Դանիել մարգարեն հինկտակարանյան չորս մեծ մարգարեներից է։ Նրա 14 գլուխներից բաղկացած գիրքը վերագրվում է Քրիստոսի ծննդից առաջ VII-VI դդ.։
Դանիելը հրեից Հովակիմի թագավորության ժամանակ (Ք.ծ.ա. 597թ.) բաբելոնյան գերեվարության տարված երիտասարդներից մեկն էր, որ դաստիարակություն էր ստացել բաբելացի Նաբուքոդոնոսոր արքայի արքունիքում և հետագայում շնորհիվ իր խելքի ու օժտվածության կարևոր պաշտոնի կոչվել։
Շուշան անունով անմեղ մի կնոջ երկու ծերունիների անհիմն ամբաստանությունից փրկելով և հետո էլ Նաբուքոդոնոսոր թագավորի երազը մեկնաբանելու համար Դանիելը մեծ անուն է ձեռք բերում (Գլուխ ԺԳ): Դանիելի հաջողությունները արթնացնում են մյուս պաշտոնյաների նախանձը։ Նրանք մեղադրում են Դանիելին ուրիշ աստվածներ պաշտելու մեջ և պահանջում թագավորից առյուծների գուբը նետել նրան: Դանիելը նետվում է գիշատիչների գուբը: Հաջորդ օրը, երբ թագավորն անձամբ գալիս է գբի մոտ, սգալու հավատարիմ և իմաստուն ծառայի կորուստը, հանկարծակիի է գալիս. ի պատասխան արքայի ողբի Դանիել մարգարեն ձայնում է, թե Աստված փակել է առյուծների բերանը, որովհետև ինքն ուղիղ է սրտով և որևէ հանցանք չի գործել արքայի դեմ: Նաբուքոդոնոսորի հրամանով նրան հանում են գուբից և փոխարենը չարախոսողներին նետում այնտեղ:
——————————————————————————————————
Անանիա, Ազարիա և Միսայել (Բաբելոնում վերանվանվեցին Սեդրակ, Միսաք և Աբեդնագով) երիտասարդները Դանիել մարգարեի հետ միասին դաստիարակվել են արքունիքում և Դանիել մարգարեի նմանությամբ պահպանել իրենց հայրենի հավատքը: Մի օր մեծաշուք հանդեսի ժամանակ, երբ բոլորը երկրպագում էին Նաբուքոդոնոսոր արքայի ոսկե արձանին, Սեդրակը, Միսաքը և Աբեդնագովը հրաժարվում են կուռքին պաշտել: Թագավորը նրանց նետել է տալիս հնոցի մեջ: Սակայն նրանք շարունակում են փառաբանել Աստծուն և Տիրոջ պահապան հրեշտակի օգնությամբ փրկվում կրակից: Ականատես այդ հրաշքին` Նաբուքոդոնոսորն ազատ է արձակում երիտասարդներին, փառավորում նրանց, օրհնում և երկրպագում Աստծուն:
Դանիել մարգարեի և իր երեք ընկերների հիշատակը տոնվում է Հոգեգալուստի չորրորդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:
Դանիել մարգարեի և երեք մանկանց հույսի և հավատի դրսևորումը ուսանելի է բոլոր քրիստոնյաների համար, որով Տերը երբեք չի լքում իր հոտին և մշտապես ունկնդիր է մեր հայցվածներին` իր զորավոր Աջով օգնական և պահապան լինելու ամենքին, «որ ի Տէր յուսացան»:
0 կարծիք