Այսօր առաջարկում ենք ընթերցել.
Սուրբ Կիրակոսը և նրա մայր Հուղիտան։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Առակներ, 14. 1-6
Իմաստուն կանայք շինում են իրենց տները, իսկ անզգամ կանայք կործանում են դրանք իրենց ձեռքով։ Ուղիղ ընթացողը երկիւղ է կրում Տիրոջից, բայց ով ծռմռում է իր ճանապարհը՝ պիտի անարգուի։ Յիմարների բերանները թշնամանքի գաւազաններ են, բայց իմաստունների լեզուները պահպանում են դրանցից։ Ուր որ եզներ չկան, մաքուր են մսուրները, բայց ուր որ շատ արդիւնք կայ, այնտեղ երեւում է եզան զօրութիւնը։ Հաւատարիմ վկան չի ստում, բայց անիրաւ վկան ստերի կրակ է թափում։ Չարերի մօտ եթէ իմաստութիւն փնտռես, չես գտնի, բայց հեշտութեամբ իմաստութիւն կգտնես իմաստունների մօտ։
Զաքարիա մարգարե, 8. 4-5
Այսպէս է ասում Ամենակալ Տէրը.«Դարձեալ ծերունիներ եւ պառաւներ պիտի նստեն Երուսաղէմի հրապարակներում,ապրած օրերի շատութիւնից՝ամէն մէկը ցուպն իր ձեռքին։ Քաղաքի հրապարակները պիտի լցուեն տղաներով ու աղջիկներով,որոնք պիտի խաղան նրա հրապարակներում»։
Եսայի մարգարե, 60. 8-9
Ովքե՞ր են սրանք, որ թռել են ինչպէս ամպ եւ ինչպէս ձագերի հետ խառնուած աղաւնիներ՝ երամով գալիս են ինձ մօտ։ Ինձ են սպասում կղզիները եւ Թարսիսի նաւերը, որպէսզի նախօրօք հեռուներից բերեն քո որդիներին եւ նրանց հետ՝ արծաթն ու ոսկին, Տիրոջ սուրբ անուան համար, Իսրայէլի փառաւորեալ սրբի համար։
Պողոս Առաքյալի նամակը եբրայեցիներին, 2. 14-18
Արդ, որովհետեւ զաւակները հա ղորդակից եղան արեան եւ մարմնին, ինքն էլ մարդկային բնութեամբ մասնակից եղաւ նրանց, որպէսզի իր մահով կործանի նրան, որ մահուան իշխանութիւն ունէր, այսինքն՝ Սատանային, եւ ազատի նրանց, որ, մահուան երկիւղով, միշտ գերութեան վիճակում էին: Ահա թէ ինչու նա օգնելու համար երբեք հրեշտակներին ձեռք չերկարեց, այլ՝ Աբրահամի սերնդին: Ուստի, պէտք էր, որ նա ամէն ինչով եղբայրներին նմանուէր, որպէսզի ողորմած լինէր եւ հաւատարիմ քահանայապետ Աստծու առաջ իր ծառայութեան մէջ՝ քաւելու համար ժողովրդի մեղքերը. որովհետեւ, ինչպէս որ ինքն իսկ չարչարուեց՝ փորձութեան մատնուելով, այնպէս էլ կարո՛ղ է օգնել փորձութեան ենթարկուածներին:
Ավետարան ըստ Ղուկասի, 9. 44-48
Եւ ամէնքը զարմանում էին Աստծու մեծագործութիւնների վրայ։ Եւ մինչդեռ բոլորը զարմանում էին այն ամենի վրայ, որ նա կատարում էր, նա իր աշակերտներին ասաց. «Ձեր ականջների մէջ պահեցէ՛ք դուք այս խօսքերը. որ մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը»։ Սակայն նրանք չէին ըմբռնում այս խօսքը, եւ դա ծածկուած էր նրանցից, որ չիմանան. եւ վախենում էին այդ խօսքի մասին հարց տալ նրան։ Աշակերտների մէջ մի վէճ առաջ եկաւ, թէ արդեօք իրենցից ո՛վ է մեծ։ Երբ Յիսուս իմացաւ նրանց սրտի խորհուրդները, վերցրեց մի մանուկ, կանգնեցրեց նրանց մէջ իր մօտ եւ ասաց նրանց. «Ով որ այս մանկանը ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով որ ինձ ընդունի, ընդունում է ինձ ուղարկողին. որովհետեւ, ով որ ձեր մէջ փոքրագոյնն է, նա՛ է մեծ»։
ՏՈՆԱՑՈՒՅՑ
Սրբոցն Կիրակոսի եւ մօրն Յուղիտայի:
Ահ. Մարտիրոսաց` ի ձայնէն, մանակունք` բկ. Յարմատոց բարեաց, հմբ. Վարդագոյն, ճաշու ժամամուտ` Ի տաճարի սրբոց:
0 կարծիք