ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Եսայի մարգարե, 29. 11-20
Թող այս բոլոր պատգամները ձեզ համար լինեն ինչպէս կնքուած նամակի խօսքեր, որը երբ տան որեւէ գրագէտ մարդու եւ ասեն նրան՝ ընթերցի՛ր այդ, պիտի ասի. «Չեմ կարող ընթերցել, որովհետեւ կնքուած է»։ Եւ նոյն գիրը պիտի տան մի մարդու ձեռքը, որը տառեր չի ճանաչում, ու ասեն նրան՝ ընթերցի՛ր այդ, նա պիտի պատասխանի՝ կարդալ չգիտեմ։ Տէրն ասում է. «Այս ժողովուրդը մօտ է ինձ իր բերանով, իր շրթունքներով է մեծարում ինձ, բայց սրտով հեռացել ու մեկուսացել է ինձնից. զուր է ինձ պաշտում, մարդկանց պատուիրաններն ու վարդապետութիւններն է ուսուցանում։ Դրա համար ես էլ պիտի փոխեմ այդ ժողովրդին, պիտի այլափոխեմ նրան, պիտի կորցնեմ իմաստունների իմաստութիւնը եւ արհամարհեմ խորհրդականների խորհուրդները»։ Վա՜յ նրանց, ովքեր խորին խորհուրդներ են խորհում, բայց առանց Տիրոջ. վա՜յ նրանց, ովքեր թաքուն խորհուրդներ են խորհում, ու նրանց գործերը խաւարի հետ են։ Նրանք ասում են. «Ո՞վ կը տեսնի մեզ, ո՞վ պիտի իմանայ, թէ ինչ ենք անում»։ Բայց չէ՞ որ դուք բրուտի կաւ էք. մի՞թէ ստեղծուածն իր ստեղծողին կ՚ասի, թէ՝ դո՛ւ չես ինձ ստեղծել, կամ արարածն՝ Արարչին, թէ՝ իմաստութեամբ չես արարել ինձ։ Շատ չէ՝ քիչ ժամանակ կ՚անցնի, եւ Լիբանանը կը դառնայ ինչպէս Քերմէլ լեռը, իսկ Քերմէլն անտառ կը համարուի։ Այն ժամանակ խուլերը պիտի լսեն այդ գրուածքի խօսքերը, եւ խաւարի ու մէգի մէջ գտնուող կոյրերի աչքերը պիտի տեսնեն. աղքատներն ուրախութեամբ պիտի ցնծան Տիրոջ համար, եւ յոյսը կորցրած մարդիկ պիտի լցուեն խնդութեամբ։ Անօրէնը պիտի վերանայ, ամբարտաւանը պիտի անհետ կորչի, անիրաւները պիտի ոչնչանան չարիքների մէջ:
Պողոս Առաքյալի նամակը Փիլիպեցիներին, 4. 8-24
Եւ վերջապէս, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարտութեամբ է, ինչ որ՝ պարկեշտութեամբ, ինչ որ՝ արդարութեամբ, ինչ որ՝ սրբութեամբ, ինչ որ՝ սիրով, ինչ որ՝ բարի համբաւով, ինչ որ՝ առաքինութեամբ, ինչ որ՝ գովութեամբ, – ա՛յն խորհեցէք։ Ինչ որ ուսանեցիք, ընդունեցիք, լսեցիք եւ տեսաք իմ մէջ, ա՛յն արէք։ Եւ խաղաղութեան Աստուածը թող լինի ձեզ հետ։ Ես չափազանց ուրախ եղայ Տիրոջով, որ դուք էլ էք մտածել հոգ տանել իմ մասին, ինչպէս արդէն հոգում էիք ինձ համար, բայց առիթ չէիք ունենում։ Կարիքի մէջ լինելու համար չէ, որ ասում եմ այս բանը, քանի որ ես սովոր եմ գոհ լինել իմ վիճակից։ Գիտեմ զրկանքով ապրել, գիտեմ առատութեան մէջ լինել։ Ամէն ինչում, բոլոր պայմանների տակ, սովորել եմ թէ՛ կուշտ լինել, թէ՛ քաղցած մնալ, թէ՛ առատութեան մէջ լինել, թէ՛ զրկանք կրել։ Ամէն ինչի կարող եմ նրա՛ շնորհիւ, ով ինձ զօրացրեց։ Բայց դուք լաւ արեցիք, որ օգնեցիք ինձ նեղութեանս մէջ։ Դուք էլ գիտէք, փիլիպեցինե՛ր, որ Աւետարանի քարոզութեան սկզբում, երբ ես ելայ Մակեդոնիայից, ո՛չ մի եկեղեցի տալու եւ առնելու հարցում չօգնեց ինձ, բացի ձեզնից, որ մէկ-երկու անգամ իմ կարիքների համար օգնութիւն ուղարկեցիք Թեսաղոնիկէ։ Ոչ թէ նուէրներ եմ փնտռում, այլ փնտռում եմ այն պտուղը, որ աւելանալու է ձեր հաշուին։ Իսկ ես ամէն ինչ առել եմ եւ առատութեան մէջ եմ. լիացած եմ Եպափրոդիտոսի միջոցով ձեզնից ստացածս նուէրով, որ անուշահոտութիւն է, ընդունելի պատարագ՝ Աստծուն հաճելի։ Եւ իմ Աստուածը կը լցնի ձեր կարիքները իր հարստութեան չափով, փառքով, Քրիստոս Յիսուսի միջոցով։ Արդ, Աստծուն եւ մեր Հօրը փառք յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։ Ողջունեցէ՛ք բոլոր սրբերին ի Քրիստոս Յիսուս։ Ողջունում են ձեզ այն եղբայրները, որ ինձ հետ են։ Ողջունում են ձեզ բոլոր սրբերը, մանաւանդ նրանք, որ Կայսրի տնից են։ Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը ձեր հոգու հետ լինի։ Ամէն։
Ավետարան ըստ Ղուկասի, 11. 1-11
Եւ եղաւ որ Յիսուս մի տեղ աղօթքի էր կանգնած. եւ երբ վերջացրեց, նրա աշակերտներից մէկն ասաց նրան. «Տէ՛ր, մեզ աղօթել սովորեցրո՛ւ, ինչպէս Յովհաննէսը սովորեցրեց իր աշակերտներին»։ Նա նրանց ասաց. «Երբ աղօթքի կանգնէք, ասացէ՛ք. Եւ Յիսուս նրանց ասաց. «Ձեզնից ո՞վ է, որ բարեկամ ունենայ, գնայ նրա մօտ կէսգիշերին եւ ասի նրան. բարեկա՛մ, ինձ երեք նկանակ փո՛խ տուր, որովհետեւ իմ բարեկամը ճանապարհից եկաւ ինձ մօտ, եւ ես նրա առաջ դնելու ոչինչ չունեմ։ Իսկ նա ներսից պատասխանի եւ ասի. «Ինձ նեղութիւն մի՛ տուր, որովհետեւ դռները փակուած են, եւ երեխաներս ինձ հետ անկողնում են, չեմ կարող վեր կենալ եւ քեզ հաց տալ»։ Ասում եմ ձեզ, եթէ բարեկամութեան համար էլ վեր չկենայ եւ հաց չտայ նրան, նրա թախանձանքի՛ պատճառով վեր կենալով կը տայ նրան, ինչ որ պէտք է։ Եւ ես ասում եմ ձեզ. խնդրեցէ՛ք, եւ Աստծուց կը տրուի ձեզ, փնտռեցէ՛ք, եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեզ համար, որովհետեւ, ով որ խնդրում է, առնում է, ով որ փնտռում է, գտնում է, եւ ով որ բախում է, բացւում է նրա առաջ։ Ձեզնից ո՞վ է այն հայրը, որի որդին եթէ ձուկ ուզի, միթէ ձկան փոխարէն օ՞ձ կը տայ նրան. եւ կամ ձու ուզի, միթէ կարի՞ճ կը տայ նրան։ Իսկ եթէ դուք, որ չար էք, գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդիներին, որչա՜փ եւս առաւել ձեր երկնաւոր Հայրը բարիքներ կը տայ նրանց, որոնք ուզում են իրենից»։
ՏՈՆԱՑՈՒՅՑ
† ԲՁ. ԺԱ. կիր. զկնի Ս. Խաչի։ Օրհ. բձ. Օրհնեսցուք զՏէր: Հրց. Յար. աձ. Պայծառացիր։ Ժմտ. Միածին Որդի։ Ճշ. շրկ. բձ. Թագաւորին յաւիտենից։ Հմբ. բձ. Ի գերեզման, Եկին ի գերեզման և Ձայն աւետաւոր։ Նախատօնակ։ Շրկ. ակ. Որ նախիմաց, իւր սարօքն։
Բարեկենդան Յիսնակի պահոց։
0 կարծիք