[hr]
ԵՐԵՔ ԱՐՏԱՍՈՎՈՐ ՀՅՈՒՐԵՐԸ ԵՎ ԲԱՐԻ ԱՍՏՂԸ
Արևելքից եկած ազնիվ մարդկանց` գոմն ու մսուրը լքելուց կարճ ժամանակ անց Բեթղեհեմում խոսվում էր մի արտառոց պատմության մասին, որն աշխարհի ոչ մի գրքում ամփոփված չէ:
Մինչ թագավորի հեծելախումբն անհետանում էր հորիզոնից, մսուրին մոտեցան երեք խորհրդավոր կերպարանքներ:
Առաջինը, որ մի կարկատած գունավոր զգեստ էր կրում, դանդաղ մոտեցավ մսուրին: Թեև արտաքուստ նա ծաղրածուի կերպարանք ուներ, բայց իրականում շա՜տ, շա՜տ տխուր էր: Միայն երբ մանկանը տեսավ, անմիջապես մեղմ ժպիտ երևաց նրա դեմքին: Նա զգույշ մոտեցավ մսուրին և նրբորեն շոյեց մանկան դեմքը:
-Ես կյանքի ուրախությունն եմ,- ասաց նա,- եկել եմ քեզ մոտ, որովհետև մարդիկ այլևս չեն ծիծաղում: Նրանք այլևս չեն ուրախանում կյանքով: Ամեն ինչ սարսափելի լուրջ է դարձել:
Այնուհետև հանեց իր կարկատած գունավոր վերարկուն և դրանով ծածկեց մանկանը:
-Այս աշխարհը շատ ցուրտ է: Գուցե ծաղրածուի վերարկուս կարողանա ջերմացնել ու պաշտպանել քեզ:
Հետո մոտեցավ երկրորդ կերպարանքը, որը ճիշտ այնտեղ էր նայում: Նկատելի էր նրա բորբոքված հայացքը։ Զգացվում էր, որ նա շատ է շտապում: Բայց երբ մոտեցավ մսուրին, աճապարանքն ու տենդը հեռացան նրանից:
-Ես ժամանակն եմ,- ասաց նա ու նրբորեն շոյեց մանկան դեմքը:- Իրականում ես այլևս գոյություն չունեմ: Մարդիկ ասում են, որ ժամանակն անցնում է այնպես, ինչպես երբ մարդ թռչում է: Սակայն մարդիկ մի մեծ գաղտնիք են մոռացել: Ժամանակը չի անցնում: Ժամանակն ստեղծվում է: Այն աճում է այնտեղ, որտեղ մարդը կիսում է, բաժանում:
Ապա երկրորդ կերպարանքն իր վերարկուի գրպանից հանեց ապակուց մի ավազե ժամացույց և դրեց մսուրի մեջ:
-Մարդը քիչ ժամանակ ունի այս աշխարհում։ Այս ավազե ժամացույցը նվիրում եմ քեզ, որովհետև դեռևս ուշ չէ: Այն քեզ համար նշան թող լինի, որ դու միշտ շատ ժամանակ ունենաս և երբ կամենաս, քո ժամանակից բաժին հանես մարդկանց:
Հետո երրորդ կերպարանքի հերթը եկավ: Նա չարչարված ու վերքերով լի դեմք ուներ. կարծես շարունակ ծեծի ու խոշտանգման էր ենթարկվել: Բայց երբ մոտեցավ մսուրին, կյանքի հասցրած վերքերն ու վնասվածքներն անմիջապես սկսեցին բուժվել:
-Ես սերն եմ,- ասաց կերպարանքը և նրբորեն շոյեց մանկան դեմքը,- իսկ դա նշանակում է՝ ես աշխարհի հանդեպ շատ բարի եմ եղել: Այդ պատճառով էլ այն ինձ հարվածում է ոտքով և անվերջ չարչարում:
Այսպես էր խոսում սերն ու միաժամանակ լալիս դառնագին։ Հանկարծ արցունքի երեք մեծ կաթիլներ թափվեցին մանկան վրա:
-Ով սիրում է, պետք է շատ տառապի այս աշխարհում: Վերցրո՛ւ իմ արցունքները: Դրանք այնպիսի ջուր են, որ նույնիսկ անապատը կարող են ծաղկեցնել:
Եվ արցունքներն անմիջապես վերափոխվեցին երեք հրաշագեղ ծաղկած վարդերի:
Ապա երկնային մանկան առջև ծնկի եկան կյանքի ուրախությունը, ժամանակը և սերը՝ երեք խորհրդավոր հյուրերը, որոնք իրենց նվերներն էին բերել մանկանը: Մանուկն այնպես էր նայում այդ երեքին, ասես ամեն ինչ հասկացել էր:
Հանկարծ սերը շրջվեց և խոսքն ուղղեց մարդկանց.
-Այս երեխային խենթ կհամարեն։ Նա իր կյանքի ընթացքում շատ կտառապի և մահվան կդատապարտվի, որովհետև առանց նախապայմանի՛ կսիրի: Սակայն քանի որ նա լուրջ կմոտենա ուրախությանը և իր ժամանակն ու սերը կնվիրաբերի մարդկությանը, աշխարհն այլևս չի լինի այնպիսին, ինչպիսին առաջ էր: Այս մանկան շնորհիվ աշխարհը կգտնվի բարի աստղի ներքո, որն ամեն ինչ ստվերում կթողնի:
Այս ամենից հետո երեք կերպարանքները ոտքի կանգնեցին և հեռացան այդ վայրից: Սակայն մարդիկ, որոնք այդ բոլորը տեսել և լսել էին, դեռ երկար ժամանակ մտածում էին այն խորհրդավոր բառերի մասին:
Ահա մեր կյանքն ու ժամանակը նույնպես Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդից հետո գտնվում են նոր ու բարի աստղի ներքո, որը լուսավորում է ամեն խավար և բուժում ամեն վերք: Դա մի մեծ ուրախություն է բոլոր ժողովուրդների համար: Նաև ինձ ու քե՛զ համար, սիրելի՛ ընթերցող բարեկամ:
[hr]
Սա «Իմաստուն պատմություններ կամ գեղեցիկ ապրելու արվեստը» գրքի 25 պատմություներից մեկն է:
0 կարծիք