Ասում են, որ մայրական զոհաբերությունը կամ ընդհանրապես ծնողական սերն իրենց հավասարը չունեն։ Սակայն Թեկղ, Վառվառա և Պեղագիա սրբուհիներին քրիստոնյա լինելու համար հալածել և սպանել են տվել հենց իրենց ծնողները, ավելին՝ Վառվառային նույնիսկ գլխատել է սեփական հայրը։ Ահա այսպիսի խստություն և անմարդկայնություն կար հեթանոսական կրոններին հետևող մարդկանց ներաշխարհում։ Սակայն քրիստոնեությունն արմատապես փոխեց ընտանիքում ծնողների ու զավակների հարաբերությունները` դրանք ավելի շատ լցնելով սիրով և հարգանքով։ Խրիմյան Հայրիկն ասում է. «Տունը և ընտանիքը մի փոքրիկ թագավորություն են, որի նահապետական աթոռին նստում են ծնողները, հայրը՝ իբրև թագավոր, և մայրը՝ իբրև թագուհի, և կառավարում են հպատակ ընտանիքը։ Այս ընտանեկան պալատի ու թագավորության մեջ ո՛չ ոստիկան կա, ո՛չ սուր, ո՛չ բռնություն, այլ ամեն տեղ հայրական և մայրական գորովն է դաստիարակը, և խրատը՝ ծնողների կենդանի օրինակը»։ Երբեմն այդ ընտանիք-թագավորության մեջ հարկ է լինում նաև ծնողական սիրով լցված պատիժների, որը չի բացառում Սուրբ Գիրքը։ Աստվածաշունչն ասում է. «Եթե գավազանով քո երեխային ծեծես, չի մեռնի, դու նրան կհարվածես գավազանով, բայց նրա հոգին կփրկես մահվանից»։ Սբ. Բարսեղ Կեսարացին նշում է, որ երեխաները փափուկ մոմի նման են, ինչ դրոշմ որ դնես նրանց վրա մանկության ժամանակ, այն էլ հետագայում մնալու է անջնջելի կերպով: Չար երեխաների կամ ապագա հանցագործների առկայության պատճառը, ասում է սուրբ Հովհան Ոսկեբերանը, ուրիշ բան չէ, այլ միմիայն ծնողների անմիտ կապվածությունը կենցաղին և իրենց գործերին: Այդպիսի ծնողների մասին Ոսկեբերանն ասում է, որ նրանք երեխաներ սպանողներից ավելի վատն են, որովհետև մանկասպանները հոգին են բաժանում մարմնից, իսկ սրանք երկուսը միասին գցում են դժոխքի կրակը։ «Եթե հայրերը քրիստոնեաբար դաստիարակեին իրենց երեխաներին,- նշում է սուրբը,- ապա պետք չէին լինի ո՛չ դատարաններ և ո՛չ էլ պատիժներ ու զրկանքներ»։
0 կարծիք