ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Պողոս Առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին, 12. 19 – 13. 4
Դարձեալ՝ կարծում էք, թէ ձեր առջեւ մենք մե՞զ ենք պաշտպանում: Աստծու առաջ Քրիստոսով ենք խօսում, որ ամէն ինչ ձեր շինութեան համար է, սիրելինե՛ր: Սակայն վախենում եմ, որ, երբ գամ, գուցէ ձեզ չգտնեմ այնպէս, ինչպէս ես կամենում եմ, եւ ես էլ ձեզ համար լինեմ այնպէս, ինչպէս դուք չէիք կամենայ: Գուցէ դարձեալ լինեն վէճեր, նախանձ, բարկութիւններ, գրգռութիւններ, չարախօսութիւններ, բամբասանքներ, գոռոզութիւններ, ամբարտաւանութիւններ, խռովութիւններ: Երբ գամ, գուցէ դարձեալ իմ Աստուածն ինձ նկուն դարձնի ձեր առաջ, եւ սուգ անեմ նախապէս մեղանչած շատերի համար, որոնք չեն ապաշխարել իրենց գործած պղծութեան, պոռնկութեան եւ վաւաշոտութեան համար:
Այս երրորդ անգամն է, որ գալու եմ ձեզ մօտ, որպէսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատուի ամէն բան: Առաջ ասել եմ եւ դարձեալ կանխաւ ասում եմ, որպէս թէ երկրորդ անգամ ներկայ լինեմ ձեր մէջ, թէեւ այժմ հեռուից գրում եմ նախապէս յանցանք գործածներին եւ բոլոր միւսներին. եթէ դարձեալ գամ, չեմ խնայելու ձեզ, որ ապացոյց էք փնտռում, թէ ինձնով Քրիստոս է որ ձեզ հետ խօսում է, Քրիստոս, որ հզօր է ձեր մէջ եւ ոչ թէ տկար: Թէպէտեւ նա խաչուեց մեր տկարութեան պատճառով, բայց կենդանի է Աստծու զօրութեամբ: Եւ մենք էլ թէեւ տկարանում ենք նրա համար, բայց կենդանի կը լինենք նրա հետ Աստծու զօրութեամբ:
Ավետարան ըստ Մարկոսի, 11. 15-26
Եկան Երուսաղէմ. եւ Յիսուս տաճար մտնելով՝ սկսեց դուրս հանել տաճարում գտնուող վաճառողներին ու գնորդներին եւ լումայափոխների սեղանները ցրեց ու աղաւնեվաճառների աթոռները շուռ տուեց. եւ չէր թողնում, որ որեւէ մէկը տաճարի միջով նոյնիսկ որեւէ բան անցկացնի: Եւ ուսուցանում էր նրանց ու ասում. «Գրուած է՝ իմ տունը բոլոր ազգերի համար աղօթքի տուն է կոչուելու, իսկ դուք այն դարձրել էք աւազակների որջեր»: Քահանայապետներն ու օրէնսգէտները լսեցին այս եւ մի միջոց էին փնտռում, թէ ինչպէս կորստեան մատնեն նրան, բայց վախենում էին նրանից, որովհետեւ ամբողջ ժողովուրդը զարմացած էր նրա ուսուցման վրայ: Երբ երեկոյ եղաւ, քաղաքից դուրս ելան: Յաջորդ օրը, առաւօտեան, մինչ նոյն ճանապարհից էին անցնում, թզենին արմատից չորացած տեսան: Պետրոսը յիշեց եւ ասաց նրան. «Ռաբբի՛, ահաւասիկ թզենին, որին անիծեցիր, չորացել է»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Եթէ Աստծու հանդէպ հաւատ ունենաք, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ այս լերանն ասի՝ ե՛լ եւ ծո՛վն ընկիր, եւ իր սրտում չկասկածի, այլ հաւատայ, թէ ինչ որ ասում է, կը լինի, նա ինչ էլ ասի, կը կատարուի: Դրա համար ասում եմ ձեզ. ամէն ինչ, որ աղօթք անելով խնդրէք եւ հաւատաք, թէ կը ստանաք, կը տրուի ձեզ: Եւ երբ աղօթքի կանգնէք, թէ մէկի դէմ մի բան ունէք, ներեցէ՛ք, որպէսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր յանցանքները»:
ՏՈՆԱՑՈՒՅՑ
ԲՁ. Պահք:
Օրհ. Ապշ. բձ. Դարձո զցասումն քո: Հրց. Հնգ. գձ. Օրհնեմք զքեզ: Մնկ. Խաչի բձ. Անապական: Հմբ. Ապշ. բձ. Համբառնալով:
0 կարծիք