Սուրբ Ստեփանոս Նախավկա

Բաժին՝ Սրբեր

Սուրբ Ստեփանոսը Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է, Քրիստոսի սիրո վարդապետության համար նահատակված առաջին մարտիրոսը:

Վարքագրական աղբյուրների համաձայն` նա սերում էր Հուդայի թագավորական զարմից, Քրիստոս Աստծո ցեղակիցն ու օրինապահ ծնողների զավակ էր: Հիսուսի մահվան դատավճռի ժամանակ, դեռ պատանի լինելով, Կայիափա քահանայապետի ծառան էր: Նույն աղբյուրները վկայում են, որ երբ Տիրոջը տուն են տանում, Ստեփանոսն իր գլխի վարշամակը փռում է Երկնավոր Վարդապետի ոտքերի տակ և մոտենում նրան` ցույց տալով իր անդավաճան ու անկեղծ սերը Հիսուսի նկատմամբ: Բայց այս ամենը բնականաբար զայրացնում են քահանայապետին, և վերջինս նրան դուրս է վռնդում: Նա ականատես է լինում Տիրոջ մահվանն ու թաղմանը, բայց վերստին անսպառ ուրախություն ապրում առաքյալների հետ Աստվածորդու հրաշափառ հարությամբ: Ըստ Հայ Եկեղեցու եռամեծ վարդապետ ս. Գրիգոր Տաթևացու` նա գնում է առաքյալների մոտ` մկրտվելով Պետրոս և Հովհաննես առաքյալների ձեռամբ: Մկրտության պահին ջրի վրա երևում է մի լուսապսակ, որն էլ գալիս հանգչում է սրբի վրա: Եվ այս զարմանահրաշ դեպքից հետո նրան տալիս են «Ստեփանոս» անունը, որ նշանակում է պսակավոր: Եվ նա իր ողջ գիտակցական կյանքում իմաստավորեց և արդյունավորեց իրեն տրված այդ սուրբ անունը` մարտիրոսական մահով պսակվելով ի Տեր:

Գործք Առաքելոցից գիտենք, որ Հոգեգալստից հետո առաքյալները նաև սեղաններն էին սպասարկում և կարիքավորներին նպաստներ բաշխում: Եվ օրեցօր Հիսուսին հավատացողների բանակն ավելանում էր նորանոր հավատացյալներով: Քանի որ առաքյալներն ի վիճակի չէին հոգալու բոլորի կարիքները, ուստի իրենց հետևորդներին պատվիրում են, որ իրենց միջից բարի համբավ ունեցող 7 մարդու ընտրեն` սեղաններն սպասարկելու համար: Ըստ Ղուկաս Ավետարանչի` ընտրյալների մեջ էր նաև Ս. Ստեփանոսը, «որ հավատով և Ս. Հոգով լցված մի մարդ էր» (Գործք. Զ 5): Առաքյալները Քրիստոսից ստացած իշխանությամբ ձեռնադրում են նրանց` արժանացնելով սարկավագի պատասխանատու աստիճանին: Իսկ ս. Ստեփանոսն Աստծուց տրված շնորհներով և զորությամբ զանազան հրաշքներ էր գործում ժողովրդի մեջ: Ժողովարանից շատեր էին վիճում նրա հետ, բայց նրանցից ոչ ոք չէր կարողանում դեմ կանգնել այն իմաստությանն ու Հոգուն, որով նա խոսում էր: Ուստի նրանք հրապուրում են որոշ մարդկանց, որպեսզի ասեն, թե Ստեփանոսը հայհոյում է Աստծուն և Մովսես մարգարեին: Եվ գրգռելով ժողովրդին, քահանաներին, և օրենսգետներին` նրան ատյան են տանում: Ս. Ստեփանոսն ատյանում արտասանած իր պաշտպանական ճառով ապացուցում է ներկաներին, որ Հիսուս է խոստացյալ Մեսիան, իսկ հրեաներին հանդիմանում է իրենց խստասրտության համար: Նրան քաղաքից դուրս են հանում, քարկոծում` իրենց զգեստները դնելով Սավուղ անունով մի երիտասարդի ոտքերի առջև: Սավուղը ոչ այլ ոք է, եթե ոչ Պողոս առաքյալը, որ սկզբում հալածում էր քրիստոնյաներին: Սակայն նա էլ Աստծո ողորմությամբ ճանաչեց ճշմարիտ Աստծուն` Հիսուս Քրիստոսին` հետագայում դառնալով Ավետարանի ամենաեռանդուն քարոզիչը: Ս. Ստեփանոսը, ավանդելով հոգին, դարձավ Քրիստոսի համար նահատակված առաջին վկան ու մարտիրոսը, և այդ պատճառով կոչվեց ՆԱԽԱՎԿԱ:

Ըստ ավանդության` Պողոս առաքյալի ուսուցիչ Գամաղիելը և նրա եղբայր Նիկոդեմոսը, որ Հիսուսի ծածուկ աշակերտներից էր, վերցնում են սրբի մարմինը և թաղում իրենց ագարակում: Շատ չանցած ս. Ստեփանոսի նշխարները հայտնաբերվում են Ղուկիանոս անունով մի երեցի կողմից, և Երուսաղեմի Հովհան Հայրապետը դրանք դնում է Ս. Սիոնի մեջ: Ե դարում Հուլիանե իշխանուհին Երուսաղեմում հայտնաբերում է սրբի տապանակն ու այն տանում Կ. Պոլիս: Հետագայում այդ տապանակն ու նշխարները բերվում են Վենետիկ` ամփոփվելով տեղի Ս. Գևորգ կղզու մայր եկեղեցում:

Ս. Ստեփանոս Նախասարկավագն իր աներեր հավատով, սրբակենցաղությամբ, անսակարկ նվիրումով, ծառայասիրությամբ և մյուս առաքինություններով կենդանի օրինակ դարձավ քրիստոնյաների համար՝ Ճշմարտությունը ճանաչելու և Տիրոջ քաղցրությունը ճաշակելու համար:

Հայ Եկեղեցին Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակը տոնում է Ս. Ծնունդին նախորդող Ավագ Տոների ժամանակ:

Հատկորոշիչներ՝ Նախավկա, Ստեփանոս

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Սուրբ Փոկաս հայրապետ

Սուրբ Փոկաս հայրապետի մասին

Քրիստոսի 72 աշակերտները

Բացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72...

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպ իշխանները

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպն († 786)...