ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ
ՔԱՐՈԶ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ
Վարդապետներն ասում են. «Ինչպես որ տարբեր՝ սուրբ կամ անսուրբ է մարդկանց կյանքը, այնպես էլ տարբեր է նրանց մահը, քանի որ նույն մահը ոմանց համար հրավերք է դեպի կյանք, իսկ ոմանց համար՝ կանչ է դեպի տանջանքներ։ Ընդ որում՝ սուրբերը մահվանից կյանք են փոխվում, իսկ անսուրբները՝ մահվանից դեպի մահ»։
Տեսնենք, թե ովքեր են սուրբերը։
Արդ, սուրբերը նրանք չեն, ովքեր մարմնով լվացված, սրբված ու զարդարված են, այլ սուրբ են նոր մկրտվածներն ու սկզբնական մեղքերից սրբվածները։ Դարձյալ՝ սուրբ են սրբազան ժողովուրդները, որոնք ուղղափառ են հավատով, սուրբ են գործերով, ապրում են սուրբ ամուսնությամբ և [հավատարիմ] մնում Աստծո սուրբ պատվիրաններին։ Սուրբ են նաև նրանք, ովքեր կրոնավորում են մենակեցությամբ կամ քահանայական աստիճան ունեն։ Ահա նրանք, որոնք սուրբ և արդար են կոչվում։
Իսկ անսուրբ են նախ և առաջ չմկրտվածները, ովքեր դեռևս գրավված են սկզբնական մեղքի ներքո, ովքեր ո՛չ հինն ունեն՝ թլփատությունը, և ո՛չ նորը՝ մկրտությունը, ինչպես հեթանոսներն ու այլակրոնները։ Անսուրբ են նաև հավատն ուրացողները, որոնք զանազան հերձվածների մեջ են կամ անհավատությամբ հեռացել են Եկեղեցուց։ Դարձյալ՝ անսուրբ են այսահարները, ովքեր ծուլության և անկատարության պատճառով ընկել են դիվահարության ախտի մեջ, և նրանք, ովքեր կախարդությամբ դյութության գործով են զբաղվում։
Դարձյալ՝ անսուրբ են մեղքերի ախտերի մեջ գտնվողները, ովքեր տկարացել են՝ տեսակ-տեսակ մահուչափ մեղքեր գործելով, ովքեր առանց զղջումի են մնում և մեռնում են մեղքերի մեջ։ Դարձյալ՝ անսուրբ են մեղքերից դարձողները. և սրանք երկու մասի են բաժանվում. ոմանք դառնում են մեղքերից, իրենց ամբողջ սրտով զղջում են, խոստովանում և սկսում բարի գործեր անել. այսպիսիները երբ հատուցում են իրենց մեղքերի փոխարեն, սուրբերի կարգում են կարգվում։ Կան նաև ոմանք, ովքեր դառնում են մեղքերից կամ խոստովանում, սակայն սրտով մեղքերի մեջ են մնում և կրկին դեպի մեղքն են դառնում. այսպիսիներն անսուրբ են և մեղավոր, «շան պես դառնում են իրենց փսխածին և լվացված խոզի պես թավալվում են տիղմի մեջ»,- ասում է առաքյալը։ Այսպես զանազանվում է սուրբերի՝ ովքեր հոգևոր են, և անսուրբների՝ մեղավորների և մարմնավորների կյանքը։ Եվ ինչպես որ տարբեր է նրանց կյանքը, այնպես էլ տարբեր է արդարությամբ վախճանվողների և մեղքերի մեջ մեռնողների մահը, ինչպես նաև հարությունը՝ [մեկին] փառք, իսկ [մյուսին]՝ տանջանքներ։ Սակայն նախ պետք է տեսնել, թե ինչ է մահը և քանի՞ տեսակի է բաժանվում։
Արդ՝ մահը հոգու՝ մարմնից բաժանումն է, ասում են վարդապետները, և ինչպես որ սրանց միավորումը կյանք է, այնպես էլ բաժանումը մահ է։ «Քանի որ բաժանված մարմինը լուծվում է հողին, որտեղից վերցվել է, իսկ հոգին գնում է Աստծո մոտ, Ով տվեց այն», – ասում է Սողոմոնը. սա անձի քակտումն է։
Նաև մարմինը, ոսկորները, ջղերը և այլն քակտվում և լուծվում են հողին. սա մարմնի բնության բաժանումն է։ Դարձյալ՝ մահը փոփոխումն է ժամանակի և մուտք դեպի հավիտյանը։ Քանզի ժամանակի մեջ գտնված ժամանակ հոգին փոփոխվում էր, մահը մուտք է դեպի անփոփոխ հավիտյանը, իսկ հարության օրը [հոգին և մարմինը] պիտի միանան առանց փոփոխվելու։ Դարձյալ՝ մահը կենցաղի պատերազմների մեջ գտնվողների չարչարանքների եզրագիծն է և սկիզբը պսակների, իսկ հարությունը լրումն է պսակների, ինչպես ասում է սուրբ Դիոնեսիոսը, և Եկեղեցու բոլոր ուղղափառ վարդապետները համաձայն են այս բանին։
Եվ տե՛ս, թե ինչպես. նախ՝ այստեղ մարդու հոգին բարու և չարի մեջ է, մահից հետո՝ միայն բարու մեջ, իսկ հարության ժամանակ բարիքի և փառքերի մեջ։ Դարձյալ՝ այստեղ խոստացվում են պսակներ, մահը սկիզբ է և ճանապարհ, իսկ հարությունը լրումն է պսակների և երանության։
Դարձյալ՝ այս հավատի, մահից հետո՝ հույսի, իսկ հարության ժամանակ՝ սիրո [ժամանակն] է։ Քանի որ այստեղ անփոփոխ հավատով հավատում ենք, մահից հետո հաստատուն և անմահ հույսով տեսնում և ուրախանում ենք, ինչպես Սողոմոնն է ասում. «Նրանց հույսը լի է անմահությամբ»։ Իսկ հարությունից հետո սերտ և անքակտելի սիրով միավորվելու ենք, ինչպես առաքյալն է ասում. «Այս երեքը՝ հավատը, հույսը և սերը, և սրանցից մեծը սերն է, որ հավիտենական է և անքակտելի»։ Դարձյալ՝ հոգին այստեղ կարող է մեղանչել, կարող է և չմեղանչել, իսկ հարությունից հետո մեղանչել չի կարող, քանի որ անկարող է մեղք գործել։ Այդպես նաև մեղավոր հոգին այստեղ կարող է արդարանալ, իսկ հարությունից հետո արդարանալ չի կարող, քանի որ անկարող է, այլ պետք է դատապարտվի, ինչպես դևերի մեղանչումն ու անկումը, որ մահն է, և դատապարտությունը, որ պատիժն է։ Քանի որ նրանք նախ մեղանչեցին երկնքում, ապա ընկան օդի մեջ և մահացան. անկումը նրանց համար մահ է, ասում է սուրբ Գրիգոր Նյուսացին, և ապա [աշխարհի] վախճանին «պիտի տանջվեն հավիտենական հրի մեջ», ասում է Տերը։ Այդպես է նաև մեղավոր մարդը. նա այստեղ մեղանչում է, հետո մեռնում, հոգին բաժանվում է մարմնից և պիտի տանջվի սատանայի հետ «հավիտենական հրում, որ նրանց համար է պատրաստված»։ Այս են ասում ուղղափառ վարդապետները։ Իսկ նրանք, ովքեր մտացածին խոսքեր են բարբաջում, մեզ համար անընդունելի են։
Իսկ երբ սրբազան և մաքուր հոգին է հասնում վախճանին, ուրախությամբ ցնծում է՝ ասես չարչարանքից ազատված և պսակին հասած. այն ժամանակ պարզ և մոտ է տեսնում այն, ինչ այժմ աղոտ կերպով և հեռու է տեսնում՝ բոլոր փառքերն ու պսակները, որ «իրենք ընդունելու են հարության օրը», ինչպես ասում է սուրբ Դիոնեսիոսը։ Եվ այս՝ երեք պատճառով. նախ՝ բնական, երկրորդ՝ քանի որ, ասում է, հոգին և մարմինը միասին են ծառայում, միասին էլ պիտի հանգստանան և պսակներ ընդունեն։ Դարձյալ՝ հոգին և մարմինը միասին են ստեղծվել և ծնվել մարմնավոր կյանքում, միասին էլ պիտի մտնեն հոգևոր կյանքի մեջ։ Երրորդ՝ Սուրբ Գրքերի վկայություններից։
Նախ՝ երանելիների հոգիների մասին է ասում առաքյալը, երբ գրում է. «Աստված մեզ համար ավելի լավն էր նախատեսել, որպեսզի առանց մեզ դրանք չկատարվեն» [Եբր. ԺԱ 40]։ Դարձյալ՝ կորնթացիներին ասում է. «Մենք բոլորս Քրիստոսի ատյանի առաջ պիտի ներկայանանք, որպեսզի յուրաքանչյուրն ստանա, ինչ որ արել է ավելի առաջ իր մարմնով՝ թե՛ բարի և թե՛ չար»։ Դարձյալ Տիմոթեոսին ասում է. «Ինձ սպասվում է արդարության պսակը, որ այն օրը ինձ պիտի հատուցի արդար դատավորը»։ Եվ դարձյալ ասում է. «Հաստատեց մի օր, երբ պիտի դատի բոլորին»։ Եվ եթե որևէ մեկը, մեր դեմ բերելով Պողոսի խոսքը, մեզ ասի. «Ցանկանում եմ ելնել այս մարմնից և մտնել Աստծո մոտ», կասենք, թե Աստծո մոտ մտնելն այն է, որ մարդը հեռանում է չարից, լինում բարության մեջ և չի փոփոխվում դեպի չարը Աստծո պահպանությամբ՝ ըստ այն խոսքի, որ ասում է. «Արդարների հոգիները Աստծո ձեռքում են, և չարը չի մոտենում նրանց»։ Եվ եթե որևէ մեկն ասի, թե սա առաջին կատարյալների հոգիների մասին է ասված, ասենք, որ նրանք, ըստ իրենց գործած կատարյալ գործերի երանելի դառնալով, անդրանիկներ եղան։ Առաքյալը գրում է, թե՝ «Աստված մեզ համար ավելի լավն էր նախատեսել, որպեսզի առանց մեզ դրանք չկատարվեն» [Եբր. ԺԱ 40], այսինքն՝ առաջիններն առանց մեզ՝ վերջիններիս, և հոգիներն առանց մեր այս մարմինների չեն պսակվելու։ Իսկ եթե որևէ մեկն ասի՝ [հապա ինչո՞ւ է գրված], թե՝ «Մի՛ պահիր քո վարձկանի վարձը հաջորդ օրը», այս մասին կասենք, թե [նրանց վարձքը] պահված չէ, այլ իրենց հոգում են նրանք ընդունում անմահության և երանության հույսը։ Իսկ եթե մեկն ընդդիմանա, թե՝ «Հապաղող հույսը տանջում է հոգին», կասենք Գրիգոր Նյուսացու այն խոսքը, թե՝ «Հույսը նրանց համար տանջանք չէ, այլ վայելչություն, քանի որ հավատարիմ է Խոստացողը և ճշմարիտ»։ Իսկ եթե մեկն ասի. «Տեսանելի հույսը հույս չէ», կասենք, որ երկուսն է հույսը. հույս կա, որ ակնկալում է հեռավորը, և հույս էլ կա, որ ակնկալում է ընդունելու մերձավորը։ Արդ՝ այս կյանքում մեր հույսը հեռավորի ակնկալիքն է, իսկ հետմահու հույսը ընդունում է մերձավորը։ Եվ եթե մեկն ասի. «Հոգին նախ բարին է գործում, քանի որ գիտի և կամենում է բարին», այս մասին ասենք, որ նախ հոգին դեպի բարին է [ուղղված] ըստ մտքի տեսության և կամքի, բայց գործում են հոգին և մարմինը միասին, նույնպես և հոգին նախ տեսնելով ուրախանում և փառավորվում է, ապա միայն մարմնի հետ միասին կատարելապես պսակների արժանանում։ Եվ եթե մեկն ասի, թե՝ [հապա ինչո՞ւ է ասված այն խոսքը, թե]՝ «Նրանց սպիտակ հագուստներ տրվեցին և ասվեց նրանց, որ կարճ ժամանակ հանգստանան, մինչև հավաքվեն նրանց ծառայակիցներն ու եղբայրները, ովքեր պիտի նահատակվեն, ինչպես իրենք», մեկնիչն ասում է. «Սպիտակ հագուստները, որ հագել են նախքան խոստացված փառքերին հասնելը, մարմնի թանձրությունից փոխվելուց հետո նրանց ծաղկած առաքինության պայծառությունն է ցույց տալիս։ Նրանք Աստծո մոտ են՝ հանգստի մեջ, ինչպես լսեցիք։ Եվ ճշմարիտ է, որ արատավոր կրքերի թանձրությունից ազատվածներն ու Աստծո մոտ գտնվողները հանգստանում են, սակայն դեռևս չեն ընդունել փառքը, մինչև սքանչելի երկրորդ գալուստը։ Եվ դարձյալ՝ մեկ այլ տեղ ասվում է. «Եվ տեսա բոլոր ժողովուրդներից, որոնք կանգնած էին աթոռի առաջ և Գառան առաջ՝ իրենց վրա սպիտակ զգեստներ գցած և արմավենու ճյուղեր իրենց ձեռքերին»։ Մեկնիչն ասում է. «Սպիտակ զգեստները, որ հագել են, Քրիստոսի շնորհների մաքրությունն է (որից բոլորս վայելեցինք, ինչպես ասում է առաքյալը)։ Քանի որ երբ հոգին սրբվում է, բնական պայծառությունն է ստանում, իսկ արմավենու ճյուղերը, որ բռնել էին իրենց ձեռքին, ցույց են տալիս նրանց հաղթությունը։ Իսկ եթե որևէ մեկն ասի՝ [հապա ինչո՞ւ է Տերն ասում], թե՝ «Իմ ծառանե՛ր, եկե՛ք և հանգստացե՛ք», և [ինչ է ցույց տալիս] երկնային պսակը, որ իջնում էր նրանց վրա, կասենք, որ ձայնով մարդկանց լսել և պսակով նրանց տեսնել տվեց, թե ինչպիսի կյանք է վիճակվելու նրանց, ովքեր սուրբ են մարդկանց մեջ. մահը սկիզբն է, իսկ ավարտը հարության ժամանակ է լինելու, ինչպես որ ասացինք։
Այսպես է սուրբ և մաքուր հոգիների վախճանը. նրանք ուրախությամբ ընթանում են դեպի պսակները, ազատվելով բանտից և խավարային մարմնից՝ իբրև խավար բանտից, տեսնում են լույսը։ Հոգիները, որոնք բաժանվում են մարմնից, լույսի և երանելի հանգստի մեջ են, սակայն սպասում են Քրիստոսի մեծ հարսանիքին և վախճանի օրվան, ինչպես ասում է Դավիթը. «Քեզ սպասում են արդարները, մինչև որ հատուցես»։
Իսկ սուրբերի սրբազան մարմինները լուծվում են հողին, նախ՝ որպեսզի վճարեն դատապարտության պարտքը, ինչպես Ադամին ասվեց. «Հող էիր և հող դարձիր»։ Դարձյալ՝ քանի որ հողը մեր մայրն է առավել, քան մյուս տարերքները. ծածկում է մեր, ինչպես մայրը՝ մանկան գարշությունները։ Մարմինը հող է դառնում, մինչ հոգին մնում է անապական և անփոփոխ, հետո մարմինը, նրա հետ միավորվելով, անապական ու անփոփոխ պիտի մնա։ Դարձյալ՝ մարմինը հողում է հանգչում, հոգին՝ հոգիների կայանում, իսկ հարության ժամանակ միասին պսակներ պիտի ընդունեն ու փառավորվեն։ Դարձյալ՝ մարմինը հող է դառնում, մինչև ապականացու տարերքներն անապականություն ստանան՝ ըստ Պողոսի այն խոսքի, թե՝ «Արարածներն իրենք էլ ազատվեն ապականության ծառայությունից՝ Աստծո որդիների փառքի ազատության հասնելու համար», ապա և անապական մարմինը անփոփոխ հոգուն միավորվի և ապրի հավիտյան. այնժամ մարդու ապականացու մարմինը կլինի անապական և նման Քրիստոսի անապական մարմնին, և կլինեն հոդավորված և միավորված՝ «անդամներ՝ Նրա անդամներից և մարմին՝ Նրա մարմնից», որովհետև Իրեն հավատացողներին խոստացավ այս՝ որ անապական մարմնով և անփոփոխ հոգով նման կլինեն Իրեն։
Այսքանը սուրբերի հոգիների և մարմինների մասին։ Այժմ անսուրբ՝ անմաքուր և մեղավոր հոգիների մասին, ինչպիսին չմկրտվածներն են, ուրացողները, մեղքերի ախտերի մեջ գտնվողները և այլք, որոնց մասին սկզբում խոսեցինք։ Ոմանք ասում են, թե մարդու հոգին անմահ չէ, այլ մահկանացու և լուծելի, ինչպես անասուններինը. մարմնի լուծվելու հետ միասին շունչը ևս լուծվում է օդին և կորչում։ Սակայն նրանք չգիտեն, որ հոգին անմարմին էություն է և Աստծո պատկերը, իսկ անմարմին էությունն ու Աստծո պատկերը մահ չունի։ Ոմանք, ինչպես Պլատոնը, ասացին որ հոգին անմահ է, սակայն հող դարձած մարմինը հարություն չունի, քանի որ պատշաճ չէ, որ մարմինը, որ մահկանացու է և հողի պատկեր, լինի անապական և մշտնջենավոր հոգու հետ։ Նրանք չգիտեն նաև Քրիստոսի խորհուրդը, Որը «եղավ անդրանիկը մեռելների միջից», անապական մարմնով հարություն առավ և մեր հարությունը ցույց տվեց Իր սուրբ մարմնով։ Իսկ ոմանք էլ ասում են, որ հարություն լինելու է, բայց ոչ նույն, այլ ուրիշ մարմնի, ասում են, որ անապական հողից ուրիշ մարմին պիտի ստեղծվի, որը և հարություն պիտի առնի հոգու հետ։ Սրանք անիրավություն են տարածում՝ ասելով, թե ուրիշ մարմին պիտի հանգստանա մաքուր հոգու, և ուրիշ մարմին պիտի տանջվի անմաքուր հոգու հետ։
Իսկ ոմանք, ինչպես հերձվածողներից ոմն Պապիաս և Ապողինար, ասում են, թե նույն մարմինն ու հոգին պիտի հարություն առնեն, նաև մարմնավոր հեշտություններ և փափկություն, ինչպես այստեղ՝ կերակուր, ըմպելիք [պիտի լինեն], և չգիտեն Տիրոջ հրամանը, որն ասում է. «Հարության ժամանակ ո՛չ կին են առնում և ո՛չ էլ մարդու գնում, այլ կլինեն, ինչպես հրեշտակները անմահ և անապական մարմնով, քանի որ հարության որդիներ են»։ Մենք՝ ուղղափառների դասերս, խոստովանում ենք, որ հոգին անմահ է, որ նույն մարմինը պիտի հարություն առնի և հրեշտակներին հավասար հոգևոր կյանք [պիտի լինի]։ Եվ ինչպես սովորական են այստեղ բոլոր մարդկանց՝ հոգու և մարմնի միությունը՝ բանական մարդ լինելը, այնպես էլ այնտեղ հարությունն ու անմահությունը սովորական է արդարների ու մեղավորների համար։ Իսկ երբ մեղավոր հոգին հասնում է վախճանին տրտմությամբ և ակամա, ինչպես սպանդի տարվող անասուն, այնժամ ա՛յլ աչքով՝ այսինքն մտքով, տեսնում է նախ արդարների երանական կյանքը, որից ինքը զրկվեց իր մեղքերի պատճառով։ Եվ ապա տեսնում է իր հատուցումն ու գեհենի տանջանքները, և դառնացած հոգոց հանում, այս ու այն կողմ շրջում իր երեսը և թաքնվել չի կարողանում, և այդպես, մշտապես տեսնում է ցավերը՝ իրեն մերձ, և իր չար գործերը՝ իրենից անբաժանելի մինչև հարության օրը, երբ պիտի ընդունի հավիտենական տանջանքների անվերջ պատիժների վճիռը։
Սակայն այլ է մեղավորի մահը, և այլ է արդարի մահը, որովհետև արդարի մահը, ինչպես մարգարեն է ասում, «պատվական է Տիրոջ առջև», և՝ «Բազում նեղություններ են սպասում արդարներին. ամենից փրկում է նրանց Տերը» և այլն։
Իսկ մեղավորի մահը չար է, քանի որ չարությամբ ապրած հոգին չարությամբ էլ մեռնում է, քանի որ չար կյանքից գնում է չար տանջանքների մեջ և փրկության ոչ մի հույս չունի։ Ո՛չ օգնական ունի, ո՛չ բարեխոս, ո՛չ ողորմություն և ո՛չ այսպիսի այլ բան, որ նրան [փրկության] արժանավոր դարձնի։ Այլև երբ չար հոգին բաժանվում է չար մարմնից, օդային չար ոգիները, ընդառաջ գալով, փակում են նրա ճանապարհը, որպեսզի իր բաժինը ճանաչի և տանջանքներ ընդունի, որը պիտի լինի աշխարհի վախճանին։ Մինչ հրեշտակը սաստում է նրանց, և վերցնելով՝ տանում հոգիների կայան, նրանց շրջապատում են հրապարակի կոծողներն ու լաց լինողները, իսկ նա ցավով, տրտմությամբ և հեծությամբ մնում է խավարային բանտում ուրիշ խավարասեր հոգիների հետ, որովհետև չունի շնորհների զգալի լույսը և տեսնում է պատիժները՝ իրեն մերձ։ Եվ դառնացած, տրտմած և սարսռալի երկյուղով հուսահատված սպասում է, որ այն մեծ առավոտը ծագելիս կրի պատիժներն ըստ իր գործերի։ Եվ ինչպես արդարները դեռևս չեն ընդունել իրենց կատարյալ փառքը, այնպես էլ մեղավորները չեն ստացել իրենց կատարյալ տանջանքները, այլ երկուսն էլ իրենց հոգիներում մերձ են տեսնում այն, ինչ հարության օրը պիտի ստանան կատարյալ անձով՝ հոգով և մարմնով։ Ինչպես ասում է ավետարանիչը. «Կլսեն Աստծո Որդու ձայնը և դուրս կգան. ովքեր բարի գործեր են արել, կյանքի հարության համար, իսկ ովքեր չար գործեր են արել, դատաստանի հարության համար»։
Իմաստուն և հիմար կույսերի առակում իմաստունները, որ պատրաստ ունեին իրենց ճրագները, Փեսայի հետ ներս մտան, իսկ հիմարները դրսում մնացին։ Եվ երբ գա Դատավորը, այն ժամանակ կբաժանի ոչխարներին այծերից. դրանք արդարներն ու մեղավորներն են, որոնցից ոմանց կասի՝ եկե՛ք, իսկ ոմանց՝ [հեռո՛ւ] գնացեք։
Իսկ հարսանիքի մասին առակում հարսանիքի հագուստներ չունեցողին դուրս հանեցին խնջույքից։ Քանի որ այստեղ հավատի նշանակը հարսն է, մահից հետո կոչվում է հարսանիքի, իսկ հարության ժամանակ պիտի լինի հարսանիք, և պիտի պսակվեն Փեսայի հետ։ Բազում ուրիշ վկայություններ նույնպես կան։ Իսկ ինչպես ասում է սուրբ Կյուրեղը, դատաստանին հատուցումն է հետևելու, Դատավորի [գալստյանը]՝ դատաստանը. Դատավորի գալուստը վերջին՝ վախճանի Օրն է լինելու, ապա ուրեմն այն օրն էլ պիտի լինեն դատաստանը և արդարների ու մեղավորների հատուցումը, հոգու և մարմնի միասին փառքն ու պսակը։ Իսկ եթե որևէ մեկն ասի և ընդդեմ բերի աղքատ Ղազարոսի և մեծատունի մասին առակը, որոնցից առաջինը Աբրահամի գոգում էր, իսկ երկրորդը՝ տանջանքների մեջ, այս մասին կասենք, ինչպես սուրբ Կյուրեղն է ասում, թե այս օրինակն է արդարների ու մեղավորների, թե ինչպե՛ս պիտի լինի աշխարհի ավարտին։ Եվ ինչպես որ մինչև Քրիստոսը թե՛ արդար, թե՛ մեղավոր բոլոր հոգիները դժոխքում էին մեր նախահոր հանցանքների պատճառով՝ ըստ այն խոսքի, թե՝ «Մահը թագավորեց Ադամից մինչև Մովսես», որ նշանակն էր Քրիստոսի։ Այսպես նաև Քրիստոսից հետո մինչև աշխարհի վախճանը բոլոր հոգիները երկնքում են՝ հոգիների կայաններում Քրիստոսի կողմից ազատվելու և Նրա շնորհների շնորհիվ՝ ըստ այն խոսքի, թե՝ «Հա՛յր, քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին», այսինքն՝ ամբողջ բնությունս։ Եվ ըստ Պողոսի՝ «Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, նույնպես և Քրիստոսով ամենքը պիտի կենդանանան»։ Քանի որ սուրբ վարդապետները հոգիների պահվելու մասին երեք փոփոխություն գիտեն՝ մինչև Քրիստոսը, Քրիստոսից հետո և աշխարհի վախճանին։ Նախ՝ Քրիստոսից առաջ՝ բոլորը դժոխքում էին, երկրորդ՝ Քրիստոսից հետո՝ բոլորը հոգիների կայաններում՝ երկնքում են, երրորդ՝ աշխարհի վախճանին՝ ոչխարներն ու այծերը պիտի բաժանվեն, որը երկնքի արքայությունն է և հավիտենական դժոխքը։ Առաջինը՝ Ադամի պատժի պատճառով է, երկրորդը՝ Քրիստոսի շնորհների շնորհիվ, երրորդը՝ ըստ յուրաքանչյուրի գործերի։
Իսկ թե որտեղ են հոգիների կայանները. մեր վարդապետներն ասում են, որ երկնքում են՝ ութերորդ խորանի մոտ, որտեղ լուսավորներն են։ Ասում են խորանի աջակողմ և ձախակողմ, այսինքն՝ Քրիստոս Աստծո քաղցր հայացք, որ աջն է, և դառն ու ահավոր, որ ձախն է։ Ոմանք էլ ասում են, թե բոլոր հոգիները նույն տեղում են, բայց զանազանվում են ըստ իրենց գործերի և խորհուրդների. մեկը լի է անմահությամբ, մյուսը լի է դառնությամբ և հուսահատությամբ, ինչպես ասացինք։
Այս ամենն այն մասին, թե ինչ է մահը, և ինչպիսին է այն։ Թող Քրիստոս Աստված Իր շնորհով մեզ նույնպես արժանացնի աջակողմյան կայաններին, քաղցր ու անսպառ ցնծությանը. ամեն։
0 կարծիք