ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Պողոս Առաքյալի նամակը հռոմեացիներին, Է. 12-25
Այսպէս ուրեմն, օրէնքը սուրբ է, պատուիրանն էլ՝ սուրբ եւ արդար ու բարի: Իսկ արդ, բարի՞ն մահ եղաւ ինձ համար. քա՛ւ լիցի. այլ մեղքը, օգտագործելով ինչ որ բարի է, ինձ մահ պատճառեց, որպէսզի պատուիրանի միջոցով մեղքը յայտնուի որպէս մեղք իր իսկական սաստկութեամբ: Գիտենք, որ օրէնքը հոգեւոր է. իսկ ես մարմնաւոր եմ՝ մեղքին վաճառուած, քանի որ չեմ իմանում, ինչ որ գործում եմ. ոչ թէ այն եմ անում, ինչ որ ուզում եմ, այլ գործում եմ այն, ինչ որ ատում եմ, ապա եթէ անում եմ այն, ինչ որ չեմ կամենում, դրանով իսկ վկայում եմ, թէ օրէնքը բարի է: Իսկ արդ, ե՛ս չէ, որ գործում եմ այն, այլ՝ իմ մէջ բնակուող մեղքը: Գիտեմ, որ ոչ մի բարի բան չի բնակւում իմ մէջ, այսինքն՝ իմ մարմնի մէջ, որովհետեւ կամենալը կար իմ մէջ, իսկ բարին գործելը՝ ոչ, որովհետեւ ոչ թէ անում եմ բարին, որ կամենում եմ, այլ գործում եմ չարը, որը չեմ կամենում: Իսկ եթէ անում եմ այն, ինչ որ չեմ կամենում, այլեւս ե՛ս չէ, որ անում եմ այն, այլ՝ իմ մէջ բնակուող մեղքը: Եւ արդ, գտնում եմ այն բանի օրէնքը, որ, երբ ես ուզում եմ բարին գործել, իմ դէմ չարն է ելնում. հաճելի է ինձ Աստծու օրէնքը՝ ներքին մարդու տեսակէտից, բայց իմ մարմնի անդամների մէջ տեսնում եմ այլ օրէնք, որ պայքարում է իմ մտքի օրէնքին հակառակ եւ ինձ գերի է դարձրել մեղքի օրէնքին, որ կայ իմ մարմնի անդամների մէջ: Ի՜նչ խղճալի մարդ եմ ես: Ո՞վ կը փրկի ինձ այս մարմնից, որ ինձ մահուան է տանում: Բայց գոհութիւն Աստծու՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով:
Ավետարան ըստ Մատթեոսի, ԺԲ. 15-21
Նրա յետեւից գնաց շատ ժողովուրդ, եւ նա բոլորին բժշկեց: Եւ խստիւ պատուիրեց նրանց, որ իր մասին ոչ ոքի բան չասեն, որպէսզի կատարուի այն, ինչ որ ասուեց Եսայի մարգարէի բերանով. «Ահա իմ ծառան, որին ընտրեցի, եւ իմ սիրելին, որին հոգիս հաւանեց. նրա վրայ իմ հոգին պիտի դնեմ, եւ նա հեթանոսներին դատաստան պիտի յայտարարի. նա ո՛չ պիտի հակառակի եւ ո՛չ էլ պիտի աղաղակի. հրապարակներում նրա ձայնը ոչ մէկը չպիտի լսի. ջախջախուած եղէգը նա չպիտի փշրի եւ առկայծ պատրոյգը չպիտի հանգցնի, մինչեւ որ արդարութիւնը յաղթանակի հասցնի. եւ նրա անուան վրայ հեթանոսները յոյս պիտի դնեն»:
ՏՈՆԱՑՈՒՅՑ
ԲԿ. Պահք։
Օրհ. բկ. Յամենայն ժամ: Հրց. Հնգ. բկ. Արարիչ եւ մարդասէր: Մնկ. Խաչի բկ. Խաչն կենարար: Ժմտ. Որ ըստ ամենայն: Ճշ. շրկ. դկ. Որ անսկիզբն: Հմբ. բկ. Յօգնութիւն մեզ:
Յերեկոյին՝ Նախատօնակ։ Շրկ. գկ. Լերինք ամենայն: Հրց. բձ. Որ Առաքեցեր, իւր սարօքն։ (Ձայնքաղ շրկ. 1888, յերեսս 157 եւ 318)։ Քրզ. Ս. ճգնաւորօքն, Աղթ. Որ ընտրեցեր։
0 կարծիք