Սովորեցնում եմ գրաբար

Started by Masnaget, February 27, 2008, 05:50:59 PM

Previous topic - Next topic

Mard

#20
Quote from: Masnaget on March 07, 2008, 07:07:26 PM


Մարդ-Պատահում էր, որ զրույցի ավարտին գրկում էին ինձ, համբուրում գլուխս, կուրծքն ու ձեռքերս: Ոմանք անգամ դիպչում էին իմ ծնկներին` կոչելով ուսմունքս առաքելական՚, - հիշում էր նա:



Պատահում էր, որ զրոյցի ավարտին գրկում էին ինձ, համբուրում գլուխս, կուրծքն ու ձեռքերս: Ոմանք անգամ դիպչում էին իմ ծնկներին` կոչելով ուսմունքս առաքելական՚, - հիշում էր նա:



:)

Masnaget

#21
Ընդհանուր նկատառումներ` Մարդու, Սաթենիկի և Հասիկի համար

Մարդ-Պատահում էր, որ զրոյցի ավարտին գրկում էին ինձ, համբուրում գլուխս, կուրծքն ու ձեռքերս: Ոմանք անգամ դիպչում էին իմ ծնկներին` կոչելով ուսմունքս առաքելական՚, - հիշում էր նա:

Այո, լավ է: Շնորհակալ եմ:
Մի երկու հավելում.
Աշխարհաբար-զրույց
Գրաբար-զրոյց
Աշխարհաբար-ավարտին
Գրաբար-աւարտին
Ուշադրություն: Մենք այս փուլի համար խոսում ենք ոչ թե բառեր թարգմանելու, այլ  պարզապես ուղղագրությունը փոխելու մասին: Այնպես որ,  տարբերությունը նկատել տալու համար մեկ-երկու օրինակ եմ ուզում ներկայացնել ձեր ուշադրությանը:

Աշխարհաբար ուղղագրություն-խոսք
Գրաբարով ուղղագրություն-խօսք

Բայց`
Աշխարհաբար բառը-խոսք
Գրաբար թարգմանությունը-բան (գրաբարում <<բան>> նշանակում է <<խոսք>>)

Զգացի՞ք տարբերությունը:

Մեկ այլ օրինակ.
Աշխարհաբար ուղղագրություն-վրա
Գրաբարով ուղղագրություն-վրայ

Բայց`
Աշխարհաբար բառը-վրա
Գրաբար թարգմանություն- ի վերայ

Նաև`
Աշխարհաբար ուղղագրություն-թագավոր
Գրաբարով /կամ` Դասական/ ուղղագրություն-թագաւոր
Թագավոր բառի թարգմանությունը, օրինակ, գրաբարում նույնն է` <<թագաւոր>>:



Չե՞ք նեղանա, եթե ես ավելի պարզունակ բացատրեմ: Ո՞չ: Շնորհակալ եմ:

Տեսեք:
Բոլորիս էլ ծանոթ է Ինտերնետը, նրա միջոցով հաղորդակցությունը: Բայց միշտ չէ, որ Ինտերնետի միջոցով կարողանում ենք հայերեն տեքստեր գրել, ուղարկել կամ ստանալ: Դրա համար մեզ օգնության է գալիս լատինատառ գրությունը: Հետևյալ մի քանի օրինակները կօգնեն վերջնականապես հասկանալու, թե ինչ ասել է թարգմանություն, ինչ ասել է  ուղղագրության փոփոխում:

Ահա.

1. Հայերեն-Ես սիրում եմ
2. Անգլերեն տառերով /կամ ասում են` լատինատառ/-yes sirum em
3. Անգլերեն թարգմանություն-I love
1. Հայերեն-գիտեմ
2. Անգլերեն տառերով-gitem
3. Անգլերեն թարգմանություն- I know
1. Հայերեն-Մասնագետ
2. Անգլերեն տառերով-Masnaget
3. Անգլերեն թարգմանություն-Specialist 
1. Հայերեն-Ասա, որ ես իրեն կսպասեմ
2. Անգլերեն տառերով-Asa, vor yes iren kspasem
3. Անգլերեն թարգմանություն-Tell him I'll wait.

Կարող ենք պարզապես թարգմանել, եթե մենք կամ հաղորդագրություն ստացողը բավարար չափով գիտենք անգլերեն, հակառակ դեպքում ստիպված ենք մեր գրությունները լատինատառ ուղարկել:

Հետևություն
1. Աշխարհաբար-Խոսք
2. Գրաբար ուղղագրությամբ-Խօսք
3. Գրաբար թարգմանված-Բան

Եղա՞վ:
***

Հասիկ-Այս հակաճառական աշխատութիւններին հարկ է ավելացնել աստվածային դոգմաների համառոտումը, որն իրենից ներկայացնում է Հելլենական ախտերի բժշկման  գիրքը: Դա քրիստոնեական դավանաբանութիան հակիրճ և ամբողջական բնութագրութիւն է:

Այս մեկն էլ լավ է:

Մի երկու լրացում.
աստվածային-աստուածային
համառոտում-համառօտում
դավանաբանության-դաւանաբանութեան

***

Սաթենիկ-Ուղղագրությունը փոխելը չի՞ նշանակում բառը թարգմանել:

Ոչ, թարգմանելու համար պետք է գրաբար բառերի որոշակի պաշար ունենալ:

զրույց – զրոյց-ճիշտ է
զրույցների մասին - զրոյցքի մասին-ճիշտ չէ

Իսկ ուղղագրությունը փոխել նշանակում է տիրապետել մի քանի ուղղագրական կանոնների. սրանք շատ քիչ են:

Ահա (սովորեք անգիր)

1. Աշխարհաբար <յու> երկբարբառը գրաբարում ունի  <իւ> տեսքը: Օրինակ` գրություն-գրութիւն, մեկնություն-մեկնութիւն և այլն:

2. Աշխարհաբար <յա> երկբարբառը գրաբարում ունի <եա> տեսքը: Օրինակ` գրության-գրութեան, մեկնության-մեկնութեան և այլն:

3. Աշխարհաբար <ույ> երկբարբառը գրաբարում ունի <ոյ> տեսքը: Օրինակ` սիրույն-սիրոյն, գույն-գոյն և այլն:

4. Գրաբար բառերի վերջում <ո>  և <ա> տառից հետո անպայման դրվում է <յ> տառը: Օրինակ` ի վերայ  հաւատոյ,  հիւսիսոյ այլն:

5. Գրաբարում հաճախ է գործածվում <ւ> տառը` ի տարբերություն սովորական <վ>-ի /իհարկե, ոչ բոլոր դեպքերում/: Օրինակ` իրաւ, աւարտ և այլն:



Եկեք տեսնենք, թե հետևյալ գրաբար տեքստի գրությունը շա՞տ է  խորթ թվում ձեզ:
պարզապես կարդացեք այն: Մի՛ թարգմանեք այստեղ, այլ ձեզ համար:

Եւ որպէս Հայր յամենայնի ամենայնիւ կատարեալ է, նոյնպէս եւ Որդի եւ Հոգի յամենայնի հաւասար են նմա, ի լուսոյն լոյսք, ի բարոյն բարիք, ի կենացն կեանք, յարարչէն արարիչք, մի կամք եւ մի թագաւորութիւն եւ իշխանութիւն, մի մեծութիւն եւ պատիւ, մի ճոխութիւն եւ մի. Աստուածութիւն փառաւորեալ անլռելի երեքսրբեան ձայնիւ ի հոգեղէն հրեղինացն եւ ի մարմնեղէն հողեղինացս, այժմ եւ յանսպառ յաւիտեանս. ամէն:

Իսկ այս մե՞կը.

Արդ, ի թագաւորելն միւս Յուստիանոսի կամեցաւ բառնալ զհերձուածութիւն ի միջոյ, եւ չարք ոմանք ի նոյն հերձուած կացուցին զնա վկայեցին սուտ եւ ասեն, թէ. Երանելին Սիմէոն Սիւնակացին միաբանեալ է ընդ ժողովն Քաղկեդոնի:


Ընդմիջում: Գնացեք թեյ խմելու:

Մոռացա  մի հարց տալ:

Գնահատեցեք այս դասը 10 միավորի սահմաններում: Օգտակա՞ր էր: Քանի՞ միավոր կգնահատեիք այն: Խնդրեմ, նշեցեք:

Մարդ-
Հասիկ-
Սաթենիկ-


Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Mard

#22
Quote from: Masnaget on March 09, 2008, 05:37:24 PM
Մոռացա  մի հարց տալ:

Գնահատեցեք այս դասը 10 միավորի սահմաններում: Օգտակա՞ր էր: Քանի՞ միավոր կգնահատեիք այն: Խնդրեմ, նշեցեք:

Մարդ-
Հասիկ-
Սաթենիկ-



Սիրելի մասնագետ
նախքան պատասխանելը, պետք ասեմ , որ անուշադրության և ճեպելու
պատճառով եմ սխալ հասկացել առաջադրանքը: 32:)
Ես այս դասը գնահատում եմ  9 միավարորով`
կարելի էր մի քանի կանոն ավել գրել 32:)

Կարծում եմ, լավ է սկզբում բացատրական մասը լինի, հետո` առաջադրանք, այսպես ավելի ճիշտ է, ինչպես, որ հայերենի բաժնում է: 21:)
Ձեզ Շնորհակալութիւն

:)

Hasik

Շնորհակալ եմ առաջին դասի համար, ես այն գնահատում եմ 10 միավոր, այն բավականին բան սովորեցրեց ինձ:

Hasik

Իսկ երբ է ո-ն «օ» դառնում, ինչպես խոսքը դառնում խօսք:

Masnaget

#25
Quote from: Hasik on March 10, 2008, 10:22:32 PM
Իսկ երբ է ո-ն «օ» դառնում, ինչպես խոսքը դառնում խօսք:
Որպես կանոն` ասում են, որ ոչ թե <ո>-ն է դառնում <օ>, այլ` երբեմն, զուգահեռաբար գործածվում է նաև <օ> տառը: Բայց ոչ երբեք` <ո>-ի փոխարեն: <Օ>-ի պատմությունն ուրիշ է:
Եկեք տեսնենք, թե Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը քանի՛ տառեր ուներ, և որո՛նք էին դրանք:
Եվ այսպես`

ԱԲԳԴԵԶԷԸԹԺԻԼԽԾԿՀՁՂՃՄՅՆՇՈՉՊՋՌՍՎՏՐՑՒՓՔ
Այստեղ կան 36 տառեր, որոնք համապատասխանում են 36 հնչյունների:

Օ և Ֆ տառերն ավելացվել են ուշ` միջնադարում` հետևելով եվրոպական այբուբեններին:
Այն բառերը, որոնք հնում իրենց մեջ <օ> ՀՆՉՅՈՒՆՆ էին պարունակում, ունեին կա՛մ <ո>  տառը,  կա՛մ  <աւ> երկբարբառը:
Ուշադիր.
Մերոյ
Հիւսիսոյ
Աստուծոյ և այլն

Այլև`
Հաւր /հոր/
Մաւր /մոր/
Աւր  /օր/ և այլն:

Նաև`
Հօր /հոր/
Մօր /մոր/
Օր  /օր/ և այլն:

Չենք կարող ասել, թե ի՛նչ կանոնով պետք է <ո>-ի և <օ>-ի գրությունները զանազանել. երևի պետք է պարզապես դրանք տեսողական անգիր սովորել ժամանակի ընթացքում:
Կհարցնեք, թե ինչպե՛ս եղավ, որ <աւ>-ը դարձավ կամ արտասանվեց <օ>:
Ասեմ: Քանի որ հայերենը հնդևրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզու է, ուստի նրա տառերի և հնչյունների գրությունները ենթարկվում են  հնդևրոպական  ընդհանուր կանոնների:

Հայերենի մոռացված <ւ> տառը (մեծատառ` <Ւ>) կարդացվում է <հյուն> կամ` <վյուն>: Մի՛ շփոթեք  ի <Ի> տառի  (իլիկ) հետ: Սակայն նրա մոռացված արտասանությունը այնուամենայնիվ, ինչ-որ բան հուշում է: Շնորհիվ <աւ> երկբաբառի: Տեսեք: Անգլերենում (հնդևրոպական ծագմամբ լեզու) award,  awful, awkward    և նմանատիպ բառեր ակզբում ունեն <օ> արտասանությունը: Հայերենը լրիվ նույնն է` <աւ>-ն կարդացվում է <օ> (մեր <ւ> տառը լրիվ համընկնում է անգլերենի <w> տառին): Եվ այս արտասանական կանոնը հաշվի առնելով է, որ միջնադարյան գրականության մեջ  նախկին գրաբար <աւ> գրությունը փոխարինվեց <օ> գրությամբ: Ահա այսպես <օ> տառը մտավ շրջանառության մեջ` ավելացնելով հայերենի մեսրոպատառ այբուբենի  տառերի թիվը: Միաժամանակ, գրություններից չհեռացվեց <ո> տառը: Քանի որ այդ անհրաժեշտությունը չկար:  <Օ> տառով փոխարինվեց միայն <աւ> երկբարբառը:

Ուշադիր: Համեմատենք այս երկու  գրաբար տեքստերի գրությունները:

Գողացան աւտարք` չարին գումարք, զստացուածս սրտիս իմաստից,
Ըստ Գրոյն կանխաբանութեան,
Որով եկն եհաս իսկոյն աստանաւր իմաստութեան ինձ նուազանալ....
                                                                                                     Նարեկացի

Սա կարող է  ունենալ նաև հետևյալ ուղղագրությունը

Գողացան օտարք` չարին գումարք, զստացուածս սրտիս իմաստից,
Ըստ Գրոյն կանխաբանութեան,
Որով եկն եհաս իսկոյն աստանօր իմաստութեան ինձ նուազանալ....
                                                                                                    Նարեկացի

Այստեղից հետևություն, որ <խօսք> բառը շատ վաղուց ունեցել է  <խաւսք> տեսքը:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Satenik

Սովորելու ու օգտակարության առումով 10 կգնահատեի: Բայց, խոստովանեմ, դժվար էր:

Masnaget

Առաջարկություն
Հետևեք նաև հայերենի բաժնին
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Մեկ ծավալուն առաջադրանք:
Խնդրում եմ, միասնական ուժերով այս տեքստի ուղղագրությունը վերածեք ձեզ արդեն քիչ թե շատ ծանոթ դասականի: Մի՛ շտապեք:

Եկեղեցու հայրեր

Հայրեր են կոչվում այն եկեղեցականները, ովքեր ներգործական դեր են ունեցել Եկեղեցու կյանքի սկզբնական շրջանում: Հայրեր եղել են մինչև հինգերորդ դարի վերջը, իսկ այդ ժամանակից մինչև 12-րդ դարը հայրեր են կոչվել կաթողիկոսները և նրանց հովանավորության տակ գործողները: Առաքյալների ժամանակակից հայրերը կոչվել են առաքելական հայրեր: Հայրերը նաև բազմաթիվ հոգևոր գրքերի հեղինակներ են:
Հայրերը հավատարիմ են և իմաստուն, նրանք հողանյութ մարմնով հրեշտակներ են երկրի վրա: Նրանք դաստիարակել են կրոնավորներին, եղել են հայրեր միաբանների ու ճգնավորների, և բանական ծաղիկ ու ապաքինող դեղ հիվանդների համար: Նրանց աղաչանքներռով երկիրը անսասան է պահվում: Մարդաշատ տեղերից հեռանում էին դեպի անապատներ և Եղիայի ու Հովհաննես Մկրտչի նման բնակվում  անձուկ վայրերում ու շրջում խարանզանազգեստ: Նրանք գնում էին նեղ ու անձուկ ճանապարհներով, իրենց ուսերին կրելով իրենց խաչը և Քրիստոսին խաչակից լինելով, Նրա հետ ընթանում դեպի երկինք: Նրանք չարչարանակից լինելով Քրիստոսին, որպես գառներ հոժարությամբ մտան գայլերի մեջ: Նրանք արժանի եղան կոչվելու առաքյալների աշակերտները և աստվածային հրով փորձվելով եղան ընտիր ոսկի: Նրանք ուղիղ դավանությամբ քարոզեցին Քրիստոսին և անպարտելի մնացին հրապուրանքներից:
Նրանք կրթված են ուղիղ հավատով ու գիտությամբ և նրանց միտքը սրատես է: Հայրերը հոտին միաբան են դարձնում և իրենց հետևողներին հնազանդության բերում: Գնում են հոտի առջևից և նրանց առաջնորդում բոլոր գործերում ու ճգնություններում:
Հայրերը խրոխտ և ահարկու են միաբանների հանդեպ: Նրանք ծույլերին խրատում են, անհնազանդներին սաստում և անզեղջներին հանդիմանում: Նրանք մարդահաճո չեն, քանզի մարդիկ այդպես առանց խրատի կմնան: Հայրերը քննում են հոտի առանձին անդամների գործերը և նրանց հանձնարարություններ տալիս: Նրանց խրատում են, ուսուցանում և առաջնորդում: Նրանք ողջախոհ են ու համեստ իրենց խոսքերում ու գործերում, բոլոր զգայարաններով ու մարմնով:
Նրա միտքն ու վարքը բարձր է, որպեսզի ուրշները տեսնելով նրա բարի գործերը փառավորեն Աստծուն:
Նա զգաստությամբ ու արթնությամբ հսկում է հոտին: Նախ աղոթքով է հսկում և պահի նրանց հերձվածողներից, և տանի դեպի աստվածպաշտություն և Սուրբ Գրքի ընթերցանությունը: Հոգա նրանց կարիքները, որպեսզի հոտը միշտ անխափան մնա:

Պատասխանի նմուշ-օրինակ.
Հայրեր են կոչւում այն եկեղեցականները, ովքեր ներգործական դեր են ունեցել Եկեղեցու կեանքի սկզբնական շրջանում:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Satenik

Հայրեր են կոչւում այն եկեղեցականները, ովքեր ներգործական դեր են ունեցել Եկեղեցու կեանքի սկզբնական շրջանում: Հայրեր եղել են մինչեւ հինգերորդ դարի վերջը, իսկ այդ ժամանակից մինչեւ 12-րդ դարը հայրեր են կոչւել կաթողիկոսները և նրանց հովանաւորութեան տակ գործողները: Առաքեալների ժամանակակից հայրերը կոչւել են առաքելական հայրեր: Հայրերը նաև բազմաթիւ հոգեւոր գրքերի հեղինակներ են:
Հայրերը հաւատարիմ են և իմաստուն, նրանք (հողանիւթ) մարմնով հրեշտակներ են յերկրի վրայ: Նրանք դաստիարակել են կրօնաւորներին, եղել են հայրեր միաբանների ու ճգնաւորների, և բանական ծաղիկ ու ապաքինող դեղ հիւանդների համար: Նրանց աղաչանքներով յերկիրը անսասան է պահւում: Մարդաշատ տեղերից հեռանում էին դեպի անապատներ եւ Եղիայի ու Յովհաննես Մկրտչի նման բնակւում  անձուկ վայրերում ու շրջում խարանզանազգեստ: Նրանք գնում էին նեղ ու անձուկ ճանապարհներով, իրենց ուսերին կրելով իրենց խաչը եւ Քրիստոսին խաչակից լինելով, Նրա հետ ընթանում դեպի յերկինք: Նրանք չարչարանակից լինելով Քրիստոսին, որպես գառներ հօժարութեամբ մտան գայլերի մէջ: Նրանք արժանի եղան կոչւելու առաքեալների աշակերտները եւ աստուածային հրով փորձուելով եղան ընտիր յոսկի: Նրանք ուղիղ դաւանութեամբ քարոզեցին Քրիստոսին և անպարտելի մնացին հրապուրանքներից:
Նրանք կրթուած են ուղիղ հաւատով ու գիտութեամբ եւ նրանց միտքը սրատես է: Հայրերը հօտին միաբան են դարձնում եւ իրենց հետեւողներին հնազանդութեան բերում: Գնում են հօտի առջեւից եւ նրանց առաջնորդում բոլոր գործերում ու ճգնութիւններում:
Հայրերը խրոխտ եւ ահարկու են միաբանների հանդեպ: Նրանք ծոյլերին խրատում են, անհնազանդներին սաստում եւ անզեղջներին յանդիմանում: Նրանք մարդահաճոյ չեն, քանզի մարդիկ այդպէս առանց խրատի կմնան: Հայրերը քննում են հօտի առանձին անդամների գործերը եւ նրանց յանձնարարութիւններ տալիս: Նրանց խրատում են, ուսուցանում եւ առաջնորդում: Նրանք ողջախոհ են ու համեստ իրենց խօսքերում ու գործերում, բոլոր զգայարաններով ու մարմնով:
Նրա միտքն ու վարքը բարձր է, որպէսզի ուրիշները տեսնելով նրա բարի գործերը փառաւորեն Աստծուն:
Նա զգաստութեամբ ու արթնութեամբ հսկում է հօտին: Նախ աղօթքով է հսկում եւ պահի նրանց հերձուածողներից, եւ տանի դեպի աստուածպաշտութիւն եւ Սուրբ Գրքի ընթերցանութիւնը: Հոգա նրանց կարիքները, որպէսզի հօտը միշտ անխափան մնայ: