Մոլուցք

Started by Mariam, November 11, 2006, 09:37:17 PM

Previous topic - Next topic

Mariam

Մեր բոլորիս ունեցած հուզմունքների մասին, անդրադառնամ այստեղ:
Երբ աշջիկս դժգոհում է, նրան հիշեցնում եմ հավիտենական կյանքում վայելելիք անհուն ու անամպ երջանկությունը.. Տատս միշտ կրկնում էր.« Համբերի'ր»: Հավատո՞ւմ ենք ի Քրիստոս:
Ֆրանսիայում, երբ մի երեխա ընկնում է, ձեռքն ու ծունկն' արյունոտ, նրան մխիթարելու փոխարեն, ասում են' « Ոչի՛նչ, մեծանում ես»:
Մեծանում ենք, երբ անդրադառնում ենք, որ սխալ ենք սիրել, սխալ ակնկալություն ենք ունեցել մարդկանցից: Ոչի՛նչ, եթե ընկնենք, ու արյունոտ սրտով' լանք: Մեծանո՛ւմ ենք, տիրապետում ենք մի քիչ ավելի մեր ակնկալություններին ու զգացմունքներին:
Սրբերը անընդհատ մեզ զգուշացնում են մեր հուզմումքերի դեմ, ասում են' անամպ երջանկություն է , այսինքն դրախտային երջանկություն է, չհուզվել աշխարհական երևույթներից, մարդկանցից չակնկալել Սերը, ու ամբողջ սերը նվիրել Աստծու, որպեսզի... ավելի լայնորեն ու խորը սիրենք, ճշմարիտ Սիրով սիրենք ե'վ Աստծո, ե'վ մեր սիրելիներին: Այս գանձի տիրանալու համար, ճգնավորները նվիրել են իրենց ամբողջ կյանքը: Մենք անտեսե՞նք:
Նախ և առաջ ես ի'նձ ուղղեմ այս հարցը. ըմբռնե՞լ եմ այն, ինչի մասին խոսում եմ:
Հազար շնորհակալություն այն քահանային, որ մեզ է տվել միասին լինելու այս բացառիկ երջանկությունը, միասին ապրելու, մեր կրքերին տիրանալու և մեծանալու այս բացառիկ միջոցը:

«Կիրք» բառը հասկացե'ք այս նշանակությամբ՝
Հոգեկան հուզմունք,գրգիռ՝ սաստիկ զգացումից:

Mariam

Այս թեմայում ձեզ առաջարկում եմ քննել այն կրքերը' հպարտությունը, նախանձը, ատելությունը, բարկությունը ևայլն, որոնք մեր կյանքը պղտորեցնում են, նրա ընթացքը' կանգնեցնում, ճահճացնում, ու մեզանից խլում է ահագին ժամանակ, որը կարողանում էինք օգտագործել լավ ու բոլորի համար օգտակար ու շինիչ գործեր ու ստեղծագործություններ կատարելու համար:
Այս թեման որևե անձնական վիրարորանքի  նպատակ չի հետապնդում, ու բոլորս մեր սեփական անձի մասին ենք խոսում, ու սեփական փորձառության մասին:

Legna

Իմ  համար կիրք բառը բացասական չէ գիտեք, բայց ինչի  14:)
երևի զգացմունքի հետ եմ նույանցնում ,հմ 36:)
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Mariam

#3
Հազար ներողություն. ինձ ասվեց, որ սխալ թարգմանություն եմ տվել «կիրք» բառին, որ արդի հայերենով կորցրել է «մոլուցք»ի նշանակությունը:Մալխասեանց բառարանում գրված է.
«ԿԻՐՔ.
-1- Զգացողություններ,որ մարդ կրում է իր մեջ:
-2-Ներքին զգացում ուրիշի վերաբերմամբ: Մայրաքան ' ծնողական կիրք, հայրենասիրական կիրք
- 3- Հոգեկան հուզմունք,գրգիռ՝ սաստիկ զգացումից: Մարդ պետք է կարողանա իւր կրքերը զսպել: Իւր կրքերին անձնատուր է եղել: կրքից կուրացած մարդ:           
- 4- Յատկապես՝ բարկություն, զայրութ: Կիրքը ելած ժամանակ նա ընդունակ է ամեն տեսակ յիմարությունների:   
-5- Սեռական տառփանք, ցանկություն
-6- Որոշ տրամադրություն դեպի մեկը կամ մի բան, աչառություն:     
Հուսով եմ, որ հասկացել եք, որ բառի 3րրորդ ու 4րորդ իմաստով եմ գործածել այս բառը, որը փորձել եմ փոխարինել «մոլուցք» բառով: Երբ «կիրք» բառ եմ գրել, երրորդ և չորրորդ իմաստ եմ տվել նրան: - 5երրորդ իմաստը արդիական արևելահայերենի մեջ ավելի ճանաչված է, բայց հեռու էր իմ մտահորիզոնից: 

Հեղինե,«կիրք» ինձ համար տարբեր նշանակություն ունի, քան «զգացմունք»: Ավելի ուժեղ է քան «զգացմունք» կամ «հուզմունք»: Կրքերը իրենց հետ բերում են հուզմունքերի մի աշխարհ, բայց  հուզմունք կա, զգացում կա,որոնք կրքերից չեն բխում:
Կիրք եմ անվանում մեր սրտում բույն դրած մի մոլություն – որը ավետարաններում  կոչվում է «դև» անունով -, որը մեզ այնքան մտերիմ է դարձել, որ, նրա ներկայությունը չենք իսկ նշմարում, բայց իսկապես մեզ մոլորեցնում է, այն իմաստով, որ աշխարհը ՆՐԱ չափով ենք չափում, ու նա դաժան բռնակալի նման իշխում է մեր հուզական աշխարհի վրա:
Երբ անդրադառնում ենք, որ նա կործանարար ազդեցություն է ունեցել մեր – ու մեր շրջապատի անձանց – վրա, ամաչում ու ձևով մը «խոստովանում» ենք, անչափ մե՛ծ խաղաղություն ենք ճանաչում: Այս խաղաղությունը շուտով կարող է փշրվել, նամանավանդ երբ մոլությունը «7 դևի չափ » ուժեղ էր մեր սրտում, մեզ «շղթայում» էր, և զգետնում: - նրա նկարագրելու համար ավետարաններում օգտագործված դարձվածքներ են, որոնք այս իրականության իրական պատկերներ են, դևերի իրական նկարագրություն են   «Զգետնում էր» այն իմաստով, որ մեր մարդկայնությունից մեզ զրկում էր, մերկացնում:
Երբ նա հեռացել է մեզանից, Հիսուսը ազդարարում է զգուշանալ ու արթուն մնալ, որպեսզի նա, նրանից եօթն անգամ ավելի զորեղ դևրի հետ ետ չվեռադառնա ու մեր կործանման պատճառ չհանդիսանա: Ուրեմն, նրան ճանաչում ենք նաև նրա բացակայության մեջ մեր սրտի վրա տիրող անդորրությամբ: Անդորրություն մը, որը առաջին պայման է Քրիստոսի գալստի համար:
Առաջին կիրքը, որի մասին ցանկանում եմ խոսել, «սիրվելու ցանկությունն է»: Երևի բոլոր անոնք, որոնք ծնղական պակաս սիրով են «սիրվել, չսիրվել»,կամ նրանք, որոնք այս կամ այն պատճառով նման չեն իրենց երազածին, ճանաչում են այս մոլության կործանարար դերը իրենց կյանքում: Դիմացինը դառնում է «մեզ սիրելու», ծնողական կամ մենք' մեր սեփական անձի նկատմամբ ունեցած սիրո պակասը դարմանելու «միջոց», ու երևի նա պատրսատ չէ այս դերը կատարելու, և բոլոր թյուրիմացությունները սրանից բխելու են անպայման ու ազդեցություն ունենում ուրիշների հետ հաստատված մեր փոխադարձ հարաբերությունների վրա:
Ինչո՞ւ ենք մենք, Սուրբ Հաղորդության' մեր հանդեպ Աստծու ունեցած անհուն Սիրո իրականության փաստը չենք ընկալում մեր սրտի ամբողջ ուժով: Որովհետև խավարած են ե'վ մեր միտքն ե'վ մեր հոգին: Մթագնած են մոլությունների կողմից, որոնք մեզ արգելք են հանդիսանում ճանաչելու մեր Արարչի Սերը:
Երբ մեր Արարչի հանդեպ կդադարի մեր բողոքը' ինչո՞ւ չտվեցիր ինձ սիրող ծնող, ավելի կատարյալ սիրով սիրող ծնող կամ ամուսին, ինչո՞ւ ինձ օժտել ես այնպիսի մտային կամ մարմնական թերություններով, ոչ շատ «շնորհներով», ինչո՞ւ ծերություն ու մարմնի տգեղացում, ինչո՞ւ հիվանդություն... Երբ կդադարենք բողոքել, կանդրադառնանք, որ 'Սուրբ Պողոսի խոստովանածի համաձայն, հենց մեր տկարությունների միջից, մեր թերությունների միջից ու միջով, սրանց միջոցով են թափանցում աստվածային Լույսն ու Սերը ու հասնում մեր սրտին: Չքննադատեմ Աստուծո, այլ ընդունեմ, որ Նա հենց այսպե'ս է ինձ ցանկացել ու սիրել աշխարհ ստեղծելուց առաջ իսկ: Իր ինձ տվածով ու չտվածով բառավորելու եմ Նրան:
Ուստի, աջ ու ձախ չփնտրեմ այն, ինչ իմ սրտում է: Ու գտնելով Նրան ու Նրա Սերը, բավարարված զգամ ու բուժվեմ մեկ անգամից սիրվելու մոլի ցանկությունից ու նրանից բխած նախանձից:


