Փրկչի մուտքը Երուսաղեմ

Բաժին՝ Ծաղկազարդ
Ռուբեն աբղ. ԶԱՐԳԱՐՅԱՆ
----------------------------------------------

ՓՐԿՉԻ ՄՈՒՏՔԸ ԵՐՈՒՍԱՂԵՄ

Հինկտակարանյան համապատկերում

Մատթ. ԻԱ 1-11, Մարկ. ԺԱ 1-11
Ղուկ. ԺԹ 29-38, Հովհ. ԺԲ 12-19

Բոլոր չորս ավետարանիչների հիշատակած Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մտնելու իրադարձությունը, ըստ ամենայնի, լրումն էր որոշ մարգարեությունների և հինկտակարանյան խորհրդանշական ու նախապատրաստական իրողությունների։ Քրիստոսի մուտքը ներկայացումն էր մեսիական թագավորության, որտեղ պատկերների տեսքով որոշարկվում են նրա թագավորության էությունը, բովանդակությունն ու հատկությունները։

Այս պարագայում Քրիստոսի գործողության կերպը լավագույնս միահյուսված էր մարգարեական այն մեթոդին, որը նպատակ էր հետապնդում ոչ միայն խոսքով, այլև դրամատիկ գործողությամբ թմբիրից արթնացնելու մարդկային միտքը: Երբ մարգարեներից մեկնումեկը զգում էր, որ լոկ խոսքը բավարար չէ քանդելու մարդկային անտարբերության և անըմբռնողության պատնեշը, ապա իր պատգամը հաղորդում էր որևէ դրամատիկ իրողության մեջ` սթափեցնելով մարդկանց` հասկանալու և ընդունելու: Օրինակ, երբ պարզ դարձավ, որ հրեական թագավորությունը Սողոմոնի անհնազանդության ու անօրինությունների պատճառով չէր կարող ամբողջական մնալ, և Հերոբովամն էլ առանձնացվել էր գահ բարձրանալու համար, սիլոնացի Աքիա մարգարեն Աստծո պատգամը ժողովրդին փոխանցելու մի դրամատիկ ձև ընտրեց. հանդիպեց Հերոբովամի հետ, նրա վրայի նոր զգեստը հանեց և ծվատեց տասներկու մասերի, որից տասը տվեց նրան, իսկ երկուսը՝ պահեց իր մոտ: Այսու, հստակ էր, որ Իսրայելի ցեղերից տասն ապստամբելու էին՝ ի նպաստ Հերոբովամին, իսկ երկուսը հավատարիմ պիտի լինեին Սողոմոնի որդի Ռոբովամին (հմմտ. Գ Թագ. ԺԱ 29-32):

Ահավասիկ, այսօրինակ մի պատկեր է ներկայացնում Հիսուսի Երուսաղեմ մտնելու իրադարձությունը, որով սկիզբը դրվեց Նրա կյանքի դրամայի վերջին հանգրվանի։ Այն, ինչպես Ավետարանն է վկայում, հրեական Զատկի նախօրյակին տեղի ունեցավ: Զատիկը, որ փրկության խորհուրդն էր բովանդակում, հրեաների մեծագույն տոնն էր։ Այս բարեպատեհ պահն էլ հենց ընտրեց Հիսուս` Զատկից հինգ օր առաջ մուտք գործելով Երուսաղեմ: Զատիկը նշվում էր նիսան ամսի 14-րդ օրը, իսկ սա համընկնում էր 10-րդ օրվան, երբ օրենքի համաձայն պետք էր զատկական գառն առնել և զոհաբերության համար առանձնացնել (հմմտ. Ելք ԺԲ 3): Նույն այդ օրն էլ Քրիստոս` գերագույն Զատիկը, հրապարակավ ներկայացրեց Իրեն:

Հիսուսի Երուսաղեմ մտնելու դրամատիկ գործողության ենթատեքստում մի շարք մարգարեական պատկերներ են արտացոլված, որոնք բացահայտում են նրա Թագավոր, Մեսիա լինելու ճշմարտությունը։

Իրականություն է դառնում Մեսիայի և մեսիական թագավորության գալստյան կանխագուշակումը. «Ուրախացի՛ր խնդությամբ, դո՛ւստր Սիոնի, կանչի՛ր ցնծությամբ, դո՛ւստրդ Երուսաղեմի, ահա գալիս է քո թագավորը քեզ մոտ… հեծած էշի, էշի քուռակի վրա» (Զաք. Թ 9):

Հիսուս Իր երկրային կյանքի ողջ ընթացքում ճանապարհորդել էր ոտքով՝ քաղաքից քաղաք, բնակավայրից բնակավայր, քանիցս Գալիլեայից՝ Երուսաղեմ, և միայն այս անգամ էր, որ հաղթական մուտք ունեցավ Սուրբ Քաղաք, այն էլ` չարչարանքի, խաչի և մահի միջոցով մարդկության փրկությունն իրագործելու նպատակով: Եվ Նրա հաղթական մուտքը տեղի ունեցավ էշով ու էշի քուռակով՝ հստակորեն շեշտադրելով Իր թագավորության տարբերակումն ու զանազանությունը՝ աշխարհի թագավորությունների համեմատությամբ։

Երբ որևէ երկրային թագավոր ժամանում էր, մեծագույն իրադարձություն էր սպասվում. առաջընթաց մունետիկներ, շեփորի ազդարարում, պերճաշուք կառքեր, զինավառ հեծյալներ: Նմանօրինակ հանդիսավորություն չկար այստեղ, քանի որ, ինչպես Ինքն է հայտնում, Իր թագավորությունն այս աշխարհից չէ (հմմտ. ԺԷ 14, 16, Հովհ. ԺԸ 36), ինչը սակայն տեղի է ունենալու Իր երկրորդ գալուստին, երբ հրեշտակները մունետկելու և ուղեկցելու են Նրան, շեփորահարում է լինելու, ամպերն էլ ծառայելու են որպես կառքեր (տե(ս Մարկ. ԺԳ 26-27):

Հիսուս կարող էր մի քերովբեի հրամայել` Իրեն տանելու համար (հմմտ. Սաղմ. ԺԷ 11): Սակայն Նա ոչ թե երկրային, այլ հոգևոր իշխանությամբ եկավ, ոչ թե բազուկների ուժով, այլ սիրո զորությամբ, ոչ թե զայրույթով` վրեժխնդիր լինելու, այլ գթությամբ` փրկելու: Ի հաստատումն այս ամենի՝ Նա եկավ էշի վրա նստած, ոչ թե նյութական ճոխությամբ, այլ հոգևոր խոնարհությամբ, ոչ թե պատերազմ, այլ խաղաղություն հաստատելու, ոչ թե սիգարշավ ձիով, որի ահից ոչ ոք Նրան մոտենալ չէր համարձակվի, ոչ թե սրընթաց հեծկանով, որի ետևից ոչ ոք չէր կարող հասնել, այլ մի էշով, որ ամեն մարդ ի վիճակի լիներ Իրեն մոտենալու: Նա եկավ ոչ թե երկրային աթոռի իշխանություն, այլ սրտի, սիրո թագավորություն հաստատելու, ոչ թե ծանր լուծ դնելու, այլ մարդկանց ծանրալույծ մեղքերն ու հանցանքներն Իր վրա վերցնելու (հմմտ. Մատթ. ԺԱ 28): Նրա օրենքները գրվեցին ոչ թե ենթակաների, այլ Իր իսկ արյամբ:

Մեսիայի և մեսիական թագավորության գալուստը ջերմագին ընդունելության արժանացավ պարզ, հասարակ ժողովրդի կողմից, թեև ոչ իր բուն, հարազատ և ճշմարիտ իմաստով։ Ընդունելության կերպը դրսևորվեց խորհրդանշական արարողությամբ՝ «իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա» (Մատթ. ԻԱ 8): Հրեաների թագավորության շրջանից հայտնի է, որ երբ Հեուն թագավոր հռչակվեց, զորքի իշխանները հանեցին իրենց բաճկոնները և դրեցին նրա տակ (հմմտ. Դ Թագ. Թ 13):

Այսօրինակ ձևով բազմությունը փաստացի Քրիստոսին իրեն թագավոր էր ճանաչում ու հռչակում` զգեստները փռելով Նրա ոտքերի առջև` ի նշան սրտերի խոնարհության: Մյուսները ծառի ճյուղեր էին նետում այնպես, ինչպես արել էին այն ժամանակ, երբ Սիմոն Մակաբեն Երուսաղեմ էր մտել հռոմեացիների դեմ տարած իր ամենանշանավոր հաղթանակներից մեկից հետո (հմմտ. Ա Մակ. ԺԳ 51): Հրեական պատմության գերագույն աղետներից մեկը Երուսաղեմի զավթումն էր Եպիփան Անտիոքացու կողմից՝ մոտ ն. Ք. 175 թ.: Վերջինս մտադրվել էր վերացնել հրեականությունը և Պաղեստին ներմուծել կյանքի ու պաշտամունքի հունական ձևը: Ուստի կանխամտածված Երուսաղեմի Տաճարը պղծեց` կուռքեր տեղադրելով և անառակությամբ լցնելով (հմմտ. Ա Մակ. Ա 21-24): Այդժամ էր, որ մակաբայեցիները նրա դեմ ոտքի ելան և իրենց հայրենի երկիրն ամբողջությամբ ազատագրեցին: Երբ վերականգնվեց Երուսաղեմը, և վերակարգվեց պղծության ենթարկված Տաճարը, հաղթանակը նշվեց մեծագույն տոնախմբությամբ. «Թավ ծառերից գեղեցիկ ճյուղեր ու արմավի ոստեր վերցնելով` մատուցեցին Նրան, որ հաջողություն էր տվել իրենց` սրբագործելու Իր սրբավայրը» (Բ Մակ. Ժ 7):

Նկատելի է, որ նմանօրինակ արարողակարգով ժողովրդական բազմությունը Քրիստոսին ընդունեց ոչ միայն որպես Թագավորի, այլև Փրկչի, Ով գալիս էր ապականությունից ու եղծումից Աստծո Տունը մաքրելու կանխորոշված մտադրությամբ, ինչպես Հուդա Մակաբեն էր արել Իրենից 200 տարի առաջ (հմմտ. Ա Մակ. Դ 36-51): Մաղաքիա մարգարեն էլ կանխագուշակել էր անսպասելիորեն Տիրոջ Տաճար գալը (հմմտ. Մաղ. Գ 1): Իսկ Եզեկիել մարգարեին տեսիլքում ցույց էր տրվել Աստծո ահավոր դատաստանը, որ Սրբարանից էր սկսվել (հմմտ. Եզեկ. Թ 6):

Հետագա դեպքերի ժամանակ տեսնում ենք, որ Հիսուս մտնում է Տաճար և այն առևտրականների ապականությունից մաքրում: Սա տեսանելի նախապատկերն ու նշանակն էր մասնավորապես մեր հոգիների տաճարների և ընդհանրապես դրանց հավաքական միության` Աստծո Տաճարի մաքրման ու սրբագործման:

Ժողովրդական բազմությունը, ի հավելումն ընդունելության այսօրինակ կերպի, Նրա առջևից և ետևից գնալով, Նրան ողջունում էր՝ «Ովսաննա՜ («Աղաչում եմ, փրկի՛ր»), օրհնյա՜լ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով, ո՛վ թագավոր Իսրայելի» (Հովհ. ԺԲ 13) օրհնաբանությամբ՝ արտահայտելով իր բարձր գիտակցությունն ու ըմբռնումը Քրիստոսի նկատմամբ։

Այս օրհնաբանությունը մեջբերված էր Սաղմոսագրքից (հմմտ. Սաղմ. ՃԺԷ 26) և խորունկ նստվածք ուներ ժողովրդական գիտակցության մեջ։ Այս սաղմոսն անմիջականորեն առնչվում է Տաղավարահարաց տոնին, որը եգիպտական ստրկությունից հրեաների ազատագրվելու և արդարության հաղթանակելու խորհուրդն էր արտահայտում։ Փաստորեն սա բնույթով հաղթանակողի սաղմոս էր։ Հայտնի է, որ մեծագույն շուքով Տաղավարահարաց հաղթական տոնակատարություն էր արվել նաև Եզրաս քահանայի գլխավորությամբ Երուսաղեմ քաղաքի ու նրա քանդված պարիսպների վերականգնումից, հրեաների Բաբելոնի գերությունից հայրենի երկիր վերադարձից և պաշտամունքի վերակազմավորումից հետո (հմմտ. Նեեմ. Ը 14-18)։

Չնայած որ այժմ Քրիստոս գնում էր նյութական աղքատությամբ և անշքությամբ, այնուհանդերձ հակառակ աշխարհային պատկերացումների՝ հինկտակարանյան վերոնշյալ մարգարեական հատվածների հեղինակները տարբեր պատկերներով նկարագրել ու ներկայացրել են Նրան որպես Մեսիա և Նրա թագավորությունը՝ մեսիական։

Հենց այս թագավորության գալուստն էր ողջունում ժողովուրդը՝ դիմավորելով այն ովսաննաներով, ինչպես արել էր Սողոմոնի թագադրության ժամանակ (հմմտ. Գ Թագ. Ա 39)։ Խանդավառ ընդունելությունն օտար տիրապետության ներքո հեծեծող ժողովրդի սպասումների ու տեսլականի շոշափելի արձագանքն էր մեսիական թագավորության գալստյան (հմմտ. «քո թագավորությունը թող գա» (Մատթ. Զ 10), հաղթանակի (հմմտ. «…և եկավ, որ հաղթի» (Հայտն. Զ 2) և մշտատևության (հմմտ. «Տիրոջ անունը կօրհնվի հավիտյան» (Սաղմ. ՀԱ 17)։

Եվ եթե Նրա գալուստը շոշափելի արձագանք ունեցավ հասարակ ժողորդի կողմից՝ հանդիսավորությամբ նշանավորելով Նրա հաղթական մուտքը, ապա այն երկրի մեծամեծներից անտեսվեց, իշխանավորների կողմից ժողովրդին պաշտոնապես չազդարարվեց, ոչ էլ պաշտոնական հանդիսավորությամբ ուղեկցվեց: Քահանայապետերն ու ժողովրդի ծերերը, այսինքն` հոգևոր ու աշխարհիկ իշխանությունը միայն ժողովրդի բազմությանը միացավ այն ժամանակ և այն նպատակով, որպեսզի Նրան մահվան դատապարտի. «Իրավ որ, եղբայրնե՛ր, ձեր կոչումին նայեցե՛ք. ըստ մարմնի` ոչ շատ իմաստուններ, ոչ շատ հզորներ և ոչ շատ ազնվականներ կանչվեցին. Աստված աշխարհի ոչ-տոհմիկներին, արհամարհվածներին և ոչինչներին ընտրեց, որպեսզի իրենք իրենց մի բան կարծողներին ոչնչի վերածի» (Ա Կորնթ. Ա 26, 28):

Այս ամենի համայնապատկերում իրական ու վավերական է ժողովրդական ընդունելության սրտաբաց ու հոգեբուխ կերպը, որով պարզ, հասարակ բազմությունը փառավորեց մեսիական թագավորության գալուստը, և որի նախապատրաստական ընթացքն ու հայտնությունն ենք տեսնում Հին Կտակարանում: Քրիստոս Ինքն էլ փառավորում և ողջունում է մարդկանց` նայելով հոգիներին և ոչ թե պաշտոնին, անվանը և փառքի աստիճանին` հրավիրելով Իր առջև բացել ոչ թե պալատները, այլ սրտերը, ինչպես սաղմոսերգուն է ասում. «Վե՛ր քաշեցեք, իշխաննե՛ր, դռները ձեր, թող բացվեն հավիտենական դռները, և փառքի արքան թող ներս մտնի» (Սաղմ. ԻԳ 7), այսինքն՝ բացե՛ք ձեր սրտերի դռները՝ ընդունելու փառքի Տիրոջն ու Իր արքայությունը, Ով գալիս է Տիրոջ անունով և միջնորդ է մեր և Աստծո միջև։

Հատկորոշիչներ՝ Երուսաղեմ, Ծաղկազարդ, Փրկիչ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Ծաղկազարդ

 Ադամ քահանա Մակարյան  Պատարագի արարողության...