Այսօր առաջարկում ենք ընթերցել.
Սուրբ Ղունկիանոս քահանան,
Սուրբ Տարագրոսը, Պրոպոսը և Անդրոնիկոսը,
Սուրբ Ոնեսիմոսը։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Իմաստություն Սողոմոնի, 9. 9-12
Քեզ հետ է նաեւ իմաստութիւնը, որ գիտի քո գործերը, քեզ մօտ էր նա, երբ դու արարում էիր աշխարհը, եւ գիտէր, թէ որն է հաճելի քո աչքին ու որն է քո պատուիրաններին համապատասխան։ Առաքի՛ր դրան քո սուրբ երկնքից, քո փառքի աթոռից ուղարկի՛ր դրան, որ գայ եւ տեղ գտնի իմ մէջ, եւ ես գիտենամ, թէ ինչն է հաճելի քո առջեւ, քանզի նա գիտէ ամէն ինչ եւ խելամուտ է բոլորին, իմ գործերի մէջ ինձ կառաջնորդի զգաստութեամբ եւ իր փառքով կպահպանի ինձ, իմ գործերն ընդունելի կլինեն, ես արդարութեամբ կդատեմ քո ժողովրդին եւ արժանի կլինեմ իմ հօր գահին։
Եսայի մարգարե, 41. 15-19
Ահա քեզ դարձրի սղոցատամ կամնասայլի նոր անիւների պէս. լեռները պիտի կալսես, բլուրները պիտի մանրես, փոշու պիտի վերածես դրանք ու քշես տանես։ Հողմերը պիտի տանեն դրանք, եւ մրրիկները պիտի ցրեն։ Բայց դու ուրախ պիտի լինես Տիրոջով՝ Իսրայէլի սրբով։ Պիտի ցնծան տնանկներն ու չքաւորները, որոնք ջուր էին փնտռում ու չէին գտնում, եւ նրանց լեզուները ծարաւից ցամաքում էին։ Ես՝ Տէր Աստուածս, Իսրայէլի Աստուածս, կը լսեմ նրանց եւ չեմ լքի նրանց։ Գետեր կը բխեցնեմ լեռների վրայ եւ դաշտերի մէջ՝ աղբիւրներ, անապատը կը վերածեմ ջրերի լճակների եւ տոչորուած երկիրը՝ վտակների։ Անջրդի հողում մայրի ու տօսախ, մրտենի ու նոճի, սօսի ու դափնի, սոճի ու կաղամախի, գիհի ու ձիթենի կ՚աճեցնեմ։
Պողոս Առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին, 2. 14-17
Արդ, գոհութիւն Աստծու, որ Քրիստոս Յիսուսով մեզ միշտ յաղթութեան է տանում եւ իր գիտութեան բուրմունքը մեզնով սփռում է ամէն տեղ, քանի որ Քրիստոսի բուրմունքն ենք Աստծու առաջ՝ ե՛ւ փրկուածների մէջ, ե՛ւ կորստեան մատնուածների մէջ. ոմանց՝ մահուան հոտ, որ տանում է դէպի մահ եւ ոմանց՝ կենդանութեան բոյր, որ տանում է դէպի կեանք։ Եւ ո՞վ է կարող այս բանն անել. քանզի նման չենք ուրիշների, որ Աստծու խօսքի վաճառքով են զբաղւում, այլ, իբրեւ անկեղծ մարդիկ, իբրեւ Աստծու կողմից ուղարկուածներ, խօսում ենք Քրիստոսով Աստծու առաջ։
Ավետարան ըստ Ղուկասի, 6. 13-21
Եւ երբ լոյսը բացուեց, կանչեց իր աշակերտներին եւ ընտրեց նրանցից տասներկուսին, որոնց եւ առաքեալներ անուանեց. Սիմոնին, որին էլ Պետրոս կոչեց, եւ Անդրէասին՝ նրա եղբօրը, Յակոբոսին, Յովհաննէսին, Փիլիպպոսին, Բարթողոմէոսին, Մատթէոսին, Թովմասին, Ալփէոսի որդի Յակոբոսին, Սիմոնին՝ Նախանձայոյզ կոչուածին, Յակոբի որդի Յուդային եւ Իսկարիովտացի Յուդային, որը եւ մատնիչ եղաւ։ Եւ նրանց հետ միասին իջաւ մի տափարակ տեղ, ուր նրա աշակերտների խումբը եւ ամբողջ Հրէաստանից ու Երուսաղէմից եւ այն կողմերից եւ Տիւրոսի ու Սիդոնի ծովեզրից շատ մեծ բազմութիւն եկել էր լսելու նրան եւ բժշկուելու իրենց հիւանդութիւններից։ Եւ պիղծ ոգիներից տառապողները բժշկւում էին։ Եւ ամբողջ ժողովուրդն ուզում էր նրան դիպչել, որովհետեւ նրանից մեծ զօրութիւն էր դուրս գալիս եւ բժշկում բոլորին։ Եւ Յիսուս աչքերը բարձրացրեց իր աշակերտների վրայ ու ասաց.
– Երանի՜ հոգով աղքատներիդ, որովհետեւ Աստծու արքայութիւնը ձերն է։
ՏՈՆԱՑՈՒՅՑ
ԲԿ. Սրբոցն Ղունկիանոսի քահանային, Տարագրոսի, Պրօպոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմեայ եւ այլոց աշակերտացն սրբոյն Պօղոսի։
Օրհ. դկ. Իմաստութիւն երկնային, իւր սարօքն։ Մնկ. եւ հմբ. ակ. Աշակերտք Քրիստոսի։ Ժմտ. Առաքեալք եւ վկայք։ Ճշ. շրկ. ակ. Որ սիրողդ էք։
0 կարծիք