Ավագ երեքշաբթի: Տասը կույսերի առակի հիշատակության օր։

Բաժին՝ Օրեր

Ավագ երեքշաբթին մի ներքին ընդհանրությամբ կապված է նախորդ օրվա հետ. ակնարկում է, որ մեր առաքինի գործերի պտուղներով հոգեպես պետք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ գալստյանը, այլապես կչորանանք թզենու պես և երկնքի արքայությունից դուրս կմնանք հինգ հիմար կույսերի նման: Օրվա ավետարանական ընթերցվածը պատմում է «Տասը կույսերի» առակը (Մատթ., ԻԵ. 1-13)։ Այս առակը հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ գալստյանը։

Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ։ Նրանցից հինգը, ձեռքներին պահած ունենալով վառվող մոմեր, խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգը՝ հանգած մոմերով` հիմար կույսերին։


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Ավետարան ըստ Մարկոսի, 12. 13-44

Եւ նրա մօտ ուղարկեցին փարիսեցիներից եւ հերովդէսականներից ոմանց, որպէսզի նրան խօսքով որսան: Եւ նրանք եկան ու նենգութեամբ հարց էին տալիս եւ ասում. «Վարդապե՛տ, գիտենք, որ դու ճշմարտասէր ես եւ չես քաշւում ոչ ոքից, որովհետեւ մարդկանց աչառութիւն չես անում, այլ ճշմարտութեամբ Աստծու ճանապարհն ես ուսուցանում. արդ, ասա՛ մեզ, օրինաւո՞ր է հարկ տալ կայսրին, թէ՞ ոչ. տա՞նք, թէ՞ չտանք»: Յիսուս իմացաւ նրանց կեղծաւորութիւնը եւ ասաց. «Ինչո՞ւ էք ինձ փորձում, կեղծաւորնե՛ր. ինձ մի դահեկա՛ն բերէք, որ տեսնեմ»: Եւ նրանք բերեցին: Եւ նրանց ասաց. «Ո՞ւմն է այս պատկերը կամ գիրը»: Եւ նրանք ասացին նրան՝ կայսրինը: Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Գնացէ՛ք, տուէ՛ք կայսրինը՝ կայսեր եւ Աստծունը՝ Աստծուն»: Եւ զարմացան նրա վրայ: Նրա մօտ եկան սադուկեցիները, որոնք ասում են, թէ՝ յարութիւն չկայ. հարց էին տալիս եւ ասում. «Վարդապե՛տ, Մովսէսը մեզ համար գրել է. «Եթէ մէկի եղբայրը մեռնի եւ կին թողնի, բայց որդի չթողնի, թող նրա եղբայրը առնի նրա կնոջը եւ իր եղբօր համար զաւակ հասցնի»: Արդ, մեզ մօտ եօթը եղբայրներ կային. առաջինը կին առաւ եւ մեռաւ ու զաւակ չթողեց. եւ երկրորդը նոյն կնոջն առաւ ու մեռաւ. եւ նա էլ զաւակ չթողեց: Նոյն ձեւով նաեւ երրորդը առաւ նոյն կնոջը: Եւ եօթն էլ զաւակ չթողեցին. ամենքից յետոյ մեռաւ նաեւ կինը: Արդ, յարութեան ժամանակ, երբ յարութիւն առնեն, նրանցից ո՞ւմ կինը կը լինի. քանի որ եօթն էլ նրան կին առան»: Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Հէնց դրա համար չէ՞, որ մոլորուած էք. քանի որ չգիտէք Գրքերը եւ ոչ էլ՝ Աստծու զօրութիւնը, որովհետեւ, երբ մեռելներից յարութիւն առնեն, ո՛չ տղամարդիկ կին կ՚առնեն եւ ո՛չ էլ կանայք մարդու կը գնան, այլ կը լինեն հրեշտակների նման, որ երկնքում են: Իսկ գալով մեռելներին, թէ յարութիւն են առնում, դուք չէ՞ք կարդացել Մովսէսի գրքում, մորենու դրուագում, թէ ինչպէս Աստուած ասաց նրան. «Ե՛ս եմ, – ասում է, – Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը»: Իսկ Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ ողջերի. ուստի, դուք խիստ մոլորուած էք»: Օրէնսգէտներից մէկը, մօտենալով, լսում էր նրանց, մինչ վիճում էին. երբ նա տեսաւ, թէ Յիսուս նրանց պատասխանը լաւ տուեց, հարցրեց նրան եւ ասաց. «Ո՞ր պատուիրանն է առաջինը»: Եւ Յիսուս ասաց նրան. «Ամենից առաջինն է՝ «Լսի՛ր, Իսրայէ՛լ, մեր Տէր Աստուածը միակ Տէրն է. եւ դու պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով եւ քո ամբողջ զօրութեամբ». սա՛ է առաջին պատուիրանը: Եւ երկրորդը նման է սրան. «Դու պիտի սիրես քո ընկերոջը քո անձի պէս». չկայ ուրիշ պատուիրան աւելի մեծ, քան սրանք»: Եւ օրէնսգէտը նրան ասաց. «Լաւ է, Վարդապե՛տ, ճշմարտութեամբ ասացիր, թէ Աստուած մէկ է, եւ բացի նրանից, ուրիշ Աստուած չկայ. եւ նրան ամբողջ սրտով, ամբողջ զօրութեամբ, ամբողջ մտքով սիրելը, ինչպէս եւ ընկերոջն իր անձի պէս սիրելը առաւել է, քան ողջակէզները եւ զոհերը»: Եւ Յիսուս տեսնելով, թէ նա իմաստութեամբ պատասխան տուեց, նրան ասաց. «Հեռու չես Աստծու արքայութիւնից»: Եւ այլեւս ոչ ոք չէր համարձակւում նրան բան հարցնել: Մինչ Յիսուս ուսուցանում էր տաճարում, հարց տուեց ժողովրդին ու ասաց. «Ինչպէ՞ս են ասում օրէնսգէտները, թէ Քրիստոս Դաւթի Որդի է, մինչ Դաւիթն ինքը Սուրբ Հոգով ասում է. «Տէրն իմ Տիրոջն ասաց. նստի՛ր իմ աջում, մինչեւ որ քո թշնամիներին քո ոտքերի համար պատուանդան դնեմ»: Արդ, եթէ Դաւիթն ինքն իսկ նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա Որդին կը լինի»: Եւ շատ ժողովուրդ նրան լսում էր սիրով: Եւ սովորեցնելով՝ նա իր ուսուցման ընթացքում ասում էր. «Զգո՛յշ եղէք այդ օրէնսգէտներից, որ ուզում են աչքի զարնող զգեստներով ման գալ, հրապարակներում յարգանքի ողջոյններ որոնել, ժողովարաններում՝ առաջին աթոռները եւ ընթրիքների ժամանակ՝ պատուոյ տեղերը: Նրանք ուտ ում են այրիների տները, ցուցադրաբար երկարացնում են աղօթքները, որպէսզի աւելի խիստ դատաստան ընդունեն»: Յիսուս կանգնած էր գանձանակի դիմաց. դիտում էր, թէ ինչպէս ժողովուրդը պղինձ դրամ է գցում գանձանակի մէջ: Եւ շատ մեծահարուստներ շատ բան գցեցին: Մի այրի կին եկաւ եւ երկու լումայ գցեց, որ մի գրոշ է: Եւ Յիսուս իր մօտ կանչելով իր աշակերտներին՝ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքաւոր այրին աւելի շատ գցեց, քան գանձանակի մէջ միւս բոլոր դրամ գցողները, քանի որ ամէնքը իրենց աւելորդից գցեցին, իսկ նա, իր չքաւորութիւնից, գցեց ամէն ինչ, որ ունէր՝ իր ամբողջ ապրուստը»:

