Սուրբ Նունեն և Մանեն հռիփսիմյանց կույսերի խմբից էին, որ Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ թողել էին Հռոմն ու եկել հասել էին Հայաստան: Սակայն այս երկու կույսերին Տիրոջ կողմից նախախնամված չէր նահատակվել իրենց հավատակիցների հետ:
Հայաստան հասած 37 կույսերից զատվելով` Մանեն հեռանում է Եկեղյաց գավառի Սեպուհ լեռը, որտեղ փակվելով մի քարայրում` ճգնակյաց կյանքով է ապրում: Այսպես Մանե կույսն հրեշտակային կյանքով, աղոթքով և աստվածային մխիթարությամբ զորացած ապրեց այդ այրում, որը և հետագայում իր անունով կոչվեց «Մանեի այր»: Հետաքրքրական պատմություն է հաղորդվում Մանեի վարքագրության մեջ իր կյանքի վերջին օրերի մասին: Այդ ժամանակաշրջանում սուրբ Գրիգոր Լուսավորիչն էլ է կամենում հեռանալ և իր կյանքի վերջին օրերն ապրել առանձնության մեջ: Այդ ներշնչումով Հայոց հայրապետը գալիս է Դարանաղյաց լեռներ և իբրև բնակության վայր որոշում Սեպուհ լեռան քարայրը, ուր ճգնում էր Մանեն: Երբ մոտենում է այրին, Մանեի ձայնն է լսում, որ պատվիրում է սուրբ Գրիգորին երեք օրից վերադառնալ իր ընտրած քարայրի մոտ: Կատարելով սրբի ցանկությունը` հայրապետը վերադառնում է երեք օրից և սրբուհուն վախճանված գտնելով` սաղմոսներ ասելով թաղում է նրան քարայրում (323 թ.):
Մանե և Նունե կույսերի հիշատակը տոնվում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին հաջորդող երեքշաբթի օրը:
0 կարծիք