Շավիղ ԺԸ.

Հարց. Եղբա՛յր, ինչի՞ համար է Հակոբոս առաքյալը աշխարհասեր մարդկանց շնացող անվանում:

Պատասխան. Ես նախ քեզ մի բան հարցնեմ. առհասարակ ո՞ւմ են շնացող անվանում:

Հարց. Ով իր ամուսնուն դավաճանում և մեկ ուրիշին է սիրում, նրան են շնացող անվանում:

Պատասխան. Լավ պատասխանեցիր. արդ մենք ևս պարտավոր ենք բովանդակ սրտով սիրել Աստծուն, բայց եթե դավաճանելով Աստծուն այդ սերն ուղղենք աշխարհի փուչ, վաղանցիկ բաների վրա, մենք ևս շնացող կլինենք: Մինչդեռ ինչպես պատվիրում է Պողոս առաքյալը, մարդը պարտավոր է սիրել իր կնոջը. «Ո՜վ մարդիկ, սիրեցեք ձեր կանանց» (Եփես. Ե 25): Եթե այդ պարտականության դեմ մեղանչելով շնացող ենք անվանվում, ապա որքան ավելի մեծ շնություն է Աստծու հանդեպ դավաճան ու պարտազանց լինելը:

Հարց. Աստծու հանդեպ սերը տղամարդու և կնոջ սիրո՞ւն ես նմանեցնում:

Պատասխան. Այո՛, ինչպես Եսային է գրում. «Ինչպես որ, օրինակ, փեսան է ուրախանում հարսի համար, այնպես էլ Տերն է ուրախ լինելու քեզ համար» (Եսայի ԿԲ 5): Հովհաննես Մկրտիչը Քրիստոսի մասին իր աշակերտներին ասում է. «Ով հարս ունի, Նա է փեսան» (Հովհաննես Գ 29): Եվ Պողոս առաքյալը գրում է. «Ձեզ նշանեցի մի մարդու՝ որպես մի անբիծ կույս, Քրիստոսին ներկայացնելու համար: Բայց երկյուղ եմ կրում, թե միգուցե, ինչպես օձն իր խորամանկությամբ խաբեց Եվային, ձեր միտքը ապականվի ու շեղվի Քրիստոսի հանդեպ ձեր ունեցած պարզամտությունից» (Բ Կորնթ. ԺԱ 2-3):

Հարց. Այդ ասածդ հարսն ու փեսան ովքե՞ր են:

Պատասխան. Այդ խոսքերը մարմնավոր չեն, այլ հոգևոր: «Հարս»-ը մեր հոգին է, և «փեսան»՝ Քրիստոս: Դատաստանի օրը երբ Քրիստոս՝ արդար Դատավորը, գա դատաստան անելու, արդարների հոգին նոր հարսի նման պիտի զարդարի լուսեղեն զգեստներով, ինչպես Եսայի մարգարեն է ասում. «Ես պիտի հրճվեմ Տիրոջով, որովհետև Նա ինձ փրկության զգեստ և ուրախության պատմուճան հագցրեց, որպես փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին և որպես հարսի՝ զուգեց ինձ զարդով» (Եսայի ԿԱ 10):

Հարսի պես զարդարված հոգիների Փեսան Քրիստոս է, որ նրանց Իր հետ վերցնելով՝ տանում է խոստացած արքայությունը և միշտ ուրախանում նրանց համար: Ահա այս խոսքն է, որ ասում է Եսային. «Ինչպես որ, օրինակ, փեսան է ուրախանում հարսի համար, այնպես էլ Տերն է ուրախ լինելու քեզ համար» (Եսայի ԿԲ 5):

Հարց. Դա կարո՞ղ ես հաստատել ևս մի վկայությամբ:

Պատասխան. Վկայությո՞ւն ես ուզում. խնդրեմ, ահա Մատթեոս ավետարանիչը գրում է. «Կեսգիշերին ձայն լսվեց՝ ահա Փեսան գալիս է. նրան դիմավորելու ելեք: …Փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակվեց» (Մատթեոս

ԻԵ 6-10):

Հարց. Դա հասկացա, բայց մի ուրիշ հարց ունեմ. ինչո՞ւ է Հակոբոս առաքյալը աշխարհասեր մարդկանց Աստծու թշնամի անվանում:

Պատասխան. Վերն արդեն ասացինք, որ ամուսինների փոխադարձ դավաճանությունը ծնում է փոխադարձ ատելություն և թշնամություն: Մարդն ի բնե հակված է աչքի և քիմքի համար հաճելի բաների, ինչպես օրինակ Եվան, որի մասին ասված է. «Կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, ակնահաճո է և գրավիչ՝ ըմբռնելու համար: Նա առավ նրա պտղից, կերավ…» (Ծննդ. Գ 6): Մինչդեռ Դավիթ մարգարեն հորդորում է և ասում, որ եթե մի բարի բան ենք փնտրում, պետք է սիրենք բացառապես Աստծուն և հետևենք Նրա անուշ և գեղեցիկ պատգամներին, որովհետև «Ոսկուց ու շատ թանկագին քարերից ցանկալի են դրանք. նույնպես և քաղցր՝ մեղրից ու խորիսխից ավելի» (Սաղմոս ԺԸ 11): Դպիրներից մեկը Հիսուսին հարցրեց. «Բարի վարդապետ, ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանք ժառանգեմ». Քրիստոս տեսնելով, որ նա բարի բան է փնտրում, անհրաժեշտ համարեց բացատրել նրան բարու ով լինելը. «Բարի չէ ոչ ոք, այլ միայն Աստված» (Մարկոս Ժ 17): Եվ քանի որ բարի բան էր փնտրում, նրան պատվիրեց. «Քո Տեր Աստծուն պիտի սիրես քո բովանդակ սրտով, բովանդակ անձով, բովանդակ մտքով» (Մատթեոս ԻԲ 37) և այլն:

Տեսա՞ր, թե ինչպես է խստորեն պատվիրում Աստծուն սիրել. ուրեմն եթե այդ սիրուց երես թեքենք և այս աշխարհի փուչ և սին բաները միայն սիրենք, մի՞թե Աստծուն թշնամի և շնացող չենք լինի: Ահա այս պատճառով Հակոբոս առաքյալը աշխարհասեր մարդկանց անվանում է շնացող և Աստծու թշնամի:

Հարց. Թեպետ ես Աստծուն բովանդակ սրտով եմ սիրում, բայց մի քիչ էլ այս աշխարհի փառքն եմ սիրում. մի՞թե սրանից վնաս կա:

Պատասխան. Վերևում հիշեցինք Քրիստոսի խոսքը, թե անհրաժեշտ է բոլոր զգայարաններով Աստծուն սիրել: Նա չի թողնում և ոչ մի զգայարան, որպեսզի նրանով էլ աշխարհը սիրես, իսկ եթե թեկուզ այդ մի զգայարանով աշխարհին կապվես, նշանակում է բովանդակ սրտով չես կարող Աստծուն սիրել: Մի՞թե չես լսել Քրիստոսի խոսքը. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կամ մեկին կատի և մյուսին կսիրի…, չեք կարող ծառայել Աստծուն և մամոնային» (Մատթեոս Զ 24):

Հարց. Քրիստոս երկու «տեր» է հիշատակում. մեկն Աստված է, ապա մյուսը ո՞րն է:

Պատասխան. Մարդ ում որ ծառայի, նա նրա տերը կլինի, եթե դու Աստծուց բացի նաև ուրիշ մեկին ծառայես, այսինքն՝ սատանային, ուրեմն՝ քո մյուս տերը սատանան կլինի: Գեթ մի անգամ մտածիր՝ այդ երկու տերերին ինչպե՞ս պիտի ծառայես, որովհետև գիտենք, որ այդ երկուսը հակառակ են մեկմեկու, ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Ի՞նչ միաբանություն Քրիստոսի և Բելիարի միջև» (Բ Կորնթ. Զ 15): Եվ նրանք մեկմեկու հակառակվելով հրաման են տալիս իրենց հնազանդ մարդկանց:

Հարց. Ինչպե՞ս են հակառակ հրամայում:

Պատասխան. Քրիստոս հրամայում է, որ քո թշնամուն սիրես, սրան հակառակ սատանան ասում է, որ քո սիրելի ընկերոջը ատես: Քրիստոս հրամայում է, որ ունեցվածքդ աղքատներին բաշխես, սատանան ասում է, թե աղքատների ձեռքում եղածը խլես նրանցից: Քրիստոս հրամայում է՝ երբ մի ծնոտիդ հարվածում են, մյուսը ևս շրջիր, մինչդեռ սատանան ասում է. եթե ձեռքիդ ճար լինի, քեզ ապտակողին սպանի՛ր: Քրիստոս հրամայում է, թե նեղ դռնով մտիր, որպեսզի լայն և ընդարձակ արքայություն գնաս, իսկ սատանան ասում է. լայն դռնով մտիր, որպեսզի նեղ և անձուկ, մութ և խավար դժոխք իջնես: Հիմա տեսա՞ր, թե որքան հակառակ են իրար այս երկու տերերը: Դու նրանցից որի՞ ասածին պիտի հնազանդվես, որի՞ կամքը պիտի կատարես: Անհնար է, որ այս երկուսի կամքը միաժամանակ կատարես և երկուսին էլ հաճելի լինես: Անշուշտ նրանցից մեկին պիտի բարկացնես:

Հարց. Քավ լիցի. ես իմ Աստծուն չեմ բարկացնում, այլ սատանային, իսկ Աստծուն հնազանդ եմ:

Պատասխան. Եղբա՛յր, դու սատանային չես բարկացնում, այլ առանց հասկանալու Աստծուն ես բարկացնում, որովհետև քո կատարած գործերը հաճելի են սատանային: Աստծուն միայն խոսքով ես սիրում, մինչդեռ գործով սատանային ես պատվում: Այս պատճառով Եսայու խոսքը շատ հարմար է քո գործերին. «Այս ժողովուրդը… իր շրթունքներով է մեծարում Ինձ, բայց սրտով հեռացել ու մեկուսացել է Ինձնից» (Եսայի ԻԹ 13): Տեսա՞ր, եղբա՛յր, Աստված ինչպես է գանգատվում Իրեն սոսկ լեզվով պաշտող, բայց գործով սատանայի կամքը կատարողներից:

----------------------
Հին հղումը
Հատկորոշիչներ՝ երկնքի, ճանապարհ, շավիղ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Շավիղ ԼԸ.

Հարց. Կարծես հասկացա, որ չորս խորհելիք նյութերից...

Շավիղ ԼԷ.

Հարց. Շատ լավ: Հասկացա, որ ամեն բանից առաջ պիտի...

Շավիղ ԼԶ.

Հարց. Եթե մեղքից հեռու պահող այլ խրատ ունես,...