Mariam

#4
Ի՞նչ ասեմ' մեծամոլության , ստախոսության, մարդկանց խափելու մոլուցքների մասին:Վա՛յ նրան, որին տիրապետուն են այնպիսի մոլուցքները: Նա զրկված է ինքնիրեն տեսնելու հնարավորությունից: Նա, ով մյուսին չի հարգում, Աստծու'ն է  խափում, չի ճանաչում Աստծուն, ու ինքնիրեն իր գեղեցկությամբ չի ճանաչում: Վտարված է հավիտենական այն Արքայությունից, որի մեջ արդեն ապրում է աստվածավախը:
Նա թափառում է աշխարհի ամենեն դաժան վայրերի մեկից դեպի մյուսը, ու չի կարողանում մոտենալ Նրան, որ միայն Ճշմարտություն է ու Սեր: Երանի՛ այն մարդուն, որի մասին Հիսուսը կասի.« Ահավասիկ' իսկական Իսրայելացի, որի մեջ նենգությիւն չկա»: Ու անոր հրավիրում է Նրա հետևից քայլել: Ընդհակառակը, ինչպիսի ոլոր-մոլոր ճանապարհներից ու տառապանքներից անցնելու է մոլուցքից կուրացածն ու ստախոսը, մինչև հասկանա, որ իր սեփական դժբախտություն է նա փորում ու պատրաստում: Չկա հանգիստ մոլուցքների աշխարհում: Սատանա մեզ խափում է « Աստվածների նման կլինեք», բայց իրականում ամենեն դժբախտ էակներին են վերածվել' մենակ, եղբայրներից ու Աստծուց հեռու:
Հիսուսի առաջարկած բժշկությունը բոլորին է պարգևած, չկա մի մոլուցք, որ Ավետարանի ու Քրիստոսի ուժին դիմանա: Մեծ է Տիրոջ գթասրտությունը, Նրան անկեղծորեն մոտեցողին անհնարին է, որ չճանաչի Աստծու Սերն իր նկատմամբ, կճանաչի մոլուցքից ազատված լինելու, ու նորից Քրիստոսի Մտերմության մեջ գտնվելու քաղցրությունը: Կրքոտ մարդը իր հոգու գերեզման է փորում, զղջացողն ու ապաշխարողը իր հոգու փրկության համար է աշխատում ու արդեն ճաշակում փրկության քաղցր պտուղները: Եվ սրանք, ոչ թե լոկ օդի մեջ ասված խոսքեր են, այլ ներքին ու Աստծու հետ մեր ունեցած ճշմարիտ հարաբերության իրականությունը:
Ինչպիսի մեծ դժբախտություն է' Աստծու հետ հաղորդակցությունից զրկվելը: Չկա այս աշխարհում ո'չ մի բան, որը վեր լինի Աստծու հետ լինելու երջանկությունից:
Քրիստոսի այս խոսքը հաճախ եմ լսել, բխում է Իր անհուն Սիրուց.
«Ջանս, հավատո՞ւմ ես: Ինձ համար անհնարին բան չկա:»

