Զատկի Բ. օր։ Հանգուցյալների հիշատակի օր։

Բաժին՝ Օրեր

Սուրբ Հարության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է, այսինքն՝ այդ օրը սրբազան Պատարագից հետո կատարվում է հոգեհանգստյան արարողություն, ապա մարդիկ այցելում են իրենց հարազատների շիրիմներին՝ աղոթելու նրանց հոգիների հանգստության համար։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Ավետարան ըստ Ղուկասի, 24 . 1-12

Բայց կիրակի օրը, առաւօտեան շատ վաղ, կանայք գերեզման եկան՝ բերելով իրենց պատրաստած խնկերը. նրանց հետ եւ ուրիշ կանայք: Եւ քարը գերեզմանից գլորած գտան ու ներս մտնելով՝ Տէր Յիսուսի մարմինը չգտան: Եւ մինչ նրանք զարմացած էին այդ բանի վրայ, ահա լուսաւոր զգեստներով երկու մարդիկ հասան նրանց մօտ: Եւ երբ կանայք զարհուրեցին ու իրենց երեսը գետին խոնարհեցրին, մարդիկ ասացին. «Ինչո՞ւ ողջին մեռելների մէջ էք փնտռում: Այստեղ չէ, այլ՝ յարեաւ: Յիշեցէ՛ք՝ ինչպէս խօսեց նա ձեզ հետ, երբ Գալիլիայում էր. ասում էր, թէ պէտք է, որ մարդու Որդին մեղաւոր մարդկանց ձեռքը մատնուի, խաչուի եւ երրորդ օրը յարութիւն առնի»: Եւ նրանք յիշեցին նրա խօսքերը: Եւ վերադարձան ու պատմեցին այս ամէնը Տասնմէկին եւ բոլոր միւսներին: Եւ Մարիամ Մագդաղենացին, Յովհաննան, Յակոբի մայր Մարիամը եւ նրանց հետ ուրիշ կանայք էին, որ այս բաները պատմեցին առաքեալներին: Բայց նրանց խօսքերը բարբաջանք թուացին աշակերտներին, եւ չէին հաւատում նրանց: Սակայն Պետրոսը վեր կացաւ եւ վազեց դէպի գերեզման, նայեց ու տեսաւ, որ կտաւները միայն կային: Եւ գնաց՝ մտքում զարմացած, թէ ինչ էր եղել:

Առաքյալների գործերը, 2. 22-41

Ո՛վ իսրայէլացիներ, լսեցէ՛ք այս խօսքերը. Յիսուս Նազովրեցուն՝ այն մարդուն, որին Աստուած ձեզ ներկայացրեց զօրութեամբ, նշաններով ու զարմանալի գործերով, որ Աստուած նրա միջոցով արեց ձեր մէջ, ինչպէս դուք իսկ գիտէք այդ, Աստծու սահմանած խորհրդով եւ կանխագիտութեամբ անօրէնների ձեռքը մատնելով՝ խաչափայտի վրայ գամեցիք եւ սպանեցիք. նրան Աստուած յարութիւն տուեց՝ քանդելով մահուան կապանքները, քանի որ կարելի չէր, որ մահը իշխէր նրան: Ինքը Դաւիթը Յիսուսի մասին ասում է. «Նախապէս Տիրոջը ամէն ժամ տեսնում էի իմ առաջ, որովհետեւ նա իմ աջում է, որպէսզի չսասանուեմ. դրա համար իմ սիրտը ուրախ եղաւ, եւ իմ լեզուն ցնծաց, եւ իմ մարմինն էլ պիտի ապրի յոյսով, որովհետեւ իմ անձը գերեզմանում չես թողնելու եւ ոչ էլ թոյլ ես տալու, որ քո սրբի մարմինը ապականուի. ինձ ցոյց տուիր կեանքի ճանապարհները, քաղցրօրէն լցրեցիր ինձ քո ներկայութեան ուրախութեամբ»: Ո՛վ եղբայրներ, պէտք է վստահութեամբ ասել Դաւիթ նահապետի մասին, որ ե՛ւ մեռաւ, ե՛ւ թաղուեց, ու նրա գերեզմանը կայ մեր մէջ մինչեւ այսօր. բայց որովհետեւ նա մարգարէ էր եւ գիտէր, որ Աստուած նրան երդուելով խոստացաւ նրա որովայնի պտղից մէկին նստեցնել իր գահի վրայ, ուստի կանխօրօք գիտենալով՝ խօսեց Քրիստոսի յարութեան մասին, թէ՝ «Նրա անձը գերեզմանում չթողնուեց, եւ ոչ էլ նրա մարմինը ապականութիւն տեսաւ»: Այս Յիսուսին է, որ Աստուած յարութիւն տուեց, որին մենք ամէնքս վկայ ենք. Աստծու աջ ձեռքով բարձրանալով, Սուրբ Հոգու խոստումը ընդունելով Հօրից՝ սփռեց այս, որ դուք այժմ տեսնում էք ու լսում. որովհետեւ Դաւիթը, որ երկինք չէր ելել, ինքն իսկ ասում է. «Տէրն ասաց իմ Տիրոջը՝ նստի՛ր իմ աջ կողմը, մինչեւ որ քո թշնամիներին ոտքերիդ տակ իբրեւ պատուանդան դնեմ: Արդ, Իսրայէլի ամբողջ տունը վստահօրէն թող իմանայ, որ Աստուած նրան ե՛ւ Տէր, ե՛ւ Օծեալ արեց, այն Յիսուսին, որին դուք խաչեցիք»: Այս լսելով՝ ներկաները զղջացին իրենց սրտերում եւ ասացին Պետրոսին եւ միւս առաքեալներին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր»: Պետրոսը նրանց ասաց. «Ապաշխարեցէ՛ք, եւ ձեզանից իւրաքանչիւրը թող մկրտուի Տէր Յիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողութեան համար, եւ պիտի ընդունէք Սուրբ Հոգու պարգեւը. որովհետեւ խոստումը ձեզ համար է, ձեր որդիների եւ բոլոր հեռաւորների համար, որոնց կը կանչի մեր Տէր Աստուածը»: Եւ Պետրոսը ուրիշ շատ խօսքերով վկայութիւն էր բերում, մխիթարում նրանց ու ասում. «Ազատեցէ՛ք ձեր անձերը այս խոտորեալ սերնդից»: Ոմանք յօժարութեամբ ընդունելով նրա խօսքը՝ մկրտուեցին. եւ այն օրը նրանք մօտ երեք հազար հոգով աւելացան:

