226 խոսք նրանց համար, ովքեր կարծում են, թե գործերով են արդարանում

Անգլերենից թարգմանեց Ս. Ստամբոլցյանը

ՄԱՐԿՈՍ ՃԳՆԱՎՈՐ

(Ե. դար)

ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐ ՔՍԱՆՎԵՑ ԽՈՍՔ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԳՈՐԾԵՐՈՎ ԵՆ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ

1. Ներքոբերյալ խոսքերում այսպես մտածողների սխալ հայացքները պիտի հերքվեն նրանց կողմից, ում հավատը լավ է հաստատված և ովքեր գիտեն ճշմարտությունը:

2. Տերը, կամենալով ցույց տալ, որ բոլոր պատվիրանների կատարումը պարտականություն է, մինչդեռ որդիությունը՝ շնորհ, որ մարդկանց տրված է Իր Արյամբ, ասում է. «Երբ դուք կատարեք այն ամենը, որ պատվիրված է ձեզ, ասեք. «Մենք անպիտան ծառաներ ենք. արեցինք այն, ինչ պարտավոր էինք անել» (Ղուկ. ԺԷ 10): Այսպիսով, երկնքի արքայությունը գործերի դիմաց տրվող վարձատրություն չէ, այլ շնորհի պարգև, որ պատրաստված է Տիրոջ կողմից Իր հավատարիմ ծառաների համար:

3. Ստրուկն իր ազատությունը չի պահանջում իբրև վարձատրություն, այլ գոհացնում է իբրև պարտապան, ինչի համար իբրև պարգև՝ ստանում է ազատություն:

4. «Քրիստոսը մեռավ մեր մեղքերի պատճառով ըստ Սուրբ Գրքի» (Ա Կոր. ԺԵ 3) և նրանց, ովքեր Իրեն լավ են ծառայում, ազատություն է շնորհում: «Ապրե՛ս, բարի և հավատարի՛մ ծառա,- ասում է Նա,- քանի որ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ. մտի՛ր քո Տիրոջ ուրախության մեջ» (Մատթ. ԻԵ 21):

5. Ով հույսը դնում է միայն տեսական գիտելիքների վրա, դեռ հավատարիմ ծառա չէ. հավատարիմ ծառան նա է, ով Քրիստոսի հանդեպ իր հավատն արտահայտում է Նրա պատվիրաններին հնազանդությամբ:

6. Ով պատվում է Տիրոջը, անում է Տիրոջ պատվիրածը: Երբ մեղանչում է կամ անհնազանդ գտնվում, համբերությամբ տանում է պատահելիքն իբրև մի բան, որին ինքն արժանի է:

7. Եթե սիրում ես ճշմարիտ գիտությունը, նվիրվիր ճգնակեցության. որովհետև միայն տեսական գիտությունը հպարտացնում է մարդուն (տ. Ա Կոր. Ը 1):

8. Անսպասելի փորձություններն Աստծուց ուղարկվում են, որպեսզի սովորեցնեն մեզ ճգնակեցությամբ ապրել, և առաջնորդում են մեզ ապաշխարության, նույնիսկ երբ մենք դժկամում ենք:

9. Մեզ պատահող վշտերը մեր սեփական մեղքերի արդյունքն են: Բայց եթե ընդունենք դրանք համբերությամբ և աղոթքով, դարձյալ օրհնություններ կգտնենք:

10. Որոշ մարդիկ իրենց առաքինության համար գովեստ ընդունելիս հաճույք են ստանում և անձնահաճության այս հաճույքի զգացումը վերագրում շնորհին: Ուրիշներ էլ իրենց մեղքերի համար հանդիմանություն լսելիս ցավ են ապրում և այս օգտակար ցավը սխալմամբ մեղքի արդյունք համարում:

11. Ովքեր իրենց ճգնակեցության խստության պատճառով արհամարհում են պակաս ջերմեռանդներին, կարծում են, թե իրենք արդար են դառնում մարմնական գործերով: Սակայն մենք շատ ավելի հիմար ենք, եթե մեր հույսը դնում ենք տեսական գիտելիքների վրա և արհամարհում անգետներին:

12. Նույնիսկ եթե գիտությունը ճշմարիտ է, այն դեռևս ամուր հաստատված չէ, եթե գործերով չի զուգակցվում, որովհետև ամեն ինչ հաստատվում է գործադրմամբ:

13. Հաճախ մեր գիտությունը մթագնում է այն պատճառով, որ չենք կարողանում այն գործադրել: Որովհետև երբ մենք որևէ բանի գործադրությունն ամբողջովին անտեսում ենք, դրա հիշողությունը մեր մեջ աստիճանաբար անհետանում է:

14. Այս պատճառով էլ Սուրբ Գիրքը թելադրում է մեզ ձեռք բերել Աստծո գիտությունը, որպեսզի մեր գործերով Նրան ճիշտ ծառայենք:

15. Երբ մենք պատվիրանները կատարում ենք արտաքին գործերով, Աստծուց ստանում ենք ինչ որ պատշաճ է դրանց: Սակայն մեր ստանալիք իրական օգուտը կախված է մեր ներքին դիտավորությունից:

16. Եթե մենք ցանկանում ենք կատարել մի բան, բայց չենք կարողանում, ապա Աստծո առաջ, ով գիտի մեր սիրտը, դա հավասար է այդ գործի կատարման: Սա այսպես է նպատակադրված գործի թե՛ բարի և թե՛ չար լինելու դեպքում:

17. Միտքն առանց մարմնի կատարում է շատ բարի և չար գործեր, իսկ մարմինն առանց մտքի չի կարող ո՛չ բարիք գործել, ո՛չ չարիք: Սրա պատճառն այն է, որ ազատության օրենքը վերաբերում է նրան, ինչ պատահում է նախքան մեր կողմից գործի կատարումը:

18. Ոմանք առանց պատվիրանների կատարման կարծում են, թե ունե՛ն ճշմարիտ հավատը: Ուրիշներ էլ պատվիրանները կատարում են և այնուհետև իբրև դրանց դիմաց վարձատրություն՝ արքայությունն ակնկալում: Երկուսն էլ սխալվում են:

19. Որևէ տեր պարտավորված չէ վարձատրելու իր ստրուկներին. մյուս կողմից՝ ովքեր նրան լավ չեն ծառայում, ազատություն չեն ստանում:

20. Եթե «Քրիստոսը մեռավ մեզ համար ըստ Սուրբ Գրքի» (Հռոմ. Ե 8, Ա Կոր. ԺԵ 3), և մենք «մեզ համար չենք ապրում», այլ «Նրա, ով մեռավ և հարություն առավ» մեզ համար (Բ Կոր. Ե 15), պարզ է, որ մենք պարտապան ենք Քրիստոսի առաջ և պիտի ծառայենք Նրան մինչև մահ: Ուրեմն ինչպե՞ս կարող ենք որդիությունը մեզ վայել բան համարել:

21. Քրիստոսը Տեր է ըստ Իր սեփական էության, ինչպես նաև ըստ Իր մարմնացյալ կյանքի: Որովհետև Նա ոչնչից մարդ է ստեղծում, Իր Արյամբ փրկում նրան, ով մեղքերի մեջ մեռած է, և Իրեն հավատացողներին Իր շնորհը տալիս:

22. Երբ Սուրբ Գիրքն ասում է. «Նա կհատուցի յուրաքանչյուրին ըստ նրա գործերի» (Մատթ. ԺԶ 27), մի՛ կարծիր, թե գործերն ըստինքյան արժանի են դժոխքի կամ արքայության: Այլ Քրիստոսը հատուցում է ամեն մարդու՝ հաշվի առնելով, թե նրա գործերն արվել են Իր հանդեպ հավատո՞վ, թե՞ առանց դրա: Այլև՝ Նա պայմանագրով կապված գործընկեր չէ, այլ մեր Արարիչ և Փրկիչ Աստվածը:

23. Մենք, որ մկրտված ենք, մատուցում ենք բարի գործեր ո՛չ թե իբրև փոխհատուցում, այլ որպեսզի պահպանենք մեզ տրված մաքրությունը:

24. Բնական կարողություններով կատարված ամեն բարի գործ մղում է մեզ հեռու մնալու համապատասխան մեղքից: Սակայն առանց շնորհի այն չի կարող նպաստել մեր սրբությանը:

25. Ժուժկալ անձինք իրենց պահում են որկրամոլությունից, ունեցվածքից հրաժարվածները՝ ընչասիրությունից, լռակյացները՝ դատարկաբանությունից, մաքուր¬ները՝ հեշտասիրությունից, համեստները՝ անողջախոհությունից, ինքնակախյալները՝ ագահությունից, հեզերը՝ գրգռությունից, խոնարհները՝ անձնահաճությունից, հնազանդ¬ները՝ վիճաբանությունից, ինքնաքննադատները՝ կեղծավորությունից: Նմանապես՝ ովքեր աղոթում են, պահվում են հուսահատությունից, աղքատները՝ շատ ինչք ունենա¬լուց, հավատը խոստովանողները՝ դրա ուրացումից, նահատակները՝ կռապաշտու¬թյունից: Տեսնո՞ւմ ես, որ ամեն առաքինություն, նույնիսկ մինչև մահու աստիճան կատարվող, ուրիշ բան չէ, քան մեղքից հրաժարում: Սակայն մեղքից հրաժարումը մեր բնական կարողությունների սահմաններում կատարվող գործ է և այնպիսին չէ, որ մեզ համար արքայությունը գնի:

26. Մարդն իր բնությամբ հազիվ է կարողանում պահել իրեն պատկանածը, իսկ Քրիստոսը խաչի միջոցով որդեգրության շնորհն է տալիս:

27. Պատվիրանների մի մասը վերաբերում է մասնակիին, մի մասն էլ՝ համապարփակին: Այսպես՝ Քրիստոսը մեզ մասնակի հրաման է տալիս մեր ունեցածը կիսելու նրա հետ, ով չունի (Ղուկ. Գ 11), և համապարփակ հրաման՝ հրաժարվելու մեր ունեցած ամեն ինչից (Ղուկ. ԺԴ 33):

28. Կա շնորհի զորություն, որ սկսնակների կողմից չի հասկացվում, և կա չարի զորություն, որ նման է ճշմարտությանը: Խորհուրդ է տրվում խորապես չզննել այս զորությունները, քանի որ կարելի է խոտորվել, ինչպես նաև անմիջապես չդատապար¬տել դրանք, որովհետև դրանք կարող են ինչ-որ ճշմարտություն պարունակել, այլ ամեն ինչ պետք է հույսով դնել Աստծո առաջ, որովհետև Նա գիտի, թե այդ երկուսի մեջ ինչն է արժեքավոր:

29. Ով կամենում է անցնել հոգևոր ծովը, պետք է ունենա համբերատարություն, խոնարհություն, զգոնություն և ժուժկալություն: Եթե նա մեծ թափով, առանց այս չորս առաքինությունների է նավում, սիրտը խռովքի է մատնում, սակայն ծովն անցնել չի կարողանում:

30. Հանդարտությունն օգնում է մեզ չարն անգործունյա դարձնելով: Եթե նա նաև աղոթքով ձեռք է բերում վերոհիշյալ չորս առաքինությունները, դա ամենաճիշտ օգնությունն է անկրքության հասնելու համար:

31. Միտքը չի կարող հանդարտ լինել, եթե մարմինը նույնպես հանդարտության մեջ չէ. նրանց միջև պատը չի կարող վերանալ առանց հանդարտության և աղոթքի:

32. Մարմինն իր ցանկությամբ հակառակ է հոգուն, և հոգին հակառակ է մարմնին, և նրանք, ովքեր հոգով են ապրում, չեն կատարի մարմնի ցանկությունը (տ. Գաղ. Ե 15-17):

33. Չի կարող լինել կատարյալ աղոթք, եթե միտքը չի պաղատում Աստծուն: Երբ մեր միտքը բարձրաձայն և անցրիվ կանչի, Տերը կլսի:

34. Երբ միտքն անզբաղ աղոթում է, սա ցավեցնում է սիրտը, իսկ «փշրված ու խոնարհ սիրտը, Աստված, Դու չես արհամարհի» (հմմտ. Սաղմ. Ծ 17):

35. Աղոթքն առաքինություն է կոչվում, սակայն իրականում նա մայրն է առաքինությունների, քանի որ Քրիստոսի հետ միավորությամբ ծնում է դրանք:

36. Ինչ որ անում ենք առանց աղոթքի և մեր հույսն Աստծո վրա դնելու՝ հետո դառնում է վնասակար և արատավոր:

37. Քրիստոսի խոսքը, թե «առաջինները վերջին կլինեն, և վերջինները՝ առաջին» (Մատթ. ԺԹ 30), վերաբերում է նրանց, ովքեր առաքինություններ են գործում, և նրանց, ովքեր սեր են ցուցաբերում. որովհետև սերը սրտում ծնվող առաքինություններից վերջինն է, սակայն արժեքով՝ առաջինը, և արդյունքում ստացվում է, որ նրանից առաջ ծնվածները դառնում են վերջին:

38. Եթե աղոթելիս անհանգիստ ես կամ նեղվում ես չարի զանազան փորձություններից, մտածիր քո մահվան և դժոխքի տանջանքների մասին: Սակայն ավելի լավ է հույսով և աղոթքով կառչել Աստծուց, քան արտաքին բաների մասին մտածել, նույնիսկ եթե այդպիսի խորհուրդներն օգտակար լինեն:

39. Ոչ մի առաքինություն միայնակ չի կարող բանալ մեր բնության դուռը, այլ բոլո՛ր առաքինությունները պետք է միմյանց միանան ճիշտ հաջորդականությամբ:

40. Նա, ում մտքում խորհուրդները վխտում են, զուրկ է ինքնակառավարումից, և նույնիսկ եթե դրանք օգտակար են, հույսն առավել օգտակար է:

41. Կա մեղք, որը միշտ մահացու է (Ա Հովհ. Ե 16). դա այն մեղքն է, որի համար չենք զղջում: Այս մեղքի պատճառով նույնիսկ սրբի աղոթքները չեն լսվի:

42. Ով ճշմարտապես է զղջում, չի մտածում, թե իր սեփական ջանքն է, որ ջնջում է իր մեղքերը: Սակայն այս ջանքի միջոցով նա խաղաղություն է հաստատում Աստծո հետ:

43. Եթե մենք պարտավոր ենք ամեն օր կատարել այն բոլոր բարի գործերը, որոնք հնարավոր են մեր բնությանը, ապա ի՞նչ ենք թողնում, որ մատուցենք Աստծուն իբրև մեր անցյալ մեղքերի փոխհատուցում:

44. Որքան էլ մեր այսօրվա առաքինի գործերը մեծ լինեն, նրանք չեն ծածկի, այլ կդատապարտեն մեր անցյալի անփութությունը:

45. Ով մտքով տանջվում է, իսկ մարմնով հանգստանում, նման է նրան, ով մարմնով տանջվում է և միաժամանակ թույլ տալիս, որ իր միտքը ցրվի:

46. Կամավոր տանջանքը մեր բնության հետևյալ մասերից մեկում օգուտ է բերում մյուսին. մտքով տանջվելը օգուտ է մարմնին, իսկ մարմնով տանջվելը՝ մտքին: Երբ մեր միտքն ու մարմինը միաբան չեն լինում, մեր վիճակը վատթարանում է:

47. Մեծ առաքինություն է պատահող ամեն ինչ համբերությամբ ընդունելն ու ըստ Տիրոջ հրամանի՝ մեզ ատող ընկերոջը սիրելը:

48. Անկեղծ սիրո նշանը մեր հանդեպ գործված մեղքերը ներելն է: Այսպիսի սիրով էր, որ Տերը սիրեց աշխարհը:

49. Մենք չենք կարող ամբողջ սրտով ներել մեզ վատություն անողին, եթե չունենք իրական գիտությունը. որովհետև այս գիտությունը ցույց է տալիս մեզ, որ մենք արժանի ենք այն ամենին, որ կրում ենք:

50. Դու ոչինչ չես կորցնի նրանից, ինչից հանուն Տիրոջ հրաժարվել ես. իր ժամանակին այն բազմապատկված կվերադառնա քեզ:

51. Երբ միտքը մոռանում է մեր ճշմարիտ նվիրման նպատակը, առաքինության արտաքին գործերը ոչ մի օգուտ չեն բերում:

52. Եթե թույլ դատողությունը վնասակար է ամենքին, ապա սա մասնավորապես այսպես է նաև նրանց համար, ովքեր ապրում են մեծ խստությամբ:

53. Մարդու կամքի և Աստծո հատուցման մասին իմաստասիրիր քո գործերի միջոցով, որովհետև խոսքերդ միայն այնքան իմաստուն ու օգտակար կարող են լինել, որքան գործերդ:

54. Հանուն ճշմարիտ նվիրման չարչարվողներն օգնություն են ստանում: Սա պետք է սովորել Աստծո օրենքին և մեր սեփական խղճին հնազանդվելու միջոցով:

55. Մեկին մի խորհուրդ այցելեց, և նա ընդունեց այն առանց քննության: Մի ուրիշին խորհուրդ այցելեց, և նա դրա ճշմարիտ լինելը ստուգեց: Սրանցից ո՞վ ավելի ճիշտ վարվեց:

56. Իրական գիտությունը վիշտը համբերությամբ տանելն է և մեր դժբախտու¬թյունների համար ուրիշներին չմեղադրելը:

57. Ով մի բարի գործ է կատարում և վարձատրություն ակնկալում, ոչ թե Աստծուն է ծառայում, այլ սեփական կամքին:

58. Մեղավորը պատժից չի կարող խուսափել առանց իր մեղքին համա-պա¬տասխան ապաշխարության:

59. Ոմանք պնդում են, թե մենք չենք կարող բարիք գործել, եթե չստանանք Հոգու շնորհը:

60. Ովքեր միշտ իրենց ընտրությամբ հակվում են դեպի զգայական հաճույքները, հրաժարվում են անել այն, ինչ իրենց ուժերի սահմաններում է, այն պատճառա¬բանությամբ, թե օգնություն չեն ստանում:

61. Խորհրդականորեն (միստիկորեն) շնորհ է տրվել նրանց, ովքեր մկրտվել են ի Քրիստոս, և այն նրանց մեջ գործուն է դառնում այնքանով, որքանով պահվում են պատվիրանները: Շնորհը երբեք չի դադարում մեզ գաղտնի օգնելուց, սակայն բարին գործելը՝ մեր հնարավորությունների սահմաններում, կախված է մեզանից:

62. Առաջին հերթին շնորհն աստվածայնորեն արթնացնում է խիղճը: Ահա թե ինչպես են մեղավորներն ապաշխարության գալիս՝ այսպիսով ենթարկվելով Աստծո կամքին:

