Հայոց առաջին կաթողիկոս սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք հիշատակության օրերից տարվա մեջ առաջինն է, որ ըստ Հայ եկեղեցու տոնացույցի, նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը։ Տոնը կատարվում է ի հիշատակ Լուսավորչի կրած չարչարանքների և Խոր Վիրապի մեջ գցվելու։
Ըստ պատմական աղբյուրների, Գրիգոր Լուսավորիչը որդին էր Անակ Պարթև իշխանի, որ սպանելով հայոց Արշակունի Խոսրով թագավորին, ինքը ևս սպանվում է հայ իշխանների կողմից։ Որդին՝ Գրիգորը, մեծանում և կրթություն է ստանում Կեսարիայում՝ դաստիարակվելով իբրև բարեպաշտ քրիստոնյա։ Հետագայում դառնում է Խոսրով արքայի որդու՝ Տրդատ թագավորի արքունի դիվանապետը։ Շուտով սակայն տեղեկանալով Գրիգորի քրիստոնյա լինելու, ինչպես նաև արքայասպան Անակի որդին լինելու մասին, Տրդատ արքան չարչարանքների ենթարկելուց հետո, նրան նետում է Խոր Վիրապի ստորգետնյա զնդանը։
Ընդհանրական եկեղեցու հայրապետ սուրբ Հովհան Ոսկեբերանը Լուսավորչին նվիրած իր ներբողում գրել է. «Հիշե՛ք և նրա համբերությունը խոր վիրապի մեջ, որքա՞ն էր նեղություններով դառնացած… Իսկ ո՞վ կարող է խոսքով պատմել երանելու անսահման ճգնության մասին, կամ օրինակով ցույց տալ նրա կրած անտանելի նեղությունը։ Որ ապրում էր իժերի և քարբերի մեջ, որտեղ ո՛չ զրուցակից կար, ո՛չ վշտակցող բարեկամ, ո՛չ օգնական, ո՛չ մխիթարող և ո՛չ ծառայող։ Այլ համբերում էր մեծ ժուժկալությամբ, իբրև կենդանի դրված գերեզմանի մեջ, անտուն, մերկ, այնքան ժամանակ, գիշեր-ցերեկ, ամռան շոգին և ձմռան սառնամանիքին։ Քանզի այս մարդը մոտ էր Աստծուն…»։
Խոր Վիրապում կրած 13 տարիների չարչարանքներից հետո սուրբ Գրիգոր Լուսավորչը դուրս գալով ստորգետնյա զնդանից, Քրիստոսի լույսն է տարածում հայոց աշխարհում, դառնալով պետականորեն ճանաչված Հայ եկեղեցու առաջին հովվապետը։
Գրիգոր Լուսավորչի հիշատակը, իբրև համաքրիստոնեական սրբի, տոնում են նաև քրիստոնյա մյուս եկեղեցիները։
0 կարծիք