Ադամ քահանա ՄԱԿԱՐՅԱՆ
————————————————————————————————
Մեզ համար խրատական է Կայենի և Աբելի պատմությունը: Աստված ընդունեց Աբելի ընծան, որովհետև նա իր ունեցած ամենալավն էր ընծայել, մինչդեռ Կայենը տվել էր խոտանը, այն, ինչն իրեն քիչ էր պետք: Ցավոք, մենք հաճախ այսպես ենք Աստծուն ընծայում մեր սրտերը կամ էլ ժամանակը: Մեր ողջ ժամանակը տրամադրում ենք մեր մարմնի խնդիրները լուծելուն կամ մարմնի հանգիստը կազմակերպելուն և Աստծուն հիշում կամ եկեղեցի ենք այցելում այն ժամանակ, երբ այլևս երկրային այլ կարևոր գործեր չենք ունենում: Իսկ ե՞րբ ենք Աստվածաշունչ ընթերցում: Մեր ժամանակի զգալի մասն անցկացնում ենք հեռուստացույցից թմրեցնող հաճույք ստանալով, անտեղի խոսակցություններով և Աստվածաշունչ ենք ընթերցում այն ժամանակ, երբ ձանձրանում ենք մյուս բաներից: Եվ Սուրբ Գիրք ընթերցում ենք ամիսը մեկ կամ երկու անգամ կամ ընդհանրապես չենք ընթերցում: Եվ ինքներս էլ չենք նկատում, որ սկսում ենք նմանվել Կայենին, որովհետև Աստծուն ընծայում ենք այն, ինչը խոտան է և մեզ այլևս պետք չէ: Սա ապացուցում է, որ Աստված մեզ համար երկրորդական կամ երրորդական մի անձ է, և առաջնայինը մեզ համար մեր երկրային գործերն են կամ էլ մեր մարմնի հոգսերը: Մինչդեռ եթե վեր բարձրացնենք մեր մտքերն ու սրտերը, կզգանք, թե ինչպես է Սուրբ Հոգին գործում որպես հուր` ջերմացնելով մեր սրտերը Աստծո հանդեպ և, որպես աղավնի, մեր սրտից հեռացնելով թշնամության զգացումը` երանելի խաղաղություն է պարգևում մեր հոգիներին:
0 կարծիք