեսնելով մոր չարչարանքները, բայց հակառակ դատավորի ցույց տված գուրգուրանքների ու փաղաքշանքների, զորանալով ի Քրիստոս ունեցած իր հավատով, կրկնում էր իր մոր խոսքերը. «Ես քրիստոնյա եմ և Տեր Հիսուսին եմ պաշտում»: Մանուկն ամեն կերպ աշխատում էր ազատվել դատավորի ձեռքից և մոր մոտ գնալ: Նա ուժգին հարվածում է դատավորի ձեռքին, իսկ վերջինս զայրույթից մանկանը նետում է սանդուղքներից: Կիրակոսը, գլուխը խփելով քարին, վնասում է իրեն ու հոգին ավանդում՝ խառնվելով Բեթղեհեմի անմեղ մանուկների խմբին: Իսկ նրա մայր Հուղիտան փառք է տալիս Աստծուն, որ իր որդին նահատակության պսակին արժանացավ՝ չդավաճանելով Հիսուս Փրկչին: Մորը նույնպես ենթարկում են անասելի տանջանքների ու գլխատում:
Այս դեպքը տեղի է ունեցել 305 թ.: Հայ Եկեղեցին սուրբ Կիրակոսին պատվել է հատուկ շարականով:
0 կարծիք