Ավետարան ըստ Մարկոսի, 16 . 2-8

Եւ կիրակի օրը, առաւօտեան, արեւածագին եկան գերեզման։ Եւ ասում էին միմեանց. «Քարը գերեզմանի դռնից մեզ համար ո՞վ պիտի գլորի»։ Եւ նայեցին ու տեսան, որ գերեզմանից քարը գլորուած էր. եւ այն շատ մեծ էր։ Եւ ներս, գերեզման մտնելով՝ տեսան մի երիտասարդի, որ նստած էր աջ կողմը՝ սպիտակ պատմուճան հագած. եւ զարհուրեցին։ Եւ նա ասաց նրանց. «Մի՛ վախեցէք, դուք Յիսուսին էք փնտռում՝ խաչուած Նազովրեցուն. նա յարութիւն առաւ, այստեղ չէ։ Ահաւասիկ այն տեղը, ուր նրան դրել էին։ Բայց գնացէք ասացէ՛ք նրա աշակերտներին եւ Պետրոսին, թէ՝ ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլիա. այնտե՛ղ կը տեսնէք նրան, ինչպէս ձեզ ասել էր»։ Եւ երբ այս լսեցին, ելան ու փախան գերեզմանից, քանի որ սարսափահար էին եղել. եւ ոչ ոքի բան չասացին, որովհետեւ վախենում էին։

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Բ. օր Ս. Զատկի։

Օրհ. ակ. Առաքեցար ի Հօրէ։ Հրց. Հնգ. աձ. Օրհնեալ ես դու Քրիստոս, իւր սարօքն եւ այլն ամենայն Յարութեան է։ Քրզ. Ասասցուք։ Սղմ. ԿԴ. Քեզ վայելէ։ Աւտրն., Քրզ. Խնդր., Կեցո, Աղթ. Քում ամենազօր եւ հրաշալի յարութեանդ: (Յայս յինանցս՝ յառաւօտուն եւ յերեկոյին կեցո ասա, բայց զԱրարչութեան երգ մի՛ ասեր, այլ զՆորաստեղծեալն ասա ի Կիւրակէին)։

Յերեկոյին՝ Սաղմոսք, Գիրք եւ Աւետարանք Յարութեան են։ Հմբ. ակ. Առաքեցար ի Հօրէ։

Զկնի սրբոյ պատարագի կատարի Հոգեհանգիստ վասն համօրէն ննջեցելոց։

ՅԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: