Այսօր առաջարկում ենք ընթերցել.
Ներսես Ա Մեծ,
Տ. Ս. ՆԵՐՍԷՍ Ա. ՊԱՐԹԵՒ (Մաղաքիա արք. Օրմանյանի «Ազգապատում» գրքից)։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Սողոմոնի Իմաստության գիրք, Բ. 23 – Գ. 8
Աստուած մարդուն ստեղծել է անեղծ լինելու համար եւ արարել է նրան ըստ իր բարերարութեան պատկերի։ Մահը աշխարհ է եկել բանսարկուի նախանձով. եւ ովքեր նրա բաժինն են, նրանք էլ պիտի կրեն այն։
Բայց արդարների հոգիներն Աստծու ձեռքին են, եւ մահը չի մօտենալու նրանց։ Անզգամների աչքին թուաց, թէ նրանք մեռան, եւ նրանց ելքն այս աշխարհից համարուեց տանջանք, իսկ նրանց հեռանալը մեզնից՝ կործանում, բայց նրանք գտնւում են խաղաղութեան մէջ։ Ու թէպէտեւ մարդկանց թւում է, թէ նրանք տանջուեցին, բայց նրանք անմահութեան հաստատ յոյս ունեն, ինչպէս եւ նրանք, որոնք չխուսափեցին սակաւ ինչ տառապանքից, պիտի բարիքներ գտնեն, քանի որ Աստուած փորձեց նրանց եւ նրանց էլ արժանի գտաւ իրեն։ Նրանց փորձեց, ինչպէս ոսկին բովի մէջ, եւ իբրեւ ողջակէզի զոհ ընդունեց նրանց։ Եւ երբ Տէրն այցելի նրանց, նրանք պիտի պայծառանան ու վեր ընթանան, ինչպէս կայծը եղէգի միջով։ Պիտի դատեն ազգերին եւ տիրեն ժողովուրդներին, եւ նրանց վրայ յաւիտեան թագաւորելու է Տէրը։
Եսայի մարգարե, ԾԷ. 15-16
Այսպէս է ասում Բարձրեալը, որ յաւիտենապէս բնակւում է բարձունքներում, սուրբը սրբերի մէջ. նրա անունը Բարձրեալ է, եւ նա սրբերի մէջ է մնում, համբերութիւն է տալիս տարակուսանքի մէջ ընկածներին եւ կեանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել։ «Ես յաւիտեան վրէժխնդիր չեմ լինելու ձեզանից եւ ոչ էլ մշտապէս բարկանալու եմ ձեզ վրայ, քանզի հոգին ինձնից է բխում, եւ ամէն շունչ ես եմ ստեղծել»։
Պողոս Առաքյալի նամակը եբրայեցիներին, ԺԳ. 7-9
Յիշեցէ՛ք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծու խօսքն ասացին։ Նայելով նրանց կեանքի ընթացքի վախճանին՝ հետեւո՛ղ եղէք նրանց հաւատին։ Յիսուս Քրիստոս նոյնն է երէկ, այսօր եւ յաւիտեան։ Տեսակ-տեսակ եւ օտարոտի ուսմունքների մէջ մի՛ տարուբերուէք, քանզի լաւ է շնորհո՛վ ամրացնել սիրտը եւ ոչ թէ կերակրով, որով ոչ մի օգուտ չստացան նրանք, որ այդպէս ընթացան։
Ավետարան ըստ Մատթեոսի, Ժ. 16-22
Ահա ես ձեզ ուղարկում եմ որպէս ոչխարներ՝ գայլերի մէջ։ Այսուհետեւ խորագէ՛տ եղէք օձերի պէս եւ միամիտ՝ աղաւնիների նման։ Զգուշացէ՛ք մարդկանցից, որովհետեւ պիտի մատնեն ձեզ ատեանների եւ պիտի տանջեն ձեզ իրենց ժողովարաններում. ձեզ պիտի տանեն կուսակալների ու թագաւորների առաջ իմ պատճառով, որ իմ մասին վկայութիւն տաք նրանց եւ հեթանոսներին։ Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՛ արէք, թէ ինչպէս կամ ինչ պիտի խօսէք, որովհետեւ այդ ժամին ձեզ կը տրուի այն, ինչ պիտի խօսէք. քանի որ ոչ թէ դուք էք, որ պիտի խօսէք, այլ ձեր Հօր Հոգին, որ պիտի խօսի ձեր միջոցով։ Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն։ Եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու նրանց պիտի սպանեն։ Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. իսկ ով մինչեւ վերջ համբերի, նա պիտի փրկուի։
ՏՈՆԱՑՈՒՅՑ
ԳԿ. Սրբոյն Ներսիսի Մեծի Հայրապետին մերոյ եւ Խադայ եպիսկոպոսին։
Օրհ. բկ. Որ զլոյս անճառ: Հրց. դձ. Այսօր տօնէ եկեղեցի, իւր սարօքն։ Մնկ. դձ. Որ ընտրեցեր։ Ժմտ. Զհայրապետականն: Ճշ. շրկ. դկ. Այսօր ցնծայ Եկեղեցի:
Յերեկոյին՝ Լոյս զուարթ։ Ս. Աստուած՝ որ յարեար։ Հմբ. աձ. Սուրբ ես Տէր եւ Երկնաքաղաքացին։ Քրզ. Խնդր., Կեցո, Աղթ. Թագ. խաղաղութեան։
0 կարծիք