Առաքյալների հիշատակության օրվա առիթով

Ադամ քահանա ՄԱԿԱՐՅԱՆ
——————————————————————————————————————————

Իր հրաշափառ Հարությունից հետո Քրիստոս առաքյալներին դարձրեց եպիսկոպոսներ, իսկ Ձիթենյաց լեռը հանելով և նրանց օրհնելով` կաթողիկոսական իշխանություն տվեց, այսինքն՝ դարձրեց կաթողիկոսներ: Այս բոլոր հովվական շնորհները առաքյալները փոխանցեցին ձեռնադրությամբ: Նորկտակարանյան բազմաթիվ համարներ ցույց են տալիս, որ այս ձեռնադրության միջոցով են փոխանցվում այն լիազորությունները, որոնք Քրիստոս տվեց առաքյալներին (Գործք Զ 6, Ը 17-19, Թ 12,17, ԺԳ 3, ԺԴ 22, ԺԹ 6, Ա Տիմոթ. Դ 14, Ե 22, Բ Տիմոթ. Ա 6 և այլն): Հետևաբար վերջերս առաջ եկած աղանդավորական հովիվները կամ երեցները ինքնակոչ են և մարդկանց տանում են մոլորության ճանապարհներով: Ճիշտ է, Քրիստոսից հետո այսպես առանձին սկսեց գործել նաև Պողոս առաքյալը։ Նա նաև եպիսկոպոսներ ձեռնադրեց իր հիմնած եկեղեցիների համար, և նրա գործունեությունն այնքան արդյունավետ էր, որ հետո նրան սկսեցին նույնիսկ կոչել 13-րդ առաքյալ: Հետևաբար, նրանց ձևավորած Եկեղեցուց դուրս որևէ մեկը երբեք չի կարող օրինական քահանա լինել: Եկեղեցին այս իմաստով որևէ կազմակերպություն կամ մասնավոր ուսումնական հաստատություն չէ, որպեսզի պետության կողմից լիազորություն ստանալով՝ օրինական համարվի և գործի: Ուստի, եթե իրոք ցանկանում ենք փրկության արժանանալ, պետք է լավ մտածենք, թե ում ենք հետևում և ուր ենք գնում: Այսօրվա բոլոր աղանդավորներն իրենց համարում են Աստծուց ներշնչված և Նրա զորությամբ գործող։ Սակայն շատ հաճախ որոշակի զգացողություններ և տարբեր ոգևորություններ լինում են պարզապես մարդկային զգացմունքներից ու տրամադրվածությունից, և ահավոր բան է, երբ այդպիսի վիճակում գտնվող մարդն իրեն անմիջապես Սուրբ Հոգով ներշնչված է համարում։ Այս դեպքում արդեն մարդ աստվածացնում է իրեն և իր զգացմունքները, իսկ սրա մեջ ահավոր վտանգ կա, որին ենթարկվում են աղանդավորների կողմից մոլորված բազմաթիվ մարդիկ։ Այդպիսին են հատկապես Հայաստանում տարածված՝ հայտնություններ ստացող կամ լեզուներ խոսող աղանդների անդամները։ Այսօր Քրիստոսի առաքելահաստատ Սուրբ Եկեղեցին գուցե շատ բանով է տարբերվում առաջին քրիստոնյա առաքելական համայնքից, որովհետև ժամանակների բերումով շատ բան առաջ է ընթացել, զարգացել է և փոփոխվել, բայց մի բանում մենք հաստատ ենք և միշտ էլ նույնն ենք մնալու առաքելական առաջին շրջանի քրիստոնեական համայնքի հետ. դա այն համոզումն է, որ Քրիստոսից դուրս փրկություն չկա, որ առանց Քրիստոս Աստծո մարմնի և արյան հաղորդության, ըստ Ավետարանի, մարդը չի կարող հավիտենական կյանք ունենալ, և, ինչպես Պողոս առաքյալն է ասում կորնթացիներին ուղղված նամակում, մենք չենք կարող խմել ե՛ւ աստվածային բաժակը, ե՛ւ սատանայական բաժակը (Ա կորնթ. Ժ 20)։ Մինչդեռ բազմաթիվ աղանդներ, պատճենելով քրիստոնեական առաջին համայնքի ձևերը, շեղվում են հավատքի ամենագլխավոր հարցերում։ Շնորհապաշտության մոլությամբ տարված աղանդները շեշտը դնում են շնորհների երևելի դրսևորման վրա` մոռանալով Պողոս առաքյալի խոսքերը. «Եթե խոսեմ մարդկանց լեզուները և հրեշտակներինը, բայց սեր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղողանջում են: Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ և հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, և եթե ունենամ ամբողջ հավատը՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ» (Ա Կորնթ. ԺԳ1-3): Որոշ աղանդներ էլ բացահայտորեն մերժում են Քրիստոսի աստվածությունը։ Օրինակ` ըստ մորմոնների՝ Քրիստոս ոչ միայն մարդկանց նման է, այլև բնությամբ նույնն է և ունի միայն մեկ՝ մարդկային բնություն։ Մորմոնները սիրում են Քրիստոսին անվանել՝ մեր սիրելի եղբայրը։ Եհովայի վկաների աղանդը ևս մերժում է Քրիստոսի աստվածությունը, և չնայած աղանդավորները շատ են գործածում «Քրիստոս» անունը և այն հաճախ են գրում իրենց թերթիկների ու գրքույկների էջերին, այնուամենայնիվ, խեղաթյուրված կերպով են ներկայացնում Աստվածաշնչի տվյալները` մոլորեցնելով հիմնականում սկզբնապես Աստվածաշնչից անտեղյակ մարդկանց։ Այս աղանդները զուրկ են մնում Սուրբ Հաղորդությունից, ուրեմն նաև, ըստ Քրիստոսի խոսքի, հավիտենական կյանքը ժառանգելու հնարավորությունից (Հովհ. Զ 54-56)։ Ճշմարիտ Եկեղեցուց անջատված մի շարք ուղղություններ չեն ընդունում, որ Հաղորդության հացն ու գինին Քրիստոս Աստծո ճշմարիտ մարմինն ու արյունն են, այլ դա համարում են մի պարզ խորհրդանիշ` ասելով, որ մարդկանց փրկում է միայն Ավետարանի բարի լուրի քարոզությունը։ Սա նույնն է, թե ծարավ մարդուն փորձենք հագեցնել ջրի մասին տեղեկություններով։ Քրիստոս հայտնում է, որ ցորենն ու որոմը, այսինքն` բարին և չարը միասին են լինելու, և ասում, որ որոմը քաղելիս՝ գուցե ցորենը վնասեք (Մատթ. ԺԳ 29)։ Այս խոսքերից երևում է, որ երբ կարելի է որոմը քաղել՝ ցորենը չվնասելով, պետք է քաղել և դեն նետել։ Նոր օրենքում Պողոսն ասում է` փոքր խմորը խմորում է ողջ զանգվածը, որից հետո ասում է, թե չարիքը ձեր միջից վերացրեք (Գաղատ. Ե 9, Ա Կորնթ. Ե 6-7)։ Այդ իսկ պատճառով եկեղեցական հայրերը նզովքների և բանադրանքների են ենթարկել ճշմարիտ հավատքից շեղվողներին։ Հաճախ ինքը Եկեղեցին բանադրում և նզովում է հանցավորներին: Բանադրանքը եկեղեցական պատիժ է, որ տրվում է հանդիմանական խոսքով ենթակային ուղղության բերելու համար: Իսկ նզովքը կարդացվում է անուղղելի և անհույս հերետիկոսների վրա, որպեսզի մյուսները, սա տեսնելով, հեռու մնան այդ հիվանդությունից: Այսօր աղանդավորական բոլոր ուսմունքները եկեղեցական նզովքի տակ են։ Ճիշտ է, որ աղանդավորական կազմակերպությունների մեջ ևս կարելի է շատ բան իմանալ Քրիստոսի մասին, սերտել Աստվածաշունչը (իհարկե՝ ոչ ճիշտ ձևով), նույնիսկ Աստվածաշնչից անգիր սովորել բազմաթիվ համարներ՝ Քրիստոսի և հավատքին առնչվող շատ հարցերի վերաբերյալ։ Սակայն այլ է Քրիստոսի մասին իմանալը և այլ է Քրիստոսին իմանալը։ Քրիստոսի մասին մենք իմանում ենք Աստվածաշնչից, իսկ Քրիստոսին իմանում ենք այն ժամանակ, երբ սրտին դիպչում է Քրիստոսի Հոգին։ Հենց այսպես է, որ ե՛ւ առաքյալները, ե՛ւ քրիստոնեական բոլոր սրբերը գիտեին Քրիստոսին։ Եվ այս իմաստով Քրիստոսին երբեք չի կարող իմանալ նա, ով հեռու լինելով ճշմարիտ Եկեղեցուց` ընթանում է շեղված ճանապարհներով։

Հատկորոշիչներ՝ առաքյալներ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր