Առաւոտ լուսոյ

Ներսես Շնորհալի

«ԱՌԱՒՈՏ ԼՈՒՍՈՅ»

 

Առաւօտ լուսոյ, արեգակն արդար, առ իս լոյս ծագեայ:

Բխումն ի Հօրէ, բխեա ի հոգւույս, բան քեզ ի հաճոյս:

Գանձդ ողորմութեան, գանձիդ ծածկելոյ, գտող զիս արա:

Դուռն ողորմութեան, դավանողիս բաց, դասեցո վերնոցն:

Երրեակ միութիւն, եղելոց խնամող և ինձ ողորմեա:

Զարթիր, Տէր, յօգնել, զարթո ըզթմրեալս, զուարթնոց նմանիլ:

Էդ հայր անսկիզբն, էակից որդի, է միշտ սուրբ հոգի:

Ընկալ զիս գթած, ընկալ ողորմած, ընկալ մարդասէր:

Թագաւոր փառաց, թողութեանց տւող, թող ինձ ըզհանցանս:

Ժողովող բարեաց, ժողովեա և զիս, ժողովս անդրանկաց:

Ի քէն Տէր հայցեմ, ի մարդասիրէդ, ինձ բժշկութիւն:

Լեր կեանք մեռելոյս, լոյս խավարելոյս, լուծանող ցավոյս:

Խորհրդոց գիտող, խաւարիս շնորհեա, խորհուրդ լուսաւոր:

Ծնունդ Հոր ծոցոյ, ծածկելոյս ստուերաւ, ծագեայ լոյս փառաց:

Կենարար փրկիչ, կեցո ըզմեռեալս, կանգնեա զգլորեալս:

Հաստեա հաւատո, հաստատեա հուսով, հիմնեցո սիրով:

Ձայնիւս աղաչեմ, ձեռօքս պաղատիմ, ձիր բարեաց շնորհեա:

Ղամբարամբ լուսոյ, ղեկավար ճարտար, զօղեալս ամրացո:

Ճառագայթ փառաց, ճանապարհ ինձ ցոյց, ճեպել ի յերկինս:

Միածինդ Հօր, մոյծ զիս յառագաստ, մաքուր հարսանեացդ:

Յորժամ գաս փառօք, յահագին աւուրն, հիշեա զիս Քրիստոս:

Նորոգող հնութեանց, նորոգեա և զիս, նորոգ զարդարեա:

Շնորհատու բարեաց, շնորհեա զքաւութիւն, շնորհեա զթողութիւն:

Ուրախացո Տէր, ոգւոյս փրկութեամբ, ոյր վասն եմ ի սուգ:

Չար մշակողին, չար սերմանց նորին, չորացո զպտուղն:

Պարգևիչ բարեաց, պարգեւեա իմոց, պարտեացս թողութիւն:

Ջուր շնորհեա աչացս, ջերմ հեղուլ զարտօսր, ջնջել ըզհանցանս:

Ռետինդ քաղցու, ռամ հոգւոյս արբո, ռահ ցոյո ինձ լուսոյ:

Սեր անուն Յիսուս, սիրով քո ճմլեա, սիրտ իմ քարեղեն:

Վասն գթութեան, վասն ողորմութեան, վերստին կեցո:

Տենչալւոյդ տեսլեամբ, տուր ինձ յագենալ, Տեր Յիսուս Քրիստոս:

Րաբունդ երկնաւոր, րոտեա զաշակերտս, րաժից երկնայնոց:

Ցող արեան Քո, Տեր, զօղեա ի հոգիս, ցնծասցէ անձն իմ:

Իիւծեալս մեղօք, ւիւծեալ աղաչեմ, ւիւսել ինչ բարիս:

Փրկիչ բոլորից, փութա զիս փրկել, փորձութեանց մեղաց:

Քաւիչ յանցանաց, քաւեա զօրհնաբանս, Քեզ երգել ըզփառս:

 

Աստուածածնին բարեխօսութեամբ, յիշեա, Տէր, և ողորմեա:

 

«Ժամագիրք ատենի» էջ 191:

———————————————————

Ստորև ներկայացվում է նույնի աշխարհաբար արևելահայերեն թարգմանությունը.

Առաւօ՛տ լույսի, արեգա՛կ արդար, ինձ լո՛ւյս ծագեցրու:

Բխո՛ւմն Հօրից, բխի՛ր հոգուս մեջ, խոսք Քեզ հաճելի:

Գանձդ ողորմութեան, ծածկված գանձդ, գտնող ինձ արա:

Ողորմութեան դուռը դավանողիս բա՛ց, դասի՛ր երկնայինների հետ:

Երրեակ Միութիւն, եղածների խնամող և ինձ ողորմիր:

Զարթնիր, Տէ՛ր՝ օգնելու, արթնացրո՛ւ թմրածիս, որ հրեշտակներին նմանվեմ:

Է հայրդ անսկիզբ, էակից Որդի, և միշտ Սուրբ Հոգի:

Ընդունի՛ր ինձ գթա՛ծ, ընդունի՛ր ողորմա՛ծ, ընդունի՛ր մարդասէ՛ր:

Թագաւո՛ր փառքի, թողութիւններ տվող, թողութիւն տուր հանցանքներիս:

Ժողովո՛ղ բարիքների, ժողովիր և ի՛նձ, ժողովի մեջ անդրանիկների:

Հայցում եմ Տէր Քեզանից՝ մարդասերիցդ, ինձ բժշկութիւն:

Կեանք եղիր մեռածիս, լոյս՝ խավարեալիս, փարատիչ՝ ցավիս:

Խորհուրդնե՛րն իմացող, խաւարիս շնորհի՛ր, խորհուրդ լուսաւոր:

Ծնունդ Հոր ծոցի, ստուերով ծածկվածիս, ծագեցրո՛ւ լույսը փառքի:

Կենարա՛ր Փրկիչ, փրկի՛ր մեռյալիս, կանգնեցրո՛ւ գլորվածիս:

Ամրացրո՛ւ հաւատով, հաստատի՛ր հույսով, հիմնի՛ր սիրով:

Բարձրաձայն աղաչում եմ, բազկատարած պաղատում՝ բարեաց պարգևնե՛ր շնորհիր:

Լույսի կանթեղովդ, ղեկավա՛ր ճարտար, զորացրո՛ւ թաքնվածիս:

Ճառագա՛յթ փառքի, երկինք գնալու ճանապա՛րհ ցույց տուր ինձ:

Միածի՛նդ Հօր, հարսանեացդ մաքուր առագաստը մտցրու ինձ:

Հիշի՛ր ինձ, Քրիստո՛ս, երբ ահեղ Օրը գաս փառքով:

Նորոգո՛ղ հնությունների, նորոգիր և ի՛նձ, նորոգությա՛մբ զարդարիր:

Շնորհատո՛ւ բարիքների, շնորհի՛ր քաւութիւն, շնորհի՛ր թողութիւն:

Ուրախացրո՛ւ, Տէր, ոգւոյս փրկութեամբ, որի համար սգի մեջ եմ:

Չար մշակողի, նրա չար սերմերի պտուղները չորացրո՛ւ:

Պարգևի՛չ բարիքների, ների՛ր իմ պարտքերը:

Ջո՛ւր շնորհիր աչքերիս՝ ջերմ արտասուք թափելու, ջնջելու հանցանքներս:

Սպեղանի՛ օշարակդ, խմեցրո՛ւ ռամկական հոգիս, լույսի ճամփա՛ն ցույց տուր ինձ:

Սե՛ր անուն Յիսուս, սիրով Քո ճմլի՛ր, սիրտն իմ քարեղեն:

Գթութեան համար, ողորմութեան համար վերստի՛ն ինձ ապրեցրու:

Տե՛ր Յիսուս Քրիստոս, տենչալուդ տեսքով, հագեցրո՛ւ ինձ:

Վարդապե՛տ երկնաւոր, աշակերտներիս ժողովի՛ր, երկնայինների դասի մեջ:

Քո արեան ցողը, Տե՛ր, ցօղի՛ր հոգուս մեջ, որ անձն իմ ցնծա:

Մեղքերից հյուծվածս, հյուծվելով աղաչում եմ, բարիք հիւսել ինձ:

Փրկի՛չ բոլորի, փութա՛ փրկել ինձ, մեղքերի փորձություններից:

Քաւիչ յանցանքների, քավիր օրհնաբանողիս՝ Քեզ փառաբանություններ երգելու:

Աստուածածնին բարեխօսութեամբ, հիշիր, Տէր, և ողորմիր:

Հատկորոշիչներ՝ աղոթք, Առաւոտ, լուսոյ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Շաբաթ օրվա աղոթք

Սուրբ Երրորդություն անբաժանելի, անճառելի և անխոնջ, որ այս օրը հանգստացար քո բոլոր գործերից, որ սկսեցիր ստեղծել ու …

Ուրբաթ օրվա աղոթք

ՈՒՐԲԱԹ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ Էապես բարի և ամենակարող...

Հինգշաբթի օրվա աղոթք

ՀԻՆԳՇԱԲԹԻ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ Ներող և ներգործող...