ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Ելք, 2. 23 – 3. 15
Շատ օրեր անց մեռաւ եգիպտացիների թագաւորը: Իսրայէլացիները, որոնք տանջւում էին տաժանակիր աշխատանքի մէջ, աղաղակ բարձրացրին. նրանց աղաղակը հասաւ Աստծուն: Եւ Աստուած լսեց նրանց հեծութիւնը, յիշեց իր ուխտը, որ կապել էր Աբրահամի, Իսահակի ու Յակոբի հետ: Աստուած իր հայեացքն ուղղեց իսրայէլացիներին: Նա յայտնուեց նրանց:
Մովսէսն արածեցնում էր իր աներոջ՝ Յոթորի՝ մադիանացիների քրմի ոչխարները: Նա ոչխարները տարաւ անապատ ու հասաւ Աստծու լեռը՝ Քորէբ: Տիրոջ հրեշտակը երեւաց նրան մորենու միջից կրակի բոցով: Մովսէսը տեսնում էր, որ մորենին հրով վառւում էր, բայց չէր այրւում: Մովսէսն ինքն իրեն ասաց. «Գնամ տեսնեմ այս մեծ տեսարանը: Ինչպէ՞ս է, որ մորենին չի այրւում»: Երբ Տէրը նկատեց, որ Մովսէսը տեսնելու համար մօտ է գնում, մորենու միջից ձայն տուեց նրան ու ասաց. «Մովսէ՛ս, Մովսէ՛ս»: Սա ասաց. «Ի՞նչ է»: Աստուած ասաց. «Մի՛ մօտեցիր այստեղ: Կօշիկներդ հանի՛ր քո ոտքերից, որովհետեւ այն վայրը, ուր կանգնած ես դու, սուրբ հող է»: Եւ աւելացրեց. «Ես քո հօր Աստուածն եմ, Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը ու Յակոբի Աստուածը»: Եւ Մովսէսը շուռ տուեց իր երեսը, որով հետեւ վախենում էր նայել Աստծուն: Տէրն ասաց Մովսէսին. «Ես ականատես եղայ Եգիպտոսում գտնուող իմ ժողովրդի կրած տառապանքներին, լսեցի վերակացուների պատճառով նրանց բարձրացրած աղաղակը, տեղեակ եմ նրանց վշտերին: Ես իջայ, որ նրանց փրկեմ եգիպտացիների ձեռքից, նրանց հանեմ այդ երկրից, նրանց տանեմ մի լաւ ու ընդարձակ երկիր՝ Քանանացիների, Քետացիների, Ամորհացիների, Փերեզացիների, Խեւացիների, Գերգեսացիների ու Յեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում: Արդ, ահաւասիկ իսրայէլացիների աղաղակը հասել է ինձ. ես տեսայ այն տառապանքները, որ նրանք կրում են եգիպտացիների ձեռքից: Արդ, արի՛ քեզ ուղարկեմ եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ, որ իմ ժողովրդին՝ իսրայէլացիներին հանես Եգիպտացիների երկրից»: Մովսէսն ասաց Աստծուն. «Ես ո՞վ եմ, որ գնամ եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ եւ իսրայէլացի ներին հանեմ Եգիպտացիների երկրից»: Աստուած ասաց. «Ես քեզ հետ կը լինեմ, եւ երբ այս լերան վրայ Աստծուն պաշտէք, այդ քեզ համար նշան կը լինի, որ ե՛ս եմ ուղարկել քեզ, որպէսզի իմ ժողովրդին հանես Եգիպտացիների երկրից»: Մովսէսն ասաց Աստծուն. «Ես կը գնամ իսրայէլացիների մօտ ու նրանց կ՚ասեմ. «Ձեր հայրերի Աստուածն է առաքել ինձ ձեզ մօտ»: Եւ եթէ նրանք հարցնեն ինձ, թէ ի՞նչ է նրա անունը, ես ի՞նչ պատասխան տամ նրանց»: Աստուած ասաց Մովսէսին. «Ես այն Աստուածն եմ, որ Է»: Եւ աւելացրեց. «Այսպէս կ՚ասես իսրայէլացիներին. «Որ Էեւն առաքեց ինձ ձեզ մօտ»»: Աս տուած դարձեալ ասաց Մովսէսին. «Այսպէս կ՚ասես իսրայէլացիներին. «Ձեր հայրերի Տէր Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածն է առաքել ինձ ձեզ մօտ»: Այս է իմ յաւիտենական անունը, որ յիշատակ է ազգից ազգ:
Հովել մարգարե, 2. 21-32
Քաջալերուի՛ր, երկի՛ր, ցնծա՛ եւ ուրախացի՛ր, որովհետեւ Տէրը մեծ գործեր կատարեց քեզ հետ: Քաջալերուի՛ր, վայրի՛ կենդանի, որովհետեւ անապատի դաշտերը դալարեցին, որովհետեւ ծառը տուեց իր պտուղը, որթատունկն ու թզենին տուեցին իրենց բերքը: Սիոնի՛ որդիներ, ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք ձեր Տէր Աստուծով, քանի որ Տէրը արդար կերակուր տուեց ձեզ եւ ձեզ համար կը տեղացնի գարնան առաջին եւ աշնան վերջին անձրեւը՝ ինչպէս առաջ: Կը լցուեն ցորենի կալերը, եւ կը յորդեն գինու եւ իւղի հնձանները: Եւ այն տարիների դիմաց, ինչ որ մորեխը, ջորեակն ու թրթուրը կերան, կը հատուցեմ ձեզ իմ մեծ զօրքով, որ ուղարկեցի ձեզ վրայ: առատօրէն կ՚ուտէք, կը յագենաք եւ կ՚օրհնէք ձեր Տէր Աստծու անունը, որ հրաշքներ գործեց ձեզ համար, եւ այլեւս իմ ժողովուրդը չի ամաչի յաւիտեան: Եւ կը լինի այնպէս, որ սրանից յետոյ իմ Հոգուց կը հեղեմ ամէն մարմնի վրայ, կը մարգարէանան ձեր տղաներն ու աղջիկները, ձեր ծերերը երազներ կը տեսնեն, եւ ձեր երիտասարդները տեսիլքներ կ՚ունենան: Եւ կ՚իմանաք, որ Իսրայէլի մէջ եմ ես, որ ես եմ ձեր Տէր Աստուածը, ու չկայ ոչ ոք ինձնից բացի, եւ իմ ժողովուրդը չի ամաչի յաւիտեան: Այն օրերին իմ Հոգուց կը հեղեմ իմ ծառաների վրայ, իմ աղախինների վրայ, որոնք կը մարգարէանան: Հրաշքներ ցոյց կը տամ երկնքում եւ երկրի վրայ՝ արիւն, հուր եւ ծխի մրրիկ. արեգակը կը խաւարի, եւ լուսինը արիւն կը դառնայ, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երեւելի օրը»: Այո՛, կը լինի այնպէս, որ, ով որ կանչի Տիրոջ անունը՝ կ՚ապրի: Սիոն լերան վրայ եւ Երուսաղէմում փրկութիւն կը լինի, Տէրը կը կանչի իր մօտ, ինչպէս որ ասաց եւ ծանուցեց:
ՏՈՆԱՑՈՒՅՑ
ԱՁ. ԺԷ. օր Մեծի Պահոց։
Օրհ. աձ. Հայր բազումողորմ։ Հրց. բկ. Բ. Որ հարցն մերոց։ Մնկ. աձ. Զառաւօտու զօրհներգութիւնս։ Հմբ. աձ. Ինձ օգնութիւն եւ Համբարձի։
0 կարծիք