Հարց. Հասկացանք, որ հին օրենքի պատարագի փոխարեն մեր անձը պիտի զոհաբերենք: Ապա քահանաներն ինչո՞ւ են պատարագ կատարում:
Պատասխան. Մեր քահանաների կատարածը Հին Ուխտ չէ, այլ Նոր Ուխտ: Զ Շավիղում այս մասին պատմեցինք: «Օրեր կգան, որ Իսրայելի տան հետ Նոր Ուխտ պետք է կատարեմ»,- ասում է Աստված, ահա այն Նոր Ուխտը մեր պատարագն է Քրիստոսի արյունով, որ Ինքը պատվիրեց. «Սա կատարեք Ինձ հիշելու համար»: Դրա համար քրիստոնեական Եկեղեցին պատարագ է մատուցում:
Հարց. Ինչո՞ւ ենք ապա մատաղ անում:
Պատասխան. Դա հին օրենքի զոհը չէ, այլ լոկ աղքատների կերակուր է ի հիշատակ ննջեցյալների, որ հրամայեց Ս. Գրիգոր Լուսավորիչը:
Հարց. Դա գրված կա՞ր:
Պատասխան. Ահա Քրիստոսն է հրամայում. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին և ո՛չ էլ քո հարուստ հարևաններին, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն, և քեզ հատուցում լինի» (Ղուկաս ԺԴ 12):
Հարց. Ապա ո՞ւմ պետք է կանչենք:
Պատասխան. Ահա ասվում է, թե ում կանչես. «Կանչի՛ր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին և երանելի կլինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն: Եվ դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հարության օրը» (Ղուկաս ԺԴ 13-14):
0 կարծիք