Mariam

Ինչպիսի ողորմելի մոլություն է մեծամոլությունը: Անպայման նրանով տառապող մարդը անհավատ է լինում, որովհետև անկարելի է հպարտանալ Աստծու առաջ: Ինչպիսի ծիծաղելի պատկերացում ունի իր կյանքի նշանակության մասին, այն մարդը, որ իր սեփական փառքը որոնելիս անտեսում է Աստուծո: Եթե պահ մը մտածենք մեր մեղավորներիս ողորմելի վիճակի մասին, կհասկանանք, որ մեծամտելով ապացուցում ենք միմիայն մեր տգիտությունը:
Փառամոլությամբ տառապողները գտնվում են ամենուրեք, սրանք աշխատում են նախ և առաջ հասարակությունից ստացվելիք ճանաչողության համար: Ու նետվում են գործի մեջ, ինչպես փրկարարի գիրկը: Նյութական առավելության կամ փառքի որոնում, հարգելի ու «նախանձելի» դիրքը ընկերությունում կլինեն այս աշխարհում իրենց ստացած հատուցումը: Ինչպե՞ս ապրելու են ծերությունն ու իշխանության կորուստը, եթե ամբողջ ուժով փորձել են այս աշխարհից ստանալ առավելագույն փառքն ու պատիվը, անտեսելով հոգևորը :
Ագահը իրեն զրկում է Աստծու առատաձեռնությունից, ստախոսը' աստվածային ճշմարտությունից, դրամասերը' իր կյանքի իրական արժեքից, պոռնկացողը' իրեն պարգևած հարգանքից... Բոլոր մոլությունները հեռացնում են հոգևոր հարուստ գանձից, որը ընկերակցում է առաքինասերին և որում նա գտնում է անսահման ուրախության աղբյուր :
Դրա համար մոլությունը հոգևոր կորուստ է, հետ-քայլ դեպի անբան վիճակին, երբ մարդը անհաղորդ է Աստուծո ու հոգևոր արժեքների հետ:
Մոլություներից մեկն ու մեկից ամեն ոք է տառապում: Աստուծո գովաբանության պատճառ են հանդիսանում, երբ հիվանդը գիտակցում է հոգեկան իր հիվանդության, ու ճարահատ դառնում է դեպի Աստված, և աղոթում ամենակալ ու գթացող Տիրոջը: Գինեմոլը իր հոգում իր մոլությունից հրաժարելու ուժ կստանա, ու հավերժ կհեռանա այն մոլությունից որով դժբախտացնում է ե'վ իրեն, ե'վ մտերիմներին: Ստախոսը կըմբռնի ճշմարտության քաղցրությունը, որից ալ չի ցանկանա բաժանվել: Շնացողը կզզվի ամեն տեսակի անպարկեշտություններից, որով լցված էր իր սիրտն ու նրան դարձրել էր անկարող սիրելու, սրտի անդամալույծ: Բարկացկոտը կգտնի հոգու խաղաղությունը, որով կխաղաղեցնի ուրիշներին: Զանազան բարդույթներից տառապողը կտեսնի իր ունեցած իրական ու անփոխարինելի արժեքը Աստուծո Սրտում, ու վերջապես բավարարված' կդադարի իր կյանքի արդարացում որոնելու Աստծուց դուրս, կհանգստանա աստվածային անհուն սիրո մեջ, ու կլինի մխիթարանքի ու սիրվելու վստահության պատճառ ուրիշների համար:
Մեր բոլոր հիվանդությունները Աստուծո բարաբանելու առիթ թող լինեն, երբ հանգստացած հոգով մեզ կդիտենք հենց Աստուծո հայրական աչքերով: Ամեն վախ չքանում է, ամեն թյուրիմացություն ջնջվում է Աստուծո մասնավոր Սիրո մեջ:


