Այսօր առաջարկում ենք ընթերցել.
Սուքիասյանք:
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Առակներ, 22. 1-12
Բարի անունը լաւ է մեծ հարստութիւնից, ընտիր շնորհքը՝ արծաթից ու ոսկուց։ Հարուստն ու աղքատը հանդիպում են իրար. երկուսին էլ այցելում է Տէրը։ Չարագործին պատժուած տեսնելով՝ խորագէտն աւելի հաստատութեամբ է խրատում իրեն, բայց անմիտները զանց առնելով այն՝ աւելի են վնասւում։ Տիրոջ երկիւղն իմաստութեան սկիզբն է. դա է ե՛ւ հարստութիւնը, ե՛ւ փառքը, ե՛ւ կեանքը։ Թիւրամիտ մարդկանց ճանապարհներին տատասկ կայ եւ որոգայթ, բայց ով զգուշանում է իր հոգու համար, հեռանում է նրանցից։ Երիտասարդը դաստիարակւում է ըստ իր ընտրած ճանապարհի եւ ծերութեան ժամանակ էլ չի հեռանում դրանից։ Աղքատները պիտի տիրեն հարուստներին, եւ ծառաները պիտի փոխ տան իրենց տէրերին։ Ով անզգամութիւն է ցանում, չարիքներ է հնձելու եւ պատուհաս է կրելու իր գործերին համապատասխան։ Աստուած սիրում է ուրախ եւ առատաձեռն մարդուն. աղքատին ողորմութիւն անողն ինքն էլ պիտի կերակրուի, որովհետեւ տնանկին իր հացից է բաժին հանել։ Կաշառք տուողը յաղթութիւն եւ պատիւ է ձեռք բերում, բայց կաշառքը սպանում է առնողների հոգին։ Ժանտ մարդուն դո՛ւրս վռնդիր ատեանից, եւ հակառակութիւնը կը վերանայ նրա հետ, որովհետեւ երբ նա նստած է լինում ատեանում, անարգում է բոլորին։ Տէրը սիրում է մաքուր սիրտը, եւ բոլոր անարատ մարդիկ ընդունելի են նրան։ Թագաւորը հովւում է շուրթերով, Տիրոջ աչքերը պահպանում են գիտութիւնը:
Եսայի մարգարե, 56. 6-7
Իսկ այն այլազգիներին, որոնք եկել յարել են Տիրոջը, որպէսզի ծառայեն նրան եւ սիրեն նրա անունը, լինեն նրա համար ծառաներ եւ աղախիններ, ու բոլոր նրանց, որոնք կը պահեն իմ շաբաթները եւ չեն պղծի, ու կը մնան իմ ուխտի մէջ, – նրանց կը տանեմ իմ սուրբ լեռը, կ՚ուրախացնեմ նրանց իմ աղօթքի Տան մէջ, նրանց ողջակէզներն ու ընծաներն ընդունելի կը լինեն իմ սեղանի վրայ, քանզի իմ Տունը բոլոր հեթանոսների համար աղօթքի Տուն պիտի կոչուի:
Պողոս Առաքյալի նամակը եբրայեցիներին, 11. 32-40
Եւ արդ, դեռ ի՞նչ ասեմ, քանի որ ժամանակը բաւական չէր լինի պատմելու Գեդէոնի, Բարակի, Սամսոնի, Յեփթայէի, Դաւթի եւ Սամուէլի ու միւս մարգարէների մասին, որոնք հաւատո՛վ պարտութեան մատնեցին թագաւորութիւններ, գործեցին արդարութիւն, հասան խոստմանը, փակեցին առիւծների բերաններ, հանգցրին կրակի զօրութիւնը, փրկուեցին սրի բերանից, զօրացան տկարութիւնից յետոյ, կտրիճներ եղան պատերազմի մէջ, յաղթեցին օտար բանակների. կանայք յարութեան միջոցով վերստացան իրենց մեռելներին, ուրիշներ չարչարանքի ենթարկուեցին՝ մերժելով ազատութիւն ձեռք բերել, որպէսզի հասնեն լաւագոյն յարութեան. եւ ուրիշներ ենթարկուեցին տան ջանքների եւ գանահարութիւնների, կապանքների եւ բանտերի. քարկոծուեցին, սղոցուեցին, փորձութեան ենթարկուեցին, սրով սպանուելով մեռան, թափառեցին ոչխարների եւ այծերի մորթիներով ծածկուած. ապրեցին կարիքի մէջ, նեղութեան մէջ, չարչարանքների մէջ (մարդիկ, որոնց այս աշխարհը արժանի չէ), մոլորուած՝ անապատում, լեռներում, քարայրներում եւ երկրի խորշերում: Եւ սրանք ամէնքը հաւատի մէջ վկայուած լինելով հանդերձ, չընդունեցին խոստումը: Աստուած մեզ համար աւելի լաւն էր նախատեսել, որպէսզի առանց մեզ դրանք չկա տարուեն:
Ավետարան ըստ Ղուկասի, 12. 4-8
Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին, մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, այլ ցոյց կը տամ ձեզ, թէ ումի՛ց պէտք է վախենաք: Վախեցէ՛ք նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի: Այո՛, ասում եմ ձեզ, վախեցէ՛ք նրանից: Չէ՞ որ հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառւում, եւ նրանցից ոչ մէկը Աստծու առաջ մոռացուած չէ: Նոյնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշուուած են. մի՛ վախեցէք, որովհետեւ դուք շատ աւելի յարգի էք, քան ճնճղուկները: Ասում եմ ձեզ, ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կը խոստովանի Աստծու հրեշտակների առաջ:
ՏՈՆԱՑՈՒՅՑ
Երեքշաբաթ. Սրբոց Սուքիասեանց վկայիցն:
Աւրհնութիւն և Հարց` մարտիրոսաց (զկարգ հարցիցն ուր թողեալ ես, անտի ասա՛ կարգաւ): Մնկ. եւ Հմբ. բձ. Ստուգութեամբ (յատեանն)։
0 կարծիք