Ծնունդների գիրք, 6. 9 – 9. 17

Այս է Նոյի պատմութիւնը: Նոյը կատարեալ եւ արդար մարդ էր իր ազգի մէջ: Նոյը սիրելի եղաւ Աստծուն: Նոյը ծնեց երեք որդի. Սէմին, Քամին, Յաբէթին: Ապականուեց երկիրն Աստծու առաջ, աշխարհը լցուեց անարդարութեամբ: Տէր Աստուած տեսաւ, որ երկիրն ապականուած է, որովհետեւ երկրի վրայ ամէն էակ ապականել էր իր ճանապարհը: Տէր Աստուած ասաց Նոյին. «Բոլոր մարդկանց վերջը հասել է, որովհետեւ երկիրը լցուել է նրանց անիրաւութիւններով: Ես կ՚ոչնչացնեմ նրանց ու երկիրը: Արդ, դու քեզ համար քառակուսի փայտից տապան կը շինես: Տապանը բաժանմունքներով կը պատրաստես եւ ներսից ու դրսից կուպրով կը ծեփես: Տապանն այսպէս կը շինես. թող երեք հարիւր կանգուն լինի տապանի երկարու թիւնը, յիսուն կանգուն՝ լայնութիւնը, եւ երեսուն կանգուն՝ բարձրութիւնը: Տապանն աստիճանաբար նեղացնելով կը շինես, այնպէս, որ նրա ծածկը մի կանգուն լինի: Տապանի դուռը կողքից կ՚անես. ներքնայարկ, միջնայարկ ու վերնայարկ թող ունենայ տապանը: Իսկ ես, ահա, ջրով կը հեղեղեմ երկիրը՝ ոչնչացնելու համար երկնքի տակ գտնուող ամէն մի շնչաւոր էակ. եւ այն ամէնը, ինչ կայ երկրի վրայ, կ՚ոչնչանայ: Ես իմ ուխտը կը հաստատեմ քեզ հետ, եւ տապան կը մտնես դու, քեզ հետ նաեւ՝ քո որդիները, քո կինը եւ քո որդիների կանայք: Բոլոր կենդանիներից, բոլոր գազաններից ու բոլոր էակներից երկուեւերկու կը մտցնես տապան, որ նրանք կերակրուեն քեզ հետ: Թող դրանք արու եւ էգ լինեն: Ամէն տեսակ թռչուններից, ամէն տեսակ կենդանիներից, երկրի ամէն տեսակ սողուններից՝ բոլորից երկուեւերկու, արու եւ էգ, թող մտնեն քեզ հետ, որ կերակրուեն քեզ հետ: Եւ դու կը վերցնես բոլոր այն ուտելիքներից, որոնցով պիտի սնուէք: Դրանք կը կուտակես քեզ մօտ, որպէսզի քեզ ու նրանց համար կերակուր լինեն»: Եւ Նոյն արեց այն ամէնը, ինչ պատուիրեց նրան Տէր Աստուած: Նա այդպէս էլ արեց:

Տէր Աստուած ասաց Նոյին. «Դու եւ քո ողջ ընտանիքը մտէ՛ք տապան, որովհետեւ մարդկային ցեղի մէջ միայն քե՛զ գտայ արդար իմ հանդէպ: Անպիղծ բոլոր կենդանիներից եօթըեւեօթը՝ արու եւ էգ, կը մտցնես քեզ հետ, իսկ պիղծ բոլոր կենդանիներից երկուեւերկու՝ արու եւ էգ, նաեւ երկնքի անպիղծ թռչուններից եօթըեւեօթը՝ արու եւ էգ, իսկ պիղծ թռչուններից երկուեւերկու՝ արու եւ էգ, որ սերունդ պահպանուի ողջ երկրի վրայ: Եօթը օր յետոյ ես քառասուն օր ու քառասուն գիշեր անձրեւ պիտի թափեմ երկրի վրայ եւ երկրի երեսից պիտի ջնջեմ իմ ստեղծած ամէն մի էակ»: Նոյն արեց այն ամէնը, ինչ պատուիրեց Տէր Աստուած: Նոյը վեց հարիւր տարեկան էր, երբ ջրհեղեղ եղաւ երկրի վրայ: Ջրհեղեղի պատճառով Նոյի հետ տապան մտան նրա որդիները, նրա կինն ու նրա որդիների կանայք: Անպիղծ թռչուններից ու պիղծ թռչուններից, երկրի վրայ սողացող բոլոր սողուններից երկուեւերկու՝ արու եւ էգ, Նոյի հետ մտան տապան, ինչպէս պատուիրել էր նրան Տէր Աստուած: Եօթը օր յետոյ երկրի վրայ ջրհեղեղ եղաւ: Նոյի կեանքի վեցհա րիւրերորդ տարում, երկրորդ ամսի քսանեօթին ժայթքեցին ստորգետնեայ բազում աղբիւրներ, բացուեցին երկնքի ջրվէժները: Երկրի վրայ անձրեւ թափուեց քառասուն օր ու քառասուն գիշեր: Այդ օրը Նոյի հետ տապան մտան Սէմը, Քամը, Յաբէթը՝ Նոյի որդիները, Նոյի կինը եւ նրա որդիների երեք կանայք: Նրանք եւ ամէն տեսակ գազան, ամէն տեսակ անասուն, երկրի վրայ սողացող ամէն տեսակ սողուն եւ ամէն տեսակ թռչուն մտան տապան՝ Նոյի մօտ, երկուեւերկու բոլոր այն էակներից, որոնց մէջ կենդանութեան շունչ կար: Տապան մտնող էակները արու եւ էգ էին, ինչպէս պատուիրել էր Աստուած Նոյին: Տէր Աստուած նրա ետեւից փակեց տապանը: Երկրի վրայ քառասուն օր ու քառասուն գիշեր ջրհեղեղ եղաւ: Յորդացաւ ջուրն ու բարձրացրեց տապանը, եւ տապանը կտրուեց գետնից: Ջուրն աւելի ու աւելի վարարեց, ողողեց երկիրը, եւ տապանը լողաց ջրերի վրայ: Ջուրն այնքան սաստկացաւ երկրի վրայ, որ ծածկեց երկնքի տակ գտնուող բոլոր բարձ րաբերձ լեռները: Տասնհինգ կանգուն աւելի վեր բարձրացաւ ջուրը եւ ծածկեց բոլոր լեռները: Մեռան երկրի վրայ շարժուող բոլոր կենդանի էակները՝ թռչունները, անասուններն ու գազանները, երկրի վրայ սողացող բոլոր սողուն ներն ու բոլոր մարդիկ: Ցամաքի վրայ եղած ամէն բան, որ կենդանի շունչ ունէր իր ռունգերի մէջ, ոչնչացաւ: Աստուած բնաջնջեց երկրի երեսին գտնուող ամէն մի էակ՝ մարդուց մինչեւ անասուն, սողուններից մինչեւ երկնքի թռչունները: Նրանք վերացան երկրի երեսից: Կենդանի մնաց միայն Նոյը, նաեւ նրանք, որ նրա հետ տապանում էին: Ջուրը հարիւր յիսուն օր ողողեց երկիրը:

Աստուած յիշեց Նոյին, նրա հետ տապանում գտնուող բոլոր գազաններին, բոլոր անասուններին ու բոլոր թռչուններին: Աստուած հողմ բարձրացրեց երկրի վրայ, եւ անձրեւը դադարեց: Փակուեցին ստորգետնեայ աղբիւրներն ու երկնքի սահանքները, դադարեց նաեւ երկնքից թափուող անձրեւը: Ջուրը գնալով իջնում, քաշւում էր երկրի վրայից, եւ հարիւր յիսուն օր անց այն նուազեց: Եօթներորդ ամսի քսանեօթին տապանը նստեց Արարատ լերան վրայ: Ջուրը մինչեւ տասներորդ ամիսը քաշւում էր, նուազում: Տասնմէկերորդ ամսի առաջին օրը երեւացին լեռների գագաթները: Քառասուն օր յետոյ Նոյը բացեց իր կառուցած տապանի պատուհանը: Նա արձակեց մի ագռաւ, որը գնաց, բայց չվերադարձաւ, մինչեւ որ ջուրը ցամաքէր երկրի վրայից: Յետոյ նա արձակեց մի աղաւնի՝ տեսնելու, թէ ջրերը քաշուե՞լ են երկրի երեսից: Աղաւնին իր ոտքը դնելու տեղ չգտնելով՝ վերադարձաւ նրա մօտ՝ տապան, որովհետեւ ջուրը դեռ ծածկել էր ողջ երկիրը: Նոյը երկարեց ձեռքը, բռնեց նրան եւ բերեց իր մօտ՝ տապան: Նա սպասեց եւս եօթը օր ու տապանից դարձեալ արձակեց աղաւնուն: Աղաւնին նրա մօտ վերադարձաւ երեկոյեան: Նրա կտուցին ձիթենու մի շիւղ կար: Նոյը դրանից հասկացաւ, որ ջրերը քաշուել են երկրի վրայից: Նոյն սպասեց եւս եօթը օր ու նորից արձակեց աղաւնուն, որն այլեւս նրա մօտ չվերադարձաւ: Նոյի կեանքի վեցհարիւրմէկերորդ տարում, առաջին ամսի առաջին օրը ջրերը քաշուեցին երկրի վրայից: Նոյը բացեց իր կառուցած տապանի ծածկը եւ տեսաւ, որ ջուրը քաշուել է երկրի երեսից: Երկրորդ ամսի քսանեօթներորդ օրը երկիրը ցամաքեց: Տէր Աստուած Նոյին ասաց. «Դո՛ւրս եկէք այդ տապանից դու, քո կինը, քո որդիները եւ քո որդիների կանայք, նաեւ քեզ հետ եղող բոլոր գազանները, բոլոր էակները՝ թռչուններից մինչեւ անասունները: Դո՛ւրս հանիր քեզ հետ նաեւ երկրի վրայ սողացող բոլոր սողուններին, նրանք թող սողան երկրի վրայ: Աճեցէ՛ք եւ բազմացէ՛ք երկրի վրայ»: Դուրս ելան Նոյը, նրա հետ նաեւ իր կինը, իր որդիներն ու իր որդիների կանայք: Երկրի բոլոր գազանները, բոլոր սողուններն ու բոլոր թռչունները՝ իրենց տեսակներով, դուրս ելան տապանից: Նոյը զոհասեղան շինեց Աստծու համար: Նա առաւ բոլոր տեսակի անպիղծ անասուններից, բոլոր տեսակի անպիղծ թռչուններից եւ ողջակիզեց զոհասեղանի վրայ: Եւ Տէր Աստուած հոտոտեց անուշ բոյրը: Տէր Աստուած իր մտքում ասաց. «Մարդկանց չար արարքների համար ես երկիրն այլեւս չեմ անիծի, որովհետեւ մարդկանց միտքը մանկուց չարի ծառայութեան մէջ է: Ես այլեւս ոչ մի կենդանի էակի չեմ պատուհասի, ինչպէս արեցի: Այսուհետեւ, քանի դեռ կայ երկիրը, թող չդադարեն սերմն ու հունձը, ցուրտն ու տօթը, ամառն ու գարունը, ցերեկն ու գիշերը»:

Աստուած օրհնելով Նոյին ու նրա որդիներին՝ ասաց նրանց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրն ու տիրեցէ՛ք դրան: Ձեր ահն ու երկիւղը թող լինի երկրի բոլոր գազանների, երկնքի բոլոր թռչունների, երկրի բոլոր զեռունների եւ ծովի բոլոր ձկների վրայ, որ ենթարկել եմ ձեզ: Ամէն մի կենդանի զեռուն թող կերակուր լինի ձեզ, ինչպէս խոտն ու բանջարն եմ տուել: Կենսատու արիւն պարունակող միս չուտէք, քանզի ես էլ ձեր կենսատու արիւնը կը պահանջեմ, բոլոր գազանների, ինչպէս նաեւ մարդու միջոցով կը պահանջեմ այն: Մարդու միջոցով պիտի պահանջեմ իր եղբօր հոգին: Ով թափի մարդու արիւնը, նրա արեան փոխարէն թող թափուի իր արիւնը, որովհետեւ Աստծու պատկերով եմ ստեղծել ես մարդուն: Իսկ դուք աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը եւ բազմացէ՛ք դրա վրայ»: Տէր Աստուած, դիմելով Նոյին ու նրա որդիներին, որոնք նրա հետ էին, ասաց. «Ահա ես ուխտ եմ դնում ձեզ հետ, ձեզնից յետոյ եկող ձեր սերունդների հետ, ձեզ հետ եղող բոլոր կենդանի էակների հետ՝ թռչունների, անասունների, երկրի բոլոր գազանների, այդ տապանից դուրս եկած բոլորի եւ երկրի բոլոր կենդանիների հետ: Ես ուխտ եմ դնում ձեզ հետ. այլեւս ոչ մի էակ չի մեռնի ջրհեղեղից, ողջ երկիրը ոչնչացնող ջրհեղեղ չի լինի այլեւս»: Տէր Աստուած ասաց Նոյին. «Իմ ու ձեր միջեւ, ձեզ հետ եղող ամէն կենդանի էակի միջեւ գալիք բոլոր սերունդների համար իմ հաստատած ուխտի նշանն այս է. իմ ծիածանը կը կապեմ ամպերի մէջ: Եւ դա թող լինի իմ ու ողջ երկրի միջեւ յաւիտենական ուխտի նշանը: Երբ երկրի վրայ ամպեր կուտակեմ, իմ ծիածանը թող երեւայ ամպերի մէջ: Այնժամ ես կը յիշեմ իմ ուխտը, որ հաստատել եմ իմ ու ձեր միջեւ եւ շնչաւոր բոլոր էակերի միջեւ: Այլեւս ջրհեղեղ չի լինի, որպէսզի բոլոր էակները չոչնչանան: Թող իմ ծիածանը լինի ամպերի մէջ, որպէսզի ես տեսնեմ այն եւ յիշեմ իմ ու երկրի վրայ գտնուող բոլոր շնչաւոր էակների միջեւ իմ հաստատած յաւիտենական ուխտը»: Տէր Աստուած ասաց Նոյին. «Այս է նշանն այն ուխտի, որ հաստատեցի իմ ու ձեր միջեւ եւ երկրի վրայ գտնուող բոլոր էակների միջեւ»:

Առակների գիրք, 9. 1 – 10. 6

Իմաստութիւնը շինեց իր տունը եւ կանգնեցրեց եօթը սիւներ, մորթեց իր անասունները, խառնեց պատրաստեց գինին, պատրաստեց նաեւ իր սեղանը: Նա ուղարկեց իր ծառաներին, որ բարձր ձայնով հրաւիրեն իր հացկերոյթին, եւ ասաց. «Ով անզգամ է, թող գայ ինձ մօտ»: Իսկ պակասամիտներին ասաց. «Եկէք կերէ՛ք իմ հացից եւ խմեցէ՛ք իմ գինուց, որ պատրաստել եմ ձեզ համար: Թողէ՛ք յիմարութիւնը, եւ դուք կ՚ապրէք, իմաստութի՛ւն փնտռեցէք,եւ դուք կը փրկուէք, իմացութեա՛մբ ուղղեցէք ձեր խոհեմութիւնը եւ ճի՛շտ իմաստով հասկացէք խրատը»: Ով խրատ է տալիս չարերին, նա անարգանք է ստանում, եւ ով յանդիմանում է ամբարիշտներին, նա ատելութիւն է վաստակում: Մի՛ յանդիմանիր չարերին, որ քեզ չատեն, յանդիմանի՛ր իմաստունին, եւ նա կը սիրի քեզ, խրատի՛ր յիմարին, եւ նա աւելի շատ կ՚ատի քեզ: Իմաստունին բացատրի՛ր պատճառը, եւ նա աւելի՛ իմաստուն կը լինի, սովորեցրո՛ւ արդարին, եւ նա կ՚աւելացնի իր ընկալումը: Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է, արդարների խորհուրդը՝ խոհեմութիւն, օրէնքի իմացութիւնը մտքի հարստութիւն է: 0րինա՛կ առ սրանք, եւ դու կ՚ապրեսերկար, ու կ՚աւելանան քո կեանքի տարիները: Որդեա՛կ, եթէ իմաստուն լինես, պիտի լինես քե՛զ համար եւ քո ընկերների. եթէ անզգամ լինես, միայն դո՛ւ չարիք պիտի գտնես: Ով հաստատւում է ստի վրայ, նոյնն է, թէ հողմեր է արածեցնում կամ հալածում է թեւաւոր թռչուններ. քանզի այդպիսին իր այգու ճանապարհը թողած՝ մոլոր թափառում է իր հանդի շաւիղներում, անջրդի դաշտ ու անապատ է գնում եւ իր ձեռքով ոչ մի պտուղ չի հաւաքում ծարաւակէզ հողից: Անզգամ եւ յանդուգն կինը հացի կարօտպիտի մնայ, նոյնպէս եւ նա, ով ամօթ չի զգում: Իր տան դռանը նստած աթոռին, որ երեւում է փողոցից, նա դիմում է անցորդներին, որոնք գնում են իրենց ուղիղ ճամփով. «Ով ձեր մէջ առաւել յիմար է, թող գայ ինձ մօտ, իսկ պակասամիտներին հրամայում եմու ասում. «Թաքցրած հացը համով է ուտւում, եւ քաղցր է խմւումգողացուած ջուրը»»: Եւ նա չգիտէ, թէ երկրածինները պիտիկորչեն իր մօտ, եւ պիտի հասնեն խորքերը դժոխքի: Բայց դու հեռո՛ւ թռիրեւ մի՛ դանդաղիր այդտեղ, հայեացքդ մի՛ յառիր նրան, որպէսզի այդպէս անցնես օտար ջրից, անցնես օտար գետից, հեռու մնաս օտար ջրից եւ ջուր չխմես օտար աղբիւրից. որպէսզի դու երկար ապրես, եւ աւելանան քո կեանքի տարիները:

Իմաստուն որդին ուրախացնում է հօրը, անմիտ որդին տրտմութիւն է մօր համար: Գանձերը չեն օգնի անօրէններին, մինչդեռ արդարութիւնը փրկում է մահից: Տէրը սովամահ չի անում արդարին, բայց ամբարիշտների կեանքը պիտի կործանի: Աղքատութիւնը խեղճացնում է մարդուն, ժրաջան ձեռքերը հարստացնում են նրան: Խրատուած որդին իմաստուն կը լինի, իսկ անմիտը ծառայ կը դառնայ: Իմաստուն որդին ազատւումէ խորշակից, անօրէն որդին խորշակահար է լինում ամռանը: Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը:

Եսայի մարգարե, 40. 9-17

Ե՛լ այդ բարձր լերան վրայ, ո՛վ աւետաբերդ Սիոնի, ո՛ւժ տուր քո ձայնին, ո՛վ աւետաբերդ Երուսաղէմի, ո՛ւժ տուր, մի՛ վախեցիր եւ յայտնի՛ր Յուդայի երկրի այդ քաղաքներին. «Ահաւասիկ ձեր Աստուածը. ահա Տէրը, որ գալիս է զօրութեամբ եւ իր բազկի իշխանութեամբ. ահաւասիկ իր վարձն իր հետ է, ու գործերն էլ իր աչքի առաջ են: Հովուի նման հովուելու է իր հօտերը, իր բազկով հաւաքելու է գառներին, կրելու է նրանց իր ծոցում, մխիթարիչ է լինելու յղիներին»: Ո՞վ կարողացաւ իր ափով չափել ջրերը, թզով՝ երկինքը եւ քլով՝ համայն երկիրը. ո՞վ կարողացաւ լեռները կշռել կշեռքով եւ դաշտերը՝ նժարով: Ո՞վ իմացաւ Տիրոջ մտքերը, ո՞վ խորհրդատու դարձաւ նրան՝ իբրեւ թէ նրան խելամիտ դարձնելու համար: Կամ թէ ո՞ւմ հետ խորհրդակցեց նա, որ իրեն խելամիտ դարձնի, եւ կամ ո՞վ նրան ցոյց տուեց արդարադատութիւնն ու իմաստութեան ճանապարհը, կամ անցեալում ո՞վ փոխ տուեց իրեն, որ հատուցի նրան: Բոլոր հեթանոսները նման են դոյլի մի կաթիլին, նոյնն են, ինչ փոշեհատիկը՝ կշեռքի վրայ եւ կամ ինչպէս բերանից ցայտող շիթը: Այրելու համար Լիբանանը բաւական չէ, բոլոր չորքոտանիները ողջակէզի համար բաւական չեն, եւ բոլոր հեթանոսները նրա համար ոչինչ են, ոչնչութիւն են համարւում:

Ավետարան ըստ Մատթեոսի, 24. 1 – 26. 2

Յիսուս տաճարից դուրս ելած՝ գնում էր. եւ աշակերտները մօտեցան՝ նրան ցոյց տալու տաճարի շինութիւնները: Եւ նա պատասխանեց ու նրանց ասաց. «Տեսնո՞ւմ էք այդ ամէնը. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդտեղ չպիտի մնայ քար քարի վրայ, որ չքանդուի»: Եւ մինչ դեռ նստած էր Ձիթենեաց լերան վրայ, աշակերտները առանձին մօտեցան նրան ու ասացին. «Ասա՛ մեզ, այդ ե՞րբ կը լինի, եւ կամ քո գալստեան ու այս աշխարհի վախճանի նշանն ի՞նչ կը լինի»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Զգո՛յշ եղէք, գուցէ մէկը ձեզ խաբի, որովհետեւ շատերը կը գան իմ անունով ու կ՚ասեն, թէ՝ ես եմ Քրիստոսը. եւ շատերին կը մոլորեցնեն: Լսելու էք պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր. զգո՛յշ եղէք, չխռովուէք, որովհետեւ պէտք է, որ այդ ամէնը լինի, բայց դա դեռ վախճանը չէ: Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ, եւ պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: Սակայն այս ամէնը սկիզբն է երկանց: Այն ժամանակ ձեզ նեղութեան պիտի մատնեն եւ պիտի սպանեն ձեզ. եւ իմ անուան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի պիտի լինէք: Եւ այն ժամանակ շատերը պիտի գայթակղուեն եւ միմեանց պիտի մատնեն ու միմեանց պիտի ատեն: Եւ բազում սուտ մարգարէներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եւ անօրինութեան շատանալուց՝ շատերի սէրը պիտի ցամաքի: Բայց ով մինչեւ վերջ համբերեց, նա պիտի փրկուի: Եւ արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը: Արդ, երբ տեսնէք սարսափելի սրբապղծութիւնը, – որի մասին ասուած է Դանիէլ մարգարէի միջոցով, – որ հաստատուած է սուրբ վայրում (ով ընթերցում է, թող հասկանայ), այն ժամանակ, ովքեր Հրէաստանում կը լինեն, թող փախչեն լեռները. եւ ով տանիքի վրայ կը լինի, իր տնից բան վերցնելու համար թող ցած չիջնի. եւ ով հանդում կը լինի, իր վերնազգեստը վերցնելու համար թող յետ չդառնայ: Բայց վա՜յ այդ օրերին յղիներին ու ստնտուներին: Աղօթեցէ՛ք, որ ձեր փախուստը չլինի ձմրանը եւ ոչ էլ շաբաթ օրը, որովհետեւ այդ ժամանակ մեծ նեղութիւն պիտի լինի, որպիսին չի եղել աշխարհի արարչագործութեան սկզբից մինչեւ այժմ եւ այլեւս չի էլ լինի: Եւ եթէ այդ օրերը չկարճեցուէին, ոչ մի մարմին չէր ազատուի, բայց ընտրեալների պատճառով այդ օրերը պիտի կարճեցուեն: Այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասի՝ ահա՛ Քրիստոսը այստեղ է կամ այնտեղ, չհաւատաք նրան, որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ պիտի ելնեն եւ մեծամեծ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցոյց տան՝ Աստծու ընտրեալներին անգամ մոլորեցնելու աստիճան, եթէ հնար լինի: Ահա ձեզ առաջուց ասացի: Ապա եթէ ձեզ ասեն՝ ահա՛ անապատի մէջ է, չելնէք, կամ թէ՝ ահա՛ մառանում է, չհաւատաք, որովհետեւ ինչպէս փայլակը, որ ելնում է արեւելքից եւ երեւում է մինչեւ արեւմուտք, մարդու Որդու գալուստը այնպէս կը լինի: Ուր որ դիակն է, այնտե՛ղ կը հաւաքուեն արծիւները: Այդ օրերի նեղութիւնից անմիջապէս յետոյ, արեգակը պիտի խաւարի, եւ լուսինը իր լոյսը չպիտի տայ, եւ աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զօրութիւններ պիտի շարժուեն: Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երեւայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով: Եւ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հաւաքեն նրա ընտրեալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչեւ միւս ծագերը: Թզենո՛ւց սովորեցէք առակը. որովհետեւ, երբ նրա ոստերը կակղեն, եւ տերեւը ցցուի, կ՚իմանաք, որ ամառը մօտ է: Նոյնպէս եւ դուք՝ երբ այս բոլորը տեսնէք, իմացէ՛ք, թէ մօտ է Նա, դռների առաջ: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս ամէնը կատարուի: Երկինք եւ երկիր պիտի անցնեն, բայց իմ խօսքերը չպիտի անցնեն: Բայց այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը: Եւ ինչպէս Նոյի օրերն էին, այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանը, որովհետեւ, ինչպէս որ ջրհեղեղից առաջ եղած օրերն էին, – երբ ուտում էին եւ խմում, կին էին առնում ու մարդու էին գնում, մինչեւ այն օրը, երբ Նոյը տապանը մտաւ, ու նրանք բան չիմացան մինչեւ որ ջրհեղեղը եկաւ ու վերցրեց տարաւ բոլորին, – այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանն էլ: Այն ժամանակ, եթէ դաշտի մէջ երկու հոգի լինեն, մէկը պիտի վերցուի, եւ միւսը պիտի թողնուի: Եւ եթէ երկու կին աղան մի երկանքի վրայ, մէկը պիտի վերցուի, եւ միւսը պիտի թողնուի: Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ ո՛ր ժամին կը գայ ձեր Տէրը: Ա՛յս իմացէք. եթէ տանտէրը գիտենար, թէ ո՛ր ժամին գող կը գայ, կը հսկէր եւ չէր թողնի, որ իր տունը ծակեն: Դրա համար դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասում, մարդու Որդին կը գայ: Իսկ ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն ծառան, որին իր տէրը իր ծառաների վրայ կարգեց՝ իր ժամին կերակուր տալու համար նրանց: Երանի՜ է այն ծառային, որին տէրը, գալով, կը գտնի այդպէս արած: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրան կը կարգի իր ամբողջ ունեցուածքի վրայ: Իսկ եթէ չար ծառան իր մտքում ասի՝ իմ տէրը ուշանում է գալ, եւ սկսի իր ծառայակիցներին հարուածել եւ հարբեցողների հետ ուտի եւ խմի, եւ այդ ծառայի տէրը գայ այն օրը, երբ չէր սպասում, եւ այն ժամին, երբ չէր իմանում, նրան կը սպանի եւ կեղծաւորների վախճանին կ՚արժանացնի. այնտեղ կը լինի լաց ու ատամների կրճտում: Այն ժամանակ երկնքի արքայութիւնը պիտի նմանեցուի տասը կոյսերի, որոնք իրենց լապտերներն առած՝ փեսային եւ հարսին դիմաւորելու ելան: Նրանցից հինգը յիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն: Յիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձէթ չվերցրին: Իսկ իմաստունները իրենց լապտերների հետ միասին ամաններով ձէթ վերցրին: Եւ երբ փեսան ուշացաւ, ամէնքն էլ նիրհեցին եւ քուն մտան: Եւ կէսգիշերին ձայն լսուեց՝ ահա՛ փեսան գալիս է, նրան դիմաւորելո՛ւ ելէք: Այն ժամանակ բոլոր կոյսերը վեր կացան եւ իրենց լապտերները կարգի բերեցին: Յիմարները իմաստուններին ասացին. «Ձեր այդ իւղից տուէ՛ք մեզ, որովհետեւ ահա մեր լապտերները հանգչում են»: Իմաստունները պատասխան տուեցին եւ ասացին. «Գուցէ թէ՛ մեզ եւ թէ՛ ձեզ չբաւականացնի, ուստի գնացէ՛ք վաճառողների մօտ եւ ձեզ համար գնեցէ՛ք»: Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկաւ, եւ ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակուեց: Յետոյ եկան միւս կոյսերն էլ ու ասացին. «Տէ՛ր, տէ՛ր, բա՛ց արա»: Նա պատասխան տուեց ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում»: Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը: Նոյնպէս, մի մարդ, հեռու երկիր գնալիս, կանչեց իր ծառաներին եւ իր ունեցուածքը նրանց տուեց. մէկին տուեց հինգ քանքար, միւսին՝ երկու եւ մի ուրիշին՝ մէկ. իւրաքանչիւրին ըստ իր կարողութեան. եւ գնաց: Ով հինգն առաւ, իսկոյն գնաց, դրանով գործ արեց եւ հինգ եւս շահեց: Նոյնպէս նա էլ, որ երկուսն առաւ, երկու եւս շահեց: Իսկ ով մէկն առաւ, գնաց հողը փորեց եւ իր տիրոջ դրամը թաքցրեց: Շատ ժամանակ անց, այն ծառաների տէրը եկաւ եւ նրանց հետ հաշիւ տեսաւ: Ով հինգ քանքար էր առել, մօտենալով՝ հինգ քանքար եւս տուեց ու ասաց. «Տէ՛ր, հինգ քանքար տուիր ինձ. արդ, ահաւասիկ վրան հինգ քանքար եւս շահեցի»: Իր տէրը նրան ասաց. «Ապրե՛ս, բարի՛ եւ հաւատարի՛մ ծառայ, որովհետեւ այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ»: Ով երկու քանքարն էր առել, նա էլ մօտեցաւ ու ասաց. «Տէ՛ր, ինձ երկու քանքար տուիր, ահաւասիկ երկու այլ քանքար եւս, որ դրանց վրայ շահեցի»: Իր տէրը նրան ասաց. «Ապրե՛ս, բարի՛ եւ հաւատարի՛մ ծառայ, որովհետեւ այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ»: Մօտեցաւ նաեւ նա, որ մէկ քանքար էր առել, ու ասաց. «Տէ՛ր, գիտէի, որ դու մի խիստ մարդ ես, հնձում ես, ինչ որ չես սերմանել, եւ հաւաքում ես այնտեղից, ուր չես ցանել. վախեցայ. գնացի եւ թաքցրի քո այս քանքարը հողի մէջ: Արդ, ահա՛ւասիկ, քոնը՝ քեզ»: Տէրը պատասխան տուեց եւ ասաց նրան. «Չա՛ր եւ ծո՛յլ ծառայ, գիտէիր, որ հնձում եմ, ուր չեմ սերմանել, եւ հաւաքում այնտեղից, ուր չեմ ցանել. դու պէտք է իմ այդ դրամը լումայափոխների մօտ դնէիր, եւ ես, գալով, տոկոսով միասին պահանջէի այն, ինչ որ իմն է: Արդ, դրանից առէ՛ք այդ քանքարը եւ տուէ՛ք նրան, ով տասը քանքար ունի, քանի որ՝ ով ունի, նրան պիտի տրուի եւ ունեցածը պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցուի: Իսկ այդ անպիտան ծառային հանեցէ՛ք դուրս, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում»: Արդ, երբ որ մարդու Որդին գայ իր փառքով եւ բոլոր հրեշտակները՝ իր հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրայ, ու նրա առաջ պիտի հաւաքուեն բոլոր ազգերը, եւ նա նրանց միմեանցից պիտի զատի, ինչպէս մի հովիւ, որ զատում է ոչխարները այծերից: Եւ ոչխարները իր աջին պիտի կանգնեցնի, իսկ այծերը՝ ձախին: Այն ժամանակ թագաւորը պիտի ասի նրանց, որ իր աջին են. «Եկէ՛ք, իմ Հօր օրհնեալնե՛ր, ժառանգեցէ՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստուած արքայութիւնը, որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք տուիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր տուիք՝ խմելու. օտար էի, եւ ինձ ձեր մէջ առաք, մերկ էի, եւ ինձ հագցրիք, հիւանդ էի, եւ ինձ տեսնելու եկաք, բանտում էի, եւ ինձ այցի եկաք»: Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն նրան ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ՝ ծարաւ եւ ջուր տուեցինք. ե՞րբ տեսանք քեզ օտար եւ մեր մէջ առանք, կամ՝ մերկ եւ հագցրինք. ե՞րբ տեսանք քեզ հիւանդ կամ բանտի մէջ ու եկանք քեզ այցի»: Թագաւորը պիտի պատասխանի ու ասի նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մէկին արեցիք այդ՝ ի՛նձ համար արեցիք»: Այն ժամանակ նա պիտի ասի նրանց, որ իր ձախին են. «Անիծեալնե՛ր, գնացէ՛ք ինձնից յաւիտենական կրակը, որ պատրաստուած է սատանայի եւ իր հրեշտակների համար, որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք չտուիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր չտուիք, օտար էի, եւ ինձ ձեր մէջ չառաք, մերկ էի, եւ ինձ չհագցրիք, հիւանդ էի ու բանտի մէջ, եւ ինձ տեսնելու չեկաք»: Այն ժամանակ նրանք էլ պիտի պատասխանեն ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած, կամ ծարաւ, կամ օտար, կամ մերկ, կամ հիւանդ, կամ բանտի մէջ ու քեզ չծառայեցինք»: Այն ժամանակ պիտի պատասխանի նրանց ու ասի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որովհետեւ այս փոքրերից մէկին ա՛յդ չարեցիք, ինձ համար էլ չարեցիք»: Եւ նրանք պիտի գնան դէպի յաւիտենական տանջանք, իսկ արդարները՝ յաւիտենական կեանք»:

Երբ Յիսուս այս բոլոր խօսքերը վերջացրեց, իր աշակերտներին ասաց. «Գիտէք, որ երկու օր յետոյ զատիկ է, եւ մարդու Որդին պիտի մատնուի խաչը ելնելու համար»:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

† Աւագ Գշ.: Պահք։ Յիշատակ տասն կուսանացն։

Օրհ. բկ. Իմաստուն կուսանքն, իւր սարօքն։ Առաւօտու երգ՝ Տարցին թագաւորի (ողբաձայն)։ Աւտրն., Էական, Քրզ. Խնդր., Կեցո, Աղթ. Քում ամենազօր եւ հրաշալի գալստեանդ։

Յերեկոյին՝ Մեսդ. Քաղցրութիւն։ Քրզ. Աղաչեսցուք: Ս. Աստուած՝ որ եկիր եւ գալոց ես։ Հմբ. բձ. Շնորհեա մեզ Տէր արթնութիւն: Զկնի Հայր գթածին՝ Զգեցուսցեն տասն մանկունս եւ տացեն ի ձեռս մոմեղենս վառեալս յօրինակ տասն կուսանացն եւ կանգնեցուսցեն զնոսա առաջի Աւետարանին։ Սղմ. ԻԴ. (ողբաձայն), Աւտրն., Քրզ. Խնդր., Կեցո, Աղթ. Թագ. խաղաղութեան։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: