Աստծո խոսքի վկայությունն իր իսկ մասին

Բաժին՝ Մաս Ա.
«Սրբացրո՛ւ նրանց Քո ճշմարտությամբ, որովհետև Քո խոսքը ճշմարտություն է» (Հովհ. ԺԷ 17)։

 

Պողոս առաքյալն ասում է, որ ամբողջ Սուրբ Գիրքն Աստծո շնչով է գրված, և ավելացնում. «Օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի կատարյալ լինի Աստծո մարդը և պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար» (Բ Տիմ. Գ 16-17)։ Սակայն ինչպե՞ս է այն իրականանում։ Այն իրականանում է Աստծո՝ այդ նույն «ազդու և ավելի հատու» (Եբր. Դ 12) խոսքի միջոցով, երբ մարդ այն հավատով ընդունում է իր սրտում։
Աստվածաշնչում Աստծո խոսքն անվանվում է «սուսեր», «մուրճ», «հուր», «ճրագ», «սերմ» և «կյանքի խոսք»։
Աստծո խոսքը «հոգու սուսեր է» (Եփես. Զ 17), որ «կտրում անցնում է մինչև ոգու և հոգու, հոդերի և ողնուծուծի բաժանման սահմանը. նա քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները» (Եբր. Դ 12)։
Աստծո խոսքը «մուրճ» է, որ ջարդում է մեր քարեղեն սրտերը (Երեմ. ԻԳ 29)։
Աստծո խոսքը «հուր» է, որ այրում է մեր մեղսալից անմաքրությունը և ջերմացնում մեր՝ բնությամբ «երկնքի արքայության խորհուրդների» նկատմամբ անտարբեր սրտերը (Մատթ. ԺԳ 11-15)։ Սրտի մեջ հավատով ընդունված Աստծո խոսքը մաքրագործում, սրբագործում է այն (Հովհ. ԺԵ 3, ԺԷ 6)։
Աստծո խոսքը «իբրև ճրագ է, որ լույս է տալիս մութ տեղում (Բ Պետ. Ա 19), և իր լույսով փարատում մեր տգիտության, կրքերի ու մոլորությունների խավարը։
Աստծո խոսքը «սերմ է» (Ղուկ. Ը 11-15)։ Ինչպես մշակված հողն է սերմանվում ու պտղաբերում, այդպես էլ Աստծո խոսքով փշրված, խոնարհված ու փխրեցված սիրտն է աճեցնում Նրա խոսքի սերմերը և «պտուղ տալիս. մեկի դիմաց՝ երեսուն, մեկի դիմաց՝ վաթսուն և մեկի դիմաց՝ հարյուր» (Մարկ. Դ 20)։
Եվ, վերջապես, Աստծո խոսքը «կյանքի խոսք» է (Փիլիպ. Բ 16), խոսք, որ շնորհում է կյանք՝ հավիտենական կյանք (1

ՍԵՐՄ

Ինչպես որ հողն է աճեցնում այն, ինչ սերմանվում է իր մեջ, այդպես էլ հողեղեն մարդու բնությունն է պտղաբերում այն, ինչ սերմանվում է իր մեջ՝ մեղքի փուշ կամ առաքինության ծաղիկ։ Հետևաբար, Աստծո պատվիրանների լույսը թող լո՛ւյս տա մեր եղբայրության հոգում, ու ամեն տեսակի բարի ծաղիկներ աճեն նրա մեջ ( Հովհաննես Երզնկացի)։

Մեր նյութական մարմինը հող է, միտքը՝ մշակ և հողագործ, սերմը՝ Աստծո օրենք՝ թե՛ բնականը(, թե՛ գրավորը, թե՛ Ավետարանը։ Ինչպես մշակը, որ շտեմարանից վերցնելով սերմը՝ բերում և ցանում է, այնպես էլ մեր միտքը, Սուրբ Գրքի շտեմարանից վերցնելով Աստծո օրենքների սերմը, հավատի իմաստությամբ, իբրև ջրով, ոռոգում է այն՝ միշտ մտքում հիշելով այս աշխարհից մահվամբ դուրս գալու մասին, «խորհելով վերին բաների մասին, ուր Քրիստոս նստած է Աստծո աջ կողմում» (տե՛ս Կող. Գ 2)։ Այն նման է ջրի և զվարթարար ցողի։ Իսկ հավատի դավանությունը սրտով ու լեզվով խոստովանելը նման են արևի, որը ծագում է և սնուցում հոգևոր բույսերը։ Ապա մեր հողը պտղաբեր է դարձնում բույսերի արմատը, որ հաստատված է հոգում, և մարմնի զգայարաններում ծաղկեցնում է զանազան անուշահոտ առաքինություններ՝ այստեղ պտղաբերելով գործով, իսկ հանդերձյալ կյանքում՝ արդյունքով և ըստ գործերի հատուցմամբ (ս. Գրիգոր Տաթևացի)։

«Աստծո խոսքը սերմ է, – գրում է մի հեղինակ, – արտը, ուր ցորեն չի ցանվել, աճեցնում է մարդու սննդի համար անպիտան որոմ, որն հյութեղ ու գեղեցիկ է, քանի դեռ մատաղ է, և այլանդակ, երբ չորանում է։ Այդպիսին է նաև այն մարդու սիրտը, որի մեջ չի ցանված Աստծո խոսքը. այն մեղքով ապականված իր բնությամբ ոչ մի բարի, աստվածահաճո բան աճեցնել չի կարող։
Մեր բնատուր հատկությունները կարող են գրավիչ լինել, քանի դեռ լեցուն են պատանեկան եռանդով, խանդավառությամբ, երիտասարդության պոեզիայով։ Ծերանալիս (մի քանի երջանիկ բացառություններով) մարդու մեջ գերիշխում է բոլորիս այնքան հայտնի չոր, վանող եսասիրությունը։ Սակայն երբ մարդու սիրտը հավատով ընդունում ու պահում է Աստծո խոսքի՝ կենդանի խոսքի սերմը, ապա մաքրագործվում է անպիտան որոմներից՝ կրքերից ու բղջախոհությունից։ Սերմը սրբագործում ու կերպարանափոխում է սիրտը և թթխմորի պես, որ խառնվում է ալյուրին, մնալով նրա մեջ՝ վերածվում է հավիտենական կյանքի սերմի, ինչպես ինքն է հավերժ կենդանի (Ա Պետր. Ա 23, Ա Հովհ. Բ 17, Մատթ. ԺԳ 33) ու «կյանքի խոսք» (Փիլիպ. Բ 16, Գործք Ե 20): Այդժամ նաև ծերության մեջ «երիտասարդությունը նորոգվում է արծվի պես» (Սաղմ. ՃԲ 5) (2

ԿԵՐԱԿՈՒՐ

Հավատքի մեջ մանուկ մեր հոգիների համար Աստծո խոսքի կաթը խմենք Սուրբ Գրքից, ուր պատմվում է ամեն բանի պատճառ Հոր, Նրանից ծնված Որդու, որ մեզ ծնեց Ավազանով և ընծայեց Հորը, ինչպես նաև Հորից բխող Սուրբ Հոգու՝ Մխիթարիչի և Հոր և Որդու Փառակցի մասին։ Սուրբ Գրքի ընթերցումը համարենք մեր ամենօրյա զբաղմունքն ու հոգսը, հանգիստն ու փառքը, կերակուրը և ուրախության գինին։ Ինչպես որ ջուրը պտղավետ ու տերևաշատ է դարձնում ծառը, նմանապես աստվածային Գրքերի ընթերցումը աճեցնում է աստվածասերների միտքն ու հոգին և զարդարում առաքինության պտուղներով (Սարգիս Շնորհալի)։

Շատերն ասում են, թե ամեն ոք գիտի՝ ինչ է մեղքն ու արդարությունը, ամեն մարդ տեղյակ է չարից հեռանալու և բարիք գործելու մասին, բայց Գրքով զբաղվելը շահ չէ և կարևոր գործերը խափանում է։ Սա իրականացումն է Ամոսի (բերանով ասված Տիրոջ) սպառնալիքի. «Ոչ թե հացի սով կամ ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքը լսելու սով (պիտի ուղարկեմ)» (Ամոս Ը 11)։ Մարգարեն նկատի ունի, որ այս սովից սմքում ու ապականվում են այն հոգիները, որոնք չեն լսում Աստծո պատգամները։ Քանզի ինչպես մարմինն է մահանում առանց կերակուրի, նույնպես և հոգին չի կարող ապրել առանց Գրքի խրատների։ Այս մասին է Մովսեսի խոսքը (Բ Օրենք Ը 3)։ Նույն բանը վկայում է նաև Տերն Իր փորձության ժամանակ. «Միայն հացով չէ, որ կապրի մարդ, այլ Աստծո ամեն խոսքով» (Ղուկ. Դ 3)։
Եթե Աստծո պատվիրաններն հավիտենական կյանք են, ապա ակնհայտ է, որ դրանցից զրկվածները մեռած են հավիտենական կյանքի համար, ինչպես որ անհրաժեշտ կերակուրից զրկվածներն են մահանում այս կյանքում…։
Պողոս առաքյալը նույն բանը նկատի ունի, երբ ասում է, «Աստծո շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի կատարյալ լինի Աստծո մարդը և պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար» (Բ Տիմ. Գ 16-17), այնինչ նրանք պնդում են, թե Գրքերը պետք չեն։
Արդ, ի՛նքդ որոշիր, թե ով է իրավացի՝ Պողո՞սը, թե՞ Սուրբ Գիրքն արհամարհող վայրենամիտները, որոնց Եսային մարգարեն վայ է տալիս. «Վա՜յ արհամարհողներին, վա՜յ օրենքն արհամարհանքով արհամարհողներին (Եսայի ԻԴ 16)… Բայց հարցնեմ նրանց՝ մի՞թե Աստված իզուր հրամայեց Մովսեսին ու մարգարեներին՝ գրել Սուրբ Գիրքը, կամ մի՞թե առաքյալները զուր գրեցին Ավետարանները, իրենց Թղթերը և Գործք առաքելոցը, իսկ վարդապետներն՝ իրենց գրվածքները։ Աստծո պատվիրանի նշանախեցն (փոքրիկ տառանշանը) իսկ ավելի պատվական է, քան երկինքն ու երկիրը։ Այդ իսկ պատճառով Աստված Մովսեսի միջոցով պատվիրում է. «Այս պատգամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, կպահես մտքիդ ու հոգուդ մեջ։ Դրանք կհաղորդես քո որդիներին և դրանց մասին կխոսես, երբ տանը նստած ես, ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս։ Դրանք որպես նշան կկապես քո ձեռքին, որ մնան անշարժ քո աչքերի առջև, դրանք կգրես քո տների մուտքին ու դռների վրա» (Բ Օրենք Զ 6-9)։ Սատանայի շուրթերով են խոսում նրանք, ովքեր խափանում են Սուրբ Գիրքը լսելը (Խոսրով Անձևացի)։

«Միայն հացով չի ապրի մարդ, այլ` այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» (Մատթ. Դ 4)։
(Տերը) չասաց, թե՝ «Ոչ միայն հացով է ապրում մարդը» և լռեց, որովհետև կան նաև այլ կերակուրներ, որոնցով ապրում են մարդիկ, այլ ավելացրեց, թե՝ «այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից»։ Քանզի մարդը կազմված է հոգուց և մարմնից. ինչպես որ մարմինն է ապրում նյութական հացով, այնպես էլ հոգին՝ աննյութական խոսքով, բայց ոչ մարդկանց ունայն խոսքով, այլ նրանցով, որ Աստծուց են և կյանք են շնորհում մարդկանց։ Որո՞նք են այդ խոսքերը. դրանք Աստծո՝ միայն Մովսեսի և մյուս մարգարեների հետ խոսածները չեն կամ Աստծո Բանի՝ այս աշխարհում խոսածները, այլև բոլոր Գրքերը, որ Աստծո պատվիրաններն են ուսուցանում մարդկանց, Աստծո խոսքերն են և մանավանդ Ավետարանի ինքնախոս խոսքերը։ Դարձյալ ասում է, ոչ միայն զգալի հացով կապրի երևելի մարդը, այլ Ինձնով, որ Աստծո խոսքն եմ՝ միացած սրան, որ ոչ միայն Իմ անձին կարող եմ կյանք տալ, այլև բոլոր մարդկանց, ովքեր հավատով և սրբությամբ են մոտենում Ինձ (ս. Ներսես Շնորհալի)։

————————————————————————————–

 (1) Как читать Библию? Москва, 1996, стр. 27-28.
(2) Как читать Библию? Москва, 1996, стр. 16-17.

Հատկորոշիչներ՝ Աստծո, խոսքը

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Աստվածաշնչի բարերար ազդեցությունը

Յուրաքանչյուր մարդկային միտք, յուրաքանչյուր...

Սուրբ Գրքի շնորհման նպատակը

 «Որովհետև ամոթ չեմ համարում ավետարանելը,...