Mariam

 Շատ դժվար է սակայն Հիսուս Քրիստոսի լույսին առջև բացել մեր սիրտն ու հոգին, գալ առ լույսը: Խավարում թափառող մարդը նախընտրում է խավարը ու վախենում է լույսից: Վախենում է մերկանալուց իր մոլությունից, ու անդրադառնալուց, որ իր ամբողջ կյանքը – կամ գոնե իր կյանքի զգալի մասը – կառուցել է ցնորքի ու պատրանքի վրա: Մոլությունը լցրել է իր առօրյան ու թափանցել նրա մտքից ու հոգուց ներս, և իր կյանքի հավասարակշռությունը կառուցել է իր մոլությունների վրա: Հրաժարվել մոլությունից նշանակում է զգալ այն պարապը, որ լցրել էր մեր կյանքը: Բայց ինչքա՞ն մարդը ցանկանում է գիտակցել իր սեփական խեղճությանը:
Ի՞նչ կլինի, եթե ծերության շեմին նա անդրադառնա, որ իր ամբողջ կյանքի տևողության տառապել է «նախանձով», որը կլլեր է իր կյանքի ամենեն ուրախ օրերն անգամ: Ու ի զուր ու սխալ տեղ փնտրել է այն սերը, որ իրենը պետք է լիներ ծնվելիս,նրա փոխարեն նախանձը մտել է նրա օրորոցում, նրանից անգիտակցաբար, ու ընկերացել է երեխային, պատանուն ու չափահասին դունավորելով նրա ամբողջ կյանքը:
Ցանկանալ մերկանալ մոլություններից նշանակում է ընդունել Աստծու ու մարդկանց առաջ ներկայանալ այնպես, ինչպես կայինք ծնվելիս: Չեմ վախենում իմ անզարդ տգեղությունից, որովհետև Դո'ւ Տեր ես մենակ գեղեցկությունը: Չեմ վախենում իմ տգիտությունից, որովհետև Դո'ւ ես մեզ տալիս Քո իմաստությունը: Չեմ վախենում երևնալուց մերկ բոլոր առաքինություններից, որովհետև վաղուց գիտեմ, որ ոչ մի առաքինության տեր եմ: Չեմ վախենում ներկայանալուց ձեռնունայն' բարեգործություններից զուրկ, որովհետև Դո'ւ ես մենակ Բարին: Չեմ վախենում անգամ ասելուց, որ կորցրել եմ իմ կյանքը ուրվականների հետևից վազելիս, որովհետև ահավասիկ հանգստանում եմ Քո Խաղաղության մեջ, և նա անգին է:
Փնտռել ենք այն, ինչ որ մեզ պետք չէր, անօգուտ ու վնասակար: Խափել ենք մենք մեզ: Հիմա քո առաջ կանգնում ենք շփոթահար ու ամաչկոտ: Իմ սխալներիս գիտակից եմ, գոնե իմ սխալներից այն մեծ բաժնին, որ քողազերծել ես իմ աչքիցս:
Չունեմ ինձ արդարացնելու ցանկություն, և ոչ' աղաչելու ուժ:
Մի՞թե այս ամենը, զոր արել ենք, մեր հույսերը' ճիշտ կամ սին, մեր փնտրտուքը' սխալ հասցեագրված, այս ամբողջ վազվզուքը հանգում է լռության մեջ:
Մի՞թե միայն Քեզ պետք է փնտրեի: Մի՞թե աղոթելուց վերև չկա ոչ մի իրականություն, որով իմ կյանքն արժեքավորվի:

Mariam

#7
Օրհնում եմ իմ սկսվող ծերությունը, օրհնում եմ իմ մարմնի գտած անդորրությունը, ու այն, ինչ առաքինություններով չէի կարողանում ձեռք ձգել, հիմա Դու պարգևեցիր ինձ, մեր կյանքի Տէր ու Տնօրինող՝ մեր խնամակալ Աստված: Կարծես, ծերությո'ւնն է ինձ պարգևել ցանկալի իմաստությունը, որին անկարող էի մենակս տիրանալու:
Քեզ օրհնում եմ մեզ տվածդ երիտասարդության ու ծերության համար, որովհետև ամեն բանին տնօրինում ես հայրական սիրով, տալիս ես ճիշտ ժամանակին այն, ինչ որ անհրաժեշտ է մեզ: Եվ ինչպես մայրական կաթը փոխվում է ծծկեր երեխայի տարիքի համաձայն - օրից օր մայրական կաթի բովանդակությունը փոխվում է ըստ ծծկեր երեխայի փոփոխվող մարմնական կարիքներին - նրան պարգևելով ճիշտ իր աճման համաձայն անհրաժեշտ ու կատարեալ սնունդը, այնպես մեզ կերակրում ես ըստ մեր հոգևոր ու մարմնական տարիքին: Մեր մարմինը ծառայեցնում ես հոգևորին, երբ առաջինի տկարությունը մեզ ձգում է դեպի հոգևորը, մեր կամքից անկախ կամ մեր կամքի հակառակ մեզ հրաժարեցնելով մեր վատ սովորություններից: Այսպես, ծերությունը մի անգնահատելի պարգև է, որի արժեքը նոր եմ սկսել ճանաչել: Նրա դպրոցում բոլորս աշակերտելու ենք, ու նրա շնորհիվ բոլորս առաջադիմելու ենք, ու մոտենալու և հասնելու ենք Քեզ, որով կիրականանա մեր կյանքի նպատակը: Քո նպատակը մեզ համախմբելն է Քո օթեվաններում և Քո հայրական հոգատարությամբ մեզ ձգում ես դեպի այն երկնավոր օթեվանները, ուր միայն սեր կա: Սովորեցնում ես մեզ Սերը ու ծերությունը մեր վերջին բայց փորձառու դաստիարակ է:
Քո տված խաղաղությունն ու երջանկությունը գերազանցում են մեր երազածներին: Սովորեցնում ես մեզ ճանաչել Քո Սիրույն ու գոհանալ՝ լիություն գտնել Նրանով: Ծերությունը մի դպրոց է, ուր հրաժարվում ենք մեր վերջին մոլություններից և ուր սովորեցնում ես մեզ Քո Սիրո բացարձակ արժեքը:

Mariam

#8
Աղջկաս սովորեցրել եմ մի «հնար», որին կարող է դիմել ամեն անգամ, երբ զգում է թե ... իր ճանաչած մոլությունը նորից է հայտնվում : Հասկացավ ամենակարևորը՝ այն է , թե այս «մոլությունը» անմեղ չէ, անվնաս չէ, այլ իսկապես ավերներ է գործում նրա և նրա շրջապատի մարդկանց վրա: Եվ հասկացավ նաև, թե հարկավոր է այս մոլության դեմ պայքարել հոգևոր զենքով՝ աղոթքով: Բացատրեցի նրան, թե սրբերը մեզ պաշտպանում են իրենց հզոր աղոթքով: Մոլության դեմ պայքարելիս մեծ օգնականներն են նրանք՝ սրբերը՝ փորձառու բարեխոսները: Աղջիկս հասկացավ, թե հարկավոր է նաև այս մոլության մեր մտքում հայտնվելո'ւ պես, նրան վռնտել մեր մտքից: Տեղ չտալ նրան:
Ու ճաշի ընթացքին, նկատել եմ, որ Հռիփսիմեն դառնում է ու նայում պատից կախված Սուրբ Մարիամ Աստվածածնի սրբապատկերին: Իմ հարցիս իբրև պատասխան, իր անմեղության մեջ ինձ բացատրեց, թե աղոթում է Սուրբ Մարիամ Աստվածածնի, որպեսզի այս չար միտքը վանի իրենից:
Աղջկաս մղած հոգևոր առաջին պայքարներն են:

Mariam

#9
Նույնպես, բարկությունը զինաթափում ենք աղոթքով: Երբ զգում ենք, թե անձնապես մենք կամ դիմացինը բարկության ազդեցության տակ ենք գտնվում, մեզ միշտ կհաջողվի բարկությունը մարել աղոթքով: Ընդհանրապես այս պահին ինձ անհնարին է «Հավատով Խոստովանիմ» ասել. դրա համար պիտի գտնվեմ հոգու խաղաղության մեջ: Երբ բարկության վտանգն եմ զգում, ապավինում եմ Սուրբ Մարիամ Աստվածածնի բարեխոսությանը: Ու ինչպիսի անճառելի հրաշքով, միշտ, ամեն անգամ երբ նրա բարեխոսությանն եմ դիմել, կատարվել էր այս «փոքրիկ» հրաշքը. իմ ու դիմացինի բարկությունը մարել է իբրև բոց բարեբեր անձրևի տակ: «Օժանդակեա' թեւոցդ աղօթիւք...»

Նոր եմ հասկացել, թե ինչպիսի ահռելի հետևանք է ունենում մոլություններից թերևս ամենեն ատելին՝ անզիջողությունը: Անզիջողությամբ կարող եմ մարդուն հոգով սպանել:
Ընդունել մեր սխալական լինելը, դա մեր կարևորագույն պարտականությունն ու մեծագույն առաքինությունն է: Ընդունել, որ բոլորս սխալական մարդիկ ենք, ու համբերությամբ լցվել ե'վ սեփական , ե'վ ուրիշների սխալների նկատմամբ:
Անտարակույս, երբ անկեղծորեն համոզված ենք, թե ճիշտ ենք, այդ պահին պետք է գիտակից լինենք, թե իրավացի ու ճշմարտության մեջ գտնվելու գիտակցությունը մոլորեցնող զգացում է: Ամեն պահին պիտի մտաբերեմ այն պարզ ճշմարտությունը՝ սխալական ԵՄ ԵՍ:  Դրանով համոզվելու մեջ է թագնված մեր ու դիմացինի հոգու խաղաղության գաղտնիքներից մեկը:
Երբ ուրիշների սխալի նկատմամբ մեր ցուցաբերած անզիջողությունը վերաբերում է երկրորդական բաներին, կամ նույնիսկ առաջնահերթ բաներին, կարող ենք համբերությամբ սպասել, որպեսզի դիմացինը ինքնուրույն կերպով հասկանա ու փոխվելով փոխի խնդրո առարկա որոշումը: Ամեն ինչ կռվից ավելի նախընտրելի է: Համբերությամբ օժտվել ու աղոթել: Աղոթել որպեսզի Աստված մեր բոլորիս ցույց տա Իր միակ ճիշտ կամքը:
Կարևոր խնդիրներում, օգտակար կամ անհրաժեշտ է դիմել քահանայի աղոթքին: Ու եթե ճիշտ էինք մտածում, տեսնում ենք, թե իրապես կարճ կամ երկար ժամկետից հետո, փոխվում է դիմացինի ընկալումն ու ընթացքը:
Մյուս՝ երկրորդական խնդիրների վերաբերյալ, պարտ եմ հիշելու, որ ամեն ինչից վեր գերադասեկի է բարեկամ մը շահելու հանգամանքը, ու չկա ավելի անցանկալի հետևանք, քան բարեկամի մը կորուստը:
Գիտենալ լռել ու սիրո համբերությամբ սպասել դիմացինի հասկացողություն գալուն, մեզանից հեռացնում է բարեկամի վշտացնելուց առթած խոր ու անդարմանելի  տխրությունը:
Աղոթել, որպեսզի Աստված լուսավորի մեր սեփական միտքն ու Իր իմաստությունը մեզ հայտնի, ինչպես՝ բոլորին:

Եթե իմ իրական անզիջողությամբ վշտացրել եմ մեկին ու մյուսին, հարմար առիթն է այստեղ անկեղծորեն ներողություն խնդրելու: Անտանելի զգացում է՝ մտածել, որ անգիտակցությամբ կարողացել եմ մեկու մը խրովեցնել ու վշտացնել: