Նրա աչքերն ինձ ամեն ինչ ասացին

Բաժին՝ Դարձ
«Feu et Lumiere»
Ֆրանսերենից թարգմանեց
Սիրանուշ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

ՆՐԱ ԱՉՔԵՐՆ ԻՆՁ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՍԱՑԻՆ

(Բանտապահների ատելությունից մինչև երանություն բանտում։ Ֆրեդդի. բանտարկյալ համար 7337)

Աստված լսում է մեր բոլոր աղոթքները։ Հավատո՞ւմ ենք մենք Նրան։ Մենք Նրան ասում ենք մեր խնդրանքներն ու հաճախ մոռանում դրանց մասին։ Աստված դրանք չի մոռանում և մի օր՝ իր ժամին, գալիս է կատարելու մեր խնդրանքը։ Ֆրեդդին դրան սպասեց 35 տարի։

Ներկայանամ։ Անունս Ֆրեդդի է։ Ես հարբեցող եմ, նախկին հանցագործ, եկեղեցու կողոպտիչ… Իմ կյանքում բավական չարիք եմ գործել՝ կռիվ, գողություն, զինված հարձակում, պատանդ վերցնել, բռնագրավում… Զենքից վիրավորել եմ մարդկանց, հաճախ շատ ծանր… Բազմաթիվ անգամ հետապնդվել եմ ոստիկանությունից։ Մինչև անգամ բանտն ինձ չփոխեց։ Ամեն անգամ, երբ դուրս էի գալիս բանտից, բանտապահին ասում էի. «Մինչ նոր հանդիպում»։ Իսկ մինչ այդ…

Ընդամենը 20 տարեկան էի, երբ մահացավ իմ երկուսուկես ամսական աղջիկը։ Ես ըմբոստացա Աստծո դեմ… Չէի ուզում այլևս Նրան հավատալ։ Միշտ ասում էի, որ Աստված չկա։ Ինձ տվեցի խմելուն, թմրադեղերին, ցոփ ու շվայտ կյանքին…

Այժմ ես Նամուրի (Բելգիա) բանտում եմ։ Դատապարտվել եմ մի կնոջ սպանության համար։ Այս բանտում սկսեցի խորհել իմ ապրած կյանքի մասին։ Ինչո՞ւ։ Այդ հարցը միշտ մնում է անպատասխան։ Ես ինձ հարց եմ տալիս՝ ի՞նչն է պատճառն իմ չարագործ կյանքի։ Անկասկած, պատճառն իմ մեջ է։ Ամեն ինչ սկսվեց իմ փոքրիկի կորստից, բայց միգուցե դա լավ էր նրա համար։ Աստված նրան վերցրեց ինձնից, քանի որ գիտեր, թե ես ինչ կյանք պիտի վարեի։

Շատ տարիներ ինքս ինձ հարցեր էի տալիս Աստծո մասին։ Ես Նրան ասում էի. «Եթե Դու կաս, ապա նշան ցույց տուր»։ Բայց պատասխան չկար… Սակայն ինձ հետ կատարվում էին հետաքրքիր դեպքեր, որոնք հիշեցնել էին տալիս Աստծուն։ Բերեմ մի օրինակ։ Արլոնի բանտում էի (1993 թ.), իմ այս վերջին պատժի սկզբում, դրսում շատ շոգ էր, և իմ բանտախցի վանդակաճաղ պատուհանը բաց էր։ Գրում էի։ Հանկարծ մի սպիտակ աղավնի ներս ընկավ ու նստեց սուրճիս բաժակի մոտ՝ ինձ շատ մոտիկ։ Ես շատ զարմացած էի, քանի որ բանտի շրջակայքում ապրող բոլոր աղավնիները վայրի էին։ Նայեցի աղավնուն ու ասացի. «Միգուցե դու Սուրբ Հոգի՞ն ես»։ Բայց աղավնին հեռացավ այնպես, ինչպես եկել էր։

Հասկացա, որ հիմար բան ասացի։

Սկսեցի փնտրել ճշմարտությունը… Ինձ մոտ եկավ մի բողոքական քարոզիչ, թեև ես կաթոլիկ էի։ Դիմեցի մահմեդականներին։ Հետո հետևեցի Սուրբ Գրքի դասընթացներին… Բայց իմ բանտային կյանքը շարունակվում էր նույն հունով, ինչպես բոլոր ազատազրկվածներինը՝ հաբեր, թմրադեղեր, խմիչք։ Կյանքս անցնում էր մեղքերի մեջ։ Ես անում էի այն ամենը, ինչ ինձ արգելում էին։ Միշտ ըմբոստ էի, եթե ոչ Աստծո, ապա բանտապահների դեմ, նույնիսկ այն բանտապահների, ովքեր փորձում էին ինձ համար որևէ լավ բան անել։

Մի անձնավորություն կա, որ կարող է վկայել իմ ասածները։Նա այցելում է ինձ և գիտի ամեն ինչի մասին, նա իմ ընկերուհին է և ճշմարիտ բարեկամը։ Նա ինձ պատմում էր Աստծո, Հիսուսի, Կույս Մարիամի մասին, բայց ես չէի լսում նրան ու միշտ հակառակում էի։ Իմ ընկերուհին տեսել է ինձ ազատության մեջ, տեսել է բանտապահների՝ ինձ ուղղված սպառնալից հայացքները, տեսել է, թե ինչպիսին եմ ես, երբ թմրադեղ եմ օգտագործում… Եվ թմրադեղերի պատճառով էր, որ մի օր անհայտ ժամկետով հայտնվեցի Տուրնիե բանտի մեկուսարանում… Թե ինչ էր կատարվել, ոչինչ չէի հիշում։ Մեկուսարանում երկար մտածեցի և որոշեցի փոխել կյանքս։

Մի օր ինձ տարան բանտի բժշկի մոտ։ Ես նրան ասացի. «Խնդրում եմ, եթե նույնիսկ ծնկեմ ձեր առաջ, ինձ այլևս ոչ մի դեղ մի տվեք։ Ես թմրամոլ եմ և հարբեցող, բայց շատ եմ ուզում վերջ տալ այդ ամենին։ Վերջ տալ անմիջապես»։ Սկզբում շատ ծանր էր։ Ես շատ տանջվեցի։ Առաջին երեք ամիսների ընթացքում մի քանի անգամ ընկա էպիլեպտիկ նոպաների մեջ, որը թմրադեղեր չօգտագործելու հետևանքն էր։ Բայց դիմանում էի։ Հաճախ այցելում էի բանտի մատուռ, մասնակցում պատարագներին ու չէի էլ նկատում, որ դանդաղորեն մոտենում էի Աստծուն։

Հետո հասկացա, որ Աստված ինձ չէր լքել։ Այդ ես էի երես թեքել Նրանից ու շրջվել դեպի ըմբոստ հրեշտակը։

Տուրնիեում մնացի տասը ամիս։ Այլևս թմրադեղեր չեմ օգտագործում և չեմ խմում։ Մեծ է վստահությունս, որ ճշմարիտ ճանապարհին եմ։

Հիմա նորից Նամուրի բանտում եմ։ Բուժակ եմ աշխատում, և ինձ վստահում են։ Կարծում եմ, որ ընկերուհիս զարմացած է այն փոփոխությունից, որ կատարվեց իմ մեջ, քանի որ միասին աղոթեցինք։ Իմ պատին խաչ է կախված, սեղանիս փոքրիկ աղոթագիրք է՝ հոգևոր նկարներով։ Մի օր, խոսելով մի հավատացյալի հետ, ասացի. «Սատանան ինձ խաբել էր, բայց ես այլևս նրան չեմ հավատալու»։

Մի օր էլ երազ տեսա։ Գտնվում էի մի բանտում, որի ելքն ու մուտքն ազատ էր։ Կարելի էր դուրս գալ և զբոսնել։ Ես դուրս եկա։ Չգիտես ինչու, ուսերս շղթայված էին։ Հասա մի տեղ, որը հարթ բետոնապատված էր։ Ուսերիս շղթայից հանեցի հարթ ու սկավառակաձև երեք քար ու եռանկյունաձև դրեցի բետոնի վրա։ Հետո ծածկեցի սպիտակ սավանով։ Սավանի տակից սպիտակ ծուխ ելավ։ Վերցրի սավանը և շարժեցի ձախակողմյան քարը։ Եվ հանկարծ տեսա Հիսուսի դեմքը… Ես պառկեցի գետնին, երեսս դարձրի դեպի Հիսուսն ու ասացի. «Ահա և Դու»։

Արթնացա։ Ամբողջ գիշեր Հիսուսի դեմքն աչքիս առաջ էր։ Այդ դեմքը չէր արտահայտում ո՛չ տանջանք, ո՛չ տառապանք։ Հիսուսն ինձ ոչինչ չասաց, բայց Նրա աչքերը լի էին սիրով։ Նրա աչքերն ինձ ամեն ինչ ասացին… Հիսուսը եկել էր վերափոխելու իմ կյանքը։ Այսուհետ ես գիտեի ինչ անել։

Այժմ ես կարող եմ վկայել, որ Հիսուսը ճշմարտապես գոյություն ունի։ Խոսեցի Փարիզից եկած մի հոգևորականի հետ, որին և պատմեցի իմ երազը։ Նա ինձ ասաց. «Դա սովորական երազ չէ, այլ երկնային»։ Այդ օրերից ի վեր ես ամբողջ սրտով աղոթում եմ Աստծուն և հավատում։ Փորձում եմ օգնել նրանց, ովքեր կարիքի մեջ են՝ հոգևոր զրույցի կարիքի։ Շնորհակալ եմ Աստծուց, որ ներեց ինձ։ Ես շատ եմ տանջվել, բայց տանջվել եմ մեջս բնակվող ատելության պատճառով։ Բայց ես կատարյալ չեմ, ինչպես և բոլոր մարդիկ։

Վստահ եմ, որ իմ ընկերուհին հպարտանում է ինձնով։ Նա էր, որ քաջություն ունեցավ իմ կողքին լինելու և օգնելու ինձ։ Նրա պնդումով ես գրեցի իմ առաջին վկայությունը։ Կարծում էի, թե չեմ կարող, բայց գրեցի մեկ շնչով։

Վեց տարի է արդեն, ինչ ես դարձի եմ եկել։ Խաղաղության, ազատության և ուրախության տարիներ, Հիսուսի ներկայությունը սրտումս զգալու երջանկության տարիներ։ Երբ ինձ հարցնում են. «Ինչպե՞ս ես», պատասխանում եմ. «Շատ լավ»։ Եվ որքան կարողանում, վայելում եմ ներկա պահի հոգևոր երջանկությունը։

 

——————————
Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:
 

————————-

Հին հղումը

Հատկորոշիչներ՝ բանտ, դարձ, Հիսուս

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Կ. Իկսկուլը

Կ. Իկսկուլը նախահեղափոխական Ռուսաստանի տիպիկ...

ԴԱՐՁ…

 Վարսիկ Բադիկյան     «Լուսարձակ» թերթի...