Սուրբ Ծնունդին հաջորդող Բ. կիրակի

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Եսայի մարգարե, 58. 13 – 59. 7

Եթէ ոտքդ յետ քաշես եւ սրբութեան օրը քո ուզածը չկատարես, զուարճութեան շաբաթները համարես Աստծուն նուիրուած եւ փառաւոր, ոտքդ դուրս չդնես գործի համար ու քո բերանով բարկութեան ոչ մի խօսք չասես, այն ժամանակ կարող ես ապաւինել Տիրոջը: Նա քեզ կառաջնորդի դէպի երկրի բարիքները եւ իբրեւ սնունդ քեզ կը տայ քո հայր Յակոբի ժառանգութիւնը, քանզի Տիրոջ բերանը խօսեց այս:

Մի՞թէ Տիրոջ ձեռքն անկարող է փրկել, կամ նա ծանրացրել է իր ականջը, որ չլսի. ո՛չ, ձեր մեղքերն են պատնէշ դարձել ձեր եւ Աստծու միջեւ, ձեր անօրէնութիւնների պատճառով է նա իր երեսը շրջել ձեզնից, որ չգթայ: Արդարեւ, ձեր ձեռքերը պղծուած են արեամբ, եւ ձեր մատները՝ մեղքով. ձեր շուրթերն անօրէնութիւն խօսեցին, եւ ձեր լեզուները խորհում են անիրաւութիւն: Չկայ մէկը, որ արդարութիւն խօսի, եւ բացակայում է ճշմարտութեան իրաւունքը. յոյս են դրել սնոտի բաների վրայ եւ ունայնութիւն են խօսում, յղանում են ցաւեր եւ ծնում անօրէնութիւն: Քարբ օձի ձուեր են ծակում եւ սարդերի ոստայն հիւսում. եթէ որեւէ մէկը կամենայ ուտել դրանցից, ծակ բացելով՝ նրա մէջ կը գտնի ջուր եւ քարբ օձ: Նրանց ոստայնները հագուստ չեն դառնայ, եւ ոչ էլ նրանք կարող են զգեստաւորուել իրենց ձեռքի գործերով, քանզի նրանց գործերն անօրէնութեան գործեր են, նրանց ձեռքերի մէջ անիրաւութեան գործեր կան: Նրանց ոտքերը դէպի չարն են ընթանում, շտապում են անմեղ արիւն թափել. նրանց խորհուրդներն անզգամների խորհուրդներ են, նրանց ճանապարհներին կործանում է ու թշուառութիւն:

Պողոս Առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին, 4. 12 – 5. 10

Թող ոչ ոք քո երիտասարդութիւնը չարհամարհի, այլ օրինա՛կ եղիր հաւատացեալներին խօսքով, վարմունքով, սիրով, հաւատով, մաքրութեամբ: Մինչեւ իմ գալը, հետամտի՛ր Աստծու խօսքը ընթերցել, յորդորել եւ ուսուցանել հաւատացեալներին: Զանց մի՛ առ այն շնորհը, որ քո մէջ է, որ տրուեց քեզ մարգարէութեամբ, երէցների ձեռնադրումով: Այդ բանի վրայ մտածի՛ր եւ յարատեւի՛ր դրանում, որպէսզի քո առաջադիմութիւնը յայտնի լինի բոլորին: Զգո՛յշ եղիր քո նկատմամբ եւ քո ուսուցման նկատմամբ. եւ յարատեւի՛ր դրանում: Եթէ այդ բանն անես, կը փրկես ե՛ւ քեզ, ե՛ւ նրանց, որ լսում են քեզ:

Ծերին խստութեամբ մի՛ յանդիմանի՛ր, այլ յորդորի՛ր որպէս քո հայրը. երիտասարդներին յորդորի՛ր որպէս եղբայրներ, պառաւներին՝ որպէս մայրեր, դեռատի կանանց՝ որպէս քոյրեր, կատարեալ մաքրութեամբ: Յարգի՛ր այն այրիներին, որ իսկապէս այրիներ են: Իսկ եթէ մի այրի որդիներ եւ թոռներ ունի, նախ նրանք թող սովորեն իրենց տան հանդէպ բարի վերաբերմունք ցոյց տալ եւ իրենց ծնողների արածի փոխարէն նրանց հատուցել, որովհետեւ ա՛յն է բարին եւ ընդունելին Աստծու առաջ: Իսկ ով իսկապէս այրի է եւ մենակ է ապրում ու իր յոյսը դրել է Աստծու վրայ, թող յարատեւող լինի աղօթքի եւ աղաչանքների մէջ զօր ու գիշեր: Իսկ մեղկասէր այրին կենդանւոյն մեռած է: Այս բանը պատուիրի՛ր, որ անարատ լինեն: Իսկ եթէ մէկը իւրայիններին եւ մանաւանդ ընտանիքին խնամք չի տանում, հաւատն ուրացել է եւ աւելի չար է, քան անհաւատը: Այրիների թւում կը համարուի այն այրին, որ վաթսուն տարեկանից պակաս չէ, մէ՛կ մարդու կին է եղել ու բարի գործերով է վկայուել, որ երեխաներ է մեծացրել, որ հիւրեր է ընդունել, որ սրբերի ոտքերն է լուացել, որ նեղութեան մէջ գտնուողներին է հասել, որ ամէն բարի գործի հետամուտ է եղել:

Ավետարան ըստ Հովհաննեսի, 3. 13-21

Արդ, ոչ ոք երկինք չի ելել, եթէ ոչ նա, որ իջաւ երկնքից՝ մարդու Որդին, որ երկնքից էր: Եւ ինչպէս որ Մովսէսը անապատում բարձրացրեց օձը, այնպէս էլ մարդու Որդին պէտք է բարձրանայ, որպէսզի, ով նրան հաւատում է, յաւիտենական կեանքն ընդունի, քանի որ Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը, որովհետեւ Աստուած իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպէսզի աշխարհը նրանով փրկուի: Ով նրան հաւատում է, չպիտի դատապարտուի, եւ ով նրան չի հաւատում, արդէն իսկ դատապարտուած է, քանի որ Աստծու միածին Որդու անուանը չհաւատաց: Եւ դատաստանը այսպէ՛ս իսկ է. որ լոյսը եկաւ աշխարհ, սակայն մարդիկ խաւարն աւելի սիրեցին, քան լոյսը, որովհետեւ իրենց գործեր ը չար էին, որովհետեւ, ով չարիք է գործում, ատում է լոյսը եւ չի գալիս դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը իր երեսովը չտան: Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը յայտնի լինեն, թէ Աստուծով կատարուեցին»:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Բ. կիր. զկնի Ծննդեան:

, , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