63. Դարձյալ՝ շնորհը կարող է թաքնված լինել ընկերոջ տված խորհրդի մեջ: Երբեմն այն նաև ուղեկցում է մեր հասկացողությանը ընթերցանության ժամանակ և իբրև բնական հետևանք՝ մեր բանականությանը սովորեցնում իր մասին ճշմար¬տությունը: Եթե, ուրեմն, մեզ այս կերպ տրված տաղանդը չթաքցնենք, կմտնենք Տիրոջ ուրախության մեջ:

64. Ով փնտրում է Հոգու զորությունները, երբ դեռևս գործնականորեն չի պահել պատվիրանները, նման է նրան, ով ինքն իրեն ստրկության է վաճառում և հենց գնվում է, իր վաճառքի գումարն իր մոտ պահելով՝ խնդրում է, որ իրեն ազատություն շնորհեն:

65. Եթե հասկացել ես, որ արտաքին բաները քեզ պատահում են Աստծո արդարությամբ, ապա Տիրոջը փնտրելիս գտել ես հոգևոր գիտություն և արդարություն (տ. Առակ. ԺԶ 6):

66. Հենց հասկանաս, որ Տիրոջ դատաստանները «բովանդակ երկրում են» (Ա Մն. ԺԶ 14), այնուհետև քեզ պատահող ամեն ինչ կսովորեցնի քեզ Աստծո գիտությունը:

67. Յուրաքանչյուրը ստանում է այն, ինչին արժանի է ըստ իր ներքին վիճակի: Սակայն միայն Աստված է հասկանում այն բազմաթիվ տարբեր ճանապարհները, որոնցով դա պատահում է:

68. Երբ դու մարդկանցից որևէ անպատվություն ես կրում, անմիջապես ճանաչիր այն փառքը, որ քեզ պիտի տրվի Աստծուց, և չես վշտանա կամ տխրի անպատ¬վությունից: Եվ երբ փառքն ընդունես, հաստատուն կմնաս և չես մեղանչի:

69. Երբ Աստված թույլ է տալիս, որ գովեստներ ընդունես, մի՛ պարծեցիր այս աստվածային նախախնամության պատճառով, որպեսզի չլինի թե այնուհետև անպատվություն կրես:

70. Սերմը չի աճում առանց հողի և ջրի, և մարդը չի զարգանում առանց կամավոր վշտակրության և աստվածային օգնության:

71. Առանց ամպի անձրև չի գա, իսկ մենք չենք կարող շահել Աստծո հաճությունն առանց մաքուր խղճմտանքի:

72. Մի՛ մերժիր ուսումը, թեկուզ շատ խելացի լինես: Որովհետև ինչ որ Աստված է պատրաստում, ավելի արժեքավոր է, քան մեր սեփական խելքը:

73. Երբ որևէ զգայական հաճույքի պատճառով սիրտը շեղվում է ճգնողական վարքից, դժվար է լինում այն կառավարելը, ինչպես զառիվայրում տեղից շարժված մի ծանր քար:

74. Ինչպես հորթն է արածելու ժամանակ խոտ փնտրելիս հայտնվում վիհով շրջապատված կարկառի կատարին, այդպես էլ հոգին է աստիճանաբար խոտորվում իր խորհուրդներով:

75. Երբ միտքը, Տիրոջով կատարելապես հասունանալով, հոգին գալարում է երկարժամանակյա նախատրամադրվածության պատճառով, ասես գելարանի մեջ սիրտը չարչարվում է, քանի որ միտքն ու կիրքը նրան տարբեր ուղղություններով են քաշում:

76. Ինչպես նավաստիները շահի հույսով ուրախությամբ են դիմանում արևի կիզիչ ջերմությանը, այդպես էլ նրանք, ովքեր ատում են չարությունը, ուրախությամբ են ընդունում կշտամբանքը: Եթե առաջինները պայքարում են քամիների հետ, վերջինները՝ կրքերի:

77. Ինչպես ձմռանը կամ շաբաթ օրը եղած փախուստն է (Մատթ. ԻԴ 20) տանջանք պատճառում մարմնին և աղտոտում հոգին, այդպես էլ վարվում է կրքերի արթնացումը տարիքն առած մարմնի և իրեն [Աստծուն] նվիրաբերած հոգու մեջ:

78. Ոչ ոք այնպես բարի և ողորմած չէ, ինչպես Տերը, բայց նույնիսկ Նա չի ներում չզղջացողին:

79. Մեզնից շատերն են ցավ ապրում իրենց մեղքերի համար, սակայն ուրախությամբ են ընդունում դրանց դրդապատճառները:

80. Հողը փորփրող խլուրդը կույր է, ուստի չի կարող աստղերը տեսնել, և ով ժամանակավոր բաներում Աստծուն չի ապավինում, Նրան չի ապավինի նաև հավիտենականներում:

81. Իրական գիտությունը Աստծուց տրվել է մարդկանց իբրև մի շնորհ, որ նախորդում է լիակատար շնորհին. այն սովորեցնում է նրանց, ովքեր իրեն հաղորդակից են դառնում, ամեն ինչից առավել հավատալ Տվչին:

82. Երբ մեղավոր հոգին մերժում է ընդունել իրեն պատահող վշտերը, հրեշտակներն ասում են. «Բժշկեցինք Բաբելոնին, բայց չբժշկվեց» (Երեմ. ԾԱ 9):

83. Երբ միտքը մոռանում է իրական գիտությունը, սկսում է պայքարել մարդկանց հետ վնասակար բաների համար՝ կարծելով, թե դրանք օգտակար են:

84. Կրակը չի կարող երկար մնալ ջրում, և ամոթալի խորհուրդը՝ Աստծուն սիրող սրտում. որովհետև Աստծուն սիրող ամեն ոք ուրախությամբ է տանջվում, իսկ ըստ բնության՝ կամավոր տանջանքը զգայական հաճույքի թշնամին է:

85. Այն կիրքը, որ մեր ազատ կամքով թույլ ենք տալիս, որ գործի մեր մեջ, հետո մեր կամքին հակառակ բռնանում է մեզ վրա:

86. Մենք սիրում ենք ակամա (ոչ կամավոր) խորհուրդների դրդապատճառները, և սա է պատճառը, որ այդ խորհուրդներն այցելում են մեզ: Իսկ ինչ վերաբերում է կամավոր խորհուրդներին, մենք վստահաբար սիրում ենք ոչ միայն դրանց դրդապատճառները, այլև այն առարկաները, որոնց հետ նրանք կապված են:

87. Գոռոզությունն ու պարծենկոտությունը աստվածհայհոյության պատճառներ են, իսկ ընչասիրությունն ու անձնահաճությունը՝ դաժանության և կեղծավորության։

88. Երբ չարը տեսնում է, որ մեր միտքը սրտանց է աղոթում, նրբին փորձություններով հզոր հարձակման է անցնում։ Սակայն փոքր առաքինությունները ոչնչացնելու համար նա չի անհանգստացնում նման հզոր հարձակումներով։

89. Երբ մի խորհուրդ երկար է մնում մարդու մեջ, սա ցույց է տալիս այդ մարդու կապվածությունը դրան, իսկ երբ այն արագապես է ոչնչացվում, սա ցույց է տալիս այդ մարդու դիմադրությունն ու թշնամությունն այդ խորհրդի հանդեպ։

90. Միտքը մեկից մյուսն է փոխվում մտավոր երեք տարբեր վիճակների մեջ, որոնք են բնության համաձայն, բնությունից վեր և բնությանը հակառակ վիճակները։ Երբ այն հայտնվում է բնության համաձայն վիճակի մեջ, տեսնում է, որ ինքն է չար խորհուրդների պատճառը, և իր մեղքերը խոստովանում է Աստծուն՝ լավ հասկանալով կրքերի պատճառները։ Երբ այն բնությանը հակառակ վիճակում է, մոռանում է Աստծո արդարությունը և պայքարում մարդկանց հետ՝ համարելով, թե իր դեմ անարդա¬րություն է գործվում։ Իսկ երբ այն բարձրանում է բնությունից վեր վիճակին, տեսնում է Սուրբ Հոգու պտուղները՝ սեր, ուրախություն, խաղաղություն և առաքյալի նշած մյուս պտուղները (Գաղ. Ե 22), և գիտի, որ եթե նախապատվությունը մարմնական հոգսերին տա, այս վիճակում չի կարողանա մնալ։ Այս վիճակից հեռացող միտքը մեղքի և նրա բոլոր սարսափելի հետևանքների մեջ է ընկնում, եթե ոչ անմիջապես, ապա՝ պատշաճ ժամանակին, ինչպես կորոշի Աստծո արդարությունը։

91. Յուրաքանչյուր մարդու գիտությունն իրական է այնքանով, որքանով այն կնքված է հեզությամբ, խոնարհությամբ և սիրով։

92. Ուղղափառ մկրտություն ստացած ամեն անձ խորհրդական կերպով ընդունել է ամբողջական շնորհը, սակայն այս շնորհը գիտակցում է միայն այնքանով, որքանով գործնականորեն պահում է պատվիրանները։

93. Եթե մենք Քրիստոսի պատվիրանները կատարենք համաձայն մեր խղճի, հոգեպես կթարմանանք այն չափով, որով տանջվում ենք մեր սրտում։ Սակայն ամեն ինչ իր ճիշտ ժամանակին է գալիս մեզ մոտ։

94. Հարատևորեն աղոթիր ամեն ինչի համար՝ և երբեք ոչինչ չես անի առանց Աստծո օգնության։

95. Ոչինչ ավելի զորեղ չէ, քան աղոթքն իր կատարման ժամանակ, և ոչինչ ավելի արդյունավետ չէ Աստծո հաճությունը շահելու համար։

96. Աղոթքը բովանդակում է պատվիրանների լիակատար պահպանումը, որովհետև ոչինչ ավելի բարձր չէ, քան Աստծո հանդեպ սերը։

97. Անզբաղ աղոթքը նշան է Աստծո հանդեպ սիրո, իսկ անուշադիրն ու ցրվածը՝ հաճույքի։

98. Ով առանց լարվելու կարողանում է արթուն մնալ, համբերատար լինել և աղոթել, հայտնապես Սուրբ Հոգուն հաղորդակից անձ է։ Իսկ ով սրանք կատարելիս լարվում է, սակայն կամովին դիմանում, նույնպես արագապես օգնություն է գտնում։

99. Պատվիրանների մեջ մեկը մյուսից բարձր է, ուստի և հավատքի մեջ մի աստիճան ավելի հաստատապես է հիմնված, քան մյուսը։

100. Կա հավատ, որ ծնվում է լսելու ճանապարհով (Հռոմ. Ժ 17), և կա՝ որ «հուսացված բաների հաստատությունն է» (Եբր. ԺԱ 1)։

101. Հարցնողներին խոսքով օգնելը լավ է, սակայն ավելի լավ է աղոթքով և առաքինություն գործելով նրանց գործակցել։ Որովհետև ով այսպիսի միջոցներով է իրեն նվիրում Աստծուն, ընկերոջն օգնելու հետ օգնում է նաև իրեն։

102. Եթե կամենում ես սակավ խոսքերով օգուտ տալ նրան, ով փափագում է սովորել, խոսիր նրա հետ աղոթքի, ճշմարիտ հավատքի և պատահելիք ամեն ինչ համբերությամբ տանելու մասին։ Որովհետև սրանց միջոցով է ձեռք բերվում մնացած ամեն ինչ, որ բարի է։

103. Մի անգամ որ ինչ-որ բանի համար մեր հույսն Աստծո վրա դրեցինք, այլևս դրա համար չենք վիճում մեր ընկերոջ հետ։

104. Եթե, ինչպես ուսուցանում է Սուրբ Գիրքը, ամեն ոչ կամավոր բան իբրև պատճառ ունի կամավորը, ապա մարդն իրենից ավելի մեծ թշնամի չունի։

105. Բոլոր չարիքների մեջ առաջինը տգիտությունն է, հաջորդը՝ անհավա¬տությունը։

106. Փորձությունից փախիր համբերությամբ և աղոթքով։ Եթե փորձությանը դիմադրես առանց սրանց, այն միայն է՛լ ավելի ուժգնորեն կհարձակվի վրադ։

107. Ով հեզ է Աստծո աչքին, իմաստուններից էլ իմաստուն է, և ով սրտով խոնարհ է, ուժեղից էլ ուժեղ է։ Որովհետև սրանք Քրիստոսի լուծը կրում են հոգևոր գիտությամբ։

108. Այն ամենը, որ առանց աղոթքի ենք ասում կամ անում, հետո դառնում է անվստահելի կամ վնասակար, ուստի և խայտառակում մեզ առանց մեր դա հասկանալու։

109. Միայն Մեկն է գործերում, խոսքերում և խորհուրդներում արդար։ Սակայն շատերն են արդար դառնում հավատով, շնորհով և ապաշխարությամբ։

110. Զղջացողը չի կարող բարձրամիտ լինել, ինչպես որ գիտակցաբար մեղան¬չողը՝ խոնարհամիտ։

111. Խոնարհությունը ոչ թե սեփական խիղճը դատապարտելն է, այլ Աստծո շնորհն ու գթությունը ճանաչելը։

112. Ինչ որ տունն է օդի համար, նույնը միտքն է աստվածային շնորհի համար։ Որքան ավելի ազատվես նյութականությունից, այնքան ավելի ներս կմտնեն օդն ու շնորհը, և որքան ավելի աճեցնես նյութականությունը, այնքան ավելի կհեռանան նրանք։

113. Նյութականությունը տան պարագայում կահ-կարասին ու կերակուրն է, իսկ մտքի պարագայում՝ անձնահաճությունն ու զգայական հաճույքը։

114. Ընդարձակ սենյակը սրտում՝ ցույց է տալիս առ Աստված հույսը, իսկ գերլցվածությունը՝ մարմնական հոգսը։

115. Հոգու շնորհը մեկն է և անփոփոխելի, սակայն գործում է մեզանից յուրաքանչյուրի մեջ, ինչպես կամենում է (տ. Ա Կոր. ԺԲ 11)։

116. Երբ երկրի վրա անձրև է թափվում, կենդանություն է պարգևում յուրաքանչյուր բույսի մեջ առկա որակին՝ քաղցր բույսերի մեջ՝ քաղցրությանը, կպչունների մեջ՝ կպչունությանը։ Այդպես էլ երբ շնորհ է թափվում հավատացյալների սրտերին, յուրաքանչյուրին տալիս է տարբեր առաքինություններին պատշաճող զորություններ՝ ինքն անփոփոխ մնալով։

117. Քրիստոսի քաղցն ունեցողի համար շնորհը կերակուր է, ծարավի համար՝ թարմացնող ըմպելիք, մրսողի համար՝ հագուստ, հոգնածի համար՝ հանգիստ, աղոթողի համար՝ ապահովություն, ողբացողի համար՝ մխիթարություն։

118. Երբ լսում ես, որ Սուրբ Գիրքը Սուրբ Հոգու մասին ասում է, թե «իջավ» առաքյալների (Գործք Բ 3) կամ մարգարեի (Ա Թագ. ԺԱ 6) վրա, կամ «ներգործում է» (Ա Կոր. ԺԲ 11), կամ «վշտանում է» (Եփես. Դ 30), կամ «մարում է» (Ա Թես. Ե 19), կամ «վրդովվում է» (Ես. ԿԳ 10), դարձյալ՝ որ ոմանք «երախայրիքն ունեն» (Հռոմ. Ը 23), իսկ ուրիշներն էլ «լցվում են Սուրբ Հոգով» (Գործք Բ 4), մի՛ կարծիր, թե Հոգին ենթակա է ինչ-որ բաժանման, տարբերակման կամ փոփոխության։ Այլ վստա՛հ եղիր, որ, ինչպես նկարագրեցինք, Նա անփոփոխ և ամենազոր է։ Ուստի Իր բոլոր զորություններում Նա մնում է ինչ որ կա և աստվածայնորեն տալիս յուրաքանչյուրին ինչ որ անհրաժեշտ է։ Մկրտվածների վրա Նա թափում է Իրեն ամբողջությամբ, ինչպես արևը, և մեզանից յուրաքանչյուրը Նրանից լուսավորվում է այնքանով, որքանով ատում է մեզ խավարեցնող կրքերը և ազատվում նրանցից։ Բայց քանի դեռ սիրում ենք դրանք և դրանցով շարժվում, մնում ենք խավարի մեջ։

119. Ով ատում է կրքերը, ազատվում է դրանց պատճառներից։ Իսկ ով գրավվում է դրանց պատճառներով, ենթարկվում է կրքերի հարձակմանը, եթե նույնիսկ ինքը չի ուզում դա։

120. Երբ չար խորհուրդները եռանդնաբար գործում են մեր մեջ, մենք պետք է ինքներս մեզ մեղադրենք և ոչ թե ադամական մեղքը։

121. Չար խորհուրդների արմատներն ակնհայտ մեղքերն են, որոնք մենք պահում ենք՝ ջանալով արդարացնել դրանք մեր խոսքերով ու գործերով։

122. Մենք չենք կարող որևէ կիրք ընդունել մեր մտքի մեջ, եթե չենք սիրում դրա պատճառները։

123. Որովհետև ո՞ր մարդը, ով ամոթ կրելուց բնավ չի անհանգստանում, կընդունի անձնահաճության խորհուրդներ։ Կամ ո՞վ է, որ անարգանքը սիրով է ընդունում, բայց անպատվությունից նեղվում է։ Եվ ո՞վ է, որ փշրված ու զղջացող սիրտ ունի, սակայն մարմնական հաճույքով է տարվում։ Կամ ո՞վ է, որ իր հույսը Քրիստոսի վրա է դնում, սակայն անցողիկ բաների համար անհանգստանում կամ վիճում է։

124. Եթե մարդ անարգվում է մի ուրիշից, սակայն բարկությամբ չի պատաս¬խանում՝ խոսքով կամ խորհրդով, սա ցույց է տալիս, որ նա ձեռք է բերել իրական գիտությունը և Տիրոջ հանդեպ ամուր հավատ։

125. «Սուտ են մարդկանց որդիները և իրենց կշռով մեղանչում են» (Սաղմ. ԿԱ 9), սակայն Աստված յուրաքանչյուրին տալիս է այն, ինչ արժան է։

126. Եթե հանցագործը հավիտյան չի կարող պահել շահածը և նրա զոհն էլ չի կարող միշտ կարիքի մեջ մնալ, ապա «արդարև մարդը ստվերի պես է անցնում և իզուր է խռովվում» (Սաղմ. ԼԸ 6)։

127. Եթե դու տեսնում ես, որ ինչ-որ մեկը մեծ անպատվություն է կրում, վստա՛հ եղիր, որ նա տարված է եղել անձնահաճության խորհուրդներով և այժմ զզվանքով հնձում է այն բերքը, որ ստացել է իր սրտի մեջ իր իսկ ցանած սերմերից։

128. Ով պատշաճից ավելի է մարմնական հաճույքներ վայելում, չափն անցնելու համար վշտերով հարյուրապատիկը կվճարի։

129. Իշխանություն ունեցող մարդը պետք է իր ենթակային հայտնի նրա պարտականությունները, և եթե նա անհնազանդ գտնվի, պետք է զգուշացնի նրան վատ հետևանքների մասին։

130. Եթե նա, ում հանդեպ անիրավություն է գործվում, ոչ մի հատուցում չի պահանջում իր հանդեպ մեղանչածից, ապավինում է Քրիստոսին՝ իր կորուստը բարիք դարձնելու համար։ Այսպիսին հարյուրապատիկով է վարձատրվում այս աշխարհում և ժառանգում հավիտենական կյանքը (տ. Մարկ. Ժ 30)։

131. Աստծո հիշատակը (Աստծուն հիշելը) սրտի տանջանք է, որ ապրվում է նվիրման հոգով։ Իսկ ով մոռանում է Աստծուն, դառնում է հեշտասեր ու անզգա։

132. Մի՛ ասա, թե անկրքության հասած մարդը չի կարող վիշտ կրել. որովհետև նույնիսկ եթե նա չտանջվի սեփական անձի պատճառով, պարտավոր է վշտանալ հանուն մերձավորի։

133. Երբ թշնամին գրանցում է մարդու մոռացված շատ մեղքեր, ապա, լիովին օգտագործելով «մեղքի օրենքի» (Հռոմ. Ը 2) առիթը, ստիպում է իր պարտապանին դրանք հիշողության մեջ պահել։

134. Եթե կամենում ես անդադար հիշել Աստծուն, մի՛ մերժիր այն ամենը, ինչ պատահում է քեզ՝ մտածելով, թե արժանի չես դրանց, այլ համբերությամբ ընդունիր դրանք իբրև քո բաժինը։ Որովհետև համբերատար ընդունումն այն ամենի, որ պատահում է, Աստծո հիշատակն է սրտում բորբոքում, մինչդեռ մերժումը տկարացնում է սրտի հոգևոր նպատակը և սիրտը մոռացկոտ դարձնում։

135. Եթե կամենում ես, որ Տերը «ծածկի» մեղքերդ (Սաղմ. ԼԱ 1), առաքինություններդ ուրիշներին ցույց մի՛ տուր։ Որովհետև ինչ անում ենք մեր առաքինությունների հետ, նույնը Տերը կանի մեր մեղքերի հետ։

136. Առաքինությունդ թաքցնելով՝ մի՛ հպարտացիր՝ երևակայելով, թե արդարու¬թյան ես հասել։ Որովհետև արդարությունը միայն բարի գործերը թաքցնելը չէ, այլև երբեք արգելված խորհուրդներ չունենալը։

137. Ուրախացիր ո՛չ թե երբ բարիք ես գործում մեկին, այլ երբ առանց հիշա¬չարության համբերում ես դրան հետևող թշնամությանը։ Որովհետև ինչպես գիշերն է հետևում ցերեկվան, այդպես էլ չարության գործերը՝ բարության գործերին։

138. Բարության և ողորմության գործերն ապականվում են անձնահաճությամբ, ժլատությամբ և հաճույքով, եթե վերջիններս նախապես վերացված չեն եղել Աստծո երկյուղով։

139. Մեր ոչ կամավոր վշտերում թաքնված է Աստծո ողորմությունը, և եթե մենք դրանք համբերությամբ ենք կրում, դրանք մեզ ապաշխարության են բերում և ազատում մշտնջենական պատժից։

140. Որոշ մարդիկ, երբ ժրաբար պահում են պատվիրանները, վշտակրության են սպասում՝ իրենց մեղքերը ծածկելու համար, ուրիշներ էլ, ովքեր պատվիրանները պահում են առանց այս ակնկալիքի, ձեռք են բերում Նրա շնորհը, ով մեռավ մեր մեղքերի պատճառով։ Մենք պետք է մտածենք, թե սրանցից ո՛րն է ճիշտ։

141. Դժոխքի ահն ու Աստծո արքայության սերը մեզ ընդունակ են դարձնում համբերելու վշտերին և սա անում են ոչ թե հենց իրենցով, այլ Նրա միջոցով, ով գիտի մեր խորհուրդները։

142. Ով հավատում է գալիք աշխարհի օրհնություններին, իր կամքով հրաժար¬վում է ներկա աշխարհի հաճույքներից։ Իսկ ով չունի այսպիսի հավատ, դառնում է հեշտասեր ու անզգա։

143. Մի՛ հարցրու, թե ինչպես կարող է աղքատ մարդը լինել հեշտասեր, եթե չունի նյութական միջոցներ։ Որովհետև հնարավոր է, որ մեկը հեշտասեր լինի, նույնիսկ շատ ավելի անարգ ձևով, իր խորհուրդներում։

144. Արարածների մասին գիտությունը մի՛ բան է, իսկ աստվածային ճշմարտու¬թյան գիտությունը՝ ուրիշ։ Երկրորդը գերազանցում է առաջինին, ինչպես որ արևն է իր լույսով ծածկում լուսինը։

145. Արարածների մասին գիտությունն աճում է այնքանով, որքանով ժրաջա¬նորեն ենք պահում պատվիրանները։ Իսկ ճշմարտության գիտությունն աճում է այնքանով, որքանով մեր հույսը Քրիստոսի վրա ենք դնում։

146. Եթե կամենում ես փրկվել և «հասնել ճշմարտության գիտությանը» (Ա Տիմ. Բ 4), միշտ ջանա թողնել-անցնել զգայական բաները և հույսով կառչել միայն Աստծուց։ Այդժամ դու կտեսնես, որ իշխանություններն ու զորությունները պատերազմում են քո դեմ (տ. Եփես. Զ 12)՝ քո կամքին հակառակ խոտորեցնելով և դեպի մեղքը դրդելով քեզ։ Սակայն եթե դու աղոթքով հաղթես նրանց և շարունակես հուսալ, կընդունես Աստծո շնորհը, և այն կփրկի քեզ գալիք բարկությունից։

147. Եթե դու հասկանաս, թե ինչ խորհրդական իմաստով է սբ Պողոսն ասում, որ մեր պատերազմը հոգևոր չարության դեմ է (Եփես. Զ 12), կհասկանաս նաև Տիրոջ առակը, որ պետք է ամեն ժամ աղոթել և չձանձրանալ։

148. 0րենքը խորհրդաբար հրամայում է մարդկանց վեց օր աշխատել և յոթերորդ օրը հանգստանալ (Ելք Ի 9-10)։ «Աշխատել» բառը, երբ հոգուն է վերաբերում, նշանակում է բարության և ողորմության գործերը՝ կատարված մեր ունեցվածքի, այսինքն՝ նյութական բաների միջոցով։ Իսկ հոգու հանգիստը ամեն ինչ վաճառելն ու աղքատներին տալն է (Մատթ. ԺԹ 21), ինչպես Քրիստոսն Ինքն ասաց։ Այսպիսով, ունեցվածք չունենալով՝ հոգին կհանգստանա դրա համար աշխատանքից և իրեն կնվիրի հոգևոր հույսին։ Այսպիսին է այն հանգիստը, որի մեջ մտնել է մեզ թելադրում Պողոսը՝ ասելով. «Ջանանք այսուհետև մտնել այն հանգիստը» (Եբր. Դ 11)։

149. Սա ասելով՝ չենք մոռանում գալիք կյանքի օրհնությունները կամ տիեզե¬րական վարձատրությունը սահմանափակում ներկա կյանքով։ Մենք պարզապես հաս¬տատում ենք, որ անհրաժեշտ է նախ ունենալ սրտի վրա ներգործող Սուրբ Հոգու շնորհը և ըստ այս ներգործության մտնել երկնքի արքայություն։ Տերը սա ցույց տվեց՝ ասելով. «Երկնքի արքայությունը ձեր ներսում է» (հմմտ. Ղուկ. ԺԷ 21)։ Առաքյալը ևս նույնն է ասում. «Հավատը հուսացված բաների հաստատությունն է» (Եբր. ԺԱ 1), «Այնպես ընթացեք, որ հասնեք» (Ա Կոր. Թ 24), «Փորձեք ձեզ, թե նույն հավատի մե՞ջ եք մնում…. չգիտե՞ք, որ Հիսուս Քրիստոսը ձեր մեջ է, եթե անպիտան չեք» (Բ Կոր. ԺԳ 5)։

150. Նա, ով հասել է նրան, որ հասկանում է ճշմարտությունը, չի դիմադրում իրեն պատահող վշտերին, քանի որ գիտի, որ դրանք առաջնորդում են իրեն դեպի Աստծո երկյուղը։

151. Անցած մեղքերը մանրամասնորեն վերհիշելը վնասում է Աստծուն հուսացող մարդուն։ Որովհետև երբ այսպիսի վերհիշումը խղճի տանջանք է առաջացնում, մարդուն հույսից զրկում է։ Իսկ եթե նա մեղքերը պատկերացնում է առանց ցավի, դրանք նախկին պղծությամբ նորից ապականում են նրան։

152. Երբ միտքը կրքերի մերժմամբ հասնում է աներեր հույսի, այդժամ թշնամին նրան մղում է պատկերացնելու անցած մեղքերը՝ դրանք Աստծուն խոստովանելու պատրվակով։ Այսպես նա փորձում է դարձյալ բորբոքել արդեն Աստծո շնորհով մոռացված կրքերը և այսպիսով ծածկաբար վնաս հասցնել իրեն։ Այնուհետև, եթե նույնիսկ մեկը լուսավորված է և կրքերն ատում է, անխուսափելիորեն կլցվի խավարով ու շփոթությամբ, երբ հիշի՝ ինչ է արել։ Իսկ եթե նա դեռևս մշուշի մեջ է և հեշտասեր, վստահաբա՛ր ժամանակ կվատնի թշնամու սադրանքների վրա և կրքի ազդեցության տակ կհյուրընկալի նրանց, ինչն էլ ապացույց կլինի այն բանի, որ այս վերհիշումը ոչ թե խոստովանություն է, այլ նախատրամադրվածություն։

153. Եթե դու կամենում ես անբիծ խոստովանություն ներկայացնել Աստծուն, գործածդ մեղքերի մանրամասների մեջ մի՛ մտիր, այլ հաստատապես դիմադրի՛ր նրանց վերարթնացած հարձակումներին։

154. Մեր նախկին մեղքերի պատճառով փորձություններ են պատահում մեզ՝ բերելով այն, ինչ համապատասխանում է յուրաքանչյուր մեղքին։

155. Հոգևոր գիտություն ունեցող և ճշմարտությունը հասկացող մարդն Աստծուն խոստովանում է ոչ թե իր արարքների վերհիշմամբ, այլ համբերությամբ տանելով այն, ինչ պատահում է։

156. Եթե դու հրաժարվում ես վիշտ և անարգանք ընդունել, ունեցածդ ուրիշ առաքինությունների պատճառով մի՛ համարիր, թե ապաշխարության վիճակի մեջ ես։ Որովհետև անձնահաճությունն ու անզգայությունը կարող են ծառայել մեղքին նույնիսկ առաքինության քողի տակ։

157. Ինչպես վիշտն ու անարգանքը սովորաբար առաքինություններ են ծնում, այդպես հաճույքն ու անձնահաճությունը սովորաբար ծնում են մեղքեր։

158. Ամեն մարմնական հաճույք արդյունքն է նախկին մեղկության, իսկ վերջինս էլ՝ թերահավատության։

159. Ով մեղքի տիրապետության տակ է, չի կարող ինքնուրույն հաղթել մարմնի կամքին, ինչի պատճառը նրա բոլոր անդամներում շարունակական գրգռված վիճակի առկայությունն է։

160. Ովքեր կրքերից տանջվում են, պետք է աղոթեն և հնազանդ լինեն։ Որով¬հետև նույնիսկ երբ նրանք օգնություն են ստանում, այնքանը, որ կարողանում են անել, իրենց նախատրամադրվածությունների դեմ պայքարելն է միայն։

161. Ով փորձում է հաղթել սեփական կամքին հնազանդության և աղոթքի միջո¬ցով, հետևում է ճգնողության իմաստուն միջոցին։ Արտաքին բաներից նրա հրաժա¬րումը ցույց է տալիս նրա ներքին պայքարը։

162. Ով իր կամքը չի համաձայնեցնում Աստծո կամքին, սեփական ծրագրերի պատճառով մոլորվում է և ընկնում թշնամիների ձեռքը։

163. Երբ տեսնում ես, որ երկու չար մարդ ընկերություն են անում, կարող ես վստահ լինել, որ նրանցից յուրաքանչյուրը համագործակցում է մյուսի ցանկություն¬ների հետ։

164. Ինքնահավանն ու մեծամիտը ուրախությամբ են համաձայնում միմյանց, որովհետև ինքնահավանը գովում է մեծամիտին և ծառայաբար շողոքորթում նրան, իսկ մեծամիտն էլ գովաբանում է իրեն շարունակ փառաբանող ինքնահավանին։

165. Աստծուն սիրող մարդն օգուտ է ստանում թե՛ գովասանքից, թե՛ անար¬գանքից։ Երբ բարի գործերի համար գովաբանվում է, ավելի ժրաջան է դառնում, իսկ երբ մեղքերի համար հանդիմանվում է, զղջում է ապրում։ Մեր արտաքին կյանքը պետք է համապատասխանի մեր ներքին առաջընթացին, և Աստծուն ուղղված մեր աղոթքները՝ մեր կյանքին։

166. Լավ է ամուր պահել գլխավոր պատվիրանը՝ չմտահոգվելով մասնավոր բաների համար կամ հատուկ չաղոթելով դրանց համար, այլ փնտրելով միայն արքայությունն ու Աստծո խոսքը (տ. Մատթ. Զ 25-33)։ Եթե, այնուամենայնիվ, մենք դեռևս մտահոգվում ենք մեր մասնավոր կարիքների համար, պետք է աղոթենք նաև դրանցից յուրաքանչյուրի համար։ Ով որևէ բան անում կամ ծրագրում է առանց աղոթքի, վերջում չի հաջողի։ Եվ սա է այն, ինչ ի նկատի ունի Տերը, երբ ասում է. «Առանց Ինձ ոչինչ չեք կարող անել» (Հովհ. ԺԵ 5)։

167. Երբ մարդ աղոթքի պատվիրանն արհամարհում է, այնուհետև անհնազան¬դության ավելի վատթար գործեր է կատարում, որոնցից յուրաքանչյուրը նրան՝ իբրև բանտարկյալի, հանձնում է իր հաջորդին։

168. Ով ընդունում է ներկա վշտերը գալիք օրհնությունների սպասումով, գտել է ճշմարտության գիտությունը և դյուրությամբ կազատվի բարկությունից ու խղճի տանջանքից։

169. Ով հանուն ճշմարտության ընտրում է իր հանդեպ անիրավ վերաբերմունքն ու անարգանքը, ընթանում է առաքելական շավղով. նա վերցրել է իր խաչը և շղթաների մեջ է (տ. Մատթ. ԺԶ 24, Գործք ԻԸ 20)։ Իսկ եթե նա փորձի իր ուշադրությունը կենտրոնացնել սրտի վրա առանց այս երկուսն ընդունելու, նրա միտքը կշեղվի այս շավղից, և նա կընկնի փորձությունների և սատանայի որոգայթ¬ների մեջ։

170. Մեր ճգնողական պատերազմում մենք ոչ կարող ենք չար խորհուրդներից ազատվել առանց դրանց պատճառներից ազատվելու, ոչ էլ այդ պատճառներից ազատվել առանց խորհուրդներից ազատվելու. որովհետև եթե մենք մերժենք մեկն առանց մյուսի, շատ շուտով մյուսը մեզ միանգամից երկուսի մեջ կգցի։

171. Ով նեղությունների կամ հանդիմանության վախից պայքարում է ուրիշների դեմ, կա՛մ ավելի մեծ նեղությունների մեջ կընկնի այս կյանքում, կա՛մ անողորմաբար կպատժվի գալիք կյանքում։

172. Եթե մեկը կամենում է բոլոր ձախորդություններից զերծ մնալ, պետք է աղոթքի միջոցով Աստծուն ընկերակցի ամեն ինչում. մտքով պետք է հույսը դնի Նրա վրա՝ մի կողմ թողնելով, որքան հնարավոր է, զգայարաններին վերաբերող ամբողջ մտահոգությունը։

173. Երբ սատանան տեսնում է, որ մեկն առանց կարիքի զբաղված է մարմնավոր բաներով, նա նախ զրկում է նրան հոգևոր գիտության՝ դժվարությամբ ձեռք բերված պտուղներից, այնուհետև կտրում Աստծո հանդեպ նրա հույսը։

174. Եթե դու պետք է երբևէ հասնես մաքուր աղոթքի ամրոցին, մի՛ ընդունիր արարածների վերաբերյալ գիտությունը, որը թշնամին ներկայացնում է քեզ աղոթքի պահին, որպեսզի չլինի թե կորցնես այն, ինչ ավելի մեծ է։ Որովհետև ավելի լավ է վերևից աղոթքի նետեր արձակել նրա վրա՝ նեղը գցելով, երբ նա ներքևում է, և միայն հետո՛ բանակցել նրա հետ, երբ նա առաջարկում է մեզ իր ավար առած գիտությունը և փորձում մեզ հեռացնել իրեն պարտության մատնող այս աղոթքից։

175. Արարածների մասին գիտությունը փորձության և ձանձրույթի ժամանակ օգնում է մարդուն, բայց աղոթքի ժամանակ սովորաբար վնասակար է։

176. Եթե քո պարտականությունն է հոգևոր ուղղություն տալ, և քեզ անհնազանդ են գտնվում, ներքուստ վշտացի՛ր, բայց արտաքուստ տխուր մի՛ եղիր։ Որովհետև եթե վշտանում ես, չես կիսի քեզ անհնազանդ գտնվածի մեղքը, իսկ եթե տխրել ես, կփորձվես այն նույն փորձություններով, որոնց մեջ նա է ընկել։

177. Երբ դու ինչ-որ բան ես բացատրում, մի՛ ծածկիր այն, ինչ համապատաս¬խանում է ներկաների կարիքներին։ Դու պետք է հստակորեն քննարկես ինչ որ պատշաճ է. սակայն լիակատար հստակությամբ մի՛ մատուցիր այն, ինչ դժվար¬ընդունելի է։

178. Եթե մեկը քո հնազանդության տակ չէ, մի՛ կշտամբիր նրան իր սխալների համար, որովհետև դա կնշանակեր, թե դու իշխանություն ունես նրա վրա և ոչ թե պարզապես խորհուրդ ես տալիս։

179. Ինչ որ ասվում է առանց հստակ հասցեատիրոջ, օգտակար է ամենքին, որովհետև յուրաքանչյուրն, ըստ իր խղճի, խոսքն իրեն է ուղղված համարում։

180. Ով ուղիղ է խոսում, պետք է ճանաչի, որ ինքը խոսքերն Աստծուց է ընդու¬նում։ Որովհետև ճշմարտությունը պատկանում է ոչ թե նրան, ով խոսում է, այլ Աստծուն, ով զորացնում է խոսողին։

181. Մի՛ վիճիր քո հնազանդության ներքո չգտնվող մարդկանց հետ, երբ հակա¬ռակում են ճշմարտությանը, այլապես կհարուցես նրանց ատելությունը։

182. Եթե դու թույլ ես տալիս, որ քո հնազանդության ներքո գտնվողը հանիրավի հակաճառի քեզ, ապա նրան մոլորեցնում ես այդ հարցի շուրջ, այլև քաջալերում, որ խախտի իր հնազանդության խոստումը։

183. Ով Աստծո երկյուղով խրատում կամ ուղղության է բերում մեղանչածին, ձեռք է բերում նրա գործած մեղքին հակադիր առաքինությունը։ Իսկ ով ոխակալությունից և չար կամքից է հանդիմանում նրան, համաձայն հոգևոր օրենքի՝ ենթարկվում է նույնպիսի կրքի։

184. Ով լավ է սովորել օրենքը, երկյուղում է օրենքի Տվչից և Նրանից երկյուղելով՝ հեռանում ամեն չարից։

185. Մի՛ եղիր երկլեզու՝ ասելով մի՛ բան, երբ խիղճդ մի ուրիշն է ասում. որովհետև Սուրբ Գիրքն այդպիսի մարդկանց անեծքի տակ է դնում (Սիրաք ԻԸ 15)։

186. Մեկը ճշմարտությունն է խոսում և դրա համար ատվում է հիմարներից։ Մի ուրիշը կեղծավորաբար է խոսում և այդ պատճառով սիրվում է։ Բայց երկու դեպքում էլ նրանց հատուցումը շատ չի ուշանա. պատշաճ պահի Տերը յուրաքանչյուրին կհատուցի այն, ինչին արժանի են։

187. Ով ցանկանում է խուսափել ապագա նեղություններից, պետք է ուրախու¬թյամբ դիմանա ներկա նեղություններին, որովհետև այս ճանապարհով, մեկը մյուսով հավասարակշռելով, փոքր վշտերով նա կխուսափի ավելի մեծերից։

188. Պահիր լեզուդ պարծենկոտությունից և խորհուրդներդ՝ հանդգնությունից, այլապես կարող ես լքվել Աստծուց և մեղքի մեջ ընկնել. որովհետև մարդ չի կարող ոչ մի բարի բան անել առանց ամենատես Աստծո օգնության։

189. Աստված, որ ամենատես է, ըստ արժանվույն հատուցում է ոչ միայն մեր գործերի դիմաց, այլև կամավոր խորհուրդների ու նպատակների։

190. Ոչ կամավոր խորհուրդները ծագում են նախապես գործված մեղքից, իսկ կամավորները՝ մեր ազատ կամքից։ Այսպիսով, վերջինները պատճառն են առաջին¬ների։

191. Մեր կամքին հակառակ ծագող չար խորհուրդներն ուղեկցվում են խղճի տանջանքով, ուստի շուտով անհետանում են։ Իսկ երբ նրանք ազատորեն են ընտրվում, ուղեկցվում են հաճույքով, ուստի դժվար է նրանցից ձերբազատվել։

192. Հեշտասերները վշտանում են քննադատությունից ու նեղությունից, իսկ աստվածասերները՝ գովեստներից ու շքեղ պայմաններից։

193. Ով չի հասկանում Աստծո դատաստանները, քայլում է դանակի ծայրի նման սուր բլրակատարի վրայով և հեշտությամբ կորցնում է հավասարակշռությունը քամու ամեն փչումից։ Երբ գովեստներ է ընդունում, հպարտանում է, իսկ երբ քննադատվում է, ցավ է ապրում։ Երբ տոն է նշում, խոզի է վերածվում, իսկ երբ նեղություն է քաշում, հեծեծում ու տնքում է։ Երբ հասկանում է ինչ-որ բան, իրեն ցուցադրում է, իսկ երբ չի հասկանում, ձևացնում է, թե հասկանում է։ Երբ հարուստ է, սնապարծ է, իսկ երբ աղքատ է, կեղծավորություն է անում։ Երբ հղփանում է, դառնում է պնդերես, իսկ երբ պահք է պահում՝ ամբարտավան։ Վիճում է իրեն կշտամբողների հետ, իսկ իրեն ներողներին հիմար համարում։

194. Քանի դեռ մեկը Քրիստոսի շնորհով ձեռք չի բերել ճշմարտության գիտու¬թյունն ու Աստծո երկյուղը, խոր վերքեր կստանա ոչ միայն կրքերից, այլև իրեն պատահող հանգամանքներից։

195. Երբ կամենում ես լուծել մի բարդ խնդիր, փնտրիր Աստծո կամքը դրա համար և կառուցողական լուծում կգտնես։

196. Երբ ինչ-որ բան Աստծո կամքի համաձայն է, ամբողջ արարչությունն օգնում է դրան։ Իսկ երբ Աստված մերժում է մի բան, արարչությունը նույնպես դիմադրում է։

197. Ով դիմադրում է իրեն տհաճ դեպքերին, անգիտակցորեն հակառակում է Աստծո հրամանին։ Իսկ երբ մեկն իրական գիտությամբ ընդունում է դրանք, «համբե¬րությամբ սպասում է Տիրոջը» (Սաղմ. ԻԶ 14)։

198. Երբ ինչ-որ փորձություն է քեզ պատահում, պետք է պարզես ոչ թե այն, թե ինչու կամ ում միջոցով դա պատահեց, այլ միայն՝ թե ինչպես գոհությամբ դիմանաս դրան, առանց վշտանալու կամ հիշաչարության։

199. Ուրիշի մեղքը չի կարող մեծացնել մերը, եթե մենք ինքներս չար խորհուրդների միջոցով չհակվենք դրան։

200. Եթե դյուրին չէ գտնել Աստծո կամքի համաձայն ապրող մարդու, ով փորձության չի ենթարկվել, ապա մենք պետք է շնորհակալ լինենք Աստծուն մեզ պատահող ամեն ինչի համար։

201. Եթե Պետրոսը գիշերվա ընթացքում չձախողեր ձուկ որսալու մեջ (Ղուկ. Ե 5), ոչինչ չէր որսա ցերեկը։ Եթե Պողոսը մարմնական կուրություն չապրեր (Գործք Թ 8), նրան հոգևոր տեսողություն չէր շնորհվի։ Եվ եթե Ստեփանոսը չզրպարտվեր իբրև աստվածհայհոյիչ, չէր տեսնի երկինքը բացված և չէր նայի Աստծուն (Գործք Զ 15, Է 56)։

202. Ինչպես Աստծո կամքի համաձայն գործն առաքինություն է կոչվում, այդպես անսպասելի վիշտը կոչվում է փորձություն։

203. Աստված «փորձեց Աբրահամին» (Ծննդ. ԻԲ 1-14), այսինքն՝ Աստված նրան հենց նրա օգտի համար վիշտ պատճառեց, ո՛չ թե որպեսզի իմանար, թե Աբրահամն ինչպիսի մարդ է (քանի որ գիտեր նրան, որովհետև գիտի ամեն ինչ նախքան դրանց առաջ գալը), այլ որպեսզի կատարյալ հավատ ցուցաբերելու հնարավորություն տար նրան։

204. Ամեն վիշտ փորձում է մեր կամքը՝ ցույց տալով, թե այն դեպի բարի՞ն է հակված, թե՞ չարը։ Այն պատճառով է չկանխատեսված վիշտը փորձություն կոչվում, որ մարդուն հնարավորություն է տալիս փորձելու իր թաքնված ցանկությունները։

205. Աստծո երկյուղը մեզ ստիպում է պայքարել չարի դեմ, և երբ մենք չարի դեմ պայքարում ենք, Աստծո շնորհը ոչնչացնում է այն։

206. Իմաստություն է ոչ միայն իրերի բնական արդյունքին հասու դառնալը, այլև մեր դեմ անիրավողների չարությունը մեր արժանի բաժինը համարելը։ Այն մարդիկ, ովքեր իմաստության առաջին տեսակից ավելի առաջ չեն շարժվում, հպարտանում են, մինչդեռ նրանք, ովքեր հասնում են երկրորդ տեսակին, խոնարհվում են։

207. Եթե չես կամենում, որ չար խորհուրդները քո մեջ գործուն դառնան, ընդունիր հոգու խոնարհեցումն ու մարմնի նեղությունը, և սա՝ ոչ միայն մասնավոր առիթներով, այլ միշտ, ամենուր և ամեն ինչում։

208. Ով սրտանց ընդունում է վշտերով պատիժ կրել, չար խորհուրդները նրա կամքին հակառակ չեն տիրում նրան։ Մինչդեռ նա, ով վիշտը չի ընդունում, չար խորհուրդներից բանտարգել է լինում, նույնիսկ եթե դիմադրում է նրանց։

209. Երբ քո հանդեպ անիրավ են գտնվում, և քո սիրտն ու զգացումները կարծրանում են, մի՛ տրտմիր, որովհետև սա նախախնամությամբ է տեղի ունենում. հակառակը՝ ուրախացի՛ր և ներսումդ ծագող խորհուրդները մերժի՛ր՝ գիտենալով, որ եթե նրանք ոչնչացվեն այն փուլում, երբ դեռ ընդամենը դրդում են, նրանց չար հետևանքները մեջտեղից դուրս կգան, մինչդեռ եթե խորհուրդները հարատևեն, սպասելի է, որ չարն աճի։

210. Առանց սրտի փշրվածության անհնար է չարից ազատվել։ Սիրտը փշրվում է եռակի ինքնակառավարմամբ՝ քնի, կերակրի և մարմնական հանգստի մեջ։ Որովհետև անչափավորությունն այս երեքի մեջ տանում է հեշտասիրության, իսկ սա էլ իր հերթին պատճառ է դառնում, որ չար խորհուրդներ ընդունենք, և հակադրվում է աղոթքին և պատշաճավոր աշխատանքին։

211. Եթե քո պարտականությունն է եղբայրներիդ կարգադրություններ անել, զգո՛ւյշ եղիր քո դերին, և երբ նրանք հակադրվում են քեզ, մի՛ զլանա անհրաժեշտն ասել նրանց։ Եթե հնազանդվեն քեզ, նրանց առաքինության համար կվարձատրվես, իսկ եթե անհնազանդ գտնվեն, դու այնուամենայնիվ պիտի ներես նրանց և դարձյա՛լ կվարձատրվես Նրանից, ով ասաց. «Ներեցե՛ք, և կներվի ձեզ» (Մատթ. Զ 14)։

212. Ամեն դիպված նման է առևտրի։ Ով գիտի, թե ինչպես սակարկել, նրա շահը մեծ կլինի, իսկ ով չգիտի, կորուստ կունենա։

213. Եթե մեկը քեզ չի հնազանդվում, երբ դու մի անգամ ասում ես նրան, մի՛ վիճիր՝ փորձելով համոզել նրան, այլ նրա արհամարհած օգուտը ի՛նքդ վերցրու. որովհետև համբերատարությունը քեզ ավելի օգուտ կտա, քան անհնազանդին ուղղության բերելը։

214. Երբ մեկի չար վարքը սկսում է ազդել նաև այլոց վրա, դու չպետք է հանդուրժողություն ցուցաբերես և քո սեփական օգտի փոխարեն՝ պիտի փնտրես ուրիշներինը, որպեսզի նրանք փրկվեն։ Որովհետև շատ մարդկանց վրա տարածվող առաքինությունն առավել արժեքավոր է, քան այն առաքինությունը, որ պատկանում է միայն մեկին։

215. Եթե մարդ ընկնում է ինչ-որ մեղքի մեջ և ցավ չի զգում դրա համար, ապա հեշտությամբ դարձյա՛լ կընկնի նույն ցանցը։

216. Ինչպես առյուծը չի ընկերանում հորթին, այդպես կոպտությունն ուրախությամբ չի ընդունում Աստծո կամքի համաձայն եղած խղճի տանջանքը։

217. Ինչպես ոչխարը չի զուգավորվում գայլի հետ, այդպես սրտի այն կսկիծը, որ առաքինություններ է ծնում, չի զուգակցվում բավարարության զգացման հետ։

218. Ոչ ոք չի կարող ցավ ու խղճի տանջանք ունենալ այնպես, ինչպես պահանջում է Աստծո կամքը, եթե նախ չսիրի այն, ինչ ծնում է դրանք։

219. Աստծո երկյուղն ու հանդիմանությունը առաջ են բերում խղճի տանջանք, իսկ նեղությունն ու հսկումները մեզ մտերմացնում են վշտակրության հետ։

220. Նա, ով չի սովորում Սուրբ Գրքի պատվիրաններից, կքշվի «ձիու մտրակով» և «էշի խթանով» (Առակ. ԻԶ 3)։ Եվ եթե մերժում է նաև սրանց հնազանդվել, նրա կզակը պետք է «սանձի և դնչկալի մեջ ճմլել» (Սաղմ. ԼԱ 9)։

221. Ով դյուրությամբ հաղթվում է փոքրից, անխուսափելիորեն կստրկացվի մե¬ծից։ Իսկ ով հաղթում է փոքրին, Տիրոջ օգնությամբ կդիմադրի նաև մեծին։

222. Երբ մեկը պարծենում է իր առաքինություններով, մի՛ փորձիր հանդիմա¬նության միջոցով օգնել նրան. որովհետև մարդ չի կարող միաժամանակ սիրել ինքնացուցադրումն ու ճշմարտությունը։

223. Քրիստոսի յուրաքանչյուր խոսք ցույց է տալիս մեզ Աստծո ողորմությունը, արդարությունը և իմաստությունը, և եթե մենք ուրախությամբ ենք ականջ դնում, նրանց զորությունը մեր մեջ է մտնում։ Սա է պատճառը, որ անողորմներն ու ամբարիշտները, Քրիստոսին խորշանքով լսելով, անկարող եղան Աստծո իմաստությունը հասկանալ և այն ուսուցանելու համար նույնիսկ խաչեցին Նրան։ Ուստի մենք ևս պետք է հարց տանք ինքներս մեզ, թե ուրախությա՞մբ ենք լսում Նրան։ Նա ասաց. «Ով Ինձ սիրում է, Իմ պատվիրանները կպահի և կսիրվի Իմ Հորից. Ես նույնպես կսիրեմ նրան և Ինձ կհայտնեմ նրան» (հմմտ. Հովհ. ԺԴ 21)։ Տեսնո՞ւմ ես՝ ինչպես է Նա Իր հայտնությունը թաքցրել պատվիրանների մեջ։ Հետևաբար, բոլոր պատվիրանների մեջ ամենամեծն Աստծուն և մեր ընկերոջը սիրելն է։ Այս սերը հաստատուն է դառնում նյութական բաների մեջ ժուժկալությամբ և խորհուրդների հանդարտությամբ։

224. Սա իմանալով՝ Տերը մեզ պատվիրում է «չմտահոգվել վաղվա մասին» (Մատթ. Զ 34), և իրո՛ք այդպես է։ Որովհետև եթե մարդ չազատի իրեն նյութական բաներից և սրանց համար հոգսից, ինչպե՞ս կարող է ազատվել չար խորհուրդներից։ Եվ եթե չար խորհուրդներով է պաշարված, ինչպե՞ս կարող է տեսնել նրանց ետևում թաքնված մեղքի իրականությունը։ Այս մեղքը հոգին պարուրում է խավարով ու անթափանցությամբ և մեծացնում մեզ վրա դրանց բռնատիրությունը մեր չար խորհուրդների և գործերի միջոցով։ Սատանան սկսում է մեղքի ամբողջ գործընթացը մարդուն փորձելով ինչ-որ սադրանքով, որը նա մարդուն չի պարտադրում ընդունել։ Սակայն մարդը, հեշտասիրությունից ու անձնահաճությունից մղված, սկսում է հաճույքով ներս առնել այս սադրանքը։ Նույնիսկ եթե նրա դատողությունը նրան թելադրում է մերժել այն, գործնականորեն նա հաճույք է ստանում դրանից և ընդունում այն։ Եթե մեկը մեղքի այս ընդհանուր գործընթացին հասու չի եղել, ե՞րբ պիտի աղոթի դրա համար և մաքրվի դրանից։ Եվ եթե նա չի մաքրվել, ինչպե՞ս պիտի գտնի իր բնության սրբությունը։ Եվ եթե նա չի գտել սա, ինչպե՞ս պիտի տեսնի Քրիստոսի ներբնակության տաճարը. որովհետև մենք Աստծո տաճարն ենք՝ ըստ մարգարեի, Ավետարանի և առաքյալի խոսքերի (տ. Զաք. Բ 10, Հովհ. ԺԴ 23, Ա Կոր. Գ 16, Եբր. Գ 6)։

225. Հետևելով վերոշարադրյալ հաջորդականությանը՝ մենք պետք է ջանանք գտնել այդ տաճարը և դուռը թակենք հարատև աղոթքով, որպեսզի կա՛մ այս կյանքում և կա՛մ մեր մահվան պահին Տերը բացի այն մեր առաջ և մեր անտարբերության պատճառով չասի. «Չգիտեմ՝ որտեղից եք» (Ղուկ. ԺԳ 25)։ Ո՛չ միայն պետք է խնդրենք ու ստանանք, այլև տրվածն ամուր պահենք, քանի որ ոմանք կորցնում են ստացածը։ Այս բաների տեսական գիտությունը կամ պատահական փորձառությունը թերևս կարող է ձեռք բերվել նրանց կողմից, ովքեր կյանքում ուշ են սկսել սովորել և կամ դեռևս երիտասարդ են, բայց սրանց շարունակական և համբերատար գործադրու¬թյունը հազիվ է ձեռք բերվում նույնիսկ նվիրյալ և խորապես փորձառու ծերերի կողմից, ովքեր անուշադրության պատճառով պարբերաբար կորցրել են այն և ապա կամավոր չարչարանքով դարձյալ փնտրել ու վերագտել։ Ուստի եկեք սրանում մշտապես նմանվենք նրանց, մինչև մենք ևս անկորնչելիորեն ձեռք բերենք այս գործադրությունը։

226. Հոգևոր օրենքի բազմաթիվ կարգավորումներից միայն այս սակավին կարողացանք հասու դառնալ։ Մեծ սաղմոսերգուն դարձյալ ու դարձյալ թելադրում է մեզ սովորել ու գործադրել դրանք՝ անդադար փառաբանելով Տեր Հիսուսին։ Եվ Նրան վայել է փառք, իշխանություն և երկրպագություն այժմ և բոլոր հավիտյաններում։ Ամեն։

-------------------------------------------
Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:
Հատկորոշիչներ՝ Աստված, գործ, խրատ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Երկու հարյուր խոսք հոգևոր օրենքի մասին

Անգլերենից թարգմանեց Ս. Ստամբոլցյանը ՄԱՐԿՈՍ...