Ամեն տարի Հայ Եկեղեցին Առաջավորաց պահքից հետո նշում է Քրիստոսի անպարտելի նահատակ սուրբ Սարգիս զորավարի հիշատակը: Ըստ վարքագրական աղբյուրների՝ սբ. Սարգիսը կապադովկյան Կեսարիա քաղաքից էր՝ ժամանակակիցը Մեծն Կոստանդիանոսի և հայոց Տրդատ թագավորի:
Սագիս զորավարը, զարդարված լինելով սբ. Հոգու յոթնարփյան շնորհներով, իր աղոթասիրության, խոնարհության և արիության շնորհիվ պատերազմների ժամանակ միշտ հաղթանակ էր տանում: Սուրբը օգնում էր բոլոր կարիքավորներին, որի համար շարականագիրը նրան անվանել է «երագահաս»՝ բոլորին արագ օգնության հասնող: Նրա բարի համբավն այնքան էր տարածվել, որ Կոստանդիանոս կայսրը, ի վարձատրումն վերջինիս հայրենի երկրին բերած ծառայությունների, արժանացնում է ստրատեգի աստիճանի:
361 թ. հռոմեական կայսր է դառնում Հուլիանոս Ուրացողը, որն սկսում է հալածել քրիստոնյաներին: Սբ. Սարգիսն աստվածային նախախնամությամբ իր միամորիկ որդու՝ Մարտիրոսի հետ գալիս է Հայաստան և ճոխ ընդունելություն գտնում հայոց Տիրան արքայից, ապա անցնում է հարևան Պարսկաստան՝ Շապուհ արքայի մոտ: Այստեղ էլ սուրբին Աստված բազում հաղթանակներ է պարգևում: Շատեր նրա խոսքերին ունկնդիր դարձի են գալիս և մկրտվում: Այդ ժամանակ ոմանք չարի դրդմամբ չարախոսում են Շապուհ արքայի առաջ սրբի մասին՝ ասելով, թե նա ապստամբել է արքայի դեմ՝ քարոզելով Աստծո խոսքը: Հայր և որդի գնում են արքունիք՝ Շապուհին ներկայանալու: Վերջինս կուռքերի տոնին մի տոնախմբություն է կազմակերպում՝ կարգադրելով, որ սբ. Սարգիսն ու իր որդի Մարտիրոսը զոհ մատուցեն չաստվածներին ու խունկ ծխեն նրանց առաջ: Սակայն սբ. Սարգիսն ու իր որդին հավատարիմ են մնում իրենց Աստծուն: Բազում տանջանքներից հետո նրանք և 14 զինվորներ նահատակվում են 363 թ. հունվարի 31-ին:
Ըստ ավանդության՝ սբ. Մեսրոպ Մաշտոցը հետագայում սրբի մարմինը տեղափոխում է Հայաստան՝ Աշտարակի շրջանի Կարբի գյուղ, ուր և եկեղեցի է կառուցում նրա անունով:
Երանելի սբ. Սարգիս զորավարը ժողովրդի ամենասիրված սուրբերից է։ Նրա անվան հետ կապվում են բազմաթիվ հրաշքներ ու ժողովրդական սովորություններ:
0 կարծիք