ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Ավետարան ըստ Ղուկասի, 19. 29-48
Եւ երբ մօտեցաւ Բեթփագէին եւ Բեթանիային, այն լերան մօտ, որ կոչւում է Ձիթենեաց, ուղարկեց իր աշակերտներից երկուսին եւ ասաց. «Գնացէ՛ք այն գիւղը, որ մեր դիմացն է. երբ այնտեղ մտնէք, կը գտնէք կապուած մի աւանակ, որի վրայ ոչ մի մարդ երբեք չի նստել. արձակեցէ՛ք այն եւ բերէ՛ք: 31 Եւ եթէ մէկը ձեզ հարցնի, թէ ինչու էք արձակում, նրան այսպէս ասացէք. «Իր տիրոջը պէտք է»»: Երբ գնացին նրանք, որ ուղարկուել էին, գտան այնպէս, ինչպէս ասել էր նրանց. աւանակը կար: Եւ մինչ աւանակն արձակում էին, նրա տէրերը ասացին նրանց. «Աւանակն ինչո՞ւ էք արձակում»: Եւ աշակերտները ասացին. «Իր տիրոջը պէտք է»: Եւ այն բերին Յիսուսի մօտ. զգեստներ գցեցին նրա վրայ եւ Յիսուսին նստեցրին: Եւ մինչ նա առաջանում էր, մարդիկ իրենց զգեստները փռում էին ճանապարհի վրայ: Եւ երբ նա մօտեցաւ Ձիթենեաց լերան զառիվայրին, աշակերտների ամբողջ բազմութիւնը ուրախութեամբ եւ բարձրաձայն սկսեց օրհնել Աստծուն՝ կատարուած բոլոր զօրութիւնների համար, որ տեսան: Եւ ասում էին. «Օրհնեա՜լ է այդ թագաւորը, որ գալիս է Տիրոջ անունով. խաղաղութի՜ւն երկնքում եւ փա՜ռք բարձունքներում»: Իսկ փարիսեցիներից ոմանք ամբոխի միջից ասացին նրան. «Վարդապե՛տ, սաստի՛ր քո աշակերտներին»: Նա պատասխանեց եւ ասաց. «Ասում եմ ձեզ, որ եթէ դրանք լռեն էլ, այդ քարերը կ՚աղաղակեն»: Եւ երբ մօտեցաւ, տեսնելով քաղաքը՝ լաց եղաւ նրա վրայ եւ ասաց. «Գոնէ այս օրերին գիտենայի՜ր դու քո խաղաղութիւնը. բայց այժմ ծածկուեց քո տեսողութիւնից. որովհետեւ օրեր պիտի գան վրադ, երբ թշնամիներդ քո շուրջը պատնէշ պիտի կանգնեն եւ պիտի պաշարեն քեզ, պիտի նեղեն քեզ բոլոր կողմերից ու հիմնայատակ պիտի անեն քեզ եւ սպանեն քո մէջ քո որդիներին. եւ քարը քարի վրայ բնաւ չպիտի թողնեն, քանի որ քո այցելութեան ժամանակը չճանաչեցիր»: Եւ տաճար մտնելով՝ սկսեց դուրս հանել աղաւնեվաճառներին ու գնողներին եւ լումայափոխների սեղանները ցրեց ու ասաց նրանց. «Գրուած է՝ «Իմ տունը պէտք է աղօթքի տուն լինի», իսկ դուք աւազակների որջերի էք վերածել այդ»: Եւ նա ամէն օր նրանց ուսուցանում էր տաճարում, իսկ քահանայապետները, օրէնսգէտները եւ ժողովրդի գլխաւորները հնար էին փնտռում նրան կորստեան մատնելու, բայց չէին գտնում, թէ ինչ անեն, որովհետեւ ամբողջ ժողովուրդը, նրանով տարուած, լսում էր նրան:
Առաքյալների գործերը, 23. 12-35
Եւ երբ առաւօտ եղաւ, որոշ թուով հրեաներ ժողով անելով՝ նզովեցին իրենք իրենց, որ, մինչեւ Պօղոսին չսպանեն, ո՛չ ուտեն եւ ո՛չ էլ խմեն: Եւ քառասունից աւելի էին նրանք, որոնք իրար հետ այս երդումն էին արել: Սրանք մօտեցան քահանայապետներին եւ երէցներին ու ասացին. «Նզովելով նզովեցինք մեզ, որ բան չճաշակենք, մինչեւ Պօղոսին չսպանենք. բայց դուք հազարապետին, ատեանի հետ միասին, իմա՛ց տուէք, որ նա ձեզ մօտ իջեցնի նրան, որպէս թէ նրա մասին ուզում էք աւելի ճշգրիտ բաներ իմանալ. իսկ մենք, նախքան նրա մօտենալը, պատրաստ ենք նրան սպանելու»: Եւ Պօղոսի քրոջ որդին, լսելով այս դաւադրութիւնը, եկաւ զօրանոց ու Պօղոսին պատմեց: Եւ Պօղոսը, իր մօտ կանչելով հարիւրապետներից մէկին, ասաց. «Այս պատանուն հազարապետի մօտ տա՛ր, որովհետեւ նրան հաղորդելու բան ունի»: Եւ նա նրան առաւ եւ տարաւ հազարապետի մօտ ու ասաց. «Կալանաւորուած Պօղոսն ինձ կանչեց եւ խնդրեց այս պատանուն քեզ մօտ բերել. քեզ ասելու բան ունի»: Հազարապետը նրա ձեռքից բռնելով՝ մի կողմ գնաց եւ հարցրեց. «Ինձ հաղորդելու ի՞նչ ունես»: Նա ասաց. «Հրեաները միաբանուեցին խնդրելու քեզ, որ վաղը Պօղոսին ատեան իջեցնես, իբր թէ ուզում են նրա վերաբերեալ աւելի ճշգրիտ հարցաքննութիւն անել: Արդ, դու նրանց չլսես, քանի որ նրանցից աւելի քան քառասուն մարդ դարան են մտել եւ նզովել են իրենք իրենց, որ ո՛չ ուտեն եւ ո՛չ էլ խմեն, մինչեւ որ նրան չսպանեն: Այժմ պատրաստ են եւ քո հրամանին են սպասում»: Ապա հազարապետը արձակեց պատանուն՝ նրան պատուիրելով. «Ոչ ոքի մի՛ ասա, թէ այս բաներն ինձ տեղեկացրիր»: Եւ հարիւրապետներից երկուսին կանչեց ու ասաց. «Պատրաստեցէ՛ք երկու հարիւր զինուորներ, գիշերուայ ժամը երեքից, որպէսզի գնան մինչեւ Կեսարիա. նաեւ՝ եօթանասուն հեծեալներ եւ երկու հարիւր նիզակաւորներ, ինչպէս եւ պատրաստի գրաստներ, որ Պօղոսին իջեցնեն եւ ապահով հասցնեն Ֆելիքս կուսակալի մօտ»: Եւ գրեց մի նամակ, որի բովանդակութիւնը հետեւեալն է. «Կլօդիոս Լիւսիաս՝ գերազանց Ֆելիքս կուսակալին ողջո՜յն. այս մարդուն հրեաները բռնել էին, եւ նրանց կողմից սպանուելու մօտ էր նա. իմանալով, որ հռոմէացի է, ես զինուորներով վրայ հասայ եւ նրան ազատեցի: Կամենալով գիտենալ այն յանցանքը, որի համար նրան ամբաստանում էին, նրան իջեցրի նրանց ատեանը: Գտայ, որ նա իրենց օրէնքին վերաբերող մի խնդրի համար էր ամբաստանուած ու մահուան կամ կալանքի արժանի որեւէ յանցանք չունէր: Երբ այս մարդու հանդէպ նրանց կողմից նիւթուած դաւն ինձ տեղեկացուեց, նրան ուղարկեցի քեզ մօտ եւ հրամայեցի, որ ամբաստանողներն էլ խօսեն նրա մասին քո առաջ. ո՛ղջ եղիր»: Եւ հետեւակ զինուորները, հրամանի համաձայն, Պօղոսին առնելով՝ գիշերով տարան Անտիպատրիս: Եւ յաջորդ օրը, թողնելով հեծեալներին, որ նրա հետ գնան, զօրանոց վերադարձան: Նրանք մտան Կեսարիա եւ նամակը կուսակալին տալով՝ Պօղոսին էլ կանգնեցրին նրա առաջ: Նա երբ կարդաց, հարցրեց, թէ ո՛ր նահանգից է. եւ ստուգելով, որ Կիլիկիայից է, ասաց. «Քեզ կը լսեմ, երբ քեզ ամբաստանողներն էլ գան»: Եւ հրամայեց պահել նրան Հերովդէսի ապարանքում:
Հովհաննես Առաքյալի առաջին ընդհանրական նամակ, 5. 13-21
Այս բաները գրեցի ձեզ, որպէսզի գիտենաք, թէ յաւիտենական կեանք ունէք, եւ թէ՝ հաւատում էք Աստծու Որդու անուանը: Եւ ա՛յս է այն վստահութիւնը, որն ունենք մենք նրա հանդէպ. այն, որ ի՛նչ էլ խնդրենք ըստ նրա կամքի, նա մեզ կը լսի. եւ քանի որ գիտենք, թէ նա լսում է մեր խնդրանքները, ապա գիտենք նաեւ, որ կը ստանանք այն խնդրանքները, որ հայցեցինք նրանից: Եթէ մէկը տեսնի, որ իր եղբայրը գործել է մի մեղք, որ մահացու չէ, թող խնդրի, եւ Աստուած մահացու մեղք չգործողին կեանք կը շնորհի. մեղք կայ, որ մահացու է. դրա՛ մասին չեմ ասում, որ խնդրես: Ամենայն անիեւ րաւութիւն մեղք է. բայց մեղք կայ, որ մահացու է: Գիտենք, որ, ով Աստծուց է ծնուած, չի մեղանչում, եւ ով Աստծուց է ծնուած, պահում է ինքն իրեն, եւ չարը նրան չի մօտենում: Գիտենք, որ Աստծուց ենք, եւ ամբողջ աշխարհը չարի մէջ է: Եւ գիտենք, որ Աստծու Որդին եկաւ եւ մեզ տուեց խելք, որպէսզի ճանաչենք նրան, ով Ճշմարիտն է. եւ մենք Ճշմարտի՝ նրա Որդու՝ Յիսուս Քրիստոսի մէջ ենք. որովհետեւ նա՛ է ճշմարիտ Աստուած եւ յաւիտենական կեանք: Որդեակնե՛ր, հեռո՛ւ պահեցէք դուք ձեզ կռապաշ տութիւնից:
Ավետարան ըստ Հովհաննեսի, 12. 12-23
Յաջորդ օրը, ժողովրդի բազմութիւնը, որ զատկի տօնին էր եկել, երբ լսեց, թէ Յիսուս Երուսաղէմ է գալիս, արմաւենիների ճիւղեր վերցրեց եւ Յիսուսին ընդառաջ ելաւ: Աղաղակում էին ու ասում. «Ովսաննա՜, օրհնեա՜լ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով, ո՛վ թագաւոր Իսրայէլի»: Եւ Յիսուս մի էշ գտնելով, նստեց նրա վրայ, ինչպէս որ գրուած է. «Մի՛ վախեցիր, ո՛վ դուստրդ Սիոնի, ահա քո թագաւորը գալիս է՝ նստած մի էշի քուռակի վրայ»: Եւ նրա աշակերտները սկզբում այն չհասկացան, բայց երբ Յիսուս փառաւորուեց, այն ժամանակ յիշեցին, թէ այդ նրա մասին էր գրուած, եւ իրենք այդ էին արել նրան: Իսկ ժողովուրդը, որ նրա հետ էր, վկայում էր, որ Ղազարոսին հէնց գերեզմանից կանչեց եւ նրան մեռելներից կենդանացրեց: Եւ դրա համար էլ նրան ընդառաջ ելաւ ժողովուրդը, որովհետեւ լսել էին, որ այդ նշաններն էր արել: Իսկ փարիսեցիները միմեանց ասում էին. «Տեսնում էք, որ ոչ մի օգուտ չէք ստանում. ահաւասիկ ամբողջ աշխարհը նրա յետեւից գնաց»: Այնտեղ կային նաեւ որոշ թուով հեթանոսներ՝ նրանց մէջ, որ Երուսաղէմ էին եկել, որպէսզի տօնի ժամանակ երկրպագութիւն անեն: Նրանք մօտեցան Փիլիպպոսին, որ Գալիլիայի Բեթսայիդա քաղաքից էր. աղաչում էին նրան ու ասում. «Տէ՛ր, ուզում ենք Յիսուսին տեսնել»: Փիլիպպոսը եկաւ եւ Անդրէասին ասաց: Անդրէասը եւ Փիլիպպոսն էլ Յիսուսին ասացին: Եւ Յիսուս նրանց պատասխանեց ու ասաց. «Հասաւ ժամը, որ փառաւորուի մարդու Որդին»:
Ավետարան ըստ Մատթեոսի, 20. 29 – 21․ 17
Եւ երբ նրանք Երիքովից դուրս էին գալիս, Յիսուսի յետեւից բազում ժողովուրդ գնաց: Եւ ահա երկու կոյրեր նստած էին ճանապարհի եզերքին: Երբ լսեցին, թէ Յիսուս անցնում է, աղաղակեցին ու ասացին. «Ողորմի՛ր մեզ, Յիսո՛ւս, Դաւթի՛ Որդի»: Եւ ամբոխը յանդիմանեց նրանց, որ լռեն: Իսկ նրանք առաւել եւս աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի»: Յիսուս տեղում կանգ առաւ, կանչեց նրանց եւ ասաց. «Ի՞նչ էք կամենում, որ ձեզ անեմ»: Նրան ասացին. «Որ մեր աչքերը բացուեն, Տէ՛ր»: Եւ գթալով՝ Յիսուս դիպաւ նրանց աչքերին, եւ նրանք իսկոյն տեսան ու գնացին նրա յետեւից:
Երբ Երուսաղէմին մօտեցան եւ եկան Բեթփագէ, Ձիթենեաց լերան մօտ, այն ժամանակ Յիսուս իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացէ՛ք այդ գիւղը, որ ձեր դիմացն է, եւ այնտեղ կը գտնէք կապուած մի էշ եւ նրա հետ՝ մի քուռակ. արձակեցէ՛ք բերէք ինձ: Եւ եթէ մէկը ձեզ բան ասի, կ՚ասէք, որ Տիրոջը պէտք են. եւ նա իսկոյն դրանք կ՚ուղարկի»: Բայց այս բոլորը եղաւ, որպէսզի կատարուի մարգարէի խօսքը, որ ասում է. «Ասացէ՛ք Սիոնի դստերը, ահա դէպի քեզ է գալիս քո թագաւորը՝ հեզ եւ նստած էշի ու էշի քուռակի վրայ»: Աշակերտները գնացին եւ արեցին, ինչպէս Յիսուս իրենց հրամայել էր, եւ էշն ու քուռակը բերեցին, նրանց վրայ զգեստներ գցեցին. եւ նա նստեց դրանց վրայ: Եւ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրայ, իսկ ուրիշներ ծառերից ճիւղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրայ: Առաջից եւ յետեւից գնացող ժողովրդի բազմութիւնը աղաղակում էր ու ասում. «Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութի՜ւն՝ բարձունքներում»: Եւ երբ նա մտաւ Երուսաղէմ, ամբողջ քաղաքը դղրդաց, եւ ասում էին՝ ո՞վ է սա: Իսկ ժողովրդի բազմութիւնն ասում էր. «Սա Յիսուս մարգարէն է, որ Գալիլիայի Նազարէթ քաղաքից է»: Եւ Յիսուս մտաւ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մէջ վաճառում ու գնումներ էին անում. նա շուռ տուեց լումայափոխների սեղաններն ու աղաւնեվաճառների աթոռները: Եւ նրանց ասաց. «Գրուած է՝ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի, իսկ դուք աւազակների որջ էք արել այդ»: Տաճարի մէջ կոյրեր եւ կաղեր Յիսուսին մօտեցան, եւ նա բժշկեց նրանց: Երբ քահանայապետներն ու օրէնսգէտները տեսան այն սքանչելիքները, որ նա արեց, եւ մանուկներին, որ տաճարի մէջ աղաղակում էին ու ասում՝ օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, բարկացան. եւ ասացին նրան. «Լսո՞ւմ ես՝ դրանք ինչ են ասում»: Յիսուս նրանց ասաց. «Այո՛, դուք չէ՞ք կարդացել, թէ՝ երեխաների ու ծծկերների բերանով օրհնութիւն կատարեցիր»: Եւ նրանց թողնելով՝ ելաւ քաղաքից դուրս, դէպի Բեթանիա. եւ այնտեղ գիշերեց:
Ավետարան ըստ Մարկոսի, 10. 46 – 11․ 11
Եւ եկան Երիքով: Եւ մինչ նա Երիքովից դուրս էր գալիս իր աշակերտներով եւ բազում ժողովրդով, Տիմէի որդին՝ կոյր Բարտիմէոսը, նստել մուրում էր ճանապարհի եզրին: Երբ լսեց, թէ անցնողը Յիսուս Նազովրեցին է, սկսեց աղաղակել եւ ասել. «Դաւթի՛ Որդի, Յիսո՛ւս, ողորմի՛ր ինձ»: Եւ շատերը նրան սաստում էին, որ լռի, իսկ նա առաւել եւս աղաղակում էր. «Դաւթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»: Յիսուս կանգնեց եւ հրամայեց, որ նրան կանչեն: Կոյրին կանչեցին եւ նրան ասացին. «Քաջալերուի՛ր, վե՛ր կաց, կանչում է քեզ»: Եւ նա, դէն գցելով իր զգեստները, վեր կացաւ եկաւ Յիսուսի մօտ: Յիսուս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում, որ քեզ անեմ»: Կոյրը նրան ասաց. «Վարդապե՛տ, աչքերս թող բացուեն»: Եւ Յիսուս նրան ասաց. «Գնա՛, քո հաւատը քեզ փրկեց»: Եւ իսկոյն նրա աչքերը բացուեցին, եւ ճանապարհին գնում էր նրա յետեւից:
Երբ մօտեցան Երուսաղէմին, Բեթփագէին եւ Բեթանիային, Ձիթենեաց լերան մօտ, նա ուղարկեց աշակերտներից երկուսին եւ նրանց ասաց. «Դուք գնացէ՛ք այդ գիւղը, որ ձեր դիմացն է. եւ հէնց որ այնտեղ մտնէք, կը գտնէք մի կապուած աւանակ, որի վրայ ոչ մի մարդ արարած չի նստել. արձակեցէ՛ք այն եւ բերէ՛ք: Եւ եթէ մէկը ձեզ ասի. «Այդ աւանակը ինչո՞ւ էք արձակում», կ՚ասէք. «Տիրոջը պէտք է». եւ նա իսկոյն դրան այստեղ կ՚ուղարկի»: Գնացին եւ գտան աւանակը՝ կապուած դռան մօտ, դրսում, փողոցի մէջ, եւ այն արձակեցին: Եւ այնտեղ կանգնածներից ոմանք ասացին նրանց. «Ի՞նչ էք անում, ինչո՞ւ էք այդ աւանակն արձակում»: Եւ նրանք նրանց ասացին, ինչպէս Յիսուս ասել էր. ու նրանց թոյլ տուին: Աւանակը բերեցին Յիսուսի մօտ. եւ դրա վրայ զգեստներ գցեցին, եւ Յիսուս նստեց դրա վրայ: Եւ շատեր իրենց զգեստները փռում էին ճանապարհին. եւ ուրիշներ ծառերից ճիւղեր էին կտրում ու գցում ճանապարհի վրայ: Եւ նրանք, որ առաջից ու յետեւից էին գնում, աղաղակում էին եւ ասում. «Ովսաննա՜ Բարձրեալին, օրհնեա՜լ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով. օրհնեա՜լ լինի մեր հօր՝ Դաւթի թագաւորութիւնը, որ գալիս է: Խաղաղութի՜ւն՝ երկնքում եւ փա՜ռք՝ բարձունքներում»: Եւ Յիսուս մտաւ Երուսաղէմ, գնաց տաճար ու նայեց իր շուրջը, ամէն ինչի վրայ. եւ որովհետեւ երեկոյի ժամ էր, բարձրացաւ Բեթանիա՝ Տասներկուսի հետ միասին:
ՏՈՆԱՑՈՒՅՑ
† ԲՁ. Է. կիր. Երկրորդ Ծաղկազարդ։ Հետ. շրկ. դձ. Համբարձաւ Տէրն մեր յերկինս։ Օրհ. դկ. Մեծահրաշ (յատեանն)։ Հրց. դկ. Այսօր արարիչդ, իւր սարօքն: Զկնի Ս. Աստուածին ելցեն ի թափօր։ (Ս. Աստուածն եւ մաղթանքն Համբարձմանն ասա)։ Շրկ. դձ. Թագաւոր գոլով։ Գիրք, Աւտրն., Անդաստան, Աղթ. Պահպանիչ։ Նորաստեղծեալ, Քրզ. Խնդր., Կեցո, Աղթ. Քում ամենազօր։ Ժմտ. Հիացան։ Ճշ. շրկ. դձ. Զգալուստ քո Քրիստոս։
Յերեկոյին՝ Աւտրն.: Ելցեն ի թափօր: Շրկ. բձ. Ապաւինեցաք ի խաչ քո։ Սղմ. Դ. Նշանեցաւ։ Աւտրն., Անդաստան, Աղթ. Պահպանիչ։ Ապա Խոնարհեցո եւ Ապրեցո։ Հմբ. դձ. Որք տնկակից եւ Համբարձաւ Տէրն մեր յերկինս։ Արձակման Աւտրն.։ Կեցո, Աղթ. Թագ. խաղաղութեան:
0 կարծիք