Սուրբ Անտոն Ճգնավորը կամ ս. Անտոն Անապատականը հայրն ու հիմնդիրն է ճգնավորության և վանական կյանքի։
Երանելի այրը ծնվել է Եգիպտոսի Կոմա գյուղում 251թ. ազնվական ծնողների ընտանիքում։ Ծնողների մահից հետո Անտոնը ժառանգում է նրանց հարստությունը։ Սակայն մի օր եկեղեցում լսում է ավետարանական «եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառի՛ր ինչ-որ ունես ու աղքատներին տուր և երկնքում գանձեր կունենաս» հատվածն ու, առաջնորդվելով այս պատվիրանով, վաճառում է իր ողջ ունեցվածքը և ապրում աղոթքի, պահեցողության ու բարեգործության ոգով: Որոշ ժամանակ անց նա հեռանում է իր հայրենի գյուղից և բնակություն հաստատում մոտակա քարայրում, որտեղ, ըստ իր վարքագիրների, հոգևոր պատերազմներ է մղում վայրի գազանների կերպարանքով իրեն մշտապես հայտնվող դևերի հետ: Համբերությամբ դիմակայելով բոլոր փորձություններին՝ սուրբը հեռանում է անմարդաբնակ մի անապատ և 20 տարիներ շարունակ ապրում մենության մեջ: Լսելով նրա սրբակեցության մասին, շատեր թողնում են իրենց տներն ու հեռանում անապատ ճգնելու: Անսալով իր հոգևոր եղբայրների թախանձանքներին` սուրբը ելնում է իր ճգնարանից ու հավաքվածներին բացատրում վանական կանոնները, որոնք և հետագայում դառնում են վանական կյանքի ուղեցույց:
Սբ. Անտոն Ճգնավորը վախճանվում է 105 տարեկան հասակում՝ արժանանալով երկնային անթառամ պսակին՝ իր աներեր հավատով ու հոգևոր մեծ զորությամբ օրինակ դառնալով բոլոր ժամանակների քրիստոնյաների համար:
0 կարծիք