Մեծ պահքի ԺԲ. օր

Բաժին՝ Օրեր

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Երկրորդ օրենք, 7. 11 – 8. 1

Պէտք է պահես քեզ հաղորդած իմ պատուիրանները, օրէնքներն ու կանոնները: Եթէ ենթարկուես այս բոլոր օրէնքներին եւ պահես ու գործադրես դրանք, ապա քո Տէր Աստուածը կը կատարի իր արած ուխտն ու ողորմածութիւնը, ինչպէս որ երդուել է մեր հայրերին: Նա կը սիրի, կ՚օրհնի ու կը բազմացնի քեզ: Նա կօրհնի քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը՝ ցորենը, գինին ու իւղը, քո արջառների նախիրները, քո ոչխարների հօտերը այն երկրում, որ երդուեց Տէրը տալ քո հայրերին: Օրհնեալ կը լինես դու, քան բոլոր ազգերը: Դու եւ քո անասունները ամուլ ու ստերջ չէք լինի: Տէրը քեզանից կը վերացնի բոլոր հիւանդութիւնները: Եգիպտացիների բոլոր սոսկալի ցաւերը, որոնք դու տեսար եւ իմացար, Տէրը քեզ վրայ չի բերի, այլ դրանք կը տայ քո թշնամիներին եւ բոլոր քեզ ատողներին: Դու կը սպառես աւարն այն բոլոր ազգերի, որոնց քո ձեռքն է մատնել քո Տէր Աստուածը: Քո աչքը թող չխնայի նրանց, եւ չպաշտես նրանց կուռքերը, որովհետեւ նրանք քեզ համար որոգայթ են: Եթէ քո մտքում ասես, թէ՝ «Այդ ազգի մարդիկ մեզանից շատ են, ես ինչպէ՞ս կարող եմ կոտորել նրանց», ապա մի՛ վախեցիր նրանցից: Լաւ յիշի՛ր, թէ քո Տէր Աստուածը ինչ բերեց փարաւոնի, նրա ծառաների ու բոլոր եգիպտացիների գլխին. ինչպիսի մեծամեծ փորձանքներ, որ քո աչքերը տեսան, ինչպիսի նշաններ, մեծագործութիւններ, որ նա արեց ամուր ձեռքով եւ հզօր բազկով: Ինչպէս որ քո Տէր Աստուածը քեզ դուրս բերեց այնտեղից, նոյնը կ՚անի քո Տէր Աստուածը այն բոլոր ազգերի նկատմամբ, որոնցից վախենում ես դու: Քո Տէր Աստուածը նրանց վրայ իշամեղուներ կուղարկի, մինչեւ որ կոտորուեն վերապրողները եւ նրանք, որ թաքնուել են քեզանից: Մի՛ վախեցիր նրանց ներկայութիւնից, որովհետեւ քո մեծ ու հզօր Տէր Աստուածը քո մէջ է: Քո Տէր Աստուածը այդ ազգերին քո ներկայութիւնից կը վերացնի սակաւ առ սակաւ: Դու չես կարող նրանց միանգամից կոտորել, որպէսզի երկիրն ամայի չդառնայ, եւ անապատի գազանները չբազմանան քո շուրջը: Քո Տէր Աստուածը նրանց կը յանձնի քո ձեռքը եւ նրանց կը կոտորի մեծ պատուհասների մատնելով, մինչեւ որ մէջտեղից վերացնի նրանց: Նա նրանց թագաւորներին կը յանձնի քո ձեռքը, եւ դու նրանց անունները կը ջնջես երկրի երեսից: Ոչ ոք չի կանգնի քո դէմ, մինչեւ որ բնաջնջես նրանց: Նրանց կռածոյ աստուածները կ՚այրես հրով: Դրանց վրայ եղած արծաթի ու ոսկու վրայ աչք չունենաս, չվերցնես դրանք, որպէսզի դրանով մեղք գործած չլինես. դա քո Տէր Աստծու համար գարշելի է: Այդպիսի պիղծ բան չտանես քո տունը, որպէսզի դու էլ դրա նման նզովուած չլինես: Դու պէտք է բոլորովին զզուես եւ պիղծ համարես դա, որովհետեւ դա նզովուած է:

Տեսէ՛ք, որ կատարուեն ձեզ հաղորդած իմ բոլոր պատուիրանները, որպէսզի ապրէք, բազմապատկուէք, մտնէք ու ժառանգէք այն երկիրը, որ Տէրը երդուեց տալ մեր հայրերին:

Հոբ, 9. 1 – 10. 2

Յոբը խօսեց ու ասաց. «Ճշմարտապէս գիտեմ, որ այդ այդպէս կը լինի. ինչպէ՞ս կարող է մարդ արդար լինել Աստծու առաջ: Եթէ Աստուած ուզի դատ տեսնել իր հետ՝ նրան չի լսելու, որովհետեւ հազար խօսքին մի խօսքով իսկ պատասխան չի տալու: Աստուած մտքով իմաստուն է, զօրաւոր ու մեծ. այդ ո՞վ է նրա դէմ յամառել ու յաջողութիւն գտել: Չեն իմանում, թէ Նա, որ մաշեցնում է լեռները, բարկութեամբ կը տապալի էլ դրանք: Նա է, որ երկնքի ներքոյ շարժում է գետինը հիմքերից, եւ նրա սիւները դողում են: Նա է, որ հրամայում է արեգակին, ու սա չի ծագում, փակում է աստղերի դէմը: Նա է, որ մենակը տարածել է երկինքը եւ ծովի վրայ այնպէս է շրջում, ինչպէս ցամաքի վրայ: Նա է, որ ստեղծել է Բազմաստղն ու Գիշերաստղը, Սայլն ու Մազարոթը: Նա է, որ արարում է մեծամեծ ու անքննելի, փառաւոր ու հրաշակերտ բաները, որոնց թիւ ու համար չկայ: Եթէ ինձանից վեր բարձրանայ՝ չեմ տեսնի, իսկ եթէ կողքովս անցնի՝ այդպէս էլ չեմ իմանայ: Եթէ ոչնչացնի՝ ո՞վ յետ կը պահի նրան, կամ ո՞վ նրան կ՚ասի՝ ի՞նչ արեցիր: Ետ դարձաւ նա բարկութիւնից, եւ նրանից սարսեցին կէտերը, որ երկնքի ներքոյ են: Երանի՜ թէ լսի ինձ եւ իրաւացի համարի իմ խօսքերը: Եթէ արդար լինեմ, ու ինձ չլսի՝ նրա դատաստանն եմ աղերսելու: Իսկ եթէ աղաղակեմ իրեն, ու լսի՝ հաւատալս էլ չի գալու, որ հէնց լսել է ինձ: Փոթորիկով չի ոչնչացնելու ինձ: Բազում են հարուածները, որ ինձ զուր տեղը հասցրել է. ինձ հանգիստ էլ չի տալիս: Դառնութեամբ է լցրել ինձ. քանի որ հզօր է՝ բռնանում է: Եւ հիմա այն ո՞վ է, որ նրա դատաստանին հակառակ կը կանգնի: Եթէ արդար լինեմ, բերանս ինձ ամբարիշտ կը դարձնի, անարատ լինեմ՝ կամակոր կը դառնամ: Իսկ եթէ հոգով մեղանչել եմ՝ չգիտեմ. գիտեմ միայն, որ կեանքս խլում են ինձանից: Դրա համար եմ ասել. «Բարկութիւնը կործանում է մեծին ու հզօրին»: Չարերը սաստիկ մահով են կորչելու. արդարներն էլ ծաղրի են ենթարկւում, քանի որ մատնւում են ամբարշտի ձեռքը: Նա դատաւորների երեսն է ծածկում. եթէ նա չէ ծածկողը, ապա ո՞վ է: Սակայն սուրհանդակից էլ արագ անցաւ իմ կեանքը. փախաւ այն ու չերեւաց: Կը գտնուի՞ նաւերի ճանապարհի կամ թռչող, կեր փնտռող արծուի հետքը: Եթէ ասեմ, թէ մոռանալու եմ գանգատուելը, երեսս գետին խոնարհելով՝ հեծեծեմ, դողը կը պատի իմ բոլոր անդամները, քանզի գիտեմ, որ ինձ անմեղ չես համարելու: Եթէ ամբարշտութիւն էի անում՝ ինչո՞ւ չմեռայ: Եթէ ձիւնով իսկ լուացուէի ու ձեռքերս էլ օշնանով մաքրէի, դարձեալ սաստիկ աղտեղութեամբ կը ներկէիր ինձ՝ պատմուճանս իմ աչքերին զազրելի դարձնելով. քանզի դու մարդ չես ինձ նման, որի հետ դատ անէի ես, եւ որպէս հաւասար դատաստանի գայինք: Ո՜ւր է թէ մի միջնորդ լինէր, դիմացս գար ու դատ անէր երկուսիս միջեւ: Նա անպայման կը հեռացնէր ինձանից խարազանը, եւ դրա ահն ինձ չէր սարսափեցնի. էլ չէի վախենայ, այլ կը խօսէի. բայց գիտեմ, որ այդպէս չէ. որ ինքս մենակ եմ տանջւում»:

Հծծիւնով կը հասցնեմ նրան իմ խօսքերը. կը խօսեմ թախծոտած իմ հոգու դառնութեամբ: Ու կ՚ասեմ. «Տէ՛ր, մի՛ սովորեցրու ինձ, որ լինեմ ամբարիշտ». եւ ինչո՞ւ դատեցիր այսպէս ինձ»:

Եսայի մարգարե, 40. 9-17

Ել այդ բարձր լերան վրայ, ո՜վ աւետաբերդ Սիոնի, ո՛ւժ տուր քո ձայնին, ո՛վ աւետաբերդ Երուսաղէմի, ո՛ւժ տուր, մի՛ վախեցիր եւ յայտնի՛ր Յուդայի երկրի այդ քաղաքներին. «Ահաւասիկ ձեր Աստուածը. ահա Տէրը, որ գալիս է զօրութեամբ եւ իր բազկի իշխանութեամբ. ահաւասիկ իր վարձն իր հետ է, ու գործերն էլ իր աչքի առաջ են: Հովուի նման հովուելու է իր հօտերը, իր բազկով հաւաքելու է գառներին, կրելու է նրանց իր ծոցում, մխիթարիչ է լինելու յղիներին»: Ո՞վ կարողացաւ իր ափով չափել ջրերը, թզով՝ երկինքը եւ քլով՝ համայն երկիրը. ո՞վ կարողացաւ լեռները կշռել կշեռքով եւ դաշտերը՝ նժարով: Ո՞վ իմացաւ Տիրոջ մտքերը, ո՞վ խորհրդատու դարձաւ նրան՝ իբրեւ թէ նրան խելամիտ դարձնելու համար: Կամ թէ ո՞ւմ հետ խորհրդակցեց նա, որ իրեն խելամիտ դարձնի, եւ կամ ո՞վ նրան ցոյց տուեց արդարադատութիւնն ու իմաստութեան ճանապարհը, կամ անցեալում ո՞վ փոխ տուեց իրեն, որ հատուցի նրան: Բոլոր հեթանոսները նման են դոյլի մի կաթիլին, նոյնն են, ինչ փոշեհատիկը՝ կշեռքի վրայ եւ կամ ինչպէս բերանից ցայտող շիթը: Այրելու համար Լիբանանը բաւական չէ, բոլոր չորքոտանիները ողջակէզի համար բաւական չեն, եւ բոլոր հեթանոսները նրա համար ոչինչ են, ոչնչութիւն են համարւում:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԺԲ. օր Մեծի Պահոց։

Հրց. ակ. Զ. Զանճառ էութիւն:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: