Աղոթք

Տ. Ադամ քհն. Մակարյան

ԱՂՈԹՔ

ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

 Սուրբ Գրիգոր Աստվածաբանը մի առիթով սբ Բարսեղ Կեսարացուն ասել է. «Ինձ համար ամենամեծ գործը անգործությունն է»: Այս անգործությունը չի նշանակում պարապություն, սա մարմնական անգործությամբ մտքի և սրտի անընդհատ գործելն է և դեպի Աստված բարձրանալը: Ամեն մեղք, որը մարդու բարոյականության պարտությունն է, սկսվում է մտքից և սրտից: Եվ Ավետարանն էլ մտքով շնանալը համարժեք է համարում մարմնով շնանալուն: Յուրաքանչյուր հաղթանակ առաջին հերթին մարդկային մտքի և սրտի հաղթանակն է: Այսօր բոլորս էլ ցանկանում ենք խաղաղ և երջանիկ կյանք ունենալ: Հետևաբար հենց դրա համար էլ պետք է մեր սրտերն ու մտքերը բարձրացնենք առ Աստված, պետք է մենք էլ ժամանակ առ ժամանակ տարվենք այս ամենամեծ գործով, որը Սուրբ Գրիգոր Աստվածաբանը կոչում է անգործություն:

ԱՂՈԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 Երբեմն մենք այնպիսի հոգեվիճակում ենք լինում, որ դժվարանում ենք նույնիսկ աղոթել: Եկեղեցու հայրերը խորհուրդ են տալիս նրանց, ովքեր դժվարանում են աղոթել, սաղմոսներ ընթերցել. դրանց ընթերցումն աղոթքի տրամադրություն և հոգևոր խաղաղություն է բերում, քանզի սաղմոսներն իրենց մեջ զարմանալի ուժ ունեն:

ԱՄԵՆԱՅՆ ԺԱՄ ԱՂՈԹԵՑԵՔ

Ինչպե՞ս կարող ենք, Քրիստոսի պատվերի համաձայն, ամենայն ժամ աղոթել։ Մարդկային ջերմ աղոթքը նաև սեր է Աստծո հանդեպ, և սերը երբեմն նման է ջութակի: Մեղեդին կարող է ժամանակ առ ժամանակ դադարել, սակայն լարերը միշտ էլ մնում են: Եվ այս համեմատությամբ եթե չենք կարող անդադար աղոթել, գոնե մեր սիրտը պետք է լցված լինի Աստծո հանդեպ ձգտումով, և մարդկային սրտի լարերի օգնությամբ, մտքերի և զգացումների ձևով առ Աստված բարձրացող երաժշտությունն է, որ կոչվում է աղոթք։

ՄԵԾ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

Քրիստոսն աղոթքի մասին ասաց. «Ինչ որ ուզեք իմ անունով, այն և կանեմ»: Նաև ասաց. «Մինչև հիմա իմ անունով ոչինչ չխնդրեցիք. խնդրեցե՛ք և պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը լիակատար լինի»: Հետևաբար, բացի աղոթքից, մեծ զորություն ունի նաև Քրիստոսի անունը։ Այս առումով շատ հետաքրքրական է Հին Կտակարանից ամաղեկացիների դեմ հրեաների պատերազմի պատմությունը, երբ Մովսեսը լեռան վրա, ձեռքերը տարածած, աղոթում էր, իսկ Հեսուն, որի անունը հունարեն Հիսուս ձևի եբրայական Հեսու ձևն է, գլխավորում էր բանակը։ Սրա վերաբերյալ Հուստինոս Փիլիսոփան ասում է, որ իսրայելացիները հաղթեցին ոչ միայն այն պատճառով, որ Մովսեսն աղոթում էր, այլև՝ որ Մովսեսը խաչի նշանն էր անում, իսկ բանակի առջևում Հիսուսի անունն էր։

ԻՆՉՈ՞Ւ ԱՂՈԹԵՆՔ

 Ինչո՞ւ պետք է աղոթենք Աստծուն, եթե Աստված ամենագետ է և միշտ գիտի, թե մենք ինչ ենք ուզում։ Նույնպես նաև երեկոյան ժամերգության աղոթքի մեջ է ասվում. «Զի Դու, Տէ՛ր ամենակալ, գիտես զպէտս մեր զկարիս՝ առաւել քան զոր խնդրեմք և իմանամք», այսինքն` մեր կարիքներն ու պետքերն ավելի լավ գիտես, քան մենք գիտենք և իմանում ենք։ Եթե Աստված պատվիրում է աղոթել, ապա ոչ թե նրա համար, որ կարիք ունի մեր հիշեցման, այլ որպեսզի իմանանք, որ միայն Նրա օգնությամբ ենք ամեն ինչ անում և որպեսզի անընդհատ աղոթքով Նրան հաճելի լինենք։ Աղոթելը պետք է, որ անդադար աղոթքով հիշենք մեր մեղքերը, հաշտվենք Աստծո հետ և միանանք Նրան։

ԱՂՈԹՔԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՄՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Սուրբ Հակոբը պատանի հասակից ապրել է ճգնությամբ և իր սրբակենցաղ կյանքի համար Աստծուց ստացել է մարգարեության, հրաշագործության և այլ շնորհներ։ Նա ինչ Աստծուց խնդրել է, անմիջապես տրվել է նրան։ Երբեմն մենք ինքներս էլ ենք ցանկանում նման առանձնաշնորհ ունենալ, շատերն էլ կկամենային, որ իրենց երազանքներն ու ցանկություններն անմիջապես կատարվեին՝ հաճախ չգիտակցելով, թե որն է մեզ օգուտ և որը՝ վնաս։ Իսկ ամենատես Աստվածն, իմանալով, թե որն է մեզ օգուտ և որը՝ վնաս, երբեմն չի պատասխանում մեր խնդրանքներին հենց մեր օգտի համար, ճիշտ այնպես, ինչպես որ բժիշկը ուշադրություն չի դարձնում հիվանդի ցանկություններին, այլ ամեն ինչ անում է՝ նրան բուժելու համար` հաճախ ցավեցնելով կամ դառը հաբեր մեզ մատուցելով։ Եթե մենք ներկայիս հոգեվիճակով այնպիսի կարողություն ունենայինք, ինչպիսին ուներ սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետը, ապա մեր ցանկությունների անհապաղ իրագործմամբ հաճախ կվնասեինք ե՛ւ ինքներս մեզ, ե՛ւ մեր շրջապատին։ Մինչդեռ սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետն իր սրբակենցաղությամբ վեր էր այս ամենից։ Բոլորիս այս առնչությամբ շատ օգտակար կլինի մեր Եկեղեցու մեծագույն սրբերից մեկի` Ստեփանոս Սյունեցու խրատը, որը և մենք կրկնելով տալիս ենք ձեզ. «Խնդրեցեք այն փնտրելին, որը ձեզ պետք է գտնել», այսինքն` միայն այնպես, ինչպես հաճելի է Աստծուն։ Իսկ թե ինչպես է հաճելի Աստծուն, մեզ բոլորիս սովորեցրել է Քրիստոսը` ասելով. «Նախ խնդրեցեք Աստծու արքայությունը և Նրա արդարությունը, և մնացած ամեն ինչ Աստված ձեզ ավելիով կտա»։

Հատկորոշիչներ՝ աղոթք

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

3 Կարծիքներ

  1. նաիրա

    Յովհաննէս Երզնկացին շատ գեղեցիկ ճառ ունի աղոթքի տեղի, ժամանակի հանգամաքի մասին: շատ մատչելի ու ուսուցողական. դեռ անտիպ է
    Վահան ջան, դու դա կիմանաս

    • admin

      Շատ հաճելի կլիներ կարդալ այն Լուսամուտում:

      • նաիրա

        ես կաշխատեմ այդ ուղղությամբ
        առաջիկայում հուսամ այն կլինի «լուսամուտում»

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Արդյունքներ չկան

Ձեր փնտրած էջը գոյություն չունի։ Փորձեք ձևափոխել որոնումը կամ գնացեք կայքի սկիզբ։