Նահատակվել են 130 կամ 140/150 թթ. Բագրեվանդ գավառի Ջրաբաշխ կամ Սուկավետ (Սուքիասյան) կոչված լեռներում:
Անվանումն ստացել են իրենց առաջնորդ Սուքիասի անունից, որը նկատվում է հունական Հյուսիքոս անվան աղավաղված ձևը և նրա մկրտության անունն է. նախկինը եղել է Բահաթրա կամ Բարաքաթրա: Պահպանվել է Սուքիասյանց վկայաբանությունը, որը համարվում է վաղ շրջանի սրբախոսական երկ: Ճառընտիրները և Հայսմավուրքները, որոնցից քաղում է նաև Հովհաննես Ե. Դրասխանակերտցին, այս գրվածքը վերագրում են Անտոն գրչին: Մ. Ավգերյանը ենթադրում է, որ խոսքը Անտոն Անապատավոր Հռովմայեցու մասին է: Ըստ վկայաբանության՝ Սուքիասյանք ալանաց իշխաններ էին, Սաթենիկ թագուհու ազգակիցները, և ապրել են հայոց արքունիքում: Ոսկյանների քարոզությամբ նրանք դավանափոխ են եղել և մկրտվել Հիսուս Քրիստոսի անունով: Ոսկյանց նահատակությունից հետո արքունիքը լքած Սուքիասյանք առանձնացել են Բագրեվանդ գավառի Ջրաբաշխ լեռան ստորոտում, որը, ինչպես կարծում են, հետագայում նրանց անվամբ կոչվել է Սուկավ կամ Սուկավետ: 44 տարի անց Սուքիասյանք նահատակվել են Ալանաց թագավոր Գիգիանոսի մարդկանց ձեռքով: Վկայաբանության մեջ հանվանե հիշատակված են սրանց մկրտական անունները. Սուքիաս, Ղուկիանոս, Պողիքտես, Կոդրատոս, Անտիոքոս, Իքսորոն, Մեմնաս, Փոկաս, Սերգիոս, Դոմետիոս, Ադրանիոս, Զոսիմոս, Բիկտորիոս, Թալկիսոս, Հորդանես, Անաստաս, Թեոդորոս ևն (մոտ 60–70 հոգի): Ըստ Հայսմավուրքի՝ Գրիգոր Ա. Լուսավորիչը նրանց վկայության վայրում կառուցել է եկեղեցի: VII– IX դդ. Սուքիասյանց վկայաբանությունը թարգմանվել է վրացերեն:
Հայ եկեղեցին ս. Սուքիասյանց հիշատակը տոնում է Առաջավորաց պահքին հաջորդող երեքշաբթի օրը, իսկ երբ հիշյալ օրը տոնվում է Տյառնընդառաջը՝ ս. Ատոմյանց հիշատակի հետ: Սուքիասյանց նվիրվել է շարական՝ «Շարական սրբոց Սուքիասանց».
«Ստուգութեամբ տեղեկացեալ հարցանելով զմարգարէն, ով ելցէ ի լեառըն տեառն սրբութեան: Ահա տեսաք զՍուկաւետ լեառըն դիտակ և բնակարան վըկայեացն…»
(Շարական, ԿՊ, 1853, Էջ 634):
[divider]
Քնարիկ Տեր-Դավթյան[hr]
Գրկ. Յայսմաւուրք, ԿՊ, 1730, օգոստ. 27: Ավգերյան Մ., Լիակատար վարք և վկայաբանութիւն…, հ. 2, Վնտ., 1811, էջ 113–120: «Սոփերք հայկականք», հ. 19, Վնտ., 1854, էջ 33–56: Գալուստյան Շ., Հայազգի սուրբեր, Ե., 1997: Памятники армянской агиографии, Е., 1973, с. 176–185.[hr] Նյութը քաղված է «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանից, Երևան, 2002, էջ 945։
0 կարծիք