Հարց. Մի՛ վախեցիր, եղբա՛յր, քո աշխատանքը իզուր չանցավ: Ես լավ հասկացա քրիստոնյա անունը, Քրիստոսին հավատացի և Նրա անունով մկրտվեցի, բայց լավ չգիտեմ քրիստոնեության խորհուրդը: Ուստի աղաչում եմ, հասկացրո՛ւ ինձ, որ նույն ճանապարհին հետևելով երբ մահանամ, Քրիստոսի մոտ կգնա՞մ, ինչպես որ Ինքն է խոստացել:
Պատասխան. Մի՛ շտապիր Նրա մոտ գնալու, դեռ շատ ժամանակ կա, դեռ որքա՜ն բարձր լեռներ և քարաժայռ ճանապարհներ կան անցնելու և որքա՜ն նեղ դռներ կան մտնելու, որ Նրա մոտ գնաս: Բավական չէ միայն քրիստոնյա անուն ստանալը:
Հարց. Ինչո՞ւ ես նորից ինձ վախեցնում՝ քրիստոնեությունը դժվարին կրոն համարելով: Չե՞ս տեսնում, որ աշխարհում այնքան քրիստոնյաներ կան: Եթե քրիստոնեությունը դժվարին լիներ, այդքան մարդիկ քրիստոնյա կլինեի՞ն: Բազմաթիվ մարդկանց քրիստոնյա լինելուց հետո ես ինչո՞ւ պետք է չկարողանամ այդպիսին լինել:
Պատասխան. Իրավացի ես, եղբա՛յր, անունով քրիստոնյաներ շատ կան, բայց լոկ անունով քրիստոնեությունը նշանակություն չունի, այլ գործով պետք է լինել: Ինչպես, օրինակ, ամեն արհեստավոր իր ձեռքի գործերով է ճանաչվում, նույնպես էլ քրիստոնյան իր բարեգործություններով պետք է ճանաչվի:
Հարց. Ինչպիսի՞ գործ է պետք:
Պատասխան. Գործի ինչպիսի լինելը օրինակով ցույց կտամ քեզ: Մտածի՛ր և ջանա՛ դրա համեմատ քրիստոնեության արժանի գործ կատարել:
Հարց. Ասա՛ տեսնեմ՝ ի՞նչ օրինակ է:
Պատասխան. Ահա քեզ օրինակ եմ բերում ըմբիշներին, որոնք իրենց հագած ծանր զգեստները հանում են և մի թեթև շոր հագնում: Յուղով օծվում և դուրս են գալիս հրապարակ ու կանգնում, որպեսզի տեսնողները իմանան, որ իրենք ըմբիշ են: Բայց այն ըմբիշը, որ ելավ ու հրապարակում կանգնեց, պետք է իր դիմացինի հետ ըմբշամարտի և հաղթի, որ մարդկանցից պսակ և գովաբանություն ստանա: Եթե այն ըմբիշի վրա ըմբիշության բոլոր նշանները երևան, բայց իր մրցակցի հետ կռվելու կերպը չիմանա կամ թույլ լինելու պատճառով պարտվի, նրա ըմբիշ լինելուց ի՞նչ օգուտ կլինի, եթե իր մրցակցին չպետք է կարողանա հաղթել, նա կարո՞ղ է ըմբիշ կոչվել, պսակ կամ գովաբանություն կարո՞ղ է ստանալ:
Հարց. Քրիստոնեությունը ըմբիշության օրինա՞կն է:
Պատասխան. Այո՛, դու հիմա մեղքերիդ ծանր շորերը հանեցիր և մերկացար ավազանում լվացվելով: Սուրբ Մեռոնով օծվեցիր և թեթև շորերի փոխարեն Քրիստոսին հագար, ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Դուք, բոլորդ, որ ի Քրիստոս մկրտվեցիք, Քրիստոսով զգեստավորվեցիք» (Գաղատ. Գ 27): Ուրեմն դրանից հետո պետք է, որ թշնամուդ հետ կռվես և հաղթես, որպեսզի Քրիստոսից պսակ ստանաս:
Հարց. Իմ թշնամին ո՞վ է, որ հետը կռվեմ:
Պատասխան. Քո թշնամին սատանան է, ինչպես Պետրոս առաքյալն է գրում. «Արթո՛ւն եղեք, հսկեցե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ում կուլ տա» (Ա Պետրոս Ե 8): Ահա, օրինակ, հիմա դու քրիստոնյա անունը ստացար, բայց քո թշնամուդ՝ սատանայի դեմ չկռվելուց ու չհաղթելուց հետո էլ ապրում ես անտարբեր ծուլությամբ: Սրանից հետո քրիստոնյա անունդ ի՞նչ օգուտ կտա քեզ: Քո (մեղքերից) մերկանալը, ավազանում մկրտվելդ և սուրբ Մեռոնով օծվելդ, Քրիստոսով զգեստավորվելդ ի՞նչ օգուտ կունենան:
Հարց. Քրիստոնեության նշանը սովորեցրո՛ւ ինձ, որպեսզի կարողանամ սատանային հաղթել:
Պատասխան. Հիմա քրիստոնեության նշանը չեմ համարձակվում սովորեցնել, մինչև քո միտքը լավ չքննեմ. չլինի թե Քրիստոսի ասած առակը քո գործին հարմար լինի:
Հարց. Ի՞նչ է Քրիստոսի ասած առակը:
Պատասխան. Ղուկաս ավետարանիչը գրում է. «Ձեզնից ո՞վ, եթե կամենա աշտարակ շինել, նախ նստելով չի հաշվի իր ծախսերը, եթե ավարտելու համար բավական դրամ ունի, որպեսզի գուցե երբ հիմքը դնի և չկարողանա ավարտել, բոլոր նրանք, որ տեսնեն, չսկսեն նրան ծաղրել և ասել. «Այս մարդը սկսեց կառուցել և չկարողացավ ավարտել» (Ղուկաս ԺԴ 28-30):
Հարց. Քրիստոնեությունը տուն կառուցելու օրինա՞կ է:
Պատասխան. Այո՛, Սուրբ Երրորդություն ճանաչելը և հավատալը քրիստոնեության հիմքն է: Ինչպես Պետրոսը երբ Քրիստոսին ճանաչեց և Աստծու Որդի դավանեց, Քրիստոս ասաց. «Դու վեմ ես, և այդ վեմի վրա պետք է շինեմ Իմ եկեղեցին» (Մատթեոս ԺԶ 18):
Հարց. Մի ուրիշ վկայությունով կարո՞ղ ես հաստատել քրիստոնեության հիմքի կամ Քրիստոսի ասած վեմի ու մեր հավատի նույնությունը:
Պատասխան. Ահա Պողոս առաքյալը գրում է. «Որպես իմաստուն ճարտարապետ, հիմքը դրեցի… բայց ուրիշն է, որ կառուցում է, սակայն յուրաքանչյուր ոք թող զգույշ լինի, թե ինչպես է կառուցում, որովհետև ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրված է այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է» (Ա Կորնթ. Գ 10-11):
Հարց. Դա հասկացա, բայց Պողոս առաքյալը ինչո՞ւ ասաց, որ «ամենքն էլ թող զգուշանան տուն կառուցելուց, թե ինչպես պետք է կառուցել»: Դրա միտքը ինձ բացատրիր:
Պատասխան. Խնդրեմ, Պողոս առաքյալը շարունակելով գրում է. «Եթե մեկն այս հիմքի վրա կառուցի ոսկով, արծաթով, թանկարժեք քարերով, փայտով, խոտով, եղեգով, յուրաքանչյուրի գործը հայտնի կլինի, որովհետև դատաստանի օրը այդ պիտի երևա, քանի որ կրակով հայտնի պիտի լինի և յուրաքանչյուրի գործը, ինչպես որ է, կրակը պիտի փորձի. եթե մեկի կառուցած գործը մնա, նա վարձ պիտի ստանա, և եթե մեկի գործը այրվի, նա պիտի տուժի, թեև ինքը պիտի փրկվի, բայց նման մեկին, որ կարծես կրակի միջով անցած լիներ» (Ա Կորնթ. Գ 12-15):
Ասում է, որ հիմքը գցել է: Հիմա մենք այս հիմքը ինչպե՞ս պետք է հասկանանք: Արդյոք Պողոսը ժողովրդին տո՞ւն էր կառուցում: Ո՛չ, այլ իր քարոզներին հավատացողների սրտի մեջ հավատի հիմքն էր գցում, ինչպես որ ասում է, թե «այս հիմքը Հիսուս Քրիստոս է»: Բայց այս հավատի հիման վրա տուն պետք է կառուցենք մեզ արդեն հայտնի նյութերով: Ոսկին, արծաթը և պատվական քարերը բարեգործության տան շինանյութերն են: Փայտը, խոտը, եղեգը մեղքերի տան շինանյութերն են: Ոմանք բարեգործության տուն
են կառուցում, իսկ ոմանք էլ՝ մեղքերի տուն: Բայց աշխարհի վախճանին յուրաքանչյուրի կառուցած տունը կրակով պետք է փորձվի: Բարեգործության տան նյութերը, կրակի մեջ անփորձ մնալով, ավելի ևս կպայծառանան, իսկ մեղքերի տան նյութերը կրակին չդիմանալով կայրվեն, և այդ նյութերի տերն էլ պետք է կրակի մեջ այրվի հավիտյան: Ահա հասկացա՞ր, եղբա՛յր, հիմքը և տունը: Եթե հասկացար, բարեգործություն կատարիր, որ քրիստոնյա լինելդ հայտնի լինի:
Հարց. Եթե բարեգործ չլինեմ, քրիստոնյա լինելս հայտնի չի՞ լինի:
Պատասխան. Հայտնի չի լինի, որովհետև Հակոբոս առաքյալն ասում է. «Եղբայրնե՛ր իմ, օգուտն ի՞նչ է, եթե մեկն ասի, թե հավատ ունի, սակայն հավատն արտահայտող գործեր չունենա: Մի՞թե հավատը նրան կկարողանա փրկել: …Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հավատը դատարկ բան է առանց գործերի» (Հակոբոս Բ 14-20):
Հարց. Այս մասին կա՞ ուրիշ գրող ևս:
Պատասխան. Ուրիշ մարդկանց գրածը ինչի՞դ է պետք, Ինքը՝ Քրիստոս է վկայում. «Այն օրը շատերն Ինձ պետք է ասեն. «Տե՜ր, Տե՜ր, չէ՞ որ Քո անունով մարգարեացանք և Քո անունով դևեր հանեցինք և Քո անունով բազում զորավոր գործեր արեցինք»: Եվ այն ժամանակ Ես նրանց պիտի ասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռու կացեք ինձանից դուք ամենքդ, որ անօրենություն եք գործում» (Մատթեոս Է 22-23):
Տեսնո՞ւմ ես, որ Քրիստոս էլ չի ճանաչում բարի գործ չկատարող մարդուն: Ոչ թե միայն հավատով, այլև նույնիսկ եթե այդ հավատովդ հրաշք էլ կատարես, քրիստոնյա լինելդ հայտնի չի լինի առանց բարեգործության: Նմանապես, եթե Քրիստոսին հավատալով քրիստոնյա կոչվես և քրիստոնեության հավատի հիման վրա բարեգործության տուն չկառուցես, այն ժամանակ վերը պատմած տան առակի նման քո թշնամին՝ սատանան, կսկսի քեզ ծաղրել և ասել. «Այս մարդը, Քրիստոսին հավատալով և Նրա անունով մկրտվելով, քրիստոնեության հիմքը գցեց, բայց հավատի հիմքի վրա բարեգործության տուն չկարողացավ կառուցել»: Հիմա հասկացա՞ր, որ առանց գործի հավատդ ոչինչ է:
————–
0 կարծիք