ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Թագավորնների Ա. գիրք, 3. 21 – 4. 18
Տէրը կրկին երեւաց Սելովում: Տէրը Սամուէլին երեւաց ըստ իր ասած խօսքի: Սամուէլը հաւատարմութեամբ դարձաւ Տիրոջ մարգարէն ամբողջ Իսրայէլի մէջ, երկրի մի ծայրից միւսը: Հեղին շատ էր ծերացել, իսկ որդիները շարունակում էին իրենց ընթացքը, եւ նրանց ճանապարհը չար էր:
Այդ օրերին այլազգիները յարձակուեցին Իսրայէլի վրայ: Իսրայէլը նրանց դէմ պատերազմի ելաւ եւ Աբենեզերում բանակատեղի դրեց, իսկ այլազգիները բանակատեղի դրեցին Ափեկում: Այլազգիները ճակատամարտ տուին Իսրայէլի դէմ, պատերազմն սկսուեց, եւ Իսրայէլը այլազգիներից պարտուեց: Ռազմի դաշտում չորս հազար զինուոր ընկաւ: Երբ զօրքը վերադարձաւ բանակատեղի, Իսրայէլի ծերերն ասացին. «Ինչո՞ւ Տէրն այսօր մեզ պարտութեան մատնեց այլազգիների առաջ: Սելովից մեզ մօտ բերենք մեր Աստծու ուխտի տապանակը, որ մեզ մօտ լինի ու մեզ փրկի մեր թշնամիների ձեռքից»: Ժողովուրդը մարդիկ ուղարկեց Սելով, որոնք այնտեղից բերեցին քերովբէների միջեւ նստած զօրութիւնների Տիրոջ ուխտի տապանակը: Հեղիի երկու որդիները՝ Օփնին ու Փենեէսը, Աստծու ուխտի տապանակի հետ գնացին: Երբ Տիրոջ ուխտի տապանակը բանակատեղի բերուեց, ամբողջ Իսրայէլը մեծաձայն աղաղակեց, եւ երկիրը թնդաց: Լսելով աղաղակի ձայնը՝ այլազգիներն ասացին. «Այս ի՜նչ բարձրագոչ աղա ղակ է եբրայեցիների բանակատեղիում»: Նրանք իմացան, որ Տիրոջ տապանակն են բերել բանակատեղի: Այլազգիները վախեցան ու ասացին. «Նրանց աստուածները եկել են բանակատեղի: Փրկի՛ր մեզ այսօր, Տէ՛ր: Վա՜յ մեզ, քանզի այսպիսի բան չկար երէկ ու նախորդ օրը: Վա՜յ մեզ, ո՞վ կը փրկի մեզ այդ հզօր աստուածների ձեռքից: Սրանք այն աստուածներն են, որ Եգիպտոսին ամէն տեսակ հարուածներ հասցրին նաեւ ամբողջ անապատում: Գօտեպնդուեցէ՛ք եւ տղամա՛րդ եղէք, ո՛վ այլազգիներ, չլինի թէ ստրուկ դառնաք եբրայեցիներին, ինչ պէս որ ձեզ նրանք ստրուկ եղան: Տղամա՛րդ եղէք եւ պատերազմեցէ՛ք նրանց դէմ»: Այլազգիները պատերազմեցին նրանց դէմ, եւ բոլոր իսրայէլացիները փախան դէպի իրենց յարկերը: Շատ մեծ կոտորած եղաւ, եւ իսրայէլացիներից երեսուն հազար հետեւակ ընկաւ: Աստծու տապանակը գերուեց, իսկ Հեղիի երկու որդիները՝ Օփնին ու Փենեէսը սպանուեցին: Այդ օրը մի համինացի մարդ բանակատեղիից վազելով եկաւ Սելով: Նա պատառոտել էր իր զգեստները եւ գլխին հող ածել: Երբ հասաւ, Հեղին տաճարի դռան առաջ նստած էր աթոռին ու ճանապարհին էր նայում, քանզի նրա սիրտը տագնապի մէջ էր Աստծու տապանակի համար: Այդ մարդը քաղաք մտնելով գոյժը հաղորդեց, ու քաղաքն աղաղակեց: Հեղին, լսելով աղաղակը, ասաց. «Այդ ի՞նչ աղաղակ է»: Մարդն շտապ եկաւ, որ գոյժը հաղորդի Հեղիին: Հեղին իննսունութ տարեկան էր, աչքերն այնքան էին տկարացել, որ չէր տեսնում: Հեղին իրեն շրջապատող մարդկանց ասաց. «Այս ի՞նչ աղաղակ է»: Մարդը շուտափոյթ մտաւ Հեղիի մօտ եւ ասաց նրան. «Ես եկել եմ բանակից, ռազմադաշտից այսօր եմ փախել»: Հեղին ասաց. «Ի՞նչ է պատահել, որդեա՛կ, պատմի՛ր ինձ»: Պատանին պատասխանեց. «Իսրայէլացիները այլազգիների առջեւից փախան, ժողովուրդը մեծ կոտորածի ենթարկուեց, քո երկու որդիները՝ Օփնին եւ Փենեէսը, սպանուեցին, իսկ Աստծու տապանակը գերուեց»: Եւ երբ նա յիշեց Աստծու տապանակը, Հեղին աթոռից յետ ընկաւ դռան մօտ, նրա ողնաշարը ջարդուեց եւ մեռաւ, քանի որ ծեր ու ծանրացած մարդ էր: Նա Իսրայէլի մէջ քսան տարի դատաւորութիւն էր արել:
Առակներ, 3. 11 – 4. 14
Որդեա՛կ, մի՛ անարգիր Տիրոջ խրատը եւ մի՛ դժգոհիր նրա յանդիմանութիւնից, քանզի Տէրը ում սիրում՝ նրան խրատումէ եւ պատժում նրան, ում ընդունում է որպէս որդի: Երանի այն մարդուն, որ իմաստութիւնկը գտնի, եւ այն մահկանացուին, որ հանճար կը ստանայ, քանզի իմաստութիւնն աւելի թանկ արժէ, քան ոսկու եւ արծաթի գանձերը: Այն առաւել յարգի է, քան անգին քարերը, եւ չկայ ոչ մի չար բան, որ հակառակ կանգնի նրան: Իւրաքանչիւրին, ով մերձեցել է իմաստութեանը, յայտնի է, որ այն ամէնը, ինչ յարգի է համարւում, չունի դրա արժէքը. քանզի նրա աջ ձեռքում երկար օրեր ուկեանքի տարիներ, նրա ձախ ձեռքում փառք եւ հարստութիւն կայ: Նրա բերանից բխում է արդարութիւն, իսկ իր լեզուի վրայ նա կրում է օրէնք ու ողորմութիւն Նրա ճանապարհները բարու ճանապարհներեն, եւ նրա բոլոր շաւիղները՝ խաղաղութեան: Նա կենաց ծառ է բոլոր նրանց համար, ովքեր ապաւինում են նրան եւ վստահութեամբ յենւում նրա վրայ, ինչպէս Տիրոջ վրայ: Աստուած իմաստութեամբ դրեց երկրի հիմքերը եւ իմացականութեամբ հաստատեց երկինքը, իր հանճարով անդունդներ բացեց, եւ ամպերն անձրեւներ տեղացին: Որդեա՛կ, մի՛ անտեսիր, այլ պահի՛րիմ խորհուրդներն ու իմաստութիւնը, որպէսզի ապրի քո հոգին, եւ դրանք քո պարանոցի վրայ զարդ լինեն, բուժում լինեն մարմնիդ համար եւ ոսկորներիդ համար՝ դարման: Եւ դու ապահով կը գնաս քո բոլոր ճանապարհներով, ու ոտքդ չի սայթաքի: Եթէ նստես, աներկիւղ կը լինես, եթէ քնես, քունդ անուշ կը լինի, եւ չես երկնչի յանկարծահաս սարսափներից, ոչ էլ ամբարիշտների վերահաս յարձակումներից, որովհետեւ Տէրը կը լինի քո բոլոր ճանապարհներիվրայ եւ ոտքդ հաստատուն կը պահի, որ չսայթաքես: Մի՛ յապաղիր կարօտեալին բարութիւնանել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան: Չասես թէ՝ «Գնա՛, կը գաս՝ վաղըկը տամ», մինչդեռ կարող ես բարութիւնդ անել, քանի որ չգիտես, թէ վաղն ինչ է բերելու քեզ: Չարիք մի՛ նիւթիր բարեկամիդ դէմ, որը քեզ վստահում է եւ յոյս է դրել քեզ վրայ: Զուր տեղը մի՛ թշնամացիր մարդու հետվիճելով, որ նա քեզ չարիք չպատճառի: Զգուշացի՛ր չարագործ մարդկանց նախատինքներից եւ մի՛ նախանձիր նրանց ճանապարհներին, քանզի անօրէնը պիղծ է Տիրոջ առջեւ եւ չի հաղորդակցում արդարների հետ: Տիրոջ անէծքն ամբարիշտների տներումէ, մինչդեռ արդարների տներն օրհնւում են: Տէրը հակառակ է ամբարտաւաններին. նա շնորհ է տալիս խոնարհներին: Փառքը պիտի ժառանգեն իմաստունները, իսկ ամբարիշտները պիտի բազմացնեն իրենց անարգանքը:
Որդինե՛ր, լսեցէ՛ք ձեր հօր խրատը եւ անսացէ՛ք ճանաչելու իմաստութիւնը, քանզի ձեզ բարի պարգեւներ պիտի տամ. մի՛ թողէք իմ պատուիրանները, որովհետեւ ես եւս հնազանդ որդի էի հօրսհամար եւ սիրելի էի մօրս աչքին: Նրանք սովորեցնում էին ինձ եւ ասում. «Թող մեր խօսքը հաստատուի քո սրտում, պահի՛ր մեր պատուիրանները եւ ապրի՛ր, իմաստութի՛ւն ձեռք բեր, խե՛լք ձեռք բերեւ մի՛ մոռացիր: Մի՛ արհամարհիր իմ բերանի պատգամները եւ մի՛ շեղուիր իմ շուրթերի խօսքերից: Մի՛ թող իմաստութիւնը, եւ նա կը պաշտպանի քեզ, սիրի՛ր այն, եւ նա կը պահպանի քեզ: Իմաստութի՛ւն ձեռք բեր, – ահա զգօնութեան սկիզբը, – եւ խելացի՛ եղիր քո կեանքի բոլոր ճանապարհներին: Պարփակուի՛ր իմաստութեամբ, եւ նա պիտի բարձրացնի քեզ, մեծարի՛ր այն, եւ նա քեզ կ՚առնի իր գիրկը: Նա շնորհի պսակ կը դնի քո գլխին եւ փառքի պսակով կը պահպանի քեզ: Լսիր՛, որդեա՛կ, եւ ընդունի՛ր իմ խօսքերը, եւ քո կեանքի տարիները պիտի շատանան, եւ պիտի աւելանան քո կեանքի ճանապարհները: Ես իմաստութեան ուղիներն եմ ուսուցանումքեզ, ես քեզ սովորեցնում եմ ընթանալ ուղիղ շաւիղներով, որպէսզի, եթէ գնաս, ընթացքդ չխափանուի, եթէ վազես, երբեք չյոգնես: Ամո՛ւր բռնիր իմ խրատը եւ բաց չթողնեսայն, այլ պահի՛ր, որովհետեւ քո կեանքն է այն: Մի՛ գնա ամբարիշտների ճանապարհով եւ մի՛ նախանձիր անօրէնների ճանապարհներին:
Երեմիա մարգարե, 2. 31 – 3. 16
Լսեցէ՛ք Տիրոջ պատգամը, այսպէս է ասում Տէրը. «Միթէ ես Իսրայէլի համար անապա՞տ եղայ կամ աւեր ու խոպանացեալ երկի՞ր, որ իմ ժողովուրդն ասաց. «Անտէրունչ կը շրջենք, բայց քեզ մօտ չենք գայ»։ Մի՞թէ հարսը կը մոռանայ իր զարդը, եւ կոյսն՝ իր լանջագեղ գօտին. իսկ իմ ժողովուրդն երկար ժամանակ մոռացաւ ինձ: Քո ճանապարհին ուրիշ ի՞նչ միջոցների պիտի դիմես՝ սիրոյ հաճոյք գտնելու համար. բայց դու ոչ միայն այդպէս արեցիր, այլեւ նոյնիսկ անզգամացար եւ պղծեցիր քո ճանապարհները: Քո ձեռքերի մէջ յայտնաբերուեց թշուառ ու անմեղ մարդկանց արիւնը. ոչ թէ վիհերում գտայ նրանց, այլ բոլոր կաղնիների մօտ: Դու ասացիր, թէ՝ «Անմեղ եմ, թող նրա բարկութիւնն ինձնից հեռանայ»։ Ահաւասիկ ես դատաստան եմ տեսնելու քեզ հետ, որովհետեւ դու ասացիր, թէ՝ չմեղանչեցի: Դու արհամարհեցիր ինձ՝ միշտ կրկնելով քո ընթացքը, բայց դու Եգիպտոսի՛ց էլ պիտի ամաչես, ինչպէս Ասորեստանից ամաչեցիր: Այնտեղից էլ պիտի դուրս գաս՝ ձեռքերդ գլխիդ վրայ բռնած, քանզի Տէրը մերժեց այն, որ քո յոյսն էր, եւ նրանով այլեւս յաջողութիւն չպիտի գտնես»:
«Եթէ մարդն արձակի իր կնոջը, եւ սա հեռանայ նրանից ու ամուսնանայ ուրիշ տղամարդու հետ, ապա նորից յետ գայ նախկին մարդու մօտ, արդեօք այդ կինը ամբողջապէս պղծուած չի՞ լինի: Իսկ դու պոռնկացար բազում առաջնորդների հետ եւ վերադարձար ինձ մօտ, – ասում է Տէրը:
– Բարձրացրո՛ւ աչքերդ, ուղիղ դէպի առա՛ջ նայիր եւ տե՛ս, թէ քո ճանապարհներին ո՛ւր ասես որ պղծութեամբ չթաթախուեցիր: Ագռաւի պէս մենակ ու անօգնական՝ նստեցիր այդ ճանապարհներին եւ քո պոռնկութիւններով ու չարութիւններով երկիրը պղծեցիր: Ի գայթակղութիւն քեզ՝ բազում առաջնորդներ ունեցար, պոռնիկ կնոջ կերպարանք առար եւ բոլորի մօտ կորցրիր քո ամօթը: Չընդունեցիր ինձ իբրեւ տաճար, իբրեւ Հայր եւ Իշխան քո կուսութեան: «Մի՞թէ Տէրը յաւիտեան բարկացած պիտի մնայ եւ բարկութիւնն ընդմիշտ պիտի պահի», – ահա այսպէս ասացիր դու, գործեցիր այդ բոլոր չարիքները եւ զօրացար»: Օսիա արքայի օրօք Տէրն ինձ ասաց. «Տեսա՞ր, թէ ինչ արեց Իսրայէլի այդ բնակչութիւնը. գաղտնի գնաց եւ այնտեղ, բոլոր բարձր լեռների վրայ ու բոլոր սաղարթախիտ ծառերի տակ, պոռնկացաւ: Այդքան պոռնկանալուց յետոյ ես նրան ասացի՝ «Ինձ մօտ դարձիր», բայց չդարձաւ: Նրա ցոփութեանն ականատես եղաւ ուխտադրուժ Յուդայի երկիրը: Երբ Իսրայէլի բնակչութիւնն ամբողջովին տարուեց շնութեամբ եւ բռնուեց դրա մէջ, արձակեցի նրան, ապահարզանի թուղթ տուի ձեռքը, ու ես տեսայ, որ նրա ուխտադրուժ քոյրը՝ Յուդան, չզարհուրեց, այլ գնաց ու ինքն էլ պոռնկացաւ: Նա իր պոռնկութեամբ, որ չնչին բան էր համարում, երկիրը պղծեց՝ քարի ու փայտի հետ շնանալով: Այս ամենից յետոյ, – ասում է Տէրը, – նրա ուխտադրուժ քոյր Յուդան չդարձաւ դէպի ինձ ամբողջ սրտով, այլ՝ դարձաւ ստութեամբ: Իսրայէլը, – ասում է ինձ Տէրը, – արդարացրեց իր ապստամբութիւնը՝ ուխտազանց Յուդայի համեմատութեամբ: Ահաւասիկ գնա՛ եւ այս պատգամները հռչակի՛ր հիւսիսի կողմերում՝ ասելով. «Ինձ մօտ դարձիր, ո՜վ դու Իսրայէլի բնակիչ, – ասում է Տէրը: – Ես ձեզ վրայ չեմ բարկանայ, քանզի ես ողորմած եմ, – ասում է Տէրը, ձեր դէմ յաւիտեան ոխ չեմ պահի: Բայց դու գիտակցի՛ր քո անօրէնութիւնները, որովհետեւ դու ամբարշտացար քո Տէր Աստծու դէմ եւ օտարների համար քո ճանապարհները տարածեցիր բոլոր սաղարթախիտ ծառերի տակ, իսկ իմ ձայնը չլսեցիր, – ասում է Տէրը:
– Ինձնից հեռացա՛ծ որդիներ, դարձէ՛ք ինձ մօտ, որպէսզի ես ձեզ տիրեմ, – ասում է Տէրը:
– Կառնեմ ձեզ, ամէն քաղաքից՝ մէկին եւ ամէն ցեղից՝ երկուսին, ու կը տանեմ ձեզ Սիոն: Իմ սրտին հաճելի առաջնորդներ կը տամ ձեզ. թող նրանք իմաստութեամբ հովուութիւն անեն ձեզ: Ու երբ երկրի վրայ այն օրերին դուք բազմանաք ու աճէք, – ասում է Տէրը, – այլեւս չեն ասելու՝«Իսրայէլի Սուրբ Ուխտի տապանակը» չի յիշուելու այն, նրա անունն այնտեղ չի տրուելու, այլեւս չի փնտռուելու այն եւ չի վերաշինուելու:
ՏՈՆԱՑՈՒՅՑ
ԺԱ. օր Մեծի Պահոց։
Հրց. ակ. Դ. Օրհնեալ եւ փառաւորեալ:
0 կարծիք