Թարգմ. «ՀԱՅՍՄԱՎՈՒՐՔ»-ից՝ Ա. Ստամբոլցյանի
--------------------------------------------------------------
Սուրբ առաքյալների օրերին Քրիստոսին հավատացին ու Հովհաննես Ավետարանչին աշակերտեցին սբ Պողիկարպոսն ու Իգնատիոս Աստվածազգյացը։ Պողիկարպոսը բարի ու Սուրբ Հոգով լի մարդ էր, Քրիստոսի անվամբ մեծ նշաններ ու հրաշքներ էր կատարում։
Զմյուռնիայի Բևկելիոս եպիսկոպոսի վախճանից հետո նրա աթոռին նստեց սուրբ ու ընտրյալ Պողիկարպոսը և եղավ ճշմարիտ հավատքի ջատագովն ու հրեաներին ու հեթանոսներին հանդիմանողը։ Կռապաշտներից շատերի բերեց դեպի աստվածգիտության լույսը՝ Քրիստոսի Ավետարանի ճշմարիտ քարոզչությամբ։ Մի օր հրդեհ սկսվեց քաղաքում, և հանգցնել չէին կարողանում. սուրբ Պողիկարպոս եպիսկոպոսը գնաց, խաչակնքեց կրակի վրա, և կրակն իսկույն հանգավ։ Երաշտ եղավ, և չորացան բոլոր բույսերը. սբ Պողիկարպոսի աղոթքով անձրև թափվեց երեք օր ու գիշեր, և ուրախացավ լիկիացիների երկիրը, մանավանդ՝ Զմյուռնիա քաղաքը։
Այն օրերին Դեկոս արքայի կողմից մեծ հալածանք սկսվեց (քրիստոնյաների դեմ), և շատերը մարտիրոսացան Քրիստոսի անվան համար։ Իր նահատակությունից երկու օր առաջ սբ Պողիկարպոսը երազում տեսավ, որ գլխի բարձն այրվեց։ Արթնացավ և իր աշակերտներին ասաց. «Կանդան եղածս ժամանակ կրակով պիտի այրվեմ ես»։ Եվ մինչ այս մասին խոսում էին, ահա եկան-հասան զինվորներն ու սրբին բռնեցին, և նա հոժարակամ գնաց նրանց հետ։ Երկնքից ձայն հնչեց նրան. «Զորացի՛ր, Պողիկարպո՛ս, և քա՛ջ եղիր, որովհետև ես քեզ հետ եմ»։
Նրան կապած բերեցին բդեշխի առաջ և ստիպում էին ուրանալ Քրիստոսին։ Սուրբն ասաց. «86 տարի է, ինչ պաշտում ու ծառայում եմ Քրիստոսին և երբեք Նրա պատվիրանը չխախտեցի։ Նա ինձ բազում բարիքների արժանացրեց, ես ինչպե՞ս կարող եմ ուրանալ Նրան և կամ հայհոյել Նրան, Ով իմ թագավորն է»։ Եվ բդեշխը հրամայեց այրել սրբին։ Ձեռքերը բռնեցին, մեջքին կապեցին, նա, աչքերը վեր բարձրացնելով, աղոթեց առ Աստված, ապա նրան հուրը գցեցին։ Բոցը բարձրացավ որպես կամար ու նավի՝ քամիներից ուռած առագաստ. սուրբը ներսում ասես վրանում լիներ։ Հրից անուշ հոտ բուրեց։ Դահիճները, սրբին պայծառ դեմքով տեսնելով, կարծում էին, թե կենդանի է, և կամենում էին սրով սպանել։ Եվ տեսան, թե ինչպես նրա հոգին աղավնու պես ելավ երկինք, իսկ մեռած մարմինը խոցելուց շատ արյուն թափեց ու հանգցրեց կրակը։ Հետո նոր կրակ վառեցին և սրբի մարմինն այրեցին։
Հավատացյալները գաղտնաբար գնացին, մնացած ոսկորները ժողովեցին և դրեցին նշանավոր տեղում։
Սուրբ Պողիկարպոս եպիսկոպոսը Զմյուռնիա քաղաքում, Դեկոս արքայի օրոք, 12-րդ մարտիրոսը եղավ՝ ի փառս մեր Քրիստոս Աստծո։
0 